Եղիպատրուշ
Եղիպատրուշ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։ Գյուղը գտնվում է Ապարանից մոտ 15 կմ հարավ, Ապարանի ջրամբարի հարավարևելյան մասում, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ մոտ 10 կմ։ Տները քարաշեն են։ Խմելու ջուրը սառնորակ է, բերված մոտակա լեռան լանջից՝ 5 կմ հեռավորությունից։
Գյպւղ | |||
---|---|---|---|
Եղիպատրուշ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ | ||
Այլ անվանումներ | Մռավյան | ||
ԲԾՄ | 2000 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲819 մարդ (2011)[1] | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0306 | ||
| |||
Պատմական անունը
խմբագրելԽորհրդային Միության տարիներին գյուղն անվանվել է Մռավյան՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության քարտուղար Ասքանազ Մռավյանի պատվին։ Եղիպատրուշ է վերանվանվել 1991 թվականին՝ պատմաբան, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր Տիգրան Պետրոսյանցի և գյուղի դպրոցի նկարչության ուսուցիչ, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր Սաղաթել Աշոտի Հովհաննիսյանի (հետագայում եղել է դպրոցի տնօրեն) նախաձեռնությամբ։ Եղիպատրուշ նշանակում է՝ չհասած ցորենի հասկ։
Պատմական ակնարկ
խմբագրելԳյուղը հազարամյակների պատմություն ունի։ Գյուղի ձախակողմում գտնվող ձորակի երկու կողմերում, շինարարական աշխատանքներ կատարելիս, բացվել են մ.թ.ա. 3-րդ-2-րդ հազարամյակների դամբարաններ, գտնվել են այդ ժամանակահատվածի կավե ամաններ և զարդեր։ IV-V դարերում տարածաշրջանի տերերը՝ Գնթունիները այստեղ, ներկա գերեզմանոցի արևմտյան եզրին, կառուցել են մեծ բազիլիկ տիպի եկեղեցի, որի հյուսիսային պատի մի հատվածը պահպանվել է առ այսօր։ Եկեղեցու մոտ կան մի քանի VII-VIII դարերի խաչքարեր։
696 թվականին այս գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Եսայի Ա Եղիպատրուշեցին։ Գահակալել է 775-788 թվականներին։ Գյուղի անվան հիշատակությունն էլ վերաբերում է հենց այդ կաթողիկոսին և պատմագրության մեջ հիշվում է մինչև 1644 թվականը։ Նրա ժամանակներում գյուղի կենտրոնական մասում կառուցվել է ընդարձակ պալատ, որի պատերից մեկի որոշ հատվածը ներկայումս գյուղացիներից մեկի պարսպի մաս է կազմում։ 13-րդ դարի սկզբներին այստեղ շինարարական գործունեություն են ծավալել տարածաշրջանի նոր տերերը՝ Վաչուտյանները։ Քուրդ Ա Վաչուտյանը և իր կին Դսեղի Գրիգոր Մամիկոնյան-Համազասպյանի դուստր Խորիշահ իշխանուհին կառուցել են Թորոս Թորամանյանի բնորոշմամբ ժամանակաշրջանի լավագույն կենտրոնագմբեթ կաթողիկե եկեղեցին և գավիթը։ Եկեղեցին և գավիթը մեր օրերն էին հասել կիսավեր վիճակում։ 1980-1988 թվականներին Հուշարձանների պահպանության հայկական ընկերությունն ամբողջովին վերականգնեց կաթողիկե եկեղեցու փլված գմբեթը, ամբողջ պարագծով ամրացրեց գավթի պատերը, սակայն հետագա աշխատանքները՝ գավթի կտուրի վերականգնումը կիսատ մնաց անհրաժեշտ գումարների բացակայության պատճառով։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին կառուցել է Վաչուտյանների տոհմական ճարտարապետներից Մխիթարիչ Օշականցին։ Նա նույն տոհմի մեկ այլ ճարտարապետի՝ Տեղերը կառուցած Աղբայրիկի ժամանակակիցն է։
Միայն Տեղերի և Եղիպատրուշի եկեղեցիների գավիթների կտուրների վրա են զանգակատուն-եկեղեցիներ կառուցված (երրորդ հարկ)։ Ընդ որում, Տեղերում երրորդ հարկի զանգակատները կառուցվել են գավթի կտուրին շքադռան կողմից, իսկ Եղիպատրուշում՝ գավթի և կաթողիկե եկեղեցու միացման մասում, գավթի կտուրի երկու անկյուններում, կրկնահարկ ավանդատուն-խորանների վրա։ Կառուցողական այս նորույթը երկու եկեղեցիների համար մնացել է եզակի։ Միայն եկեղեցին կառուցող ճարտարապետին էր իրավունք վերապահվում եկեղեցու մոտ խաչքար կանգնեցնել։ Եկեղեցուց հարավ վեհորեն կանգնած են մոտ 3,5 մետր բարձրությամբ երկու որմնափակ խաչքարեր։ Խաչքարերից յուրաքանչյուրի նախշերը տարբեր են, դրանց փոսիկները ներկված են եղել գորշ կարմիր գույնով։ Այժմ գույները խամրել են, և դրանց հետքն է միայն նախշափոսերի մեջ մնացել։ Որմնափակ խաչքարերի գլխամասային կապող քարի վրա փորագրված է. «զՄխիթարիչս Աւշականեցի որ ձեվայցուց յիշէ»։ «Ձևայցուց» բառը այստեղ գործածվել է նախագծող-ձևող-քանդակողի իմաստով։
Բնակչություն
խմբագրելԲնակիչների նախնիների որոշ մասը գաղթել են Պարսկաստանից և Ալաշկերտից։ Եղիպատրուշի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, բուժկայան։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղի մեջ է գտնվում XIII դարի կաթողիկե եկեղեցիական համալիրը (Սուրբ Աստվածածին եկեղեցի և գավիթ), իսկ դեպի արևելք՝ IV-V դարերի Եղիպատրուշի եկեղեցին (Մռավյան)։
Տես նաև
խմբագրել-
Սբ. Աստվածածին
-
Եղիպատրուշյան բնապատկեր
-
13-րդ դարի սկզբներին Մխիթարիչ Օշականցու կերտած որմնափակ խաչքարը
-
Եղիպատրուշի XIII դարերի եկեղեցին
-
Գավթի շքամուտքը
-
Եկեղեցու գմբեթը
-
Եկեղեցու արձանագրություններից մեկը,գավիթի շքամուտքի վերևի հատվածում:
-
ՍԲ Աստվածածին եկեղեցու գավիթը ներսից
Գրականություն
խմբագրելՎիկտոր Պետրոսյանց (Տիգրան Պետրոսյանց), Մռավյան (Եղիպատրուշ) գյուղի Աստվածածին եկեղեցին և արձանագրությունները /հոդված։ Պատմա-բանասիրական հանդես, 1981, թիվ 3 /94/, էջ 289-294/։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 663. — 4696 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիպատրուշ» հոդվածին։ |