Գերմանացիներն Ադրբեջանում

ժամանակակից Ադրբեջանում բնակված գերմանացիների մասին տեղեկություն

Գերմանացիներն Ադրբեջանում (ադրբ.՝ Azərbaycan almanları, գերմ.՝ Deutsche in Aserbaidschan) եղել են ազգային փոքրամասնություն, որ բնակվել են ժամանակակից Ադրբեջանի տարածքում շուրջ 125 տարի (1818-1942)` մինչև հայրենական մեծ պատերազմի սկզբին իրենց զանգվածային արտաքսումը Միջին Ասիա, որը մաս էր կազմում առավել մեծ ժողովրդագրական գործողության՝ ԽՍՀՄ տարածքում ժողովուրդների տեղահանության։ Առավելագույն թիվը կազմել է 1939 թվականի մարդահամարի ժամանակ՝ 23133 մարդ կամ ընդհանուր բնակչության 0,72 տոկոսը[1], իսկ քրիստոնեադավան բնակչության 2,3 տոկոսը։ Խորհրդային Ադրբեջանի գոյության հետագա տասնամյակներին գերմանացիների թվաքանակը չի անցել 1500 հոգին, իսկ անկախացումից հետո հաշվվում էր մի քանի հարյուր շունչ։

գերմանացիներ Հելենենդորֆից

Գերմանական համայնքն առաջացել է երկու բնակավայրերից՝ Հելենենդորֆ (գերմ.՝ Helenendorf, այժմ՝ Խանլար կամ Գյոյգյոլ) և Աննենֆելդ (գերմ.՝ Annenfeld, այժմ՝ Շամքոր[2][3]), որոնք հիմնադրվել են 1819 թվականին Վյուրթեմբերգից այստեղ հաստատված գերմանացի վերաբնակների կողմից։ Հետագայում դրանց թիվն ավելացել է վեցով՝ Գեորգսֆելդ (գերմ.՝ Georgsfeld, այժմ՝ Չինարլու, 1888), Ալեքսեևկա և Գրյունֆիլդ (գերմ.՝ Alexejewka և Grünfeld, այժմ՝ Հասանսու, 1902 և 1906), Էյշենֆելդ (գերմ.՝ Eichenfeld, այժմ՝ Իրմաշլը, 1906), Թրաուբենֆելդ (գերմ.՝ Traubenfeld, այժմ՝ Թովուզ, 1912) և (գերմ.՝ Jelisawetinka այժմ՝ Աղստաֆա, 1914)[4]։ Դրանք բոլորը ստեղծվում են պատմական հայկական Ուտիք նահանգի հյուսիսային մասում՝ հայկական լեռնային և թաթարական դաշտավայրային բնակավայրերի միջև։ Այդ հատվածներում հայ բնակչությունը Գանձակի խանության հիմնադրումից ի վեր հեռացել էր։ Առավել լեռնային հատվածներում, որտեղ հայ բնակչություն կար, հաստատվում են ռուսները։

Պատմություն խմբագրել

 
Գերմանական բնակավայրերը Գանձակ-Ղազախ ճանապարհին

Դեռ 18-րդ դարի վերջին Ռուսական կայսրությունը Վոլգայի գերմանացիների ընտանիքներին թույլատրել էր բնակություն հաստատել Կուբանում՝ Կովկասից հյուսիս։ Նապոլեոն Բոնապարտին վերջնականապես հաղթելուց հետո՝ 1815 թվականին, եվրոպական պետությունները գումարում են Վիեննայի վեհաժողովը, որին մասնակցում էր նաև Ալեքսանդր I կայսրը։ Վերջինս այցելեց Շտուտգարտ՝ իր մոր հայրենի Վյուրտեմբերգի թագավորության մայրաքաղաքը։ Տեսնելով այն ճնշումը, որին ենթարկվում էին տեղի գյուղացիները կամ տարբեր բողոքական աղանդներին պատկանելու կամ անջատողական շարժումներին նրանց մասնակցության պատճառով, նա կազմակերպեց նրանց բնակեցումը ռուս-պարսկական պատերազմից հետո Ռուսաստանին անցած Անդրկովկասում՝ գյուղատնտեսական գաղութներ ստեղծելու նպատակով[5]։ Այլ աղբյուրների համաձայն՝ Վյուրտեմբերգի կրոնական համայնքի առաջնորդները, հայտարարելով աշխարհի և ողջ մարդկության կործանման և Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, փրկության վայր էին նախանշել Անդրկովկասը, մասնավորապես` Արարատ լեռան շրջակայքը, որտեղ պետք է կառուցվեր «հազարամյակների թագավորությունը»[6]։ Մինչդեռ բուն Հայաստանի տարածքում՝ առավել ևս Արարատի շուրջ, գերմանական ավաններ չստեղծվեցին։

1818 թվականին գերմանացիների առաջին տասը խմբերը, յուրաքանչյուրում՝ 50-ական հոգի, ժամանում են Անդրկովկաս[7]։ Սեպտեմբերին Թիֆլիսից ոչ հեռու հիմնադրվում է գերմանական առաջին գաղութը՝ Մարիենֆելդը, նոյեմբերին՝ Ելիզաբեթթալը։ 1818-1819 թվականների ձմռանը գերմանացիները բնակություն են հաստատում Ելիզավետպոլ (Գանձակ) քաղաքից ոչ հեռու և 1819 թվականին հիմնում առաջին գաղութը՝ Հելենենդորֆը, ապա նաև՝ Աննեֆելդը[8]։ Գերմանացի վերաբնակիչներին տեղի հայերը ընդունել են ամենայն բարեհաճությամբ։ Այդ մասին 1819 թվականի փետրվարի 3-ին Կովկասի փոխարքա Ալեքսեյ Երմոլովին հղած նամակում Թիֆլիսի նահանգապետ, գեներալ-մայոր Խավենը գրել է, որ ելիզավետպոլցի հայերը վյուրտեմբերգցի գերման գաղթականներին ընդունել են բարեկամաբար, նրանցից ոմանք անվճար մատակարարում են սննդամթերք և ցուցաբերում հնարավոր այլ ծառայություններ[9]։ Մինչդեռ սկզբնական շրջանում գերմանացիները շատ փակ ապրելակերպ էին վարում։ Այդպես մտածելու տեղիք է տալիս 1830 թվականին Կովկաս մեկնած ճանապարհորդ Մորենասի գրառումներում ներկայացված տեղեկությունները։ Այս արձանագրություններում ասվում է. «Գերմանական երկու գաղութների (Հելենենդորֆ և Աննենֆելդ) բնակիչները, ովքեր ապրել են Ասիայի ժողովրդի մեջ մոտ տասը տարի, դրանից ոչինչ չեն վերցրել կամ սովորել, նույնիսկ օգտակար բան։ Այս երկու գաղութների բնակիչներն ապրում են Կուրի շրջանում և, կարծես, մտադիր են շատ ավելի երկար ապրել։»։

Տնտեսություն խմբագրել

 
Խաղողի բերքահավաք

Գերմանացիների ճնշող մեծամասնությունը գյուղացիներ էին, որոնք նոր վայրում զբաղվում էին նաև գերմանական ավանդական երկրագործությամբ։ Նրանք այստեղ ստեղծեցին բազմաճյուղ առևտրային գյուղատնտեսություն և զբաղեցրին իրենց տեղը Ելիզավետպոլի նահանգի կապիտալիստական տնտեսական համակարգում 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին։ Նրանք նկատելի ազդեցություն են ունեցել Կովկասում տնտեսության և արդյունաբերության առանձին ճյուղերի առաջացման և զարգացման վրա, նպաստել այստեղ նոր կամ կատարելագործված գործիքների և գյուղատնտեսության առաջադեմ մեթոդների տարածմանը։

