Բացել գլխավոր ցանկը

Գարեգին Հովսեփյան (արվեստաբան)

հայ արվեստագետ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Հովսեփյան (այլ կիրառումներ)

Գարեգին Կարապետի Հովսեփյան, Հովսեփյանց (1867, Մարաղա, Թարթառի շրջան, ԱԽՍՀ - 1952, Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի պրովինցիա, Լիբանան), մշակութային գործիչ, արվեստաբան, ձեռագրագետ, հնագետ, պատմաբան, բանասեր, արքեպիսկոպոս (1925), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս (1943 թվականից, օծվել է 1945 թվականին): Փիլիսոփայության և աստվածաբանության դոկտոր (1897, Լայպցիգ):

Գարեգին Հովսեփյան
Ծնվել է1867
ԾննդավայրՄարաղա, Թարթառի շրջան, ԱԽՍՀ
Մահացել է1952
Մահվան վայրԱնթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի պրովինցիա, Լիբանան
Ազգությունհայ
ԿրթությունԼայպցիգի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր և աստվածաբանության դոկտոր
Մասնագիտությունարվեստագետ, մշակութային գործիչ, հնագետ, պատմաբան, բանասեր և արքեպիսկոպոս
ԱշխատավայրՀանդես ամսօրյա

ԳործունեությունԽմբագրել

1890 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, աստվածաբանություն և հնագիտություն ուսանել Բեռլինի, 1892-1896 թվականներին սովորել է Լայպցիգի և Հալլեի համալսարաններում։ 1890 թվականին զբաղվել է բանասիրական աշխատանքով։ 1897 թվականից դասախոսել է Գևորգյան ճեմարանում, 1898 թվականից՝ մատենադարանապետ: 1900-1901 թվականներին՝ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ, 1901-1904 թվականներին՝ Երևանի թեմական տեսուչ, 1905-1906 և 1915-1917 թվականներին՝ Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1907-1908 և 1918-1919 թվականներին՝ Ս. Էջմիածնի «Արարատ» պաշտոնական ամսագրի խմբագիր: 1906 թվականին խմբագրել է «Հանդես ամսօրյա» ամսագիրը։ Եղել է Սարդարապատի հերոսամարտի (1918 թվականի մայիսի 21-29) ոգեշնչողներից ու կազմակերպիչներից: 1919 թվականից ԵՊՀ-ում դասավանդել է հայ արվեստի պատմություն և հնագիտություն, մասնակցել (Ա. Թամանյանի հետ) Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի ստեղծմանը: 1927-1933 թվականներին՝ Ղրիմի և Նոր Նախիջևանի, 1938-1942 թվականներին՝ ԱՄՆ-ի հայոց թեմերի առաջնորդ: 1917 թվականից՝ հայրապետական լիազոր պատվիրակ Ռուսաստանի և Հյուսիսային Կովկասի հայկական կենտրոններում, 1934-1938 թվականներին՝ սփյուռքում: Հայ ժողովրդի և եկեղեցու պատմության տարբեր խնդիրների լուսաբանմանն են նվիրված «Ձագաւանից ժողովը» (1913), «Տարսայիճ Օրբելեանի և Մինա Խաթունի սերունդը» (ռուսերեն, 1913, հայերեն, 1948), «ԺԳ դարի քաղաքական եւ հոգեւոր վերելքը Արեւելեան Հայաստանում» և այլ երկեր: Հայագիտության մեջ մեծ ներդրում է Հովսեփյանի «Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ» եռահատոր աշխատությունը (1928-1943, 2-րդ հրատարակություն, 1969, Երուսաղեմի «Թարգմանչաց-Դուրյան» մրց.), որտեղ լրացվել է գրեթե չուