Նորայր Ժամհարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամհարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Նորայր Ռուբենի Ժամհարյան (մայիսի 22, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ[1]։
Նորայր Ժամհարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1949 (74 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դուդուկ և սրինգ |
Աշխատավայր | Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Նորայր Ժամհարյանը ծնվել է 1949 թվականին։ Շվի նվագել է 15 տարեկան հասակից։ Նվագել է Գուրգեն Հովումյանի ղեկավարած Պիոներների քաղաքային պալատի փողային նվագախմբում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկում և միանգամից հայտնվել տեխնիկումի ժողգործիքների անսամբլում։ Նվագախմբի ղեկավար Կարլեն Միրզոյանի միջնորդությամբ տեղափոխվել է Հայհամերգի նորաստեղծ անսամբլ, որի կազմում շրջագայել է բազմաթիվ երկրներով, այդ թվում Մավրիտանիա, Հնդկաստան ու Մադագասկար։ Հավասարապես տիրապետում է մի քանի գործիքների՝ շվի, դուդուկ, զուռնա, բլուլ։ 1981 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժին՝ Խաչատուր Ավետիսյանի դասարան։ Ուսումն ավարտելուց հետո դասավանդել է բլուլի կատարողական արվեստ։ Հետագայում դարձել է նորաստեղծ Հայաստանի պետական ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար։
Շրջագայել է աշխարհի 39 երկրներում, դարձել է համամիութենական երաժշտական մրցանակների եռակի դափնեկիր։ 1986 թվականից ղեկավարել է Ժողովրդական ստեղծագործության գիտամեթոդական կենտրոնում բացված «Կռունկ» պարային անսամբլի երաժշտական մասը։ 1999-2013 թվականներին եղել է Հայաստանի Ազգային նվագարանների երաժշտական դպրոցի տնօրենը։ Դասավանդում է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։
Գրել է բազմաթիվ երգեր Ֆլորա Մարտիրոսյանի, Սուսաննա Սաֆարյանի, Համլետ Գևորգյանի, Արման Հովհաննիսյանի և այլ երգիչների համար։ 1979 թվականին ձայնագրվել է նաև «Ձորի Միրոն» գեղարվեստական ֆիլմում[2]։
Ընտանիք խմբագրել
Շեփորահար Ռուբեն Ժամհարյանի որդին է։ Դուստրը երգիչ, պարուհի Թամարա Ժամհարյանն է[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ president.am։ Վերցված է 2016-09-29
- ↑ «Նորայր Ժամհարյանի կենսագրությունը avproduction կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-20-ին։ Վերցված է 2018-02-18
- ↑ «Թամարա Ժամհարյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2023-01-03-ին։ Վերցված է 2023-01-03