Երևանի գրչության կենտրոն

Երևանի գրչության կենտրոն, գրչության դպրոց, որ գոյություն է ունեցել Երևան քաղաքում դեռևս միջնադարից։

Կիսախորան, Երևան, 1625 թ., Մաշտոցյան Մատենադարան, ձեռագիր 507-14ա

Պատմություն խմբագրել

Երևանի պատմության միջնադարյան շրջափուլի ուսումնասիրման հավաստի սկզբնաղբյուրները վիմական ու մատենագրական վկայագրերն են։ Վանքերն ու եկեղեցիները հոգևոր կենտրոններ լինելուց բացի նաև գրչօջախներ էին, որոնց կից գործում էին նաև վանական դպրոցներ։ Սրանց հետ մեկտեղ, գրչության արվեստը զարգացում է ապրել նաև եկեղեցիներով ու վանքերով հարուստ քաղաքային բնակավայրերում, ինչպիսիք են Անին, Երզնկան, Սիսը, Վաղարշապատը, Աշտարակը, ներկայիս Գյումրին, նաև՝ Երևանը, որի բազմաթիվ եկեղեցիների հովանու ներքո տասնյակ ձեռագրեր են ընդօրինակվել։ Հայտնի է Երևանում գրված ավելի քան 60 ձեռագիր մատյան՝ թվագրված 13-րդ դարից մինչև 19-րդ դարավերջ։ Ժամանակագրորեն վաղագույն՝ 13-րդ դարի երկու ձեռագրերը Նորքից են, որի երբեմնի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հովանու ներքո Սարգիս քահանա գրիչը բոլորգրով ձեռագրեր է ընդօրինակել։ Դրանք ներկայումս պահվում են Մատենադարանի հավաքածուում և կրում են 522 և 5929 համարները։ Մաշտոցյան Մատենադարանի (ՄՄ) ձեռ. 522 Տոնապատճառի գրչության 1297 թվակիր հիշատակարանում Սարգիս գրիչը Նորքը բնորոշում է իբրև գյուղաքաղաք, որտեղ էլ կյանքի է կոչել ձեռագրի գրչությունը՝ վերջում ընթերցողներին աղերսելով հիշել իր ծնողներին[1]։

Բուն Երևան քաղաքում ընդօրինակված ձեռագրերից վաղագույնը Ս. Անանիա առաքյալի անապատում (ներկայիս Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի)՝ 1409-1410 թթ. գրված Քարոզգիրքն է (ՄՄ ձեռ. 6405), որի գրիչներից մեկն էլ պատմագիր Թովմա Մեծոփեցին է.

  Զնուաստ եւ զմեղուցեալ պիտակ անուն վարդապետս Թովմա, աղաչեմ յիշել ի Տէր, որ սակաւ ինչ աշխատեցայ եւ զպակասութիւն քարոզիս լցի ի հոգելից վարդապետաց բանից, որ էր թերի մնացեալ ի սուրբ հօրէն մերմէ»[2]  

։

Հատկանշական է, որ Երևանի հյուսիսային կողմի այգիներում ծվարած այդ նշանավոր անապատում նույն թվականին իր մի քանի աշակերտներին, այդ թվում՝ Թովմա Մեծոփեցուն վարդապետական գավազան է շնորհել րաբունապետ, Տաթևի դպրոցի ներկայացուցիչ Ս. Գրիգոր Տաթևացին։ Այդ մասին Թովմա Մեծոփեցու կենսագրականում պահպանվել է Կիրակոս Բանասերի վկայությունը[3]։ Միևնույն Ս. Անանիայի անապատում՝ 1450 թ. ընդօրինակված մեկ այլ ձեռագրի նկարագրություն է պահպանվել նաև Մուշ քաղաքի և շրջակայքի ձեռագրացուցակում (ձեռագիրը չի պահպանվել), որի տվյալների համաձայն՝ Հովհաննես գրիչը Գանձարան է ընդօրինակել Մարգար երեցի պատվերով, որի հիշատակարանում գրում է, որ այն ստեղծվել է Երևանում՝ Ս. Անանիայի «ամենազոր» նշխարների ներքո.

  ...աւարտեցաւ սա ի փոքրիկ անապատիս Երեւանայ, ընդ հովանեաւ ամենազօր ս. առաքելոց գերեզմանիս, ի խնդրոյ բարեմիտ եւ սրբասէր քահանային Մարգարայ երիցուն...[4]  
 
Ճակատազարդ, լուսանցազարդ, Երևան, 1625 թ., Մաշտոցյան Մատենադարան, ձեռագիր 1538-110ա

Երևանը որպես գրչության կենտրոն առավելապես աչքի է ընկել 17-րդ դարում՝ ի դեմս րաբունապետ, ապա կաթողիկոս Մովսես Տաթևացու (1629-1633)։ Վերջինիս անմնացորդ նվիրումի շնորհիվ է, որ Հայաստանի տարբեր բնակավայրերում, վանքերում ու եկեղեցիներում դպրության ու գրչության կենտրոններ են ստեղծվել, որոնցում ձեռագրերի ընդօրինակման գործը մեծ ծավալների է հասել։ Մովսես Տաթևացու ջանքերով է նաև, որ Երևանի Ս. Անանիայի անապատը վերազարթոնք է ապրել, տեղում հիմնվել է դպրոց ու միաբանություն, որտեղ էլ հայրապետի աշակերտների ձեռքով բազմաթիվ ձեռագրեր են ընդօրինակվել (մատենագրության մեջ Մովսես Տաթևացու գործունեությունը բազմիցս լուսաբանվել է, սակայն առաջինն ու մանրամասն դրան անդրադարձել են ժամանակագիր Գրիգոր Դարանաղցին (Կամախեցի, 1576-1643) ու պատմագիր Առաքել Դավրիժեցին (մոտ 1590-1670)[5]։ Այդ գրչագրերից շատերն այսօր պահվում են Մատենադարանի հավաքածուում (ՄՄ ձեռ. 507, 1538, 3502, 4058, 5243, 6322, 9147), որոնց հիշատակարաններն աղբյուրագիտական արժեք ներկայացնող վավերագրեր են։ Այդ ընդարձակ, երբեմն գեղարվեստական արտահայտչամիջոցներով հարուստ ստեղծագործությունների միջոցով կարելի է գաղափար կազմել միջնադարյան Երևանի պատմության, նրա քաղաքական ու սոցիալ-տնտեսական անցքերի շուրջ։ Ձեռագրերի գրչության և հետագայի հիշատակարանները հաղորդում են նաև քաղաքի եկեղեցիների անուններն ու նրանց պատմության հետ առնչվող տարաբնույթ մանրամասներ։ Այսպես, Երևան քաղաքում գրչարվեստի զարգացման հիմնական օջախներն էին՝ քաղաքի կենտրոնում գտնվող Կաթողիկե Սուրբ Աստվածածին, Երկուերեսնի (երկու երեցի՝ Պողոս-Պետրոսի) մականվամբ Սուրբ Պողոս-Պետրոս[6], Ս. Անանիա առաքյալ, երբեմնի Ձորագյուղի անապատի կազմում գտնվող Ս. Սարգիս, Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ, նաև արվարձանների՝ Նորքի, Ավանի, Քանաքեռի, Նորագավիթի եկեղեցիները։ Հիշատակարանային տվյալներից դատելով՝ ձեռագրերը հաճախ ընդօրինակվել են մի քանի եկեղեցիների հովանու ներքո. օրինակ՝ ՄՄ 8785 Ավետարանի գրիչ Ավետիս երեց Երևանցին նշում է, որ գրչագիրն ավարտել է 1693 թ., Արարատյան երկրի Երևան քաղաքում.

  ....ընդ հովանեաւ Սուրբ Կաթուղիկէին եւ Սուրբ Սարգիս Զօրավարին եւ Սուրբ Երկու երեսուն եւ Սուրբ Յակոբին եւ այլ սրբոցն...[7]  

Այդտեղ հիշատակված են Երևանի եկեղեցիները՝ Կաթողիկե Սուրբ Աստվածածինն ու Երկուերեսնի Սուրբ Պողոս-Պետրոսը, Ձորագյուղի անապատի Սուրբ Սարգիսն ու նույն անապատի ներկայումս չպահպանված Ս. Հակոբը։

Գրիչներ խմբագրել

Գրիչները հիմնականում եղել են հոգևորականներ, ովքեր զբաղվել են նաև մանրանկարչությամբ։ Ճիշտ է, Երևանում ընդօրինակված ձեռագրերի նկարազարդումները չեն առանձնանում կատարողական վարպետությամբ, այդուհանդերձ կարևոր են ժամանակաշրջանին հատուկ արվեստի ինքնուրույն, պարզ ստեղծագործության առանձնահատկությունների ուսումնասիրության առումով։ Երևանցի գրիչները մեծ համբավ են վայելել միջնադարի տարբեր ժամանակաշրջաններում, օրինակ՝ 14-րդ դարի առաջին կեսի նշանավոր գրիչ էր Տերտեր Երևանցին, ով չնայած գրչարվեստով է զբաղվել հիմնականում Ղրիմում (Կաֆա), բայց և այնպես մշտապես աչքի է ընկել իր Երևանցի մականվամբ և թողած չափածո ինքնատիպ հիշատակարաններով (ՄՄ ձեռ. 1654, 6029, 8030, 8281), որոնցում Երևանը բնորոշում է իբրև մեծ ու պատվական քաղաք՝ հարևան Խոր Վիրապին ու Էջմիածնին.

...յԵրկրէն եկի այն Հայաստան,
Ի քաղաքէն այն պատուական,
Որ իր անունն է Երեւան,
Ու Վիրապին ու Էջմիածնին է հարեւան,
Ի լեռն ի մաւտ Սարարադեան,
Անդր, որ տապանն է մեծ Նոյան...[8]

 
Ճակատազարդ, լուսանցազարդ, Երևան, 1658-1663 թթ., Մաշտոցյան Մատենադարան, ձեռագիր 3502-354ա

Հատկանշելի է Ավետիս երեցի վաստակը, ով գործելով 17-րդ դարի երկրորդ կեսին, կարողացել է ընդօրինակել մեծ թվով ձեռագրեր, որոնցից շատերը մեզ են հասել։ Նա համարվում է նաև պատմագիր Առաքել Դավրիժեցու վստահությունը վայելած գրիչներից մեկը, որի ընդօրինակությամբ մեզ է հասել Պատմության երկու օրինակը։ Վաղագույնը Երևանի Կաթողիկե եկեղեցում 1665 թ. ընդօրինակված Պատմագիրքն է, որի գրչության հիշատակարանում Ավետիս գրիչը հաղորդում է հետևյալը.

  ...գրեալ եղեւ գիրքս, որ կոչի Պատմագիրք, ի մեծ թվականին Հայոց, ՌՃԺԴ. (1665), ի մայրաքաղաքս Երեւան, ի դուռն սուրբ եկեղեցոյս, որ անուանի Կաթուղիկէ, հոգաբարձութեամբ ծախիւք եւ արդեամբք Առաքել վարդապետի, որ է նոյն ինքն այս պատմագրքիս շինօղն եւ արարօղն...[9]  

Մատենադարաններ խմբագրել

Նկատենք նաև, որ գրչության կենտրոններ լինելուց բացի, Երևանի եկեղեցիները որոշ իմաստով նաև մատենադարանի դեր են կատարել և ունեցել են սեփական գրապահոցները։ Պատահական չէ, որ Սուրբ Էջմիածնի գրատան համալրման ընթացքում՝ 1923 թ. Երևանի եկեղեցիներից հավաքվել ու հանձնվել է 78 ձեռագիր, որոնցից 25-ը՝ Կաթողիկե եկեղեցուց, 20-ը՝ Սուրբ Պողոս-Պետրոսից, 7-ը՝ Սուրբ Սարգիսից, 21-ը՝ Սուրբ Հովհաննեսից, 2-ը՝ Զորավոր Սուրբ Աստվածածնից, 3-ը՝ Նորքի եկեղեցիներից[10]։ Հավաքված ձեռագրերից 38-ն ավետարաններ են, մնացածները՝ ժամագրքեր, շարակնոցներ, մաշտոցներ, հայսմավուրքներ, խորհրդատետրեր և այլն։

Երևանի եկեղեցիներից հավաքված ձեռագրերն ընդգրկված են եղել Սուրբ Էջմիածնի գրատան 1922-1925 թթ. ստացված ձեռագրերի հավաքածուում[11]։ Մատենադարանի ձեռագրական հավաքածուների ստեղծման հետագա տարիների տվյալները վկայում են, որ բացի նշված 78 ձեռագրերից Երևանի եկեղեցիներից Մատենադարան են մուծվել նաև այլ ձեռագրեր՝ Սուրբ Պողոս-Պետրոսից՝ 1 (ՄՄ ձեռ. 7781), Զորավոր Սուրբ Աստվածածնից՝ 2 (ՄՄ ձեռ. 4622, 4644), Սուրբ Հովհաննեսից՝ 2 (ՄՄ ձեռ. 7618, 7953), Սարդարի բերդի պարսպից՝ 1 (ՄՄ ձեռ. 8731), ևս 1-ը Երևանի անհայտ եկեղեցուց (ՄՄ ձեռ. 7236)։