Գերմանացիները մշակում էին ցորեն, գարի և կորեկ. կիրառվել է ցանքաշրջանառություն, այսինքն՝ բերքը պարբերաբար փոփոխվել է. Կիրառվել է նաև քառադաշտային ցանքաշրջանառություն։ Հողերը մշակելու համար գաղութարարներն օգտագործում էին տեղական և ավանդական ծանր գութան, որը լծակում էին 8-10 ձի։ Բուսաբուծության ոռոգման համար նրանք օգտագործում էին խրամատների համակարգ։ Նրանք նաև այգիներ են հիմնել, կարտոֆիլ ու բանջարեղեն են մշակել։ Գերմանացիներն աշխատել են Ադրբեջանում խաղողագործության և գինեգործության ոլորտում։ Սկզբում խաղողի այգիները մշակվել են տեղական ավանդական եղանակներով, տնկվել են խաղողի տեղական սորտեր։ Այնուհետև գաղութատերերը սկսեցին խաղողի նոր տեսակներ մշակել, այդ թվում՝ մուսկատ, ռքածիթելի, սափերավի, իզաբելլա։ Վոհրեր և Հումել ընտանիքները տնօրինում էին գինեգործական գործարաններ և ունեին մի քանի ֆերմաներ։ Գարեջրի և կոնյակի գործարաններ կառուցվել են Հելենենդորֆում Վոհեր եղբայրների կազմակերպության կողմից։ Զարգացել են նաև գյուղատնտեսությունը և արվեստի տարբեր տեսակներ։ 1922 թվականին այստեղ ստեղծվել է պետական գինեգործական արտադրություն՝ «Կոնկորդիա» անունով, իսկ 1930-ական թվականներին սկսել են գործել կոլխոզները[10]։

 
Գերմանական ընտանիք

Բացի էլեկտրատեխնիկայից, որը Սիմենս եղբայրներին առաջնորդել էր դեպի Ռուսական կայսրություն, նրանք հետաքրքրված էին պղնձի արտադրությամբ, իսկ ավելի ուշ՝ Կովկասում նավթի արդյունահանմամբ ու վերամշակմամբ։ Շամքորից հարավ՝ Գետաբեկ (այժմ՝ Գյադաբեյ) գյուղում, Կառլ ֆոն Սիմենսը 1864 թվականին ձեռք բերեց պղնձի հանքավայր և կառուցեց մի հանք, որը հետագայում նույնիսկ արծաթ և ոսկի էր արտադրում։ Մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քարհատ (այժմ՝ Դաշքեսան) քաղաքում մեկ տարի անց բացեցին կոբալտի հանք և երկաթի հանքաքարը արդյունահանելու գործարան կառուցեցին։ Նշված բնակավայրերում գերմանացիներից բացի աշխատում էին նաև տեղացի հայեր, իսկ միևնույն ժամանակահատվածում խոշորագույն գաղութում՝ Հելենենդորֆում, բնակություն են հաստատում հիմնականում հայերը (160 հոգի), ինչպես նաև երկու տուն ռուս և երկու տուն թուրք[11]։

19-րդ դարի վերջերին գավառաբնակ գերմանացիների որոշ ընտանիքներ բնակություն են հաստատում Ելիզավետպոլ և Բաքու քաղաքներում։ 1881 թվականին, նախքան Թիֆլիս-Բաքու երկաթուղու կառուցումը, Սիմենս եղբայրները վերահսկում էին 270 նավթահորեր Կովկասում։ Բայց նոր վառելիքը լայնածավալ փոխադրելու համար անհրաժեշտ էր խողովակաշար։ Այդուհանդերձ, 1894 թվականին Կովկասում գործարկվեց առաջին նավթամուղը։ Այնուհետև Mannesmann-ը արտադրում էր Ռուսաստանում և այնտեղից էլ մատակարարում էր Կովկասին իր խողովակները։ 1920-1930-ական թվականներին Բաքվում հաստատվում են գերմանացիների բազմաթիվ ընտանիքներ Վոլգայի ավազանից[12]։

