Խոսե Գալիեգոս ի Առնոսա (իսպ.՝ Jose Gallegos y Arnosa, մայիսի 3, 1857(1857-05-03) կամ մայիսի 3, 1859(1859-05-03)[2][3], Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա - սեպտեմբերի 20, 1917(1917-09-20), Անցիո, Հռոմ, Լացիո, Իտալիա), իսպանացի նկարիչ օրիենտալիստ և քանդակագործ։ Խորապես ազդվել է ֆրանսիական իմպրեսիոնիզմից։ Հիմնականում ապրել է Իտալիայում։

Խոսե Գալիեգոս ի Առնոսա
Ի ծնեիսպ.՝ José Gallegos y Arnosa
ԿեղծանունArnosa, José Gallegos[1] և Gallegos y Arnosa, Jose[1]
Ծնվել էմայիսի 3, 1857(1857-05-03) կամ մայիսի 3, 1859(1859-05-03)[2][3]
ԾննդավայրԽարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա
Վախճանվել էսեպտեմբերի 20, 1917(1917-09-20)
Մահվան վայրԱնցիո, Հռոմ, Լացիո, Իտալիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ և քանդակագործ
ԶավակներԽորխե Գալեգոս Տրելանցի
 José Gallegos y Arnosa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խոսե Գալիեգոս ի Առնոսան ծնվել է 1857 թվականի մայիսի 3-ին Իսպանիայում, Խոսե Գալիեգոսի (գինեգործական ընկերության աշխատակից) և Ֆրանցիսկա Առնոսայի ընտանիքում։ Մանկուց տարված է եղել գեղանկարչությամբ, եղել է նկարիչ Սալվադոր Սանչես Բարբուդոյի մտերիմ ընկերը, ում հետ նկարչության դասեր է վերցրել տեղի նկարիչ Լուիս Սևիլից[4]։

Գալիեգոս ի Առնոսան 1873 թվականին, շնորհիվ ձեռնարկատեր, գինեգործ, իր հովանավոր Գիլիերմո Գարվեյի (Guillermo Garvey), ում մոտ աշխատում էր իր հայրը, տեղափոխվել է Մադրիդ, որտեղ նոր փուլ է սկսել` կրթություն ստանալով Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Գալիեգոսը հոր հորդորով ընտրել է ճարտարապետության ֆակուլտետը, քանի որ հայրը կարծում էր, որ այս մասնագիտությունը որդուն թույլ կտա հասնել նյութական բարեկեցության։ Ակադեմիայի տնօրենը, երիտասարդի մեջ բացահայտելով նկարաչական տաղանդ, նամակ է գրել Գալիեգոս ի Առնոսայի հորը` թույլտվություն ստանալով նրան տեղափոխելու նկարչության բաժին[5]։ Նրա ուսուցիչն ակադեմիայում դառնում է նկարիչ Ֆեդերիկո դե Մադրասոն[6]։

Ուսումնառության ավարտից հետո Գալիեգոս ի Առնոսան ուղևորվել է Թունիս և Մարոկկո (որոշ ժամանակ աշխատել է Տանժեր քաղաքում)` տարվելով տեղի բնապատկերների յուրահատկությամբ։ Հենց այս շրջանից էլ նրա ստեղծագործության մեջ ներթափանցում են վառ գույների խաղն ու քմաճաշակ նախշերը։ Մարոկկոյից վերադառնալուց հետո անհատական առաջին ցուցահանդեսը նրան բերում է հաջողություն և ճանաչում քննադատների շրջանակում։ 1878 թվականին նա նկարում է «Արաբական հարսանիք» նկարը, որը գնում է կառավարությունը, և նույն թվականին էլ մեկնում է Հռոմ, որ շարունակի գեղանկարչություն ուսումնասիրել` դրանով կատարելով իր ուսուցչի ցանկությունը[7]։

Որոշ ժամանակ նա անցկացրել է Վենետիկում, որտեղ ապրում էր իսպանացի նկարիչ, օրիենտալիստ Մարիանո Ֆորտունին, ու Խոսե Գալիեգոս ի Առնոսան հայտնվում է նրա ազդեցության տակ։ 1894 թվականին հեղինակը բնակություն է հաստատում Հռոմում, որտեղ կայանում են հաջող մի քանի ցուցահանդեսներ` հեղինակի մասնակցությամբ։ Ցուցահանդեսներից մեկի ժամանակ նկարիչը ենթարկվում է վանդալային հարձակման, ինչը նրա կարծիքով պայմանավորված էր իտալացի նկարիչների նախանձով։ Դրանից հետո Գալիեգոս ի Առնոսան դադարում է իր նկարները Հռոմում ներկայացնել[8]։

Խոսեն ուներ երեք ստուդիա Վիա Մարգուտայ 54 հասցեում, որտեղ հայտնի շատ այլ նկարիչներ ևս ունեին արվետանոցներ։ Ստուդիան զարդարված էր բարոկկո ոճի հայելիներով և սյուներով, նաև հունական ու հռոմեական քանդակներով։ Նկարիչը սիրում էր գեղեցկությունն իր բոլոր դրսևորումներով, միշտ ընտրում էր ամենագեղեցիկ բնորդներին ու բնորդուհիներին, որոնց վճարում էր օրական 5 լիրա, ընդ որում այդպիսի գնի դիմաց նրանք ամբողջ օրը պետք է մնային ստուդիայում` անկախ նրանից, թե կնկարի արդյոք նկարիչը իրենց։

Իսպանացի այլ նկարիչների հետ համատեղ, օրինակ` Խոսե Վիլիեգաս Կորդերո, Սալվադոր Սանչես Բարբուդո, նա հիմնում է Իտալիայում ապրող «Իսպանացի նկարիչների միությունը»։ Դա նկարիչների յուրօրինակ ակումբ էր։ Հռոմը նրա մշտական բնակության վայրն էր, սակայն Գալիեգոս ի Առնոսան հաճախ էր այցելում այլ քաղաքների միջազգային ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրվում էին նրա աշխատանքները` Մադրիդ, Մյունխեն, Լոնդոն, Փարիզ և Բեռլին։ Ամեն տարի նա իր ընկերոջ` քանդակագործ Մարիանո Բենլիուրեի հետ մի քանի շաբաթ անցկացնում էր Ասսիզիում[5]։

 
Սանտյագոյի եկեղեցու ճակատամաս, Խերես դե լա Ֆրոնտերա

Նկարչի աշխատանքների մի ամբողջ շարք նվիրված է կաթոլիկ եկեղեցու հոգևորականությանը` ինչպես նրանց պարտականությունների կատարմանը, այնպես էլ առօրյա կյանքին։ Դրանցից մի քանիսում կարդինալներն իրար հետ շախմատ են խաղում[9]։ Նկարիչը լավ ծանոթ էր հոգևորականների առօրյա կյանքին և ճիզվիտական օրդենի գեներալներից մեկի հետ նույն տան մեջ էր ապրում[8]։

Նրա քանդակագործական ու ճարտարապետական կարևոր աշխատանքներից է Սուրբ Սանտյագո եկեղեցային համալիրի խորանը իր հայրենի Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքում։ Այն ստեղծել է 1900-1906 թվականներին։ Այս պատվերը նրան առաջարկել էր իր նախկին հովանավոր Գիլերմո Գարվեյը 1900 թվականին նկարչի` մասնավոր այցով Իսպանիայում եղած ժամանակ։ Երեսպատումն իրականացվել է Կարարայի մարմարով, իսկ հիմքը Բարդիլիոյի գորշ մարմարն է։ Խորանի չափերը հասնում է 10.5 մ-ի, խորանը բաղկացած էր մարմարի 43 մեծ աղյուսներից, 36 քանդակներից և ոսկեզօծ բրոնզից պատրաստված ռակայից` մասունքների արկղից։ Խորանի կենտրոնում Փրկչի կերպարն է։ Որոշ հատվածների վրա նկարիչն աշխատել է Հռոմում։ Խորանը բացվել է 1906 թվականի օգոստոսի 8-ին[10]։

Անձնական կյանք խմբագրել

Խոսե Գալիեգոս ի Առնոսան ընտանիքում եղել է հինգ եղբայրներից կրտսերը։ Նկարչի եղբայրներից մեկը հետագայում դարձել է Կոլումբիայում սուրճի պլանտացիաների սեփականատեր, մեկ ուրիշը` Բուենոս Այրեսի համալսարանի պրոֆեսոր, երրորդը` զինվորական (մահացել է Իսպանիա-ԱՄՆ ավիաչվերթի ժամանակ)։ Նկարչի ոչ հարազատ եղբայր Խոսե Լուիս Գալիեգոսը հիմնադրել է ֆուտբոլային առաջին պրոֆեսիոնալ ակումբը Սևիլիայում` դառնալով Սևիլյա ՖԱ-ի առաջին նախագահը[11]։

1887 թվականին Գալիեգոս ի Առնոսան ամուսնացել է իտալուհի Ջուզեպինա Տրելանցիի հետ (Giuseppina Trelanzi), որից ունեցել է չորս զավակ։ Ամուսնությունը տևել է տասը տարի, 1897 թվականին մահացել է նկարչի կինը[5]։ 1898 թվականին նա ամուսնացել է երկրորդ անգամ, այս անգամ անգլուհի Կոնստանս Հարդվինգի հետ (Constance Harding): Կինը նկարչից փոքր էր 23 տարով և Իտալիա էր տեղափոխվել հոր մահից հետո, ով հոգևորական էր։ Կոնստանսը նկարչից ունեցել է հինգ երեխա[7]։ Առաջին ամուսնությունից ծնված որդիներից մեկը` Խորխե Գալիեգոս Տրելանցին, Իսպանիայում հայտնի ճարտարապետ է եղել։ Նկարիչն իր ողջ կյանքի ընթացքում նյութական խնդիրներ գրեթե չի ունեցել` ի տարբերություն իր մնացած շատ գործընկերների։ Նա հեշտությամբ վաճառել է իր նկարները բարձր գներով և մշտական պայմանագիր է ունեցել Բեռլինում հաստատված հոլանդացի արթդիլեր Վան Բաերլի հետ (van Baerle): Ըստ պայմանագրի` նկարիչը պարտավոր էր նրան ամսական մեկ կտավ տրամադրել, սակայն այդ ճշգրիտ ժամանակացույցը Գալիեգոս ի Առնոսան գրեթե երբեք չի պահպանել։ Նա մասնավոր պատվիրատուներ է ունեցել Ռուսաստանից, ԱՄՆ-ից (շանավոր հրատարակիչ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթը նրա արվեստի մոլի երկրպագուն էր), Մեծ Բրիտանիայից[7]։

Բացի Հռոմի իր քաղաքային բնակարանից` նա մեծ վիլլա է կառուցել Պարիոլի շրջանում` Հռոմի մերձակայքում։ Ամեն ամառ նա իրեն կարող էր թույլ տալ վիլլա վարձել առողջարանային հեղինակավոր Նետունո շրջանի ափամերձ հատվածում` Անցիոյից ոչ հեռու։ Նկարիչը սիրել է զբաղվել որսորդությամբ, Նետունոյում պահել է շատ որսաշներ[8]։

Նկարիչը մահացել է վայրի վարազի որսի ժամանակ դժբախտ պատահարի արդյունքում. որսի ժամանակ նա թաքնվել էր ծառի վրա, որտեղից ընկնելով` կոտրում է ողնաշարը։ Ստացված վնասվածքից նա այլևս չի ապաքինվել։ Նա մահացել է կաթվածից 1917 թվականի սեպտեմբերի 21-ին (երկրորդ ամուսնությունից ծնված ավագ որդու մահից ուղիղ 12 ժամ անց)[8]։

Նկարչի մահից անմիջապես առաջ, որը վրա է հասել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի նախորդ օրը, նրա գերմանացի արթդիլերը նկարչին մեծ գումար էր պարտքով տվել։ Դա ֆինանսական լուրջ դժվարություններ է առաջացնում նրա կնոջ համար, ում ձեռքին քիչ գումար էր մնացել։ Մարած պարտքը նրան չի փրկում ֆինանսական ճգնաժամից, քանի որ դիլերը վճարել էր գերմանական թանկարժեք նամականիշերով, և այրին ստիպված վաճառում է տանը մնացած բոլոր նկարները։ Ստացված գումարով նա թեյարան է բացում Հռոմի Իսպանական աստիճանի մոտ, որը շուտով սկսում է շահույթ ապահովել[8]։

Ճանաչում խմբագրել

  • Գալիեգոսը 1891 թվականին Բեռլինի միջազգային ցուցահանդեսում ստացել է ոսկե մեդալ։ Մեդալը նրան անձամբ հանձնել է կայսր Վիլհելմ II[7]։

Ժառանգություն խմբագրել

Խոսե Գալիեգոս ի Առնոսայի աշխատանքները պահվում են Իտալիայի պատկերասրահներում Մադրիդի Պրադո թանգարանում, Բաուտցենի գեղարվեստի թանգարանում (Գերմանիա), Բոստոնի գեղարվեստի թանգարանում, Մադրիդի` ժամանակակից արվեստի թանգարանում, մասնավոր հավաքածուներում։ Դրանք ներկայացվում են հեղինակավոր աճուրդներում (Christie’s, Sotheby’s, Kunsthaus Lempertz, Phillips և այլն)։ Էրմիտաժում ներկայացված է նրա «Ելք եկեղեցուց» նկարը (1894)[12]։ Նկարչի` մի շարք աշխատանքներ պահվում են Սանկտ Պետերբուրգի Կրոնի պատմության պետական թանգարանում[13]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://mix-n-match.toolforge.org/#/entry/115942123
  2. 2,0 2,1 José Gallegos y Arnosa (նիդերլ.)
  3. 3,0 3,1 José Gallegos y Arnosa // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00070030
  4. «Гальегос и Арноса, Хосе». ArtTravelling. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 Gallegos, Paul. «Early Life» (անգլերեն). José Gallegos y Arnosa (1857-1917). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «Хосе Гальегос и Арноса» (անգլերեն). Магнум Арс — аукционный дом картин. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Gallegos, Paul. «José Gallegos y Arnosa: life in Rome» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Gallegos, Paul. «Via Margutta». José Gallegos y Arnosa (1857-1917). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  9. Smith, Martin. «Chess in Art Postscript: Cardinal Points» (անգլերեն). he Streatham & Brixton Chess Blog. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  10. Gallegos, Paul. «Introduccion. Resumen biografico del estudio realizado por el historiador Juan Rodriguez Pardo, de Jerez de la Frontera» (իսպաներեն). José Gallegos y Arnosa (1857-1917). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «José Luis Gallegos Arnosa. Presidentes del Sevilla FC». Официальный сайт ФК «Севилья». 2010 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «Гальегос-и-Арноса, Хосе. 1859-1917. Выход из церкви». Официальный сайт Эрмитажа. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին. Картина поступила в 1931 году, передана из Высшего художественно-технического института.
  13. «Фонд «Религии Запада»». Официальный сайт Музея истории религии. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Գալիեգոս ի Առնոսա» հոդվածին։