Ի վերջո, 1939 թ. Սուրբ Էջմիածնի գրատուն-մատենադարանը տեղափոխվել է Երևան, սկզբնական շրջանում տեղակայվել Հանրային գրադարանում, իսկ 1959 թվականից հաստատվել ձեռագրերի պահպանության նպատակով կառուցված Մատենադարանի շենքում (2011-ից՝ նույն Մատենադարանի նորակառույց շենքում)։ Այստեղ է, որ հավաքված հազարավոր ձեռագիր մատյանների կողքին իրենց վերջին հանգրվանն են գտել նաև Երևանում գրված և տեղի եկեղեցիներում պահված շուրջ 150 գրչագրերը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի, հ. Բ., կազմեցին՝ Օ. Եգանեան, Ա. Զէյթունեան, Փ. Անթաբեան, Ա. Քեօշկերեան, Երևան, 2004, սիւն 1126, տե՛ս նաև Հայերեն ձեռագրերի ԺԳ. դարի հիշատակարաններ, կազմեց՝ Ա. Մաթևոսյան, Երևան, 1984, էջ 795։
  2. (Հայերեն ձեռագրերի ԺԳ. դարի հիշատակարաններ, էջ 106, 104/բ)։
  3. Թովմա Մեծոփեցի, Պատմագրություն, աշխատասիրությամբ՝ Լ. Խաչիկյանի, Երևան, 1999, էջ 287-288։
  4. Ցուցակ ձեռագրաց Մշոյ Ս. Առաքելոց-Թանգմանչաց վանքի եւ շրջակայից, [կազմեցին]՝ Սահակ Մուրատեան, Նազարէթ Մարտիրոսեան, հ. Բ., Երուսաղէմ, 1967, էջ 113։
  5. Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի Կամախեցւոյ կամ Դարանաղցւոյ, հրատարակեց՝ Մեսրոպ վարդապետ Նշանեան, Երուսաղէմ, 1915, էջ 291-292, Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրությամբ՝ Լ. Ա. Խանլարյանի, Երևան, 1990, էջ 245-246։
  6. Այս երկու եկեղեցիների նույնացման համոզիչ մեկնաբանությունը տե՛ս Ռ. Հարությունյան, «Հին Երևանի ճարտարապետական առեղծվածների պարզաբանումը», Երևան, 2007, էջ 38։
  7. ՄՄ ձեռ. 8785, 262ա, տես նաև՝ Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը 1500-1800 թթ., Երևան, 1971, էջ 395։
  8. Հայերեն ձեռագրերի ԺԴ. դարի հիշատակարաններ, կազմեց՝ Լ. Խաչիկյան, Երևան, 1950, էջ 329։
  9. Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, կազմեց՝ Հ. Յակովբոս վ. Տաշեան, Վիեննա, 1895, էջ 433, Ձեռագիրը ներկայումս գտնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանում (ձեռ. 137 [83]) և նկարագրված է նույն մատենադարանի հավաքածուի համապատասխան ձեռագրացուցակում։
  10. Երվանդ Շահազիզ, Հին Երևանը (1931 թ. հրատարակության լրամշակված վերահրատարակություն), Երևան, 2003, 226, տե՛ս նաև Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը 1500-1800 թթ., էջ 382, Ա. Մաթևոսյան, Երևանի գրչության կենտրոնները, «Երևանի հոբելյանը» քաղաքի 2750-ամյակի հոբելյանական տարեգրություն, հեղինակ-կազմող՝ Ա. Վ. Խաչիկյան, Երևան, 1972, էջ 116։
  11. Օ. Եգանյան, Մատենադարանի ձեռագրական հավաքածուները - տե՛ս Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Ա., կազմեցին՝ Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, Երևան, 1965, սյուն 120։ Նշված 78 ձեռագրերի ցանկն ըստ արդի համարների տե՛ս նույն տեղում, սյուն 122-123, ցանկ Է։