Լուսնկա գիշեր Դնեպրում

Արխիպ Կուինջիի նկար

«Լուսնկա գիշեր Դնեպրում» (ռուս.՝ Лунная ночь на Днепре), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (1842-1910) բնանկարը, նկարված 1880 թվականին։ Պահպանվում է Պետերբուրգի ռուսական պետական թանգարանում (ինվենտար համար՝ Ж-4191)։ Չափսը՝ 105 × 146 սմ[1] (ըստ այլ աղբյուրների՝ 105 × 144 սմ[2][3][4])։ Նկարում լայն պատկերված է Դնեպր գետը, ամառային լուսնյակ գիշերով[5]։ Գետի կանաչավուն ժապավենը, որում արտացոլվում է լուսնի լույսը, անցնում է հարթավայրը, որը հորիզոնում միախառնվում է մութ երկնքին՝ ծածկված բաց ամպերի շարքերով[6]։ Կտավը համարվում է Կուինջիի ամենահայտնի ստեղծագործությունը[7] և նկարչի ստեղծագործական ամենամեծ ձեռքբերումը[8]։

Լուսնկա գիշեր Դնեպրում
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1880
բարձրություն105 սանտիմետր
լայնություն146 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
սեփականատերԿոնստանտին Կոնստանտինովիչ
կայք
Ծանոթագրություններ
 Moonlit night on the Dnieper by Archip Kuindshi (Russian Museum: Ж-4191) Վիքիպահեստում

Նկարի վրա աշխատելիս Կուինջին իր արվեստանոց է հրավիրել ընկերներին ու ծանոթներին։ Առաջիններից մեկը, ով տեսել է նոր կտավը, գրող Իվան Տուրգենևն է եղել[9], ում խանդավառ պատմությունը լսել է Մեծ իշխան Կոնստանտին Կոնստանտինովիչը[10]։ Հետաքրքրված՝ Մեծ իշխանն այցելել է նկարչին իր արվեստանոցում (այս իրադարձության մասին գրառումը նրա օրագրում թվագրված է 1880 թվականի մարտի 14-ով)։ Չնայած այն հանգամանքին, որ Կուինջին դեռ շարունակել է աշխատել կտավի վրա, Կոնստանտին Կոնստանտինովիչին այն այնքան է դուր եկել, որ նա անմիջապես գնել է այն նկարչի նշած գնով՝ հինգ հազար ռուբլով[10][11]։ Կտավի վրա աշխատանքն ավարտվել է 1880 թվականի սեպտեմբերին[12]։ Նույն թվականի հոկտեմբեր-նոյեմբերին[13] «Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավը ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգի Բոլշայա Մորսկայա փողոցում գտնվող Նկարիչների խրախուսման ընկերության շենքում, և դա առաջին անգամն է եղել Ռուսական արվեստի պատմություն մեջ, երբ ցուցահանդեսում ցուցադրվել է մեկ նկար[14]։ Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել, նկարը տեսնելու համար այցելուները ստիպված են եղել երկար սպասել հերթում[15]։

Կտավի տերը՝ մեծ իշխան Կոնստանտին Կոնստանտինովիչն այնքան է կապված եղել նկարի հետ, որ ցուցահանդեսի վերջում այն տարել է իր հետ երկարատև ծովային ճանապարհորդության, որը կատարել է 1880-1882 թվականներին «Հերցոգ Էդինբուրգսկի» ֆրեգատով[16]։ Մինչ ֆրեգատը Ֆրանսիայում էր, նկարը տաս օր ցուցադրվել է Փարիզի Զեդելմայեր պատկերասրահում՝ արժանանալով քննադատների բարձր գնահատականին։ Ճանապարհորդության ընթացքում կտավը լրջորեն վնասվել է, մասնավորապես, դա պայմանավորված է նրանով, որ այն ստեղծելիս օգտագործվել է բիտում պարունակող ներկեր, որոնք վառ լույսի և ծովի օդի ազդեցության տակ մգացել են[17]։ Այնուհետև «Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավը պահվել է Մեծ իշխան Կոնստանտին Կոնստանտինովիչի հավաքածուում՝ Մարմարյա պալատում[18]։ Հեղափոխությունից հետո, որպես այդ հավաքածուի մաս, այն տեղափոխվել էր Նյութական մշակույթի պատմության ռուսական ակադեմիա, իսկ 1928 թվականին տեղափոխվել է Պետական ռուսական թանգարան[19][20]։

Նկարիչ Իվան Կրամսկոյը գրել է, որ երբ ինքը տեսնում է Կուինջիի «Լուսնկա գիշեր Դնեպրում» ստեղծագործությունը, զգում է «հաճելի գիշերը, ֆանտաստիկ լույս և օդ»[21]։ Ըստ արվեստաբան Ֆաինա Մալցևայի՝ նկարչի բոլոր ստեղծագործությունների թվում հենց այս բնապատկերն է, որ «արժանիորեն Կուինջիին լիակատար հաղթանակ է բերել», նա երբեք չի հասել «բնանկարի պատկերման այնպիսի բանաստեղծական ամբողջականության, նրա բոլոր տարրերի համաձայնեցվածության և համաստորադասության»[22]։

Պատմություն խմբագրել

Աշխատանք նկարի վրա և դրա վաճառքը խմբագրել

«Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավը ստեղծվել է 1880 թվականին՝ Արխիպ Կուինջիի Արվեստի շարժական ցուցահանդեսների ընկերակցության (ԳՇՑԸ) հետ կապերը խզելուց անմիջապես հետո, որի պատճառն այն անանուն հոդվածն է եղել, որը պարունակել է Կուինջիի բնանկարների սուր քննադատություն։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, այդ հոդվածը գրել է պերեդվիժնիկ–նկարիչների կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը՝ Միխայիլ Կլոդտը[23]։ Կուինջին մասնակցել է ԳՇՑԸ–ի ցուցահանդեսներին 1874-1879 թվականներին։ Նրա մասնակցությամբ վերջին ցուցահանդեսը 7-րդն է եղել, որը տեղի է ունեցել 1879 թվականին, որին նա ներկայացրել է լայնորեն հայտնի «Կեչիների պուրակ» կտավը[24]։ Պերեդվիժնիկների 8-րդ ցուցահանդեսում, որը բացվել է Սանկտ Պետերբուրգում 1880 թվականի մարտին, իսկ մայիսին տեղափոխվել է Մոսկվա[25], Կուինջիի աշխատանքները չեն ներկայացվել։ Նրա ստեղծագործությունների բացակայությունը նկատվել է հանրության կողմից։ Մասնավորապես, կոլեկցիոներ և բարերար Պավել Տրետյակովը նկարիչ Իվան Կրամսկոյին ուղղված նամակում հայտնել է, որ նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դատապարտել են Կուինջիի աշխատանքները, վշտացած են դրա համար[26]։

 
Վասիլևսկի կղզու Մալի պողոտայում գտվող տունը, որտեղ ապրել և աշխատել է Արխիպ Կուինջին 1870-ական և 1880-ական թվականներին

«Լուսնկա գիշեր Դնեպրում»  կտավի վրա աշխատելիս Կուինջին ընկերներին և ծանոթներին հրավիրել է իր արվեստանոց (գտնվել է Վասիլևսկի կղզու Մալի պողոտայում)՝ նրանց վրա կտավի ազդեցության ուժը ստուգելու համար։ Աշխատանքի ավարտից առաջ արվեստանոց են այցելել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են գրող Իվան Տուրգենևը, բանաստեղծ Յակով Պոլոնսկին, քիմիկոս Դմիտրի Մենդելեևը, նկարիչներ Իվան Կրամսկոյը և Պավել Չիստյակովը[27]։ Տուրգենևը, ով Ռուսաստան էր եկել Ֆրանսիայից և այնտեղ ապրել հինգ ամիս 1880 թվականի առաջին կեսին, առաջիններից մեկն է եղել, ով տեսել է Կուինջիի նոր նկարը և, ըստ Յակով Պոլոնսկու, «հիացած էր դրանով»[9]։  Ինքը՝ Պոլոնսկին, մտածելով, թե դա նկար է, թե իրականություն, գրել է. «Ոսկե շրջանակի մեջ կամ բաց պատուհանից մենք այդ ամիս տեսանք, այդ ամպերը, այդ մութ հեռավորությունը, այդ «տխուր գյուղերի դողդոջուն լույսերը» և այդ լույսի խաղերը, այդ արծաթափայլ արտացոլման ամիսը Դնեպրի շիթերում, պարուրելով հեռավորությունը, այդ բանաստեղծական, հանգիստ, վեհաշուք գիշերը»[28][5]։

Տուրգենևի խանդավառ պատմությունը նոր նկարի մասին, որի վրա աշխատել է Կուինջին, լսել է Մեծ իշխան Կոնստանտին Կոնստանտինովիչը 1880 թվականի գարնանը[10], դա տեղի է ունեցել Մեծ իշխանուհի Ալեքսանդրա Իոսիֆովնայի պալատական ազնվական օրիորդ, կոմսուհի Աննա Կոմարովսկայայի երեկոյին[29]։ Կոնստանտին Կոնստանտինովիչը, չնայած իր երիտասարդ տարիքին (այդ ժամանակ նա 22 տարեկան է եղել), արդեն հասցրել է մասնակցել ռուս-թուրքական պատերազմին, ստացել նավատորմի լեյտենանտի և արքայահամհարզի կոչում, ինչպես նաև Սուրբ Գեորգիի  4-րդ աստիճանի շքանշան[30][31]։ Ըստ նրա օրագրի՝ «Տուրգենևը խոսել էր Կուինջիի վերջին, դեռևս ամբողջությամբ չավարտված նկարի մասին, նա այնքան գեղարվեստորեն էր նկարագրել, որ ես ցանկացա պատմածն անպայման համեմատել բնագրի հետ»[10]։

 
Արխիպ Իվանովիչ Կուինջի

Հետաքրքրված լինելով, Կոնստանտին Կոնստանտինովիչը որոշել է այցելել Կուինջիին նրա արվեստանոցում։ Հայտնի է, որ նկարիչն ամեն կիրակի երկու ժամով բացել է դռները այցելուների համար։ Մինչ այդ Կուինջին ծանոթ չի եղել Կոնստանտին Կոնստանտինովիչի հետ և չի ճանաչել Մեծ իշխանին, որը ծովային սպայի հագուստով է եղել։ Այնուամենայնիվ, նկարիչը քաղաքավարի կերպով այցելուին հրավիրել է արվեստանոց և ցույց տվել իր նկարը։ Կոնստանտին Կոնստանտինովիչն իր օրագրում (1880 թվականի մարտի 14-ի գրառումում) իր տպավորություններն ու զգացմունքները նկարագրել է հետևյալ կերպ. «Ես մի տեսակ քարացել էի տեղում։ Ես տեսա իմ առջև լայն գետի պատկերը, լիալուսինը լուսավորում է այն երկար, մոտ երեսուն վերստ տարածության վրա։ Ես այդպիսի զգացողություն ապրեցի՝ դուրս գալով մի բարձր բլրի վրա, որտեղից երևում էր վեհաշուք գետը լուսնով լուսավորված։ Շունչդ կտրվում է, դու չես կարող կտրվել կուրացնող, կախարդական պատկերից, հոգիդ թախծում է»[10][32]։ Կոնստանտին Կոնստանտինովիչի գնի մասին հարցին, նկարիչը, մտածելով, որ իր առջև սովորական ծովային սպա է կանգնած, պատասխանել է․ «Ի վերջո ձեր ինչին է պետք, մի գնեք, այն շատ թանկ է»։ Երբ այցելուն կրկնել է իր հարցը, նկարիչը նշել է այդ ժամանակների համար շատ բարձր, ֆանտաստիկ գին՝ հինգ հազար ռուբլի և զարմացել՝ պատասխանը լսելով՝ «Լավ։ գնում եմ»։ Միայն ծովային սպայի հեռանալուց հետո Կուինջին իմացել է, որ իրեն այցելել է Մեծ իշխանը[11]։ Ինքը՝ Կոնստանտին Կոնստանտինովիչն իր օրագրում գրել է. «Ես Կուինջիին ասացի, որ գնում եմ նրա հրաշալի ստեղծագործությունը, ես խորապես հավանել էի այդ նկարը և կարող էի շատ բան զոհաբերել դրա համար։ Ամբողջ օրը, երբ փակում էի աչքերս, տեսնում էի այդ նկարը»[10][32]։

 
Մեծ իշխան Կոնստանտին Կոնստանտինովիչը՝ նկարի առաջին սեփականատերը

Հայտնի է, որ ձեռնարկատեր և կոլեկցիոներ Կոզմա Սոլդատենկովը նույնպես հարցրել է «Լուսնկա գիշեր Դնեպրում» նկարի գինը։ Նկարիչ Պավել Չիստյակովին ուղղված 1880 թվականի մայիսի 1-ի նամակում (ըստ երևույթին, չիմանալով, որ նկարն արդեն վաճառվել է), նա խնդրել է նրան անկեղծ կարծիք հայտնել՝ գնել այն, թե ավելի լավ է խնդրել նրան նկարել Դնեպրի ափերի կրկնօրինակը։ Ինքը՝ Սոլդատենկովը, կարծիք է հայտնել, որ «ավելի լավ է գնել նկարչի մոտ պատրաստի եղածը, քան պատվիրել նորը, քանի որ, եթե նույնիսկ կրկնօրինակն անհաջող ստացվի դու պետք է այն վերցնես»[33][34]։ Պատասխան նամակում Չիստյակովը ուղղակիորեն չի պատասխանել նկարը գնելու հարցին (իմանալով, որ այն արդեն վաճառվել է), բայց միևնույն ժամանակ Սոլդատենկովին հայտնել է կոլեկցիոներ Դմիտրի Բոտկինի՝ Կուինջիի նկարի պատճենը հինգ հազար ռուբլով գնելու մտադրության մասին[33][35]։ Նկարիչ Իգոր Գրաբարի վկայությամբ, հետագայում Բոտկինի հավաքածուում իսկապես եղել է Կուինջիի «Գիշերը Դնեպրում» նկարը[36]։

Ենթադրվում է, որ սկզբում «Լուսնկա գիշեր Դնեպրում» նկարը պատվիրել է Պավել Տրետյակովը, իսկ հետո, քանի որ Տրետյակովը բացակայել է և Կուինջին փողի կարիք է ունեցել, նա վաճառել է այն մեկ այլ գնորդի։ Արվեստաբան Վլադիմիր Անդրեևը մանրամասն բացատրում է, թե որն է, իր կարծիքով, նման շահարկումների պատճառը։ Նախ, էթիկայի տեսանկյունից դժվար է հավատալ, որ Տրետյակովի նման հայտնի կոլեկցիոներին արդեն իսկ խոստացված կտավը չի կարող վաճառվել նրան։ Կուինջիի և մեծ իշխան Կոնստանտին Կոնստանտինովիչի զրույցից հետևում է, որ նկարը հանվել է վաճառքի, այսինքն՝ պատվերով չի նկարվել։ Բացի այդ, նկարչի և կոլեկցիոների հնարավոր համաձայնության մասին խոսք չկա ո՛չ Ալեքսանդրա Բոտկինայի Պավել Տրետյակովին նվիրված մենագրության մեջ, ո՛չ էլ Պավել Տրետյակովի և Իվան Կրամսկոյի մանրամասն նամակագրության մեջ, որտեղ քննարկվում են Կուինջիի այլ նկարներ։ Թերևս խառնաշփոթը կարող է առաջանալ այն պատճառով, որ Կրամսկոյն ինքը (ով այդ ժամանակ փողի կարիք ուներ) ունեցել է նույն տարեթվով թվագրված «Լուսնկա գիշերը» նկարը, որը նա վաճառել է մեկ այլ Տրետյակովի՝ Սերգեյ Միխայլովիչին[33]։

«Լուսնկա գիշեր Դնեպրում» նկարը, որն արդեն ձեռք էր բերել Մեծ իշխանը, մնացել է Կուինջիի արվեստանոցում, նկարիչը ավարտել էր դրա վրա աշխատանքը և պատրաստվել էր այն ցուցահանդեսին, որը պետք է անցկացվեր 1880 թվականի աշնանը։ Այդ ընթացքում Կոնստանտին Կոնստանտինովիչը պարբերաբար այցելել է նկարչի արվեստանոց՝ հիանալու նրա գլուխգործոցով[33]։ Վերջապես ավարտելով նկարի վրա աշխատանքը՝ Կուինջին կտավի վրա արձանագրել է ոչ միայն տարին, այլև այդ իրադարձության ճշգրիտ ամսաթիվը՝ 1880 թվականի սեպտեմբերի 5-ը[12]։

Մեկ նկարի ցուցահանդես խմբագրել

 
Նկարիչների խրախուսման ընկերության շենքը, որտեղ անցկացվել էր ցուցահանդեսը (լուսանկարը՝ 1912)

