Պարկապզուկ
Պարկապզուկ, ժողովրդական փողային լեզվակավոր նվագարան։ Շատ նվագարաններ, ստեղծված լինելով որևէ երկրում, չեն մնում տվյալ երկրի ժողովրդի սեփականությունը։ Ժողովուրդները շփվելով միմյանց հետ, մեկը մյուսին են փոխանցում մշակութային տարբեր արժեքներ, այդ թվում՝ նաև նվագարանները, և նրանցից ամեն մեկն իր հերթին նպաստում է այդ նվագարանի զարգացմանն ու կատարելագործմանը։ Այդպիսի նվագարան է նաև պարկապզուկը, որը տարբեր ժողովուրդների մոտ ունի փողերի տարբեր քանակ, տարբեր հնչողություն, հնչյունաշար և հնչյունածավալ։ Տարբեր են նաև անվանումները։ Հայերենում այս նվագարանն ունի մի քանի անվանում՝ պարկապզուկ, պկու, պարկապկու, տիկ, տկճոր։
Պարկապզուկ | |
---|---|
Որակավորում | փողային երաժշտական գործիքներ և bagpipes? |
Պարկապզուկի ծագման հայկական ավանդույթը
խմբագրելԱռաջին անգամ պարկապզուկի պատկեր է գտնվել Արևմտյան Հայաստանի Այնթափ քաղաքի մոտ գտնվող պալատի պատի քադակում մ.թ.ա.1300 տարի առաջ։ Նվագարանի ծագման, պատրաստող վարպետների և նվագողների մասին մեզ հասած տեղեկությունները շատ կցկտուր են։ 18-րդ դարի արևելյան երաժշտության տեսաբան, հայտնի երաժիշտ արևմտահայ Արութին Թամպուրին իր ձեռագիր աշխատություններից մեկում գրում է. «Մի քաղաքում, որտեղ Հութ անունով մի իմաստուն էր ապրում, կարճահասակ մի մարդ կար. թևի մեկը մյուսից կարճ էր, ոտքերը կասես ազդրերին էին կպած, իսկ գլուխը՝ մարմնին։ Մի խոսքով՝ ծաղրածուի մեկը։ Ըստ ավանդության՝ Հութ իմաստունը պարկապզուկի՝ տիկի ձևն այս մարդուց է ընդօրինակել և ներդաշնակել ըստ յոթ հիմնական ձայներին համապատասխանող խողովակի չափերի»։ Այս փաստը շատ հետաքրքիր է, բայց ո՞վ է եղել Հութ իմաստունը և ե՞րբ է ապրել՝ հայտնի չէ։
Պարկապզուկի հիշատակություններ հայկական միջնադարյան ձեռագրերում
խմբագրելԵրևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում է միջնադարյան հայ հեղինակների ինքնուրույն և թարգմանական գործեր, որոնք տեղեկություններ են հաղորդում ոչ միայն նվագարանների ծագման ու կատարելագործման մասին, այլև փաստեր ներկայացնում դրանց դերի ու նշանակության մասին հայկական երաժշտատեսական մտքի ձևավորման ու զարգացման ոլորտում։ Ժողովրդական նվագարանների գոյության մասին վկայություններ են պարունակում հայ միջնադարյան գրքային կամ ձեռագրական մանրանկարները, որոնցում տեղ են գտել սիրված և տարածված պարկապզուկի պատկերները, նվագողների կերպարներ։ 17-րդ դարի մի ձեռագրում պահպանվել է պարկապզուկ նվագող կնոջ պատկեր։ Այդ նկարը հաստատում է, որ միջնադարում եղել են նաև կին նվագածուներ։ Պարկապզուկ նվագող հայ երաժիշտի է պատկերել նաև 19-րդ դարի ամերիկացի օրիենտալիստ նկարիչ Հենրի Ջոն վան Լեննեփը։ Օրիենտալիստ նկարիչները Արևմուտքի, այսինքն՝ եվրոպացի և ամերիկացի այն նկարիչներն էին, որոնք իրենց ժողովուրդներին ներկայացնում էին Արևելքի ժողովուրդների կենցաղը և մշակույթը։ Նրանց ուշադրության կենտրոնում էր հատկապես Օսմանյան կայսրությունը՝ իր բազմազան ժողովուրդներով։ Պարկապզուկը հնագույն ժամանակներից հայոց կենցաղի անբաժանելի մասն է եղել։ Այդ մասին վկայություններ կան Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Սեբեոսի, Գրիգոր Նարեկացու և երաժիշտ-բանաստեղծների ձեռագրերում։ Պարկապզուկը դեռ վաղ ֆեոդալական ժամանակներից եղել է շրջիկ երաժիշտների մենաշնորհը։ Նրանք անցնելով գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, իրենց նվագով ու խաղով հաճախ հանդես էին գալիս ծաղրածուի, խեղկատակի դերում՝ զվարթ մթնոլորտ ստեղծելով լարախաղացների հետ ու բարձր տրամադրություն հաղորդելով հավաքված ժողովրդին։ Պարկապզուկ նվագողները սպասված ու ցանկալի մասնակիցն են եղել ժողովրդական տարբեր տոնախմբությունների, ծիսական արարողությունների՝ հարսանիք, Զատիկ, Տյառնընդառաջ, Բարեկենդան և այլն։ Հետաքրքիր է նաև, որ Հայաստանի տարբեր շրջաններում հանդիպում են տապանաքարեր, որոնց վրա քանդակված են պարկապզուկ և այլ նվագարաններ նվագող երաժիշտներ, պարող մարդիկ։ Դրանք հավանաբար հենց երաժիշտների կամ նվագարան պատրաստող վարպետների գերեզմաններ են, կամ մարդկանց, որոնք ինչ-որ կերպ առնչություն են ունեցել երգ-երաժշտության հետ։ Շատ հաճախ էլ գործիքը պատրաստող վարպետը հենց ինքն էլ նվագում էր այն։ Երաժշտագետ-տեսաբան Արամ Քոչարյանը հաղորդում է, որ գործիքագիտության ասպարեզում հետաքրքիր հայտնություն է երգեհոնի նախատիպը՝ պարկապզուկը՝ բազմափող սրինգով։ Այն պատկերված է նախկին Դարալգյազի՝ Կարախվանք գյուղի 13-րդ դարի տապանաքարերից մեկի վրա։ Այստեղ փորագրված է կենդանուց հանած մի տիկ, որի առջևի ձախ ոտքը վերածվել է փչանցքի, որտեղ հավանորեն հագցված է եղել կրկնալեզվակը (մունդշտուկ)։ Հարթաքանդակում պարկապզուկի ձայնանցքավոր հնչյունափողերին փոխարինում է ինը փողանի երգեհոնը։ Ի դեպ, պատմական խոշոր նշանակություն ունի այն փաստը, որ վաղ միջնադարյան Հայաստանում գործածվել է երգեհոնը։ 15-րդ դարի հայ մատենագիր Առաքել Սյունեցին այսպես է նկարագրում պարկապզուկը. «Իսկ փչմամբ և տկզարք, որն զտիկն փչէ և զանազան ձայն հանէ, սոյնպէս և երգեհոնն» (թարգմանաբար՝ Փչելով է նվագում տկզարը (տիկ նվագող երաժիշտը), որը փչելով՝ օդ մղելով տիկի մեջ՝ զանազան ձայներ է հանում երգեհոնի նման)։ Այսպիսով, կարևոր նախադրյալներ կան ենթադրելու, որ տապանաքարին պատկերված օրինակը եզակի չէ։ Ամենայն հավանականությամբ նրա պատրաստման սկզբունքը տարածված է եղել Հայաստանի տարբեր գավառներում։ Կոմիտասը պարկապզուկը համարում է զուտ ժողովրդական համամարդկային նվագարան։
Հայկական պարկապզուկի կառուցվածքը
խմբագրելՊարկապզուկը կազմված է այծի, հորթի կամ ոչխարի կաշվից պատրաստված պարկից, որը ժողովուրդն անվանում է տիկ, օդ մղելու փողակից և եղեգնյա պարզ կամ կրկնակի լեզվակավոր մի քանի նվագափողերից (Հայաստանում կոչվում է պկու կամ պզուկ, գործածվում Է նաև առանց օդամուղ պարկի, փչում են բերանով), որոնցից մեկը կամ երկուսը ձայնանցքերով են ու ծառայում են մայր եղանակը կատարելու, մեկ-երկուսը (կամ ավելին)՝ առանց ձայնանցքերի, բասային են՝ դամը պահելու համար և նվագակցում են բուն մեղեդուն։ Տիկը ծառայում է որպես օդի շտեմարան։ Հանած տիկի ետևի ոտքերի տեղում առաջացած անցքերը կապում են, վզի մասը՝ խցանում, իսկ առջևի ոտքերի տեղում ամրացնում են զույգ փողերը, որոնցից մեկով տիկը հնչեցնելու համար օդ են մղում և կուտակում, իսկ մյուսով՝ նվագում։ Փողերը