Քուրդ Ա (ծննդյան թվականն անհայտ - 1272 թ.), հայ ռազմական և պետական գործիչ, Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալ, իշխանաց-իշխան, Վաչուտյան իշխանատոհմի իշխան

Գործունեությունը խմբագրել

Արարատյան կողմնակալության հիմնադիր Վաչե Ա-ի որդին և հաջորդը վիմագիր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Վաչե ԱԿեչառիսի վանական համալիրի 1213 թ-ի նվիրատվական արձանագրությունում։ 1221 թ-ին եղել է կողմնակալության ամիրի պաշտոնում և համագահակալել է հոր հետ։ Այս պաշտոնի իրավասությունն է եղել կողմնակալության ներքին կյանքի, առևտրականների և արհեստավորների նկատմամբ վերահսկողությունը, հարկահավաքի կարգավորումը, զորահավաքը, ինչպես նաև թշնամական հարձակումների ժամանակ բնակչության ուժերի կազմակերպումը։ 1230-ական թթ-ի սկզբին փոխարինել է հորը։ 1236 թ-ին հայ մյուս ավատատեր իշխանների նման հպատակվել է մոնղոլ զորավար Չարմաղանին, մնացել է իր պաշտոնում և իր զորագնդով մասնակցել է մոնղոլների արշավանքներին։ Այս արշավանքի ընթացքում 1236 թ-ին Սումրառի-Սուրմալույում գերությունից ազատել է Մարկոս արքեպիսկոպոս Սուրմառեցուն։ Մոնղոլների կողմից Ամբերդի ավերումից հետո մայրաքաղաք է դարձրել Նիգ-Ապարան գավառի Վարդենիս գյուղը՝ այստեղ կառուցելով պարսպափակ երկհարկանի պալատ։ Մոնղոլ տիրակալների հետ ունեցած կապերի շնորհիվ մեծ հեղինակություն է ունեցել և իր ժամանակակիցներից անվանել է «մեծ» իշխան։ Ազդեցիկ էին նրա բարեկամական կապերը հայ իշխանական տների հետ։ Ինքն ամուսնացել էր Դսեղի Մամիկոնյան-Համազասպյան Մարծպան իշխանի դստեր՝ Խորիշահի հետ, որդիներից Հասանին ամուսնացրել էր Ուքանանց տոհմից Արուս խաթունի հետ, դստերը՝ Մամքանին կնության էր տվել Խաչենի Դոփյանների իշխանական տան Ծարա ճյուղից Հասան Բ իշխանին։ Սրանով պիտի բացատրվի այն փաստը, որ 1254 թ-ին մոնղոլների հետ պայմանագիր կնքելու նպատակով Կարակորում մեկնած Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա-ն մեկնելիս և 1255 թ-ին վերադառնալիս մի քանի ամսով հյուրընկալել է նրա Վարդենիս գյուղի դղյակում։ Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ այդ օրերին Արևելյան Հայաստանի և անգամ Վրաստանի շատ իշխանավորներ են եղել Վարդենիսի դղյակում։ 1250-ական թվականների վերջերին նրա հետ համագահակալել է երկրորդ որդին՝ Վաչե Բ-ն։ Սակայն վերջինս 1261/1262 թթ-ի միջև անակնկալ մահացել է և հոր հետ համագահակալել է հաջորդ որդին՝ Հասանը։ Քուրդ Ա-ի մասին վերջին հիշատակությունը կատարել են նրա հյուրերը, հայ մշակույթի հայտնի դեմքեր Գևորգ Սկևռացին /1267 թ./ և Վարդան Արևելցին /1268 թ./, որոնք այդ ժամանակ գործել են կողմնակալության մշակութային կենտրոններում՝ Թեղենյաց վանքում և Սաղմոսավանքում։ Պատմիչ Զաքարիա Սարկավագը գրել է, որ կյանքի վերջին տարիներին թողել է աշխարհիկ իշխանությունը և մտել է Սևանավանք։ Այստեղ էլ նրա պատվերով պատրաստվել է Սևանավանքի դուռը։

Շինարարական և մշակութային գործունեությունը խմբագրել

Հայտնի է մշակութանպաստ և շինարարական գործունեությամբ։ Կնոջ՝ Խորիշահի համագործակցությամբ կառուցել է Եղիպատրուշի կենտրոնագմբեթ եկեղեցին և գավիթը /1230-ական թթ-ին/, Սաղմոսավանքի բազիլիկ տիպի մատուռը /1230-ական թթ-ին/, գրատունը /1255 թ/, Աստվածընկալի կենտրոնագմբեթ եկեղեցին /1244 թ./ և գավիթը /1250-ական թթ-ին/, Հովհաննավանքի գավիթը /1251 թ./։ Նրա հրամանով բնակչության ուսերից հանվել է հարկատեսակ, որի վիմագիր-հրամանագիրը փորագրված է Կարբիի բերդում կանգնեցված գեղաքանդակ խաչքարի պատվանդանին /1235 թ./։ Բազում նվերներ է տվել Հաղպատի և Սանահինի վանքերին, որտեղ դրանց առիթով կանգնեցվել են գեղաքանդակ խաչքարեր։

Գրականություն խմբագրել

1. Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 3, Վաղարշապատ, 1870 թ.։ 
2. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 11, Ե., 1985 թ., էջ 283։ 
3. Հայկական Հանրագիտարան։ Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 2։ Ե., 2007 թ., էջ 526։ 
4. Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2001 թ., 363 էջ։
6.  Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2023:
5. Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Վաչուտյան իշխանական տան տոհմածառը, , , բանբեր Երևանի համալսարանի, , , 1981 թ., թիվ 3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։