Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Երևան)

Երևանի Սուրբ Անանիա Առաքյալ անապատ (Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի), կրոնական կառույց հին Երևանի Շահար թաղամասի հյուսիսային կողմի այգեստանում։ Պարփակված է Պուշկին և Թումանյան փողոցներում` բազմահարկ բնակելի շենքերի միջև։ 17-րդ դարում եկեղեցին գտնվում էր հին Երևանի սահմաններից դուրս` հյուսիսային կողմի այգիների տարածքում։ Սուրբ Զորավոր եկեղեցին 17-րդ դարի վերջին կառուցված տիպիկ հուշարձան է, որպիսիք էին Երևանի մեծ երկրաշարժից (1679 թ.) հետո 1690-ական թվականներին վերակառուցված Կաթողիկե Սուրբ Աստվածածին, Սուրբ Պողոս-Պետրոս և մյուս եկեղեցիները։

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Անանիայի մատուռն ու Զորավոր եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Երևան, Կենտրոն համայնք
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1693
Ներկա վիճակԿանգուն
Մասն էԵկեղեցական համալիր Զորավոր Սբ. Աստվածածին
Կազմված էԽաչքար Էլիազի, Խաչքար Մովսեսի, Խաչքար Խոջա Փանոսի, Խաչքար Հովհաննեսի և Խաչքար Հուրիխանի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Կառուցման ավարտ1694 թ
Հիմնադրված1693
Քարտեզ
Քարտեզ
 Surb Zoravor Astvatsatsin Church Վիքիպահեստում
surbzoravor.am

Պատմություն խմբագրել

9-10-րդ դարերում այս տարածքում, Սուրբ Անանիա առաքյալի նշխարների վրա կառուցվել է մի մատուռ, որը ժամանակին ուխտատեղի է եղել։ Մարդիկ տարբեր վայրերից եկել են այստեղ հույսով, որ սրբի հրաշագործ մասունքները օժտված են բուժելու կարողությամբ։ Դրա մասին կա հիշատակում Առաքել Դավրիժեցու մոտ.

  Կայր ի վաղեմի ժամանականաց վայելուչ մատուռ մի շինեալ ի վերայ դամբարանի սրբոյ առաքելոյն Անանիայի, որ եր ի հիւսիսային կողմանէ քաղաքին Երևանայ ի մեջ այգեստանացն, և եր աւիրակ և անմարդաբնակ, որոյ վասն ասաց խանն առ վարդապետն Մովսէս Սիւնիցի …[2]։  

Դպրոցն ու անապատը խմբագրել

16-18-րդ դարերում Երևանում գործող եկեղեցիները համարվում էին մշակութային օջախներ, որոնցում գործում էին դպրոցներ։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Մովսես Սյունեցու (Տաթևացու) հիմնադրած Սբ Անանիա անապատի դպրոցը։ Մովսես Սյունեցին 1608թ. Սյունիքում` Կիրակոս Պոնտացու և Սարգիս եպիսկոպոսի հետ միասին հիմնում են նշանավոր Սյունյաց մեծ կամ Հարանց անապատը, որը միջնադարյան ամենախոշոր կրթական օջախն էր։ 1620թ. Մովսես Սյունեցին թողնում է Հարանց անապատը և մեկնում Էջմիածին։ Այնուհետև, խուսափելով Մելիքսեթ կաթողիկոսի հալածանքներից, Էջմիածնից տեղափոխվում է Երևան, ծանոթանում է այն ժամանակ «Երևանի իշխան» Ամիրգունա խանի հետ, և վերջինիս բարյացակամությունը շահելով, առաջարկ է ստանում մնալ Երևանում, վանք հիմնել Սուրբ Անանիա առաքյալի մատուռի շրջապատում և քարոզել բնակչությանը։ Մովսես Սյունեցի վարդապետը համաձայնում է։ Նոր Ջուղայի առևտրականների նյութական օժանդակությամբ և քաղաքի բնակիչների օգնությամբ կառուցվում են վանքը, ժամատունը, միաբանների խցերն ու առաջնորդարանը։ Այս մասին վկայում է Սիմեոն Երևանցի կաթողիկոսը «Ջամբռ» պատմագրության մեջ.

