Կրասնոդարի հայկական թատրոն

Կրասնոդարի հայկական թատրոն (ռուս.՝ Краснодарский армянский театр), Եկատերինոդարում հայկական ներկայացումներ տրվել են 1882 թվականից՝ դերասան և ռեժիսոր Տ․ Գալֆայանի ղեկավարությամբ։ Տեղի թատերախմբի հետ հանդես են եկել Մ․ Սարդարյանը (1883), Պետրոս Ադամյանը, Զաբելը, Ա․ Վրույրը (1886)։ Նոր Նախիջևանի բարբառով բեմադրվել են Նիկոլայ Գոգոլի «Ամուսնությունը» (1889)։

Կրասնոդարի հայկական թատրոն
Краснодарский армянский театр
Տեսակթատրոն
Հիմնադրման ամսաթիվ1882 թվական

Պատմություն խմբագրել

1890-ական թվականներին դերասան Հովսեփ Կարինյանի, Ա․ Շատվորյանի բեմադրությամբ ներկայացվել են Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Թովմաս Թերզյանի «Սանդուխտ կույս», Սրապիոն Հեքիմյանի «Սմբատ Ա» և այլն։ 1901 թվականին Հ․ Աբելյանի ղեկավարությամբ ելույթներ են ունեցել Բաքվի հայ դերասանախումբը (1903), ինչպես և թատերախմբի հետ՝ Կարապետ Գալաֆյանը (1903), Հ․ Ստեփանյանը (1907) և ուրիշներ։

Աբելյան-Արմենյան, Աբելյան-Սիրանույշ թատերախմբերը 1911-1912 թվականներին ներկայացրել են Շիրվանզադեի, Յուժին-Սումբատովի և այլոց գործերից, Արմավիրի թատերախումբը (ղեկ․՝ Հ․ Շահեն)՝ Շիլլերի «Ավազակներ», «Սեր և խարդավանք» պիեսները։

1919 թվականին Վաղարշ Վաղարշյանի ղեկավարությամբ Կրասնոդարում կազմակերպվել է Հայ դերասանների աշխատանքային կոլեկտիվ՝ «Կոմունա» անունով (1921 թվականին կոչվել է Ստեփան Շահումյանի անունով)։ Թատերախմբում էին Վաղարշ Վաղարշյանը, Հ․ Բաղդասարյանը, Մ․ Դավթյանը (Սուրաբյան), Մ․ Մանուկյան, Ա․ Արաբյանը և ուրիշներ։ Բեմադրություններից են Շիրվանզադեի «Պատվի համար», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Շեքսպիրի «Օթելլո» և այլն։

Թատրոնը որոշ ժամանակ եղել է նաև դրամա-օպերետային (Արմեն Տիգրանյանի «Անուշ», Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» և այլն)։ 1922 թվականինթատրոնը հյուրախաղերի է մեկնել Դոնի Ռոստով, միավորվել տեղի թատրոնին։ Կրասնոդարի թատերական ուժերի աջակցությամբ ելույթներ են ունեցել Հայաստանի օպերային արտիստներ (ղեկ․՝ Շարա Տալյան, 1925), Դոնի Ռոստովի օպերետային (1926-1927) խմբերը, Հ․ Աբելյանը (1926) և ուրիշներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003, 18 էջ։