պատրաստում են եղեգնից կամ ծիրանենու, տանձենու, խնձորենու փայտից։ Պարկապզուկը տեխնիկապես հարուստ նվագարան է և հնարավորություն է տալիս կատարելու թե՛ բարդ ստեղծագործություններ, թե՛ պարզ պարեղանակներ։ Հայաստանում տարածված է զույգ ձայնափողով, յուրաքանչյուրը՝ հնգական ձայնանցքով պարկապզուկները։ Հայկական պարկապզուկի վերակառուցումը Երևանում, 1970-ական թվականներին կատարել է դիրիժոր, երգահան, «Տկզարի» գեղարվեստական ղեկավար Կառլեն Միրզոյանը[1]։
Պարկապզուկի կիրառումը հայկական համույթներում
խմբագրել1982 թվականին ստեղծվեց Հայաստանի հնագույն փողային նվագարանների «Տկզար» անսամբլը, որի հիմքում հայկական հնագույն շնչական, այսինքն՝ փողային նվագարաններն են։ Անսամբլի հիմնադիրն է ժողովրդական երաժշտության և նվագարանների գիտակ, դիրիժոր Կառլեն Միրզոյանը, որը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ստանալով դիրիժորի եւ խմբավարի մասնագիտություն, ուսանել է նաև Տաշքենդի կոնսերվատորիայում՝ ժողովրդական նվագարանների գիտական բաժնում, ապա զբաղվել է ֆոլկլորիկ նվագարանների գիտական աշխատանքով։ «Տկզար» համույթի ստեղծման շարժառիթն էր՝ մոռացումից վեր հանել մի շարք նվագարաններ, ընդլայնել դրանց հնչյունածավալը, կառուցել դրանց տարատեսակները, փնջել մի գունագեղ համույթ։ Իր իղձը իրագործելիս՝ մաեստրո Միրզոյանն առաջնորդվել է Կոմիտասի տեսլականով։ Սա եզակի նմուշների նվագախումբ է, քանի որ հեթանոսական շրջանից մինչ այսօր մեր ունեցած շնչական երաժշտական նվագարանի նմուշներն ընդգրկվել են «Տկզար» անսամբլի մեջ։ Անսամբլի կազմում ընդգրկված են բլուլներ, սրինգներ, համշենական զուռնա, դուդուկներ, սանթուրներ, նաղարաների տարատեսակներ, պիկկոլո (փոքր) զուռնայից, պարկապզուկ և պկուների քառյակ։ Այս անսամբլը ելույթներ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Սիրիայում, Իրանում, Միացյալ Նահանգներում և այլուր՝ հայ և օտար հանդիսականներին ներկայացնելով կոմիտասյան գրառումներից հայտնի մեղեդիներ՝ «Կուժն առա», «Գնա, գնա», «Սարերի վրով գնաց», «Երի, երի ջան», «Խումար պառկե», «Արևը կայնե կեսօր» և այլն։ Պարկապզուկ է գործածվում նաև «Նորայր Քարտաշյան և Վան նախագծում» (նվագում է Նորայր Քարտաշյանը)։ Համաշխարհային տարածում ունեցող պարկապզուկը Հայաստանում այսօր բավականին հազվագյուտ գործիք է։ Ի տարբերություն մյուս փողային նվագարանների, պարկապզուկ նվագելու մասնագիտացված դպրոց որպես այդպիսին չի եղել, հիմնականում այն նվագել են զուռնաչիները։ Այդուհանդերձ գյուղերում դեռ կարելի է գտնել տկզարներ՝ տիկ-պարկապզուկ զարկող-նվագողներ։
Շոտլանդական և Իռլանդական պարկապզուկ
խմբագրելՊարկապզուկի ծագման մասին գերմանացի երաժշտագետ, արվեստաբան Կուրտ Սաքսը գրում է. «Դարեր առաջ հասարակական ստորին շերտերից ելած շրջիկ երաժիշտները պետք է կարողանային երգել և նվագակցել որևէ փողային գործիքով։ Աշխարհում օգտագործվում է 8 տեսակ պարկապզուկ, Մեծ Հայքում, Հռոմում, Հունաստանում, Լիտվա, Լեհաստան, Բուլղարիա, Շոտլանդիա, Իռլանդիա, Բրետոնիայում (Ֆրանսիայի հյուսիս), Իսպանիայի հյուսիսում, Պորտուգալիա, Էստոնիա, Չեխիա, Սլովակիա, Ռուսաստան (Չուվաշական, Մարիական, Մորդովական, Ալանական), Ղազախստան, Ուկրաինա, Բելոռուսիա։ Անհրաժեշտություն առաջացավ ստեղծել մի այնպիսի փողային գործիք, որ նվագողի բերանն ազատ լիներ»։ Շոտլանդական, իսպանական, իռլանդական պարկապզուկները տարբերվում են հայկական պարկապզուկից իրենց հնչերանգով։ Չնայած շոտլանդացիները և նրանց հետ էլ շատերը համոզված են, որ պարկապզուկը զուտ շոտլանդական ազգային նվագարան է, սակայն պատմությունը փաստում է այլ բանի մասին։ Առաջին հերթին պարկապզուկը, ինչպես և շատ նվագարաններ, Եվրոպա է թափանցել Ասիայից։ Պարկապզուկի առաջին օրինակը հայտնաբերվել է շումմերական մի հնավայրում և թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակով։ Իսկ Եվրոպայում միջնադարից առաջ ոչ մի հիշատակություն չի հանդիպում այս նվագարանի մասին։ Առաջինը այն հայտնվել է Կենտրոնական Եվրոպայում։ 13-րդ դարից մեզ հասած ձեռագրերում նկարագրվում է պարկապզուկի մի քանի տարբերակ, որոնք հիմնականում տարածված են եղել Իսպանիայի տարածքում։ Մինչդեռ Մեծ Բրիտանիայի տարածքում պարկապզուկի առաջին հիշատակությունը վերաբերում է 14-րդ դարի վերջին։ Այնուամենայնիվ այսօրվա աշխարհում պարկապզուկը համարվում է շոտլանդական նվագարան։ Եվ դրան չեն խանգարում ո՛չ պատմական փաստերը, ո՛չ էլ այն հանգամանքը, որ շոտլանդական պարկապզուկից բացի աշխարհում հայտնի է այս նվագարանի ևս յոթ տեսակ՝ ֆրանսիական, իտալական, հայկական և այլն։ Շոտլանդիայի տարածքում այս նվագարանի ժողովրդականությունն իր գագաթնակետին հասավ 17-րդ դարում, քանի որ այդ ընթացքում պարկապզուկը ձեռք բերեց կարևոր նշանակություն տարբեր արարողություններում։ Պարկապզուկի նվագով ազդարարվում էր տարբեր հանդիսավոր արարողությունների սկիզբը, ինչպես օրինակ պաշտոնական հանդիպումներ, թագադրում, խորհրդակցություն և ժողովրդական հանդիսություններ։ Եվ դա պատահական չէ. շոտլանդացիները համոզված են, որ պարկապզուկի ձայնը լսվում է հինգ կմ հեռավորության վրա։ Իսկ իռլանդական պարկապզուկը նկարագրվում է հինիռլանդական օրենսգրքի մեջ, ըստ որի այն գեղջկական նվագարան է, որի պարկի՝ տիկի մեջ օդը մղվում է բերանի միջոցով։ Հին իռլանդական ժամանակագրական ձեռագրերում հիշատակվում են պարկապզուկ նվագող երաժիշտներ։ Այսօր դժվար է ասել, թե երբ է պարկապզուկը հայտնվել Իռլանդիայում, բայց նրա տեսքի և ձևի նկարագրությունը հիշեցնում է այսօր Շոտլանդիայում տարածված տարբերակը։ 17-րդ դարում, ինչպես Շոտլանդիայում, այնպես էլ իռլանդացիների ցածր և բարձր խավերում համատարած մեծ ժողովրդականություն է ձեռք բերում պարկապզուկը։ 18-րդ դարում առավել կատարելագործված պարկապզուկը սկսեց փոխարինել տավիղին՝ որպես առաջատար նվագարան իռլանդական ազգային երաժշտության մեջ։ Այսօր իռլանդական պարկապզուկը համարվում է նվագարանի ամենաբարդ և ամենակատարելագործված տարբերակը, որն իր վերջնական մշակմանն է հասել 18-րդ դարի վերջում։ Իռլանդական պարկապզուկով հնարավոր է արտաբերել միաժամանակ յոթ հնչյուն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր չորրորդ, Երևան, 2003.
Աղբյուրներ
խմբագրել- Ռիտա Շառոյանի հեղինակային «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշար. «Պարկապզուկ»։
- «Առավոտ» օրաթերթի 2012 թվականի հունիսի 20-ի համար։