  «…Սա (Մովսես կաթողիկոս) շինեաց և զեկեղեցին Անանիա առաքելոյն, որ յԵրևան և արար վանք միաբանակեցաց»[3][4]։  

Մովսես վարդապետը պարսպապատում է վանական համալիրը, հավաքում է միայնակյաց վանականների միաբանություն ու 1620 թ. հիմնում վանական դպրոց` Սբ Անանիա մեծ անապատը, ուր ճգնելու և ուսում ստանալու էին գալիս երկրի տարբեր կողմերից։ Այստեղ են սովորել Փիլիպպոս, Սիմեոն Երևանցի կաթողիկոսները, Թովմա Մեծոփեցին, Ոսկան Երևանցին և այլք։ 16-18-րդ դարերում այստեղ գրվել, ընդօրինակվել են մշակութային ու գիտական արժեք ներկայացնող բազմաթիվ գրքեր ու մատյաններ։ 17-18-րդ դարերում Անապատում են ստեղծագործել միջնադարյան նկարչության մեծ վարպետ Նաղաշ Հովնաթանն ու նրա որդիները։ Նաղաշ Հովնաթանի ձեռքով է արված Սբ Զորավոր եկեղեցու մուտքի բարավորի որմնանկարը[5][6]։

Ըստ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու, 17-րդ դարի առաջին քառորդում Մովսես վարդապետը (ապագա Մովսես Գ Տաթևացի կաթողիկոս) Երևանի Ամիրգունա խանի հորդորով և քաղաքի բնակիչների ու վաճառականների միջոցներով ս. Անանիայի գերեզմանի վրայի մատուռի շուրջը հիմնել է անապատ և կառուցել պարիսպներով շրջապատված համալիր՝ բաղկացած ժամատնից, առաջնորդարանից, խցերից (բոլորն էլ՝ փայտածածկ)։ Այստեղ կազմավորված միաբանությունում ղեկավարվել են Սյունյաց Մեծ անապատի կանոնադրությամբ։

Այստեղ Մովսես վարդապետը հիմնել է նաև դպրոց։ Անապատի և դպրոցի համբավը, ըստ Առաքել Դավրիժեցու, տարածվել է մինչև Հունաստան, Թուրքիա, Վրաստան, Պարսկաստան։ 1635–1636 թվականներին՝ թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, ավերվել են անապատի բոլոր շինությունները, բացի մատուռից։ Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը 1637 թվականին քարով վերակառուցել է անապատի բոլոր շենքերը՝ հավելելով նաև սեղանատուն։ 1679 թվականի հունիսի 4-ի երկրաշարժից անապատն ամբողջովին ավերվել է։

Վանքի վերակառուցումը խմբագրել

Մովսես Սյունեցու կառուցած շենքերը, բացի Սուրբ Անանիա մատուռից, փայտաշեն էին, ուստի երկար կյանք չունեցան։ 1635-1636 թթ թուրք-պարսկական կռիվների ժամանակ ավերվել են եկեղեցու կառույցները։ Այս մասին հիշատակում է Առաքել Դավրիժեցին.

  «…իսկ Երևանայ անապատն` զորմէ ասացաք դամբարան գոլ Անանիայի առաքելոց, որ ինչ և շինուածք գոյր անդ բովանդակ փայտակերտ էր, զատ ի մատուռէն, և սոքա ամենեքեան քանդեալ ավիրեցան ի գալ վիրոյասացեալ թագաւորացն /Սուլթան Մուրադ և Շահսեփի/, որ և զայն և զբովանդակն ամենայն վիրստին շինեաց, ոչ թե փայտիւ` այլ քարիւ և …գմբեթեայ` զժամատունն, զսիղանատունն, զխցերն և զայլ ևս շինուածս ամենայն…»/[7]։  

Փիլիպպոս կաթողիկոսը (1632-1655 թթ) վերակառուցում է վանքը, որը կրկին ավերվում է 1679թ. մեծ երկրաշարժից։ Նահապետ Ուռհայեցի կաթողիկոսի օրոք (1691-1705 թթ), Խոջա Փանոսի միջոցներով 1691-1993 թթ կառուցվում է քարաշեն Սբ Աստվածածին եկեղեցին` այժմյան տեսքով, որը կանգուն է մինչև օրս։ Այս եկեղեցու հիմքերը կապված չեն Սուրբ Անանիա առաքյալի մատուռի հետ. 1889 թ. վերանորոգման ժամանակ դամբարանի մուտքը եկեղեցու միջից փակվել է, իսկ նրա վրա կառուցվել է փոքր, գմբեթարդ շինություն։ Կառուցվել են նաև սյունազարդ ժամատուն, երկու ավանդատներ և զանգակատուն։ Միևնույն ժամանակ եկեղեցու պատերին դուռ և պատուհաններ են բացվել, որոնք անհարիր են կառույցի ոճին[8]։

1693 թվականին Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսը մինչև հիմքերը քանդել է անապատի մատուռը և նույն տեղում սրբատաշ տուֆով կառուցել մեկ զույգ խաչաձև մույթերով եռանավ բազիլիկի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին և նրա արևմտյան ճակատին կից՝ եռակամար բաց սրահ, որի կենտրոնում բարձրանում է զանգակատան վեցասյուն ռոտոնդան։ Եկեղեցու ներսում, հյուսիսարևմտյան մույթի կողքից, սրահի հյուսիսային կողմում մուտք է բացվել դեպի Սուրբ Անանիայի թաղածածկ, ստորգետնյա ոչ մեծ դամբարանը։

