Ժան Մունե-Սյուլլի

ֆրանսիացի դերասան

Ժան Մունե-Սյուլլի (Jean Mounet-Sully) (փետրվարի 27, 1841(1841-02-27)[1], Բերժերակ[2] - մարտի 1, 1916(1916-03-01)[1][3][2], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի դերասան, հայտնի որղբերգակ։ «Կոմեդի ֆրանսեզ»-ի դերասան (1872), Ֆրանսիայի այդ հնագույն թատրոնի միության անդամ (1874), տնօրեն (1894 - 1916)[6][7]։

Ժան Մունե-Սյուլլի
Ծնվել էփետրվարի 27, 1841(1841-02-27)[1]
ԾննդավայրԲերժերակ[2]
Մահացել էմարտի 1, 1916(1916-03-01)[1][3][2] (75 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Փարիզի կոնսերվատորիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրԿոմեդի ֆրանսեզ և Théâtre des Variétés-Amusantes?
Ամուսին(ներ)Ժան Ռեմի և Jeanne Barbot?[4]
Երեխա(ներ)Ժաննա Մյուլլի
Պարգևներ և մրցանակներ
mounetsully.com

Համաշխարհային ճանաչում բերած դրամատիկ դերերից են՝ Ներոն (Ռասինի, «Բրիտանիկուս»), Էդիպ արքա և Կրեոն (Սոֆոկլես, «Էդիպ արքա» «Անտիգոնե»), Համլետ, Օթելլո (Շեքսպիրի «Համլետ» և «Օթելլո»), Ռյուի Բլազ (Հյուգոյի «Ռուի Բլազ»), Օրոսման (Վոլտեր, «Զաիր»), Պողիկտոս (Կոռնեյլի «Պողիկտոս») և այլն[8]։

Կենսագրություն

խմբագրել

Ժան Մունեն ծնվել է 1841 թվականին, Հարավային Ֆրանսիայում, Դորդոնիայի Բերժերակ քաղաքում (Բերժերակ շրջան, Դորդոն դեպարտամենտ), քաղաքում հարգված բուժուայի ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը Պոլ Մունեն (Paul Mounet) է եղել՝ ապագայում դերասան։

Իր հայրենի քաղաքում էլ հենց, առաջին անգամ՝ տասնչորս տարեկան հասակում, 1855 թվականին, երիտասարդ Մունե-Սյուլլին տեսել է, թե ինչպես է դերասան Բալլանդը (Hilarion Ballande, 1820-1887) արտասանում տողեր Կոռնեյլի «Պողիկտոսից»։ Հետագայում նա այս դրվագը, համարել է իր կոչման ելակետը[9]։

Ժան Մունեն նախնական կրթությունը ստացել է Թուլուզում։ Ծնողները նրան ուղարկել են Փարիզի համալսարան՝ իրավաբանական կուրսեր ավարտելու։ Սակայն նա, ի հեճուկս ծնողների, որոնք ցանկանում էին, որդուն իրավագետ տեսնել, ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա։ 1868 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական արվեստի դասարանը։

Սակայն մինչև ավարտելը, կոնսերվատորիայի ղեկավարությունից գաղտնի, սկսել է աշխատել Փարիզի աղքատիկ թաղամասերից մեկի թատրոնում՝ Բելվիվլի թատրոնում, որտեղ կատարում էր Ալ․ Դյումայի Երեք հրացանակիրներ դրամայում Աթոսի դերը։ Այդ ժամանակ Օդեոն թատրոնում պատրաստվում էին Լիր արքա բեմադրել, որտեղ ներգրավված էին լինելու ժամանակի հայտնի դերասաններ, այդ թվում բեմական առաջին քայլերն անող Սառա Բեռնարը։ Ներկայացման մեջ Գլոստերի կոմսի դերի համար հարմար դերասանի ապարդյուն փնտրտուքների ընթացքում, Աթոսի խաղը տեսնում է Օդեոնի դերասաններից մեկը և հիացմունքով հայտնում ղեկավարությանը, ասելով, որ նա ունի «գեղեցիկ ձայն, լավ հասակ, արտահայտիչ աչքեր․․․ սակայն խելագար է․․․ կարծում է, թե ամեն ինչի հասել է»։ Այդ ժամանակվա Օդեոնի հայտնի տնօրենը՝ Շիլլին, այնուամենայնիվ, ցանկանում է տեսնել «այդ ֆենոմենին», ասելով՝ «դա անկեղծության նշան է» ․․․ «հոգ չէ, կաշխատենք քիչ սառույց լցնել իր եռացող արյան մեջ, իսկ գլուխը կարելի է միշտ կորցնել, հետո նորից գտնել»[10]։

  Նորեկը՝ 24-25 տարեկան մի խոշոր տղա էր, նուրբ իրանով, լայն թիկունքով, կուրծքը դուրս ցցած, համեստ երևույթով, և միաժամանակ, մեղմ ու կամակոր, գեղեցիկ, արտահայտիչ ու ազնիվ դեմքով, որի երկու կողմից իջնում էին երկար գանգուր մազերը, աչքերը սև, փայլող և տարօրինակ հայացքով։ «Կարծես նա դիտում է ապագան», - ասացին մի քանիսը։ «Կարծես սլացող մի շոգեկառքի վրա է նայում», - պատասխանեցին չար լեզուները[10]։  

Տնօրենի խոսքով՝ աֆիշայի համար կարճ էր Ժան Մունե անունը և նրա առաջարկով Բելվիվլի Աթոս Ժան Մունեն ստանում է Մունե Սյուլլի բեմական անունը։

Այդպիսով, թատրոն նրա մուտքը համարվում է 1863 թվականը՝ «Օդեոն» թատրոնում։ 1868 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիան՝ կոմեդիայի դասընթացի համար ստանալով առաջին մրցանակ (ուսուցիչ՝ Բրեսան), իսկ ողբերգության դասընթացի համար՝ ընդամենը մի խղճուկ «accessit» (անցողիկ գնահատական)։ Այնուամենայնիվ, նրան գրավում էին ողբերգական դերերը։ Այդպիսով, նա պաշտոնապես դառնում է Օդեոն թատրոնի դերասան, որտեղ մինչ այդ ապօրինի կարգավիճակով էր և Օդեոնում՝ որպես սկսնակ դերասան, փոքր դերեր է կատարում 1968-1969 և1969-1970 թվականների խաղաշրջաններում։ Այս ընթացքում նա մի անգամ պետք է համպատրասից փոխարիներ հիվանդացած գործընկերոջը՝ խաղալով Պիեռ Կոռնեյլի Հորացիոս պիեսում Հորացիոսի դերը։ Չորրորդ արարում բեմից դուրս գալիս ելքը շփոթելով բախվել էր պատին և վայր ընկել։ Հանդիսատեսը սկսել էր քրքջալ։ Այս միջադեպից հուսահատված նա հրաժարվում էր բեմ դուրս գալ և այլևս հեռանալ բեմից։ Սակայն բարեկամական սփոփանքը նրան հանգստացրել էր։

1870 թվականին սկսված ֆրանս-գերմանական պատերազմի ժամանակ նա որպես լեյտենանտ հազարապետ է նշանակվել հայրենի Դորդոնում։ Փարիզ վերադառնալով պարզել է, որ Օդեոնում իրեն փոխարինող են գտել։ Նա փորձել է ընդունվել Կոմեդի ֆրանսեզ, բայց մայր թատրոնը նրան մերժել է։ Նա փորձել է աշխատանք ստանալ այլ թատրոններում, սակայն ապարդյուն։ Թատրոնը թողնելու մտքերով հայրենք վերադառնալու որոշմամբ գնացել է Կոնսերվատորիայի կոմեդիայի ուսուցչին՝ Բրեսանին հրաժեշտ տալու։ Վերջինիս միջնորդությամբ սիրելի ուսանողը ներկայացել է Կոմեդի ֆրանսեզի այն ժամանակվա տնօրեն Էմիլ Պերինին (Émile Perrin), որը նոր էր ստանձնել տնօրենի պաշտոնը և մտադրվել էր թատրոնի խաղացանկի մեջ ողբերգություններ ընդգրկել։

Այդպիսով, 1872 թվականից՝ «Կոմեդի ֆրանսեզ»-ի դերասան է դարձել։ 1874 թվականին ընտրվել է Կոմեդի Ֆրանսեզ Թատերական միության անդամ (297-րդ)[6], 1894 թվականին՝ դեկան և ղեկավարել է թատրոնը մինչև մահը (1894 - 1916)[7]։

Mounet-Sully (Pathé Baby), 1916

Կոմեդի Ֆրանսեզում նրա խաղացած առաջին դերը Ռասինի «Անդրոմաքե» (Andromaque) ողբերգությունում Օրեստի դերն է (1872 թվականի հուլիսի 4)։ Այն արժանացել է հանդիսատեսի հավանությանը, սակայն քննադատները Սյուլլի խաղը համարել են չափազանց ոչ ստանդարտ։ Նա աչքի էր ընկնում իր բարձր հասակով, գեղեցիկ ձայնով, սակայն առավելապես հայտնի է դարձել դերասանական արվեստի նկատմամբ իր նորարարական մոտեցմամբ, ինչով դեռ ոչ ոք աչքի չէր ընկել Տալմայի ժամանակներից ի վեր[11]։ Իր արվեստով հակադրվելով Դիդրոյի «պարադոքս դերասանի մասին» (Paradoxe sur le comédien) աշխատության մեջ շարադրված այն մտքին, թե «մեծ դերասաններն իրապես չեն ունենում այն զգացմունքները, ինչ խաղում են», Մունե Սյուլլին իրապես համարել է, որ դերասանը պետք է հրաժարվի իր անձից, երբ բեմ է դուրս գալիս, որպեսզի կարողանա դերի մեջ լիովին մտնել։ Նրա տաղանդները և համբավը տարիների ընթացքում աճել են՝ աջակցելով և արդարացնելով իր կոչման պատմությանը[9]։

Լավագույն դերերից են՝ Դոն Ռոդրիգո (Կոռնեյլ, «Սիդ»), Ներոն և Իպոլիտ (Ռասին, «Բրիտանիկուս» և «Ֆեդրա»), Օրոսման (Վոլտեր, «Զաիր»), Էռնանի և Ռյուի Բլազ (Հյուգո, «Էռնանի» և «Ռուի Բլազ»), Համլետ, Օթելլո (Շեքսպիր «Համլետ», «Օթելլո»), Էդիպ արքա և Կրեոն (Սոֆոկլես, «Էդիպ արքա» «Անտիգոնե») և այլն։ Նա վերջին անգամ բեմ է բարձրացել 1915 թվականի ապրիլին, տարիներ առաջ իրեն հաջողություն բերած դերերից մեկով՝ Պողիկտոսի դերով։

Պողիկտոս

խմբագրել

Նա շատ տպավորիչ և համոզիչ է ներկայացրել Կոռնեյլի հայ-հռոմեական պատմությունից վերցված «Պողիկտոս» պիեսում (Polyeucte)[12] Պողիկտոսի դերը։ «Նա այնպես է ներկայացրել «Հայաստանի իշխան» այդ քրիստոնյա նահատակին՝ սիրավառ և զոհաբերող, հավատացյալ և հաստատամիտ՝ մինչև մարտիրոսացում, որի պատկերը երբեք մտքիցս չի հեռանալու»։

Համլետ

խմբագրել
 
Մունե Սյուլլին Համլետի դերում Արար III - 9 - Համլետին հայտնվում է հոր ուրվականը (էջ. 93)
Մունե Սյուլլին այնպես դրամատիկորեն է ներկայացրել իրեն պատած սարսափը, որ ոգեշնչել է շատ նկարիչների
նկարիչ՝ Ժան Պոլ Լորան, 1888 թվական

Համլետի դերը Սյուլլիի տրիումֆային դերերից է, որն առաջին անգամ խաղացել է 1886 թվականին։ Այդ ժամանակ մրցակցությունը թեժ էր Փարիզի բեմերում (քանի որ Սառա Բեռնարը կատարում էր Օֆելիայի (համեմատաբար փոքր) դերը, դրանից հետո այնպիսի հմայքով է Համլետի դերը խաղացել, որ նրա «Լաերտսի դեմ մենամարտը» գունավոր ժապավենով նկարահանվել է և ցուցադրվել Փարիզի 1900 թվականի համաշխարհային ցուցահանդեսում)[11]։

Համլետի դերը, որն ամեն մի դերասան ներկայացնում է այնպես, ինչպես ըմբռնում է, շատ ժամանակակիցների կարծիքով Սյուլլին է, որ «ըմբռնել է այնպես, ինչպես հղացել է Շեքսպիրը»։ Սյուլլիի խաղի շնորհիվ վերածնունդ ստացած Համլետը դարձել է «դարի խորհրդանիշ», որը Մալարմեն անվանել է Համլետիզմ[11]։ Այդ դերում նա այդ խորհրդավոր իշխանի հրապուրիչ դեմքին պլաստիկական մի հազվագյուտ գեղեցկություն է ավելացրել՝ իր շարժ ու ձևով, իր նրբաճաշակ հագուստներով (Մունե Սյուլլին աչքի է ընկել նաև պատմական հագուստներ ընտրելու և դրանց կրելու առանձնահատկությամբ, ինչպես Սառա Բեռնարը)[10]։

Ավելի քան քսանհինգ տարի Մունետ-Սյուլլին խաղացել է Համլետ ֆրանսիական և եվրոպական բեմերում և նույնիսկ ավելի հեռու է ճանապարհորդել այդ դերով, քան Թալման, հանդես գալով Ռուսաստանում և Ամերիկայում[11]։

Օթելլո

խմբագրել

Օթելլոյի դերում ներկայացել է ողբերգակի իր ողջ ուժով՝ մռնչալով վշտից, նախանձից ու կատաղությունից, թափելով իսկակակն արտասուք։ Նա իր տաղանդով դահլիճին է փոխանցել իր մանկական հնչեղ ծիծաղը, որով ուրախանում էր, երբ Դեզդեմոնան վարդի թերթիկներ է նետում պատշգամբից և սարսուռը, երբ նկատում է Յագոյին։

Էդիպ արքա

խմբագրել

Մունե Սյուլլին խաղացել է իր գլուխգործոցը՝ Էդիպ արքայի (Սոֆոկլեսի «Էդիպ արքա») դերը, առաջին անգամ 1881 թվականին՝ Օրանժ քաղաքում (Ֆրանսիա) պահպանված անտիկ թատրոնում, ապա՝ 1888 թվականին Կոմդեի ֆրանսեզում[8], որով սկզբնավորել է հին հունական և հռոմեական բեմական ավանդույթների նորօրինակ վերածնունդը։ Բանը նրանում է, որ մինչ այդ, առաջին անգամ այդ դերը խաղացվել էր 1858 թվականին, Կոմեդի ֆրանսեզ թատրոնում և արժանացել էր հասարակության սառն ընդունելությանը, և միայն Մունե Սյուլլիի շնորհիվ այն իր պատվավոր տեղն է գտել Մունե Սյուիլլի շրջագայությունների խաղացանկում։ Մունեն Էդիպին մարմանավորել է խիստ մարդկային և վսեմ, խորհեցնող և հուզիչ, իրական և միևնույն ժամանակ էսթետիկական։ Այս դերով նա համարվել է «անզուգական և ժամանակի առաջին ողբերգուն»[10]։

Մունե-Սյուլլին օժտված էր զորեղ ձայնով, շարժումների քանդակային նրբագեղությամբ, պոռթկուն խառնվածքով։ Ավելի մեծ տեղ է տվել կերպարի արտաքին տպավորիչ մարմնավորմանը, քան հուզականությանը։ Հեղինակ է հուշագրությունների։

Հետագա տարիներ

խմբագրել

Մունե Սյուլլին հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում (1894, 1899)[8]։ 1914 թվականին առաջին համաշխարհայինի սկսվելուց հետո թատերախմբի մի մասը մոբիլիզացվել էր և ներկայացումներ տալը դժվարացել։ Սակայն նա ի պաշտոնե ստիպված էր պաշտպանել թատրոնի շահերը։ Նա այդ ժամանակ յոթանասունն անց էր, բայց շարունակում էր խաղալ։ Նա նաև գրել, բեմադրել և խաղացել է երեք գործողությամբ բանաստեղծական պիես՝ «Դոն Ժուանի ծերությունը» (1906), որտեղ Դոն Ժուանը հենց ինքն էր։ Ժամանակակիցները սպասում էին, որ Սյուլլին բեմից կհեռանա, սակայն «նա ոտքի վրա է ուզում մեռնել»[10]։ Այդպես նա խաղացել է մինչև 1915 թվականը և ապրիլին վերջին անգամ բեմ է բարձրացել Պողիկտոսի դերով, որն իր վաղեմի հաջողություն բերած դերերից մեկն էր։

Անձնական կյանք

խմբագրել

Թատրոնի և դերասանների նկատմամբ սերը Ժան Մունեին փոխանցվել է հորից։ Ժան Մունեն ոսկե երիտասարդություն է ունեցել, երբ տակավին երիտասարդ երազկոտ, երևակայությամբ լեցուն և արվեստի նկատմամբ հակումներ ունեցող աշակերտ էր[9]։

1871 թվականին նրա սիրուհին է եղել Պիեռտա Իգնաս Պինգոն ( Pierrette Ignace PINGAUD, 1833-1908)։ 1873 թվականին Ռասինի «Ֆեդրա» պիեսից հետո նրա սիրուհին էր Սառա Բերնարը (1844-1923)[13]։

1885 թվականի օգոստոսի 1-ին ամուսնացել է Ժոզեֆ Ռոմեն դը Լորդ դը Լատուրի (Joseph Romain de LORDE de LATOUR) այրու՝ թատրոնի և կինոյի դերասանուհի Ժանննա Ժորժետ Բարբոյի (Jeanne Georgette Marie BARBOT, 1844-1921) հետ[13]։

1904 թվականին նա ամուսնացել է իր սանի՝ թատրոնի և կինոյի դերասանուհի Ժաննա Ռեմմիի հետ (Jeanne Rémy, 1881-1961)[14], որից ունեցել է երկու դուստր, որոնցից առաջինը՝ Ջինը մենինգիտից մահացել է չորս տարեկանում (1904-1909), և Ժաննա Սյուլլի (Jeanne Sully, 1905-1995), որը նույնպես դերասանուհի է դարձել։ Այս ամուսնական կապը 12 տարի է տևել, մինչև Մունե Սյուլլիի մահը։

Մահացել է Փարիզում, 1916 թվականի մարտի 1-ին։ Հանգչում է Մոնպառանասի գերեզմանատանը։

Հիշատակ

խմբագրել

Նրա անունով է կոչվում իր հայրենի քաղաք Բերժերակի փողոցներից մեկը

Նրա անունով ցուցանակ է փակցված Փարիզի Գեյ Լյուսակ փողոցի տան վրա, որտեղ նա մահացել է։

1996 թվականին ստեղծվել է «Մունե Սյուլլի և Պոլ Մունե ընկերներ» ասոցիացիա և 2011 թվականին ստեղծվել է «Մունե Սյուլլի և Պոլ Մունե» վեբ-կայք[15]։

Պիես - «Արցունքներ խմողը» (La Buveuse de larmes)

Բանաստեղծություններ - Ժիժես (Gygès) և «Դոն Ժուանի ծերությունը» (La Vieillesse de Don Juan)

Ֆիլմագրություն

խմբագրել

Մունե Սյուլլին, ինչպես նաև նրա եղբայրը՝ Պոլ Մունեն, դուստրը և կինը նկարահանվել են գեղարվեստական ֆիլմերում[16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 3,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. marriage certificate
  5. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  6. 6,0 6,1 «La Grange վավերագրական տվյալների շտեմարան». Comédie-Française կայքում. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  7. 7,0 7,1 «Comédie-Française - Histoire de la Comédie-Française - la Troupe». web.archive.org. 2008 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  8. 8,0 8,1 8,2 «МУНЕ-СЮЛЛИ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.
  9. 9,0 9,1 9,2 «L'enfant de Bergerac». archive.wikiwix.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Ա․ Արմենեան Մունէ Սիւլիի, «Գեղարվեստ» ամսագիր, թիվ 1, 1908 էջեր 33-39 (հայ.) հասանելի 2021-02-23
  11. 11,0 11,1 11,2 11,3 Schwartz-Gastine, Isabelle (2017 թ․ հունվարի 20). «Hamlet de Talma à Mounet-Sully : « une ressemblance immortelle »». Actes des congrès de la Société française Shakespeare (ֆրանսերեն) (35). doi:10.4000/shakespeare.3906. ISSN 2271-6424.
  12. Corneille, Pierre; Petit de Julleville, L. (Louis) (1906). Polyeucte, martyr; tragédie chrétienne. Publié conformément au texte de l'édition des grands écrivains de la France. Des notices, analyses et notes philologiques et littéraires par L. Petit de Julleville. Robarts - University of Toronto. Paris Hachette.
  13. 13,0 13,1 «Family tree of Jean MOUNET-SULLY». Geneanet (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  14. «Les Mounet». Mounet-Sully et Paul Mounet (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  15. «Mounet-Sully et Paul Mounet». Mounet-Sully et Paul Mounet (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  16. mounetsully (2011 թ․ հուլիսի 12). «Le Film d'Art, Pathé… et le théâtre filmé». Mounet-Sully et Paul Mounet (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Մունե-Սյուլլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 79