Կրթություն և մշակույթ խմբագրել

 
Բաքվի եկեղեցում, 1931 թվական

Գերմանական համայնքի կյանքում կրթությունն ու մշակույթը մեծ նշանակություն են ունեցել։ 1842 թվականին Հելենենդորֆում կառուցվել է առաջին դպրոցի շենքը։ Գերմանաբնակ գյուղերում ընդհանուր առմամբ գործել է ութ դպրոց, իսկ Բաքվում՝ մեկը՝ 1920-ականների կեսերից։ 1920 թվականի վերջին Հելենենդորֆում սկսեց գործել ինժեներական դպրոցը, իսկ 1930-ական թվականներին՝ խաղողագործության և գինեգործության դպրոցը։

Լյութերական եկեղեցիները հիմնադրվել են Հելենենդորֆում 1854 թվականին և Աննֆելդում 1909 թվականին։ Դրանք նախագծվել են գերմանացի ճարտարապետներ Էյխլերի և Լեմկուլի կողմից։ 1899 թվականին Բաքվում բացվել է լյութերական եկեղեցի։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ադրբեջանում լույս են տեսել գերմանալեզու «Bauer und Arbeiter» և «Lenins Weg» թերթերը։ 1928 թվականին Հելենենդորֆում հնագետ Հումելի նախաձեռնությամբ բացվեց Ազգաբանական թանգարան։ Հելենենդորֆում կազմակերպվել է մշակութային ակումբ, որն իր մեջ ներառում էր թատրոն, մարզական միավորումներ, նվագախումբ, երգչախումբ և գրադարան։

Աքսոր խմբագրել

 
տեսարան Հելենենդորֆից

Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1919 թվականին, երբ հիմնադրվել էր Մուսավաթական Ադրբեջանը, գերմանացիները շուքով նշում են Հելենենդորֆում իրենց բնակության հաստատման ու գաղութի սկզբնավորման 100 տարին։ Հաջորդ տարվանից սկսած սակայն, պայմանավորված Ադրբեջանի խորհրդայնացումով, գերմանացիների հանդեպ ճնշումներն ու հալածանքներն ուժեղանում են։ Դրանց պատճառներն էին կոլեկտիվացումը, պայքարը «ֆաշիստ ակտիվիստների», «եկեղեցականների», Գերմանիայից մարդասիրական օգնություն ստացողների դեմ։

ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսար Լավրենտի Բերիայի հաղորդմամբ Անդրկովկասի 48,375 գերմանացիների մեջ կոմունիստները կազմում էին 1%-ից պակաս (372 մարդ), ՀԼԿԵՄ անդամ՝ 2%-ից մի փոքր ավելի (1077 մարդ)։ 1930-ական թվականների բռնաճնշումներից հետո, երբ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ վրա և սկսեց տանել մի շարք հաղթանակներ, 1941 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 744 հրամանագրով և ԽՍՀՄ ՆԿՎԴ 001487 «Վրացական, Ադրբեջանի և Հայկական ԽՍՀ-ից գերմանացիներին վերաբնակեցնելու միջոցառումների մասին» հրամանով գերմանական ընտանիքները վտարվեցին Ղազախստան։ Վտարման գործողությունն իրականացվել է 1941 թվականի հոկտեմբերի 15-30-ը։ Համաձայն «Վրացական, Ադրբեջանում և Հայկական ԽՍՀ-ում բնակվող գերմանացիների վերաբնակեցման հրահանգների» վերաբնակեցման ենթակա էին բոլոր գերմանացիները, այդ թվում՝ ԽՄԿԿ (բ) անդամները։ և կոմսոմոլը։ Գերմանացիներն ազատվում էին արտաքսումից, եթե ընտանիքի հայրը գերմանացի չէր, իսկ կինը՝ գերմանացի, չի ձերբակալվել կամ չի ամուսնալուծվել։ Հարյուրավոր գերմանացի ընտանիքներ Կասպից ծովով տեղահանվեցին Կրասնովոդսկ (այժմ՝ Թուրքմենբաշի), այնտեղից՝ Ղազախստան, որտեղ աքսորվել էին տասնյակ տասարավոր գերմանացիներ ամբողջ ԽՍՀՄ տարածքից։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Всесоюзная перепись населения 1939 года. Национальный состав населения по республикам СССР». www.demoscope.ru (ռուսերեն).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  2. Под общей редакцией акад. В. М. Котлякова Шамкир // Словарь современных географических названий. — Екатеринбург: У-Фактория. — 2006.
  3. В.Ф. Дизендорф (составитель). Немцы России: населенные пункты и места поселения: энциклопедический словарь. — Москва: ЭРН, 2006. — С. 35. — 472 с.
  4. Նիգյար Օրուջովա. «German colonists' heritage in Azerbaijan». www.azernews.az (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Marshall, Alex (2010). The Caucasus Under Soviet Rule. London: Routledge. էջ 21. ISBN 9780415410120.
  6. Նաիրա Մարրտիրոսյան. «Ազգային փոքրամասնություններ. գերմանացիներ». www.168.am (հայերեն).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Germans in Azerbaijan – German traces in the Caucasus». Wild east (անգլերեն). 24.04.2021.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Ռաուֆ Հուսեյնզադե. «Еленендорф — самая большая колония, основанная немцами на Кавказе». www.ksam.org (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Կարապետյան, Սամվել (2004). Հյուսիսային Արցախ, Խանլար. Երևան: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  10. Ռուստամ Ալասգարով. «German Colonies in Azerbaijan». www.visions.az (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Վարդանյան, Սվետլանա. Գանձակի բանահյուսությունը Երվանդ Լալայանի հուշերում (PDF). artsakhlib.am.
  12. «Категория:Депортированные немцы Азербайджана». www.ru.openlist (ռուսերեն).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել

գերմաներեն։
  • M. Friedrich Schrenk: Geschichte der deutschen Kolonien. In: Geschichte der deutschen Kolonien in Transkaukasien. Tiflis 1869
  • Paul Hoffmann: Die deutschen Kolonien in Transkaukasien. Berlin 1905
  • Werner Krämer: Grünfeld, ein deutsches Dorf im Südkaukasus. o. O., o. J.
  • Max Baumann, Peter Belart: Die Familie Horlacher von Umiken in Katharinenfeld (Georgien)
  • Andreas Groß: Missionare und Kolonisten: Die Basler und die Hermannsburger Mission in Georgien am Beispiel der Kolonie Katharinenfeld; 1818–1870. Lit, Hamburg 1998, ISBN 3-8258-3728-9
  • U. Hammel: Die Deutschen von Tiflis. In: Georgica. Bd. 20 (1997), pp 35–43
  • Immanuel Walker: Fatma. Landsmannschaft der Deutschen aus Russland, Stuttgart, 1966 3. Edition
  • Mammad Jafarli: Politischer Terror und Schicksale der aserbaidschanischen Deutschen. Baku 1999
ռուսերեն։
  • Зейналова С. М. Немецкие колонии в Азербайджане: 1919–1941 годы. — Баку, 2002.
  • Ибрагимов Н. А. Немецкие страницы истории Азербайджана. — Баку, 1995.
  • Ibragimov N. A. Heimat in der Fremde. Der Deutsche Einfluß auf die Entwicklung Aserbaidschans. — Mainz, 1997. 
  • Джафарли М. Ш. Политический террор и судьбы азербайджанских немцев. — Баку, 1998.
  • Полонский Л. "Сименс" на Кавказе. Документальное повествование. — Баку, 1995.
  • Государственный исторический архив Азербайджанской Республики, Государственный архив Азербайджанской Республики, Институт германских и восточноевропейских исследований, Гёттинген (Германия). Еленендорф в Азербайджане. — Одесса, 2001