1731 թվականին Ավետիք վարդապետը պատրաստել է տվել եկեղեցու խաչկալը։

1793 թվականին Գաբրիել հարյուրապետը նորոգել է եկեղեցու տանիքը։

1835 թվականին Սուրբ Անանիա Առաքյալ անապատը դադարել է մենաստան լինելուց, և նրա եկեղեցին դարձել է շուրջը բնակություն հաստատած մարաղացի գաղթականների համար ծխական եկեղեցի։

Սուրբ Անանիա վանքում վանական կյանքը տևել է մինչև 1835 թ., երբ եկեղեցին դադարել է մենաստան լինելուց։ Ռուսների կողմից քաղաքը գրավելուց հետո Էջմիածնի կաթողիկոսը և միաբանները Երևանում քիչ էին լինում, ուստի համալիրը վերածվում է ծխական եկեղեցու` Մարաղայից վերագաղթած և Սուրբ Զորավորի շուրջը բնակություն հաստատած հայ գաղթականների համար։ 1873 թ. երևանցի մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների միջոցներով Սուրբ Անանիայի գերեզմանի վրա կառուցվել է քառակուսի հատակագծով, երկհարկ, ութասյուն գմբեթով մատուռ, որի ներքին հարկում սրբի դամբարանն է։ Մատուռի համար արևմուտքից նոր մուտք է բացվել։ 1889 թ. պատգամավոր Մ. Սարգսյանի միջոցներով նորոգվել է եկեղեցին (ըստ հարավային մուտքի ճակատի արձանագրության) հարավային կողմից նոր դուռ և ճակատներում ուղղանկյուն լուսամուտներ են բացվել, ներսում, արևմտյան կողմում՝ վերնասրահ շինվել։

1939 թ. Երևանի նախկին Զորավար եկեղեցու շենքը Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից հաշվի է առնվում որպես ճարտարապետական-հնագիտական հուշարձան։ Եկեղեցին` կրոնական համայնք չունենալու պատճառով 1938 թ. մայիսից դադարում է գործել` քահանա Խորեն Շուշանյանը հրաժարվում է իր պաշտոնից։ Եկեղեցու գույքը և շենքը անխնամ չմնալու համար ՊՀՊ կոմիտեն դիմում է ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահությանը` Զորավոր եկեղեցին հանձնելու իր իրավասությանը[9]։

1974–1978 թվականներին ֆրանսահայ բարերար Սարգիս Պետոյանի նվիրատվությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է, հատակը՝ մարմարապատվել, Ավագ խորանում սեղան է տեղադրվել, շինվել է հյուսիսային որմում մկրտարանի ավազանը, նորոգվել է Սուրբ Անանիայի մատուռ-դամբարանի գմբեթը, շրջապատը՝ բարեկարգվել։

Ներկայումս Երևանի Սուրբ Անանիա Առաքյալ անապատը քաղաքի Կենտրոն համայնքի գործող եկեղեցիներից է։

«Զորավոր» ավետարան խմբագրել

Այնտեղ պահվող, հրաշագործ համարվող և «Զորավոր» կոչվող Ավետարանի անունով եկեղեցին սկսել է կոչվել Զորավոր Սուրբ Աստվածածին։

Ըստ ավանդության, իբրև թե այդ մատյանը Սևանա կղզու վանքից գողացված արժեքները տեղափոխելիս ընկել է լիճը, Հրազդան գետով հասել է Երևանի մոտ ու հայտնվել մի աստվածապաշտ կնոջ մոտ։ Վերջինս էլ սուրբ գիրքը հանձնել է Անանիա վանքին։ Այտեղ ավետարանը պահվել է մինչև 19-րդ դարի վերջը, նրան վերագրվել է բուժելու զորություն։

Պատկերասրահ խմբագրել

Եկեղեցին նախկինում խմբագրել

Ներկայիս տեսքը խմբագրել

Ներքին հարդարանքը խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ, Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 1063, ց. 1/
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆ 1063, ց. 1
  4. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 1063, ց. 1, գ. 1294
  5. Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, Երևան 2003
  6. Հայաստանի ազգային արխիվ ֆ. 1063, ֆ. 48, ց. 1
  7. Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ, Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 1063, ց. 1, գ. 1288, թ. 318
  8. Քրիստոնյա Հայաստան,Հանրագիտարան, Երևան 2002
  9. Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը 1500-1800, Երևան 1971

Արտաքին հղումներ խմբագրել