Դանզասներ, հայ խորհրդային դերասաններ։

Իզաբելլա Դանզաս խմբագրել

Իզաբելլա Գրիգորի Դանզաս (իսկական ազգանունը՝ Կոզոդյան, դեկտեմբերի 3 (16), 1903, Նոր Նախիջևան - սեպտեմբերի 6, 1994, ԵրևանՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1950)։ Հայկ Դանզասի կինը։ 1929 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի երաժշտական տեխնիկումը։ Բեմական գործունեությունն սկսել է 1926 թվականից՝ Դոնի Ռոստովում։

Խաղացել է Թբիլիսիի, Բաքվի, Կրասնոդարի, Երևանի, Լենինականի թատրոններում՝ դրամատիկական և օպերետային ներկայացումներում։ 1942 թվականից աշխատում է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Դերերից են՝ Էլիզա (Շոուի «Պիգմալիոն», 1935), Նատաշա (Շիրվանզադեի «Մորգանի խնամին», 1948), Ուստիան (Ա․ Այվազյանի «Քաջ Նազար», ըստ Դ․ Դեմիրճյանի, 1948), Միրաբելլա (Շտրաուսի «Գնչուների բարոն», 1952), Կատարինա, Բեատրիչե (Շեքսպիրի «Անսանձի սանձահարումը», 1958, «Մեծ աղմուկ ոչնչից», 1960)։ Դանզասին հատուկ է կոմեդիական-օպերետային ժանրի նուրբ զգացողությունը, բեմական փայլն ու գրավչությունը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Հայկ Դանզաս խմբագրել

Հայկ Քրիստափորի Դանզաս (իսկական ազգանունը՝ Բինայան, մայիսի 10 մայիսի 22, 1899, Նոր Նախիջնան - մարտի 22, 1977, ԵրևանՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950)։ Սովորել է ծննդավայրի հայկական հոգևոր սեմինարիայում, ապա Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Դոնի Ռոստովում, ՄԽԱՏ-ի դերասան Ա․ Պ․ Իյառլամովի «Դրամատիկական դասընթացներում»։

Բեմական գործունեությունն սկսել է 1919 թվականին՝ տեղի ռուսական թատրոնում։ 1920 թվականից որպես ռեժիսոր, դրամատիկական և օպերետային դերասան հանդես է եկել Դոնի Ռոստովի, Թբիլիսիի, Բաքվի, Կրասնոդարի, Լենինականի հայկական թատրոններում։ Եղել է Ռոստովի հայկական սովետական առաջին երաժշտական կոմեդիայի թատրոնի (1922), Երևանի (1942) նույնատիպ թատրոնի հիմնադիրներից։ 1942 թվականից աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Դերերից են՝ Բոնի (Կալմանի «Սիլվա», 1925, 1933, 1939, 1942), Ֆլորիդոր (Էրվեի «Մադմուազել Նիտուշ», 1933), Ալֆրեդ (Շոուի «Պիգմալիոն», 1935), Նազար (Ա․ Այվազյանի «Քաջ Նազար», ըստ Դ․ Դեմիրճյանի, 1948), Ստեֆան Շտրաուսի «Գնչուների բարոն», 1952), Չոկան (Կոտոյանի «Սիրո հովիտը», 1956)։ Բեմադրել է Կալմանի «Սիլվա» (1923, 1933), «Մարիցա» (1925, 1933, 1943), Լեհարի «Կենսուրախ այրին» (1933) օպերետները, Սունդուկյանի «Խսաթաբալա»-ն (1937)։ Դանզասը վարպետորեն տիրապետում էր օպերետային ժանրի արտահայտչամիջոցներին, վերամարմնավորման արվեստին։

Ի․ և Հ․ Դանզասների արվեստը նպաստել է Սովետական Հայաստանում օպերետային ժանրի կատարողական ավանդույթների հաստատմանը[1]։

Գրականություն խմբագրել

  • Սարգսյան Ս․ Տ․, Սիրելի անուններ, Ե․, 1967։ Լալայանց Տ․, Դանզասներ, Ե․, 1973։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Օպերատային ժանրի անփոխարինելի զույգ, Իզաբելլա և Հայկ Դանզասներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 275