Դոնի Ռոստովի հայկական թատրոն

Դոնի Ռոստովի հայկական թատրոն, հայ թատրոնի առաջին ներկայացուցիչը Պետրոս Ադամյանն էր, որ Դոնի Ռոստովի ռուսական խմբի հետ խաղացել է հայերեն և ֆրանսերեն (1882-1885 թթ.)։ 1896 թվականից քաղաքում պարբերաբար ներկայացումներ են տվել Հովհաննես Աբելյանը, Գ․ Պետրոսյանը, Սիրանույշը։

Դոնի Ռոստովի հայկական թատրոն
Տեսակթատերախումբ
Երկիր Հայաստան

1917-1919 թվականներին Հ․ Շահենի և Օ․ Ահարոնյանի ղեկավարությամբ գործել է Հյուսիսային Կովկասի դերասանական խումբը, որը 1922 թվականին միավորվել է Կրասնոդարի հայկական թատրոնի հետ, վերանվանվել Պետրոս Ադամյանի անվան թատրոն, հետագայում գործել է Հայ դերասանական խումբ, Դրամի և կոմեդիայի հայկական թատրոն, Ազով-Սևծովյան երկրամասի թատրոն անուններով։

Պիեսներ են բեմադրել Վաղարշ Վաղարշյանը, Հ․ Շահենը, Խ․ Ֆորինը (Համբարձումյան) և ուրիշներ։ Թատրոնի գործունեությանը մեծապես նպաստել են Մարտին Լուսինյանը, Տ․ Այվազյանը, Հ․ և Ի․ Դանզասները, Ք․ Թոսունյանը (Չարդախչի), Նվարդ Ալիխանյանը, Գ․ Քուշնարյանը և ուրիշներ։ Թատերախմբի հետ հանդես են եկել Վահրամ Փափազյանը, Ա․ Արմենյանը, Ցոլակ Ամերիկյանը, Հ․ Աբելյանը։ Բեմադրվել են Չուբարի «Հրդեհ», Շիրվանզադեի «Պատվի համար», Չչեգլովի «Բուք», Շեքսպիրի «Օթելլո» և այլն։

1940-1941 թվականներին թատրոնը գործել է իբրև Դոնի Ռոստովի ազգային փոքրամասնությունների տան հայ դրամատիկական կոլեկտիվ (ղեկ․՝ Նորայր Ժամհարյան)։ Վերջին ներկայացումը եղել է «Անուշ»-ը (ըստ Հովհաննես Թումանյանի)։ Դոնի Ռոստովի Բանվոր երիտասարդության թատրոնին կից գործել է նաև հայկական մասնաճյուղ (ղեկ․՝ Վ․ Զեյթաղյան)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 58 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։