1880 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին[13] Նկարիչների խրախուսման ընկերության շենքում (Սանկտ Պետերբուրգի Բոլշայա Մորսկայա փողոցի թիվ 38 տանը) տեղի ունեցավ արտասովոր ցուցահանդես՝ դա առաջին անգամն էր ռուսական արվեստի պատմության մեջ, երբ ցուցահանդեսին ցուցադրվել է մեկ նկար[14]։ Արվեստաբան Դմիտրի Սարաբյանովի կարծիքով «դա ինքնին աննախադեպ փաստ էր, քանի որ այդ ժամանակ ընդհանրապես անհատական ցուցահանդեսներ հազվադեպ էին կազմակերպվում, էլ չեմ խոսում մեկ նկարի ցուցադրության մասին»[37]։ «Լուսնկա գիշեր Դնեպրում» նկարը ցուցադրվել է կիսախավար սենյակում, որի պատուհանները ծածկված էին[14]։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նկարիչը որոշել է ծածկել պատուհանները փողոցի մյուս կողմում գտնվող կարմիր պատի արտացոլանքների պատճառով[27][33]։ Միաժամանակ նկարը լուսավորվել է դեպի իրեն ուղղված լամպի լույսի ճառագայթով։ Արվեստի պատմաբան Վիտալի Մանինի խոսքերով «Կուինջին օգտագործում էր տաք գույների հատկությունը լամպի լույսով պայծառեցնելու համար, իսկ սառը գույները՝ կլանելու համար»[38]։ Բացի այդ, կտավի այն հատվածներից, որտեղ ներկի շերտը կիրառվել էր ցայտունորեն (խրճիթների պատուհանները, ինչպես նաև լուսնի և լուսնային արտացոլանքը ջրի վրա), անկման լույսի ճառագայթն ավելի ուժեղ էր արտացոլվել, քան ավելի հարթ լուսավոր տարածքներում։ Էլեկտրական լույսի ազդեցության ներքո այդ հատկությունն ապահովում էր լրացուցիչ լուսավորության ազդեցությունը, ինչպես նաև ապահովում էր լուսավոր փայլ։ Արվեստի պատմաբան Օլգա Ատրոշչենկոն նշել է, որ «նման դեր են խաղացել լուսնային արահետի ճառագայթները, որոնք քերծվել էին ջրի վրա չոր վրձինով», այնպես որ «լույսի տարբեր աստիճանի արտացոլումը դրա բարձրացված մասերի և խորշերի վրա բազմապատկել էր լույսի առկայծումների ազդեցությունը միաժամանակ ստեղծելով  ջրի մակերեսի տատանումների պատրանք»։ Նրա կարծիքով՝ «երկնքի և երկրի մութ հատվածները նկատելիորեն կլանում էին արհեստական լույսը՝ ուժեղացնելով տոնայնության խորությունը, նպաստելով նկարի թավշյա մակերեսի էֆեկտին»[39]։

Կտավը տեսնելու համար մարդիկ հերթ են կանգնել, շատերը մեկ անգամ չէ, որ այցելել են ցուցահանդես։ Այցելուներին գրավել է նկարի լույսի անսովոր ռեալիզմը, շատերը ենթադրել են նկարչի օգտագործած անսովոր գույների մասին, իսկ ոմանք նույնիսկ նայել են նկարի հետևում՝ փորձելով պարզել, թե արդյոք այն ապակու վրա չէ նկարված և արդյոք չկա լույսի որևէ աղբյուր նկարի ետևում[40]։ Այցելուներից մեկն առաջարկել էր «Հետաքրքիր է կարելի է խոշորացույցով մանրամասն նայել, թե ինչ ներկերով է ստեղծվել այդ լույսը, կարծես թե նման գույներ չկան։ Դա ուղղակի ինչ-որ սատանայություն է»[15]։ Նկարիչ Իլյա Ռեպինը հիշում  է, թե ինչ էր կատարվում Բոլշայա Մորսկայա փողոցում ցուցահանդեսի ժամանակ․ «Հասարակությունը երկար հերթով կանգնած էր թե՛ աստիճանների վրա թե փողոցի՝ մայթերի երկու կողմերում, սպասելով ներս մտնելուն, ամբողջ զանգվածը համբերատար և երկար սպասում էր խստորեն պահպանելով նվիրական դռան մոտենալու կարգը, որտեղ նրանց թույլատրվում էր միայն շարքերով, քանի որ այցելուները կարող էին խեղդվել հրմշտոցից և օդի բացակայությունից»[41][15]։ Կրամսկոյը գրել է Ռեպինին․ «Խանդավառության ինչպիսի փոթորիկ է բարձրացրել Կուինջին։ Դուք հավանաբար արդեն լսել եք։ Նա խիզախ է և հմայիչ»[42]։

Ծովային ճամփորդություն խմբագրել

1880 թվականի վերջին՝ ցուցահանդեսի ավարտից հետո, Մեծ իշխան Կոնստանտին Կոնստանտինովիչը ծովային ճանապարհորդության մեկնեց «Էդինբուրգսկի դուքս» ֆրեգատով՝ իր հետ տանելով «Լուսնկա  գիշեր Դնեպրում» կտավը[16]։ Մեծ իշխանի որոշումը ինքնաբերական չէր, հոկտեմբերի 31-ին նա գրել էր իր օրագրում․ «Ժամը 3-ին ես գնացի ... քաղաք ... Նկարիչների խրախուսման միություն, որտեղ ցուցադրվում էր Կուինջիի «Լուսնկա գիշեր Դնեպրում» իմ կողմից գնված կտավը, ես ցանկանում էի այն ինձ հետ տանել ծով»[43]։ Կոնստանտին Կոնստանտինովիչի որդի՝ իշխան  Գաբրիել Կոնստանտինովիչը, իր հուշերում գրել է, որ Կուինջին կտրականապես դեմ է եղել նկարի նավի վրա գտնվելուն՝ վախենալով դրա անվտանգության համար բարձր խոնավության և ծովի ջրի գոլորշիացման պայմաններում, ինչը կարող էր բացասական ազդեցություն ունենալ ներկերի գույնի վրա։ Գավրիիլ Կոնստանտինովիչը գրել է․ «Իմանալով այդ մասին՝ Կուինջին պատրաստվում էր գործընթաց սկսել՝ վախենալով, որ նավարկության ընթացքում իր հայտնի նկարը կփչանա։ Բայց հայրն այնուամենայնիվ կտավը վերցրեց իր հետ և ոչ մի գործընթաց էլ  չեղավ»[16]։

 
«Էդինբուրգսկի դուքս» ֆրեգատը, որի վրա կտավը ծովային ճանապարհորդություն է կատարել 1880-1882 թվականներին։

Կտավի վիճակի վրա ծովային ճանապարհորդության վնասակար ազդեցության համար միայն դրա հեղինակը չէր անհանգստանում։ Մասնավորապես, 1880 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայում հանդիպելով Կոնստանտին Կոնստանտինովիչին, Իվան Տուրգենևը փորձել է համոզել նրան, որ նկարը տեղափոխի Փարիզ Շերբուրգից, որտեղ այդ ժամանակ գտնվել է ֆրեգատը[16]։ 1880 թվականի դեկտեմբերի 10-ին (22) Յակով Պոլոնսկուն ուղղված նամակում Տուրգենևը գրել է․ «Կուինջիի նկարը բերել են այստեղ մի քանի օրով, և մենք կփորձենք այն ցույց տալ ֆրանսիացիներին»[44]։ Գրողին հաջողվել է նկարի ցուցահանդես կազմակերպել Զեդելմեյերի պատկերասրահում, որտեղ այն ցուցադրվել էր տասը օր։ Տուրգենևը նաև հույս ուներ համոզել Մեծ իշխանին կտավը իր ճանապարհորդության ողջ ընթացքում թողնել այդտեղ, սակայն մերժում է ստացել։ Դմիտրի Գրիգորովիչին ուղղված նամակում Տուրգենևը գրել է․ «Եթե նկարը մնար Փարիզում, կմասնակցեր ցուցահանդեսին և շատ աղմուկ կբարձրանար, իսկ Կուինջին մեդալ կստանար։ Եվ ո՞վ կարող էր ակնկալել, որ ծովային ճանապարհորդության ողջ ընթացքում նա իր հետ այդքան մեծ ու թանկարժեք իր քաշ կտար»[16]։ «Ցուցահանդես» ասելով նա նկատի ուներ 1881 թվականի Փարիզյան սալոնը, որը բացվել էր մայիսին Ելիսեյան դաշտերում գտնվող Արդյունաբերության պալատում[44]։

Տուրգենևի հորդորին ուշադրություն չդարձնելով՝ Մեծ իշխան Կոնստանտին Կոնստանտինովիչը, նկարի հետ մեկտեղ, շարունակել է իր ճանապարհորդությունը «Էդինբուրգսկի դուքս» ֆրեգատով, որը, հեռանալով Շերբուրգից, մտել է Միջերկրական ծով։ Հաջորդ տարվա ընթացքում ֆրեգատը շարունակել է ճամփորդությունն Ալժիրում, Իտալիայում և Հունաստանում, ինչպես նաև կանգ է առել Մալթայում, Տրիեստում և Ալեքսանդրիայում[45]։ 1881 թվականի մայիսին Կոնստանտին Կոնստանտինովիչը իր զարմիկների՝ Մեծ իշխաններ Սերգեյ Ալեքսանդրովիչի  և Պավել Ալեքսանդրովիչի հետ, միացել են նրան, որոնք ուխտագնացության էին մեկնել Սուրբ երկիր, որտեղ նրանց ուղեկցել էր Ռուսաստանի եկեղեցական առաքելության ղեկավար, վարդապետ Անտոնինը։ Երբ «Էդինբուրգսկի դուքսը» պատրաստվել է մեկնել Յաֆֆայից, վարդապետը բարձրացել է ֆրեգատի տախտակամած՝ հրաժեշտ տալու Մեծ իշխաններին և հնարավորություն ունեցել տեսնելու «Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավը։ Իր օրագրում (1881 թվականի մայիսի 31-ի գրառում) նա նկարագրել է այդ դրվագը հետևյալ կերպ. «Ես հանձնում էի իրերը հիանալով նկարիչ Կուինջիի «Հարավային գիշեր» շքեղ նկարով, որը պատկանում է մեծ իշխան Կոնստանտին Կոնստանտինովիչին…»[46]։ Նույն թվականի օգոստոսին Կոնստանտին Կոնստանտինովիչն այցելել է Աթոս և 1882 թվականի սկզբին գտնվելով Եգիպտոսում, նա ծանր հիվանդացել է թոքաբորբով և բուժվել նախ Սիցիլիայում, իսկ հետո քրոջ՝ Օլգա Կոնստանտինովնայի մոտ՝ Աթենքում[47]։ Լուր ստանալով, որ կայսր Ալեքսանդր III-ը բավարարել է նավատորմային ծառայությունից ազատվելու իր խնդրանքը, 1882 թվականի կեսերին Կոնստանտին Կոնստանտինովիչը վերադարձել է Ռուսաստան[48]։

Մտավախությունները հաստատվել են, ճամփորդության ընթացքում կտավը լրջորեն վնասվել է։ Կուինջիի պատմելով, նավարկությունից վերադառնալուց հետո կտավը շատ տեղերում վնասվել է, վրան քերծվածքներ են առաջացել։ Կոնստանտին Կոնստանտինովիչը խնդրել է Կուինջիին վերականգնել կտավը, և նկարիչը ձեռնամուխ է եղել այդ գործին։ Սակայն կտավն ամբողջությամբ վերականգնել չի հաջողվել։ Հիմնականում դա պայմանավորված է նրանով, որ կտավը ստեղծելիս օգտագործվել են բիտում պարունակող ներկեր, որոնք մթագնել են պայծառ լույսի և ծովային օդի ազդեցությունից[17]։

Հետագա իրադարձություններ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  «Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավը Մարմարե պալատի Օրեխովյան հյուրասենյակում (1910-ական թվականներ)
 
«Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավը Ռուսական պետական թանգարանում

1882 թվականին Կուինջին կազմակերպել է ևս մեկ անհատական ցուցահանդես, որտեղ ցուցադրվում են երեք նկարներ՝ հեղինակային տարբերակի, «Գիշերը Դնեպրի վրա» կտավի հեղինակային տարբերակի կրկնօրինակը (գուցե այն, որն այժմ պահվում է Պետական Տրետյակովյան պատկերասրահում), «Կեչու պուրակը» նկարի երկրորդ տարբերակը, ինչպես նաև «Դնեպրն առավոտյան» նոր ստեղծագործությունը (այժմ գտնվում է Պետական Տրետյակովյան պատկերասրահում)[49][22]։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Կուզնեցկի մոստում գտնվող Սոլոդովնիկովի տանը[50][51][52]։ Այս անգամ բոլոր նկարները ցուցադրվել էին ցերեկային լույսի ներքո[53]։ Այդ ցուցահանդեսը Կուինջիի ստեղծագործական գործունեության մեջ վերջինն է դարձել՝ մինչև կյանքի վերջ նա շարունակել է նոր գործեր ստեղծել, բայց դրանք չեն ցուցադրել լայն հանրությանը[22]։

Քննադատ և հրապարակախոս Միխայիլ Նևեդոմսկին՝ 1913 թվականին հրատարակված նկարչի կենսագրության հեղինակը, գրել է, որ 1882 թվականի մոսկովյան ցուցահանդեսից հետո «Գիշերը Դնեպրի վրա» նկարը ցուցադրվել է նաև Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև նշել է, որ «հետագայում, ստանալով կրկնօրինակների երկու պատվեր (յուրաքանչյուրի համար 5 հազար ռուբլի), Կուինջին երկար ժամանակ աշխատել է դրանց վրա, բայց երբեք չի տվել դրանք պատվիրատուներին. երկու կրկնօրինակները մնացել են նրա արվեստանոցում և մնացած վերջին գործերի հետ միասին դրանք կտակել է իր անվամբ ընկերությանը։ Բացի այդ, Նևեդոմսկին հայտնում է, որ Կուինջիի անձնական ղեկավարությամբ «Լուսնկա գիշեր Դնեպրում» վերարտադրվել է յուղաներկատպությամբ, «որը վաճառվել է հսկայական քանակությամբ օրինակներով»[54]։

Ծովային ճանապարհորդությունից վերադառնալուց հետո «Լուսնկա գիշեր Դնեպրի վրա» կտավը պահվել է Մեծ իշխան Կոնստանտին Կոնստանտինովիչի հավաքածուում՝ Մարմարյա պալատում։ Սկզբում այն գտնվել է երկրորդ հարկի «Թագավորական սենյակում», իսկ հետո Մեծ իշխանն այն տեղափոխել է իր աշխատասենյակ՝ «Օրեխովյան հյուրասենյակ»։ 1915 թվականին՝ Կոնստանտին Կոնստանտինովիչի մահից հետո Մարմարյա պալատն անցել է նրա որդիներին՝ «հանգուցյալի այրուն ցմահ օգտագործման պայմանով»[18]։ Հեղափոխությունից հետո, որպես Մարմարե պալատի հավաքածուի մաս, նկարը փոխանցվել է Ռուսաստանի նյութական մշակույթի պատմության ակադեմիային (ՌՆՄՊԱ, 1926 թվականից՝ Նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիայի ՆՄՊԱ), իսկ 1928 թվականին այն տեղափոխվել է Ռուսական պետական թանգարան[19][20]։ «Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավը ցուցադրվում է Միխայլովսկի պալատի թիվ 35 սրահում, որտեղ գտնվում են նաև «Գիշերային», «Կաղնիներ» կտավները և Արխիպ Կուինջիի այլ ստեղծագործություններ[55]։

Կտավի նկարագրություն խմբագրել

Կտավում պատկերված է ամառային գիշեր։ Լայն գետը՝ Դնեպրը, հանդարտ և մեղմորեն հոսում է ափերի միջով։ Երկրի մակերևույթի վրա տարածված մութ երկնակամարը անսահմանության տպավորություն է ստեղծում[5]։ Գետի կանաչավուն ժապավենը հատում է հարթավայրը, որը հորիզոնում միախառնվում է մութ երկնքին՝ ծածկված թեթև ամպերի շարքերով։ Ամպերի միջև առաջացած բացվածքում շողում է լիալուսինը, որի լույսն արտացոլվում է ջրի մակերեսին[6]։ Լուսնի պայծառ լույսի շնորհիվ տեսանելի են գետի ափամերձ խրճիթները՝ առկայծող պատուհաններով, դեպի գետ տանող արահետները, ինչպես նաև հողմաղացի ուրվագիծը[5]։ Հորիզոնի գիծը խիստ իջեցված է, ինչի պատճառով երկինքը նկարում ավելի մեծ տարածք է զբաղեցնում[49][37]։ Բնանկարի կոմպոզիցիոն կառուցվածքը կատարվել է մեծ պարզությամբ և լակոնականությամբ[5]։

Նկարչի մտադրության իրականացման գործում կարևոր դեր է խաղում կոլորիտը։ Կուինջին հիմնականում օգտագործել է երկու գույն՝ սև և ֆոսֆորային կանաչ։ Չնայած գույների նման լակոնիզմին, նկարի երանգավորումը միապաղաղ կամ ձանձրալի տպավորություն չի թողնում։ Սև գույնի մեջ, որն օգտագործվում էր երկինքը և հարթավայրը պատկերելիս, գրեթե անհնար է գտնել նույն նրբերանգները՝ նույն կերպ է նաև լուսնի լույսը պատկերելու համար օգտագործվող կանաչ գույնի դեպքում։ Հեռավոր ափին ձգվող հարթավայրը պատկերելիս, երբ հեռանում ես գետից, սև գույնը դառնում է ավելի ու ավելի խորաթափանց, գրեթե միաձուլվելով հորիզոնում գիշերային երկնքի նրբերանգի հետ։ Նմանատիպ անցումներ են կիրառվում նաև կանաչի օգտագործման ժամանակ, որը փոխվում է լուսնի լույսի արտացոլման ժամանակ[22]։

Գունային տպավորիչ համադրություններ փնտրելով՝ Կուինջին համարձակորեն փորձեր է կատարել գունագեղ ներկանյութերով։ Մասնավորապես, նա օգտագործել է բիտում պարունակող ներկեր (կամ, ինչպես անվանում էին դրանց «ասֆալտի ներկեր»), որոնք, ինչպես պարզվեց հետագայում, լույսի և օդի ազդեցությունից քայքայվում և մգանում էին։ «Լուսնային գիշերը Դնեպրի վրա» կտավի հետ կապված այսպիսի նախազգացումներ ուներ նկարիչ Իվան Կրամսկոյը, ով իր մտահոգություններն արտահայտել է հրատարակիչ Ալեքսեյ Սուվորինին 1880 թվականի նոյեմբերի 15-ին ուղղված նամակում․ «Ինձ անհանգստացնում էր այն  միտքը, թե արդյոք երկար կպահպանվեն այն գունային համադրությունները, որոնք հայտնաբերել է նկարիչը։ Թերևս Կուինջին համատեղել է <...> այնպիսի գույներ, որոնք բնական հակամարտության մեջ են միմյանց հետ և որոշ ժամանակ անց կամ կանհետանան, կամ էլ կգունաթափվեն ու կքայքայվեն այն աստիճան, որ սերունդները տարակուսանքով ուսերը կթոթվեն և կհրճվեն»[56]։

Պատառիկներ «Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավից
Լուսինը և ամպերը
Գետը, հողմաղացը և խրճիթները

Տարածականության տպավորությունն ուժեղանում է սառը արծաթափայլ կանաչի և ավելի ջերմ մուգ շագանակագույն երանգների համադրությամբ։ Խորության պատրանք ստեղծելու համար Կուինջին օգտվել է այն հանգամանքից, որ ջերմ երանգներն ավելի մոտ են թվում դիտողի աչքին, իսկ սառը երանգները՝ ավելի հեռու նրանից։ Թրթռումների և առեղծվածային փայլի զգացում ստեղծելու համար նկարիչն օգտագործել է շատ մանր, ստվերագծային մուգ վրձնախազեր՝ դրանք կիրառելով երկնքում լուսնի լույսի արծաթափայլ երանգների և գետի մակերևույթի վրա դրանց արտացոլման համար։ Նույնիսկ հետին պլանի գունային գոտիները, որոնք առաջին հայացքից «հարթ» են թվում, իրականում թափանցաներկում է կատարվել մի քանի շերտով՝ նպաստելնով տարածության «խորացմանը»։ Մերձակա պլանը, որը չի պահանջում տարածության պատրանք ստեղծել, նկարիչը ուրվագծել է՝ խուսափելով թափանցաներկումից, վրձնելով միայն բարակ շերտով, տեղ-տեղ թեթևակի գունազարդելով նախանկարը։ Ինչպես «Կեչու պուրակում», այնպես էլ «Լուսնային գիշերը Դնեպրի վրա», նկարի տարածությունը «կազմակերպվել է լույսի հոսքով, որը տարածվում է դեպի  նկարի խորքերը»։ Նման գունազարդումը բնորոշ էր ռոմանտիզմին և այն կարելի էր դիտարկել որպես շեղում կլասիցիզմի և ռեալիզմի սկզբունքներից[57]։ Ըստ արվեստաբան Վիտալի Մանինի՝ «Կուինջին գրեթե մարմնավորում էր ռոմանտիկների տեսական դատողությունները տիեզերքի մասին»[58]։

Էտյուդներ և կրկնություններ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Հեղինակային տարբերակի կրկնօրինակը Սիմֆերոպոլի արվեստի թանգարանում
  Հեղինակային տարբերակի կրկնօրինակը Աստրախանի Պ. Մ. Դոգադինի անվան արվեստի պատկերասրահում


«Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավը բազմիցս կրկնօրինակվել և ձևափոխվել է Արխիպ Կուինջիի կողմից։ Կտավի լայնաֆորմատ կրկնօրինակ-տարբերակը, որը կոչվում է «Գիշերը Դնեպրում», պահվում է Պետական Տրետյակովյան պատկերասրահում (յուղաներկ, կտավ, 104 × 143 սմ, 1882, ինվենտար համար՝ 15129)։ Ստեղծման պահից մինչև Կուինջիի մահը այդ կտավը պահվել է նրա արվեստանոցում։ Այնուհետև, նկարչի կամքի համաձայն, այն դարձել է Ա․ Կուինջիի անվան նկարիչների միության սեփականությունը։ Կտավը ցուցադրվել է Կուինջիի հետմահու ցուցահանդեսներում, որոնք անցկացվել էին 1913 թվականին Սանկտ Պետերբուրգում և 1914 թվականին Մոսկվայում[59]։ 1917 թվականից այն գտնվում է Սոլյանկայի վրա գտնվող Ատլանտների տանը՝ հայտնի մաթեմատիկոս Ալեքսեյ Լյապունովի ծնողների՝ Անդրեյ Ն. Լյապունովի և Ե. Վ. Լյապունովայի հավաքածուում[59][60] (ըստ պահպանված փաստաթղթերի Ա. Ն. Լյապունովը բնանկարը ձեռք է բերել Կուինջիի անվան ընկերությունից 1917 թվականի նոյեմբերի 20-ին)[59]։ 1930 թվականին Տրետյակովյան պատկերասրահը նկարը գնել է Ե. Վ. Լյապունովայից։ Նախկինում այդ նկարը համարվել է «անավարտ կրկնօրինակ»։ 2001 թվականին հրապարակված կատալոգում նշվում է, որ «աշխատանքի ավարտվածության աստիճանի ներկայիս վիճակը և նկարների տարբերությունները թույլ են տալիս դիտարկել Պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի կտավը որպես կրկնօրինակ տարբերակ»[61]։

Կտավի այլ կրկնօրինակներ պահվում են Սիմֆերոպոլի գեղարվեստի թանգարանում («Գիշերը Դնեպրում», կտավ, յուղաներկ, 111 × 147 սմ, 1882), Աստրախանի Պավել Դոգադինի անվան պատկերասրահում («Գիշերը Դնեպրում», կտավ, յուղաներկ, 110 × 146 սմ, 1882[62], ստացվել է Գուչկովի[63] հավաքածուից և Բելառուսի ազգային արվեստի թանգարանից («Գիշերը Դնեպրի վրա», 1880-ականներ)[61]։ Կիևի պատկերասրահում (մինչև 2017 թվականը՝ Կիևի ռուսական արվեստի թանգարան) ունի ուղղահայաց կողմնորոշված տարբերակ, որը կոչվում է «Գիշերը Դոնի վրա» (յուղաներկ, կտավ, 165 × 115 սմ, 1882, ինվենտար համար՝ Ж -191)[61][3][62][64][65], բերվել է այստեղ հասարակական գործիչ և կոլեկցիոներ Ֆեոդոր Տերեշչենկոյի հավաքածուից։ Այդ կտավը եղել է Տերեշչենկոյի ուշադրության կենտրոնում, երբ նա դեռ Կուինջիի արվեստանոցում է եղել, նա որոշ ժամանակ տարակուսանքի մեջ է եղել, բայց, այնուամենայնիվ, այն ձեռք է բերել Կրամսկոյի հետ քննարկելուց հետո[66]։

Պետական Տրետյակովյան պատկերասրահում է գտնվում նաև «Գիշերը Դնեպրում» նկարի չթվագրված փոքրացված տարբերակը (յուղաներկ փայտի վրա, 19,5 × 24 սմ, ինվենտար համար՝ Ж -105, գնված 1960 թվականին մոսկովյան կոլեկցիոներ Գ. Պ. Բելյակովից)[67], իսկ Պետական Ռուսական թանգարանում՝ կտավի մեկ այլ տարբերակ՝ նույն անվանումով (թուղթ կտավի վրա, յուղաներկ, 40 × 54 սմ, 1890-ական թթ., ինվենտար համար՝ Ж -1522, ստացվել է 1930 թվականին Ա. Ի. Կուինջիի անվան ընկերությունից)[68]։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հեղինակային տարբերակներից մեկը պահվում է Նիժնի Տագիլի Ուրալի վագոնաշինական գործարանի թանգարանի արվեստի հավաքածուում[69]։

 
«Գիշերը Դնեպրի վրա» (էտյուդ, Սևաստոպոլի գեղարվեստի թանգարան)
 
«Գիշերը Դոնի վրա» (1882, Կիևի պատկերասրահ)
 
«Գիշերը Դնեպրի վրա» (փոքրացված կրկնօրինակ տարբերակ, Ռուսական պետական թանգարան)

Արվեստաբան Ֆաինա Մալցևան գրել է․ «Մեզ հայտնի չեն այս կտավի համար նկարված էտյուդներն ու էսքիզները, բայց դրանք ընդհանրապես չէին կարող գոյություն չունենալ»[22]։ Միաժամանակ, հայտնի է «Գիշերը Դնեպրում» կտավի առնվազն մեկ չթվագրված էտյուդ, որը պահվում է Սևաստոպոլի Մ․ Պ․ Կրոշիցկու անվան արվեստի թանգարանում (թուղթ նրբատախտակի վրա, յուղաներկ, 22 × 33 սմ, ինվենտար համար՝ Ж-458, ձեռք է բերվել Մակարովից 1952 թվականին, Սիմֆերոպոլ)[70][71]։

Կարծիքներ և քննադատություն խմբագրել

Ժամանակակիցների արձագանքներ խմբագրել

Նկարիչ Իվան Կրամսկոյը 1880 թվականի նոյեմբերի 15-ին լրագրող և հրատարակիչ Ալեքսեյ Սուվորինին ուղղված նամակում մանրամասնորեն պատմել է Կուինջիի նկարի տպավորությունների մասին և գրել, որ նրա «Գիշերը Դնեպրում» կտավը լի է իրական լույսով և օդով, գետն իսկապես հոսում է, իսկ երկինքը իսկապես անհուն է ու խորը»։ Ըստ Կրամսկոյի, երբ նա առաջին անգամ տեսել է կտավը, «չի կարողացել ազատվել աչքի ֆիզիոլոգիական գրգռվածությունից, ասես իրական լույսից», և այս զգացողությունն առաջանում էր նրա մեջ ամեն անգամ, երբ նա նորից տեսնում էր նկարը, միաժամանակ «հաճույք էր ստանում երեկոյից, ֆանտաստիկ լույսից և օդից»[21]։ Ինքը՝ Սուվորինը, նույնպես բարձր է գնահատել Կուինջիի նկարը։ Նա գրել է․ «Գիշերը Դնեպրի վրա» պարզապես նկարչության շարժ չէ դեպի առաջ, այլ հսկայական թռիչք է»։ Նա նշել է, որ «գույների հզորությունը, որը երբեք այլ տեղ չի տեսել» և այն կախարդական տպավորությունը, որ դա նկար չէ, այլ հենց բնությունն է մանրանկարչության մեջ՝ նկարչի կողմից փոխանցված կտավին։ Ըստ Սուվորինի, այդ ստեղծագործության մեջ ամեն ինչ կարծես իրական է՝ իրական լուսին, որն իսկապես փայլում է և իրական գետ, որը փայլում է այնպես որ, նայելով այդ ալիքների մեջ, դիտողը գրեթե կռահում է, թե որ ուղղությամբ են հոսում Դնեպրի ջրերը՝ «ստվերներ, կիսաստվերներ, լույսեր, օդ, հազիվ նկատելի գոլորշի և այս ամենը փոխանցված է կտավին այնպես, որ մարդ զարմանում է, թե ինչպես կարելի է ներկերով այդ ամենը փոխանցել»[72]։

 
«Գիշերը Դնեպրում» (հեղինակային կրկնօրինակ-տարբերակ, յուղաներկ կտավի վրա, 104 × 143 սմ, 1882, Պետական Տրետյակովյան պատկերասրահ)

Գիտնական-բնագետ Դմիտրի Մենդելեևն իր մտքերն է արտահայտել «Լուսնկա գիշեր Դնեպրում» նկարի մասին «Ա. Ի. Կուինջիի նկարի առջև» հոդվածում, որը հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի «Ձայն» թերթի 1880 թվականի նոյեմբերի 13-ի համարում։ Կուինջիի նկարը Մենդելեևին հետաքրքրել է դեռևս այն ժամանակ, երբ նա առաջին անգամ տեսել է այն նկարչի արվեստանոցում, բայց նա որոշել է գրել դրա մասին միայն այն բանից հետո, երբ իրեն խնդրել են այդ մասին «տարբեր կողմերից»[73]։ Ըստ Մենդելեևի՝ մինչև «Դնեպրի գիշերը» «երազողը կմոռացվի, նկարիչը ակամա կունենա իր նոր պատկերացումը արվեստի մասին, գրողը կխոսի բանաստեղծությամբ և մտածողի մոտ կծնվեն նոր հասկացություններ և նա իր սեփական մտքերը կփոխանցի բոլորին»[74]։ Կուինջիի կտավի մասին հոդվածում Մենդելեևը քննարկել է նաև բնանկարային գեղանկարչության առաջընթացի և բնական գիտության առաջընթացի փոխհարաբերության մասին ավելի ընդհանուր հարցեր[75]։

Այդուհանդերձ, այն ժամանակվա մամուլում առկա բազմաթիվ խանդավառ կարծիքների թվում կային նաև քննադատական ակնարկներ։ Օրինակ՝ փիլիսոփա, հրապարակախոս և քննադատ Նիկոլայ Ստրախովը բարձր գնահատելով Կուինջիի հմտությանը, նրա կտավն անվանել է իսկական հրաշք՝ թե՛ լույսի ուժով, և թե՛ «երկնքի զարմանալի նրբերանգությամբ, հորիզոնի և լուսնի միջև ընկած երանգներով», կարծում էր, որ «լուսնի լույսը չափազանց բնական է, աչքի է ընկնում իր բնականությամբ, ինչն էլ փչացնում է նկարի ներդաշնակությունը։ Ստրախովը նշել է, որ չնայած լուսնից ճառագող պայծառ լույսին, որը լուսավորում է ամպերն ու գետի մակերեսը, «լուսնի լույսը չափազանց բնական է, աչքի է ընկնում իր բնականությամբ, ինչն էլ փչացնում է նկարի ներդաշնակությունը»։ «Նրա կարծիքով՝ հենց դրանով է պայմանավորված այցելուների մոտ առաջացած այն պատրանքը, թե դա իսկական յուղաներկ չէ կտավի վրա, այլ «նկարված է ապակու վրա և լուսավորված ետևից»[76]։

Չնայած այն հանգամանքին, որ «Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավը Փարիզում ցուցադրվել է ընդամենը տասը օր, այն կարողացել է իր վրա գրավել ֆրանսիացի քննադատների ուշադրությունը։ Մասնավորապես, 1880 թվականի վերջին «La République française» թերթում հրապարակված ակնարկում Ֆիլիպ Բյուրտին գրել է, որ Կուինջիի կտավի հիմնական էֆեկտը կայանում է նրանում, որ նկարիչը կարողացել է «իսկապես հրաշալի, անգույն և շողշողուն լույսը փոխանցել ջրի մակերևույթին, որը մասնատվել և ալեկոծվել է գետի հոսանքից»։ Քննադատը նշում է, որ չնայած այն տարօրինակ տպավորությանը, որ դիտողի մոտ տեղի է ունենում առաջին հայացքից, «կամաց-կամաց նկարչի կամքը հաղթում է և դիտողին տանում է իր պատկերած տարածքը»։ Ըստ Բյուրտիի՝ «լույսի իջնող աստիճանավորումը, որն ակնհայտորեն հարվածում է ափի զառիվայրերին գտնվող խրճիթների պատերին, բարձր կռատուկի ստվերապատկերները, լռությունը, որը տիրում է հսկայական տարածության վրա, մերկ, ծառազուրկ բնապատկերի խստությունը ստեղծում են չափազանց լավ արտահայտված մելամաղձոտ և վեհ տրամադրություն»[77][78]։

20 և 21-րդ դարերի արվեստագետների արձագանքներ խմբագրել

Քննարկելով դիտորդների վրա «Լուսնային գիշերը Դնեպրի վրա» կտավի ստեղծած էֆեկտը՝ արվեստաբան Վլադիսլավ Զիմենկոն այն անվանել է «լիովին գերբնական»[79]։ Նա գրել է, որ այս ստեղծագործության մեջ Կուինջին համեմատել է «բնության մեծ տարերքները՝ երկիրն ու երկինքը, լույսն ու ստվերը այնպիսի միասնական ներդաշնակության մեջ, որը նա չէր հայտնաբերել նախկինում»։ Ըստ Զիմենկոյի, այն, թե ինչպես է Կուինջին պատկերում բնությունը՝ ստեղծագործելով «իր գիշերային զարդարանքի ֆանտաստիկ շքեղությամբ», կարելի է համեմատել միայն Նիկոլայ Գոգոլի խոսքերի հետ՝ «Դնեպրը հիասքանչ է հանգիստ եղանակին, երբ նա ազատ և սահուն հոսում է անտառներով ու լեռներով իր հորդառատ ջրերով …»[6]:

 
Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, «Լուսնի ծագումը ծովում» (1822, Ազգային հին պատկերասրահ, Բեռլին)

Արվեստաբան Ֆաինա Մալցևան նշել է, որ «Լուսնային գիշերը Դնեպրի վրա» նկարում Կուինջիի հաջողությունը կարելի է համարել ոչ միայն այն, որ նա «վարպետորեն է արտացոլել լուսնի լույսի ազդեցությունը», այլև բնանկարի վերին մասի գեղանկարչությունը՝ ճշմարտացիորեն վերստեղծելով գիշերային երկնքի պատկերը, ծածկված թեթև փետրավոր ամպերով։ Մալցևայի կարծիքով, Կուինջիի նմանատիպ ստեղծագործական ուղղության բոլոր նկարների շարքում հենց այս բնապատկերն է, որ «արժանիորեն բերել է Կուինջիին լիակատար հաղթանակ», նա երբեք չէր հասել «բնանկարի պատկերման այնպիսի բանաստեղծական ամբողջականության, նրա բոլոր տարրերի ներդաշնակությամբ ու հետևողականությամբ»[22]։

Քննարկելով «Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավին ուղեկցող հաջողությունն ու ժողովրդականությունը՝ արվեստաբան Վիտալի Մանինը համեմատել է Կուինջիի և նրա գերմանացի նախորդ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի աշխատանքները, որոնց ստեղծագործություններում «մարդիկ տանջվում են՝ հմայված բնության մոգական կերպարանքով»։ Մանինի կարծիքով, չնայած Կուինջիի և Ֆրիդրիխի նկարներում աշխարընկալման մեկնաբանության թվացյալ նմանությանը, այդ նմանությունը զուտ արտաքին է, ի տարբերություն Ֆրիդրիխի գործերի, Կուինջիի «Լուսնային գիշերը Դնեպրի վրա» կտավում ոչ մի մոգական բան չկա[80]։ Ըստ Մանինի՝ «Կուինջիի մոտ երկնային տարածությունները զգում են երկրային ձգողականությունը», իսկ «հմայքի կախարդական մոգությունը վերաբերում է ոչ թե դրախտի առեղծվածային ուժերին, այլ վիթխարի իրական աշխարհին, որի առջև մարդը զարմանք և հրճվանք է ապրում»[81]։

 
«Գիշերը Դնեպրում» կտավը (1882, Պետական Տրետյակովյան պատկերասրահ) Ռուսաստանի 2016 թվականի փոստային նամականիշների բլոկում[82]

Բրիտանա-ամերիկյան սլավոնագետ և արվեստաբան Ջոն Էլիս Բուլտը կարծում է, որ Արխիպ Կուինջիին կարելի է համարել ռուսական լյումինիզմի դպրոցի ամենանշանավոր ներկայացուցիչը[83][84], իսկ նրա «Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավը որպես լուսային էֆեկտների վրա հիմնված գեղանկարչական ստեղծագործությունների գլուխգործոց։ Ըստ Բոուլտի, «Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավում Կուինջին չի հրաժարվել մեկ տարի առաջ նկարված «Կեչու պուրակը» նկարի հիմնական ոճական սկզբունքներից (ինչպես օրինակ՝ կտավի կիզակետում կենտրոնանալը և երանգների արագ փոփոխությունը), բայց միևնույն ժամանակ արմատական փոփոխություն է իրականացրել նկարի տարածական կառուցվածքի մեջ՝ տեսարանը պատկերելով թռչնի թռիչքի բարձրությունից։ Հետագայում նմանատիպ կառուցվածքներ նա օգտագործել է մի շարք այլ կտավներում[85]։

Արվեստաբան Իրինա Շուվալովան «Լուսնկա գիշեր Դնեպրում» կտավն անվանել է Կուինջիի ամենահայտնի ստեղծագործությունը[7], նկարչի ստեղծագործական ամենամեծ ձեռքբերումը[8] և չնայած խունացած գույներին, «Ռուսական թանգարանի էքսպոզիցիայի զարդերից մեկը»։ Նրա խոսքով՝ այդ կտավում նկարիչը հասել է «իսկապես պատրանքային և ֆանտաստիկ լուսային էֆեկտի», որի արդյունքում նրան հաջողվել է ստեղծել լուսնի լույսի իրական տպավորություն ինչպես երկնքում, ամպերի վրա, այնպես էլ հանգիստ հոսող գետի մեղմորեն տատանվող մակերեսին։ Շուվալովան նշել է նկարչի հայտնաբերած արտահայտչական պատկերների ճշգրտությունը՝ «դեկորատիվ գունային բծերը, դրանց հակադրությունները, լույսի ելևէջները, կոմպոզիցիայի տարածական շրջադարձը»[12]։

Գրականություն խմբագրել

  • Андреев, Владимир Евгеньевич Картина А. И. Куинджи «Лунная ночь на Днепре» в коллекции великого князя Константина Константиновича // В книге «Коллекции и коллекционеры» (сборник статей по материалам научной конференции, Государственный Русский музей, 2008, ред. Евгения Николаевна Петрова). — СПб.: Palace Editions, 2009. — С. 105—114.
  • Атрощенко, Ольга Дмитриевна Художник беспримерной самобытности // Третьяковская галерея. — 2018. — № 3. — С. 4—49.
  • Бендюкова, Наталия Александровна, Смирнова, Людмила Константиновна, Лесых Х. В. Севастопольский художественный музей имени М. П. Крошицкого. — М.: Белый город, 2002. — 64 с. — ISBN 9785779305167
  • Джон Эллис Боулт Русская школа люминизма? «Красный закат на Днепре» Архипа Куинджи // Третьяковская галерея. — 2018. — № 3. — С. 50—69.
  • Воронова, Ольга Порфирьевна Куинджи в Петербурге. — Л.: Лениздат, 1986. — 240 с. — (Выдающиеся деятели науки и культуры в Петербурге-Петрограде-Ленинграде).
  • Гомберг-Вержбинская, Элеонора Петровна Передвижники. — Л.: Искусство, 1970. — 236 с.
  • Игорь Эммануилович Грабарь Моя жизнь. Этюды о художниках. — М.: Республика, 2001. — 496 с. — ISBN 5-250-01789-4
  • Длужневская, Галина Вацлавна Фотографии из Мраморного дворца: собрание великих князей генерал-адмирала Константина Николаевича и августейшего президента Академии наук Константина Константиновича // Фотография. Изображение. Документ. — 2010. — В. 1 (1). — С. 4—14.
  • Алексей Афанасьевич Дмитриевский Его Императорское Высочество великий князь Константин Константинович — паломник Св. Земли // Сообщения Императорского православного палестинского общества. — 1915. — В. 3—4. — Т. XXVI. — С. 408—416.
  • Ефимова, Алина Алексеевна Малоизвестные страницы из жизни и творчества А. И. Куинджи // Третьяковская галерея. — 2018. — № 3. — С. 70—95.
  • Илья Самойлович Зильберштейн «Родному художеству радоваться я буду первый» // Огонёк. — 1968. — № 46 (ноябрь). — С. 12—15.
  • Владислав Мстиславович Зименко Архип Иванович Куинджи. — М.—Л.: Искусство, 1947. — 32 с.
  • Мальцева, Фаина Сергеевна Пейзаж // В книге «История русского искусства», т. 9, кн. 1, ред. Игорь Эммануилович Грабарь, Владимир Семёнович Кеменов, Виктор Никитич Лазарев. — М.: Наука, 1965. — С. 362—444.
  • Мальцева, Фаина Сергеевна Мастера русского пейзажа. Вторая половина XIX века. Часть 2. — М.: Искусство, 2001. — 176 с. — ISBN 9785210013439
  • Виталий Серафимович Манин Куинджи. — М.: Изобразительное искусство, 1976. — 208 с.
  • Виталий Серафимович Манин Куинджи и его школа. — Л.: Художник РСФСР, 1987. — 220 с.
  • Виталий Серафимович Манин Архип Куинджи. — М.: Белый город, 2000. — 64 с. — (Мастера живописи). — ISBN 5-7793-0219-7
  • Дмитрий Иванович Менделеев Перед картиною А. И. Куинджи // В книге: Сочинения в 25 томах, том 24. Статьи и материалы по общим вопросам. — Л.М.: Издательство Академии наук СССР, 1954. — С. 247—248.
  • Дмитрий Иванович Менделеев Список моих сочинений // В книге: Сочинения в 25 томах, том 25. Дополнительные материалы. — Л.М.: Издательство Академии наук СССР, 1952. — С. 687—776.
  • Михаил Петрович Неведомский, Илья Ефимович Репин А. И. Куинджи. — М.: Сварог и К, 1997. — 394 с. — ISBN 5-85791-022-6
  • Новоуспенский, Николай Николаевич А. Куинджи. — М.: Государственное издательство изобразительного искусства, 1961. — 50 с. — (Мастера русского искусства).
  • Рогинская, Фрида Соломоновна Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 430 с. — ISBN 5-87685-054-3
  • Константин Константинович Романов Дневники, воспоминания, стихи, письма / Матонина, Элла Евгеньевна. — М.: Искусство, 1998. — 430 с. — ISBN 5-210-01334-0
  • Дмитрий Владимирович Сарабьянов История русского искусства второй половины XIX века. — М.: Издательство Московского университета, 1989. — 381 с.
  • Сорокин, Виктор Васильевич Памятные места на древней дороге в село Высокое (часть 2)(ռուս.) // Наука и жизнь. — 1991. — № 3. — С. 88—91.
  • Сорокин, Виктор Васильевич По Москве исторической. — М.: Тончу, 2006. — 464 с. — ISBN 5-98339-025-2
  • Чернышова-Мельник Наталия Дмитриевна Баловень судьбы. История жизни Константина Романова. — М.: ЭНАС, 2008. — 318 с. — ISBN 9785931968933
  • Павел Петрович Чистяков Письма, записки, воспоминания / Элий Михайлович Белютин, Нина Михайловна Молева. — М.: Искусство, 1953. — 592 с.
  • Чурак, Галина Сергеевна Художник света // Наше наследие. — 1995. — № 34. — С. 20—27.
  • Архип Куинджи из собрания Русского музея / Шувалова, Ирина Николаевна. — СПб.: Palace Editions, 2015. — 180 с. — ISBN 978-5-93332-526-0
  • Государственная Третьяковская галерея — каталог собрания / Яков Владимирович Брук, Лидия Ивановна Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  • Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Л.: Аврора и Искусство, 1980. — 448 с.
  • Государственный Русский музей — каталог собрания / Григорий Наумович Голдовский, Владимир Алексеевич Леняшин. — СПб.: Palace Editions, 2016. — Т. 6: Живопись второй половины XIX века (К—М). — 176 с. — ISBN 978-5-93332-565-9
  • Киевский Государственный музей русского искусства. Каталог / Л. А. Пелькина, М. Д. Факторович, А. С. Резников. — К.: Мистецтво, 1955. — 152 с.
  • Крамской об искусстве / Т. М. Коваленская. — М.: Изобразительное искусство, 1988. — 176 с. — ISBN 5-85200-015-9
  • Сборник памяти великого князя Константина Константиновича, поэта К. Р. / А. А. Геринг. — Париж: Совет обще-кадетских объединений за рубежом, 1962. — 146 с.
  • [Bowlt J. E. A Russian Luminist School? Arkhip Kuindzhi's Red Sunset on the Dnepr(անգլ.) // The Metropolitan Museum Journal. — 1975. — Т. 10. — С. 119—129.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Каталог ГРМ, т. 6, 2016, էջ 79
  2. Каталог ГРМ, 1980, էջ 156—157
  3. 3,0 3,1 Куинджи из собрания ГРМ, 2015, էջ 104
  4. «Куинджи А. И. — Лунная ночь на Днепре. 1880» (HTML). Виртуальный Русский музей — rusmuseumvrm.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ф. С. Мальцева, 2001, էջ 54
  6. 6,0 6,1 6,2 В. М. Зименко, 1947, էջ 18
  7. 7,0 7,1 Куинджи из собрания ГРМ, 2015, էջ 8
  8. 8,0 8,1 Куинджи из собрания ГРМ, 2015, էջ 12
  9. 9,0 9,1 И. С. Зильберштейн, 1968, էջ 12
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 В. Е. Андреев, 2009, էջ 107
  11. 11,0 11,1 О. П. Воронова, 1986, էջ 113
  12. 12,0 12,1 12,2 Куинджи из собрания ГРМ, 2015, էջ 13
  13. 13,0 13,1 В. С. Манин, 2000, էջ 23
  14. 14,0 14,1 14,2 О. П. Воронова, 1986, էջ 106
  15. 15,0 15,1 15,2 М. П. Неведомский, И. Е. Репин, 1997, էջ 338
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 В. Е. Андреев, 2009, էջ 110
  17. 17,0 17,1 Куинджи из собрания ГРМ, 2015, էջ 14
  18. 18,0 18,1 В. Е. Андреев, 2009, էջ 112
  19. 19,0 19,1 Каталог ГРМ, 1980, էջ 212
  20. 20,0 20,1 Каталог ГРМ, т. 6, 2016, էջ 158
  21. 21,0 21,1 И. Н. Крамской, 1988, էջ 149—150
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 Ф. С. Мальцева, 2001, էջ 55
  23. Куинджи из собрания ГРМ, 2015, էջ 12—13
  24. Э. П. Гомберг-Вержбинская, 1970, էջ 167—168
  25. Ф. С. Рогинская, 1989, էջ 418
  26. В. С. Манин, 1976, էջ 67
  27. 27,0 27,1 В. С. Манин, 1976, էջ 71
  28. В. М. Зименко, 1947, էջ 17
  29. Н. Д. Чернышова-Мельник, 2008, էջ 61
  30. «Константин Константинович». Большая российская энциклопедия — bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  31. Сборник памяти Константина Константиновича, 1962, էջ 7—8
  32. 32,0 32,1 К. Р. Дневники и пр., 1998, էջ 76
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 В. Е. Андреев, 2009, էջ 109
  34. П. П. Чистяков, 1953, էջ 106
  35. П. П. Чистяков, 1953, էջ 109
  36. И. Э. Грабарь, 2001, էջ 35
  37. 37,0 37,1 Д. В. Сарабьянов, 1989, էջ 175
  38. В. С. Манин, 1987, էջ 19
  39. О. Д. Атрощенко, 2018, էջ 43
  40. О. П. Воронова, 1986, էջ 108
  41. Куинджи из собрания ГРМ, 2015, էջ 27
  42. Н. Н. Новоуспенский, 1961
  43. К. Р. Дневники и пр., 1998, էջ 99
  44. 44,0 44,1 И. С. Зильберштейн, 1968, էջ 13
  45. Г. В. Длужневская, 2010, էջ 6
  46. А. А. Дмитриевский, 1915, էջ 408—416
  47. Г. В. Длужневская, 2010, էջ 6—7
  48. Н. Д. Чернышова-Мельник, 2008, էջ 74
  49. 49,0 49,1 Ф. С. Мальцева, 1965, էջ 434
  50. В. С. Манин, 1976, էջ 83
  51. В. В. Сорокин, 1991, էջ 91
  52. В. В. Сорокин, 2006, էջ 84
  53. М. П. Неведомский, И. Е. Репин, 1997, էջ 135
  54. М. П. Неведомский, И. Е. Репин, 1997, էջ 128
  55. «Михайловский дворец, зал № 35» (HTML). Виртуальный тур по Русскому музею — virtual.rusmuseumvrm.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  56. В. С. Манин, 1976, էջ 70—71
  57. В. С. Манин, 1976, էջ 69—70
  58. В. С. Манин, 1976, էջ 70
  59. 59,0 59,1 59,2 А. А. Ефимова, 2018, էջ 91
  60. Воронцов, Николай Николаевич Алексей Андреевич Ляпунов. Очерк жизни и творчества. Окружение и личность. — М.: Новый хронограф, 2011. — С. 48, 67, 77. — 240 с. — ISBN 978-5-94881-153-6
  61. 61,0 61,1 61,2 Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 332
  62. 62,0 62,1 В. С. Манин, 1976, էջ 180
  63. «От Левитана до Куинджи: шедевры «Догадинки»» (HTML). astrakult.ru. 2017 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  64. Каталог КМРИ, 1955, էջ 44
  65. «Куинджи Архип Иванович — Ночь на Дону» (HTML). www.art-catalog.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  66. В. С. Манин, 1976, էջ 77
  67. Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 333
  68. Каталог ГРМ, т. 6, 2016, էջ 90
  69. Л. Погодина (2011 թ․ հոկտեմբերի 6). «Куинджи и Шемякин в музее УВЗ» (HTML). historyntagil.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  70. Н. А. Бендюкова, Л. К. Смирнова, Х. В. Лесых, 2002, էջ 21, 62
  71. «Куинджи Архип Иванович — Лунная ночь на Днепре. Этюд» (HTML). www.art-catalog.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  72. М. П. Неведомский, И. Е. Репин, 1997, էջ 93
  73. Д. И. Менделеев, 1952, էջ 735
  74. Д. И. Менделеев, 1954, էջ 247
  75. Д. И. Менделеев, 1954, էջ 247—248
  76. М. П. Неведомский, И. Е. Репин, 1997, էջ 119
  77. М. П. Неведомский, И. Е. Репин, 1997, էջ 103
  78. В. М. Зименко, 1947, էջ 17—18
  79. В. М. Зименко, 1947, էջ 16
  80. В. С. Манин, 2000, էջ 58
  81. В. С. Манин, 1987, էջ 18
  82. «№ 2051. 175 лет со дня рождения А. И. Куинджи (1841—1910), живописца» (HTML). Акционерное общество «Марка» — rusmarka.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  83. J. E. Bowlt, 1975, էջ 121
  84. Дж. Э. Боулт, 2018, էջ 63
  85. J. E. Bowlt, 1975, էջ 126

Աղբյուրներ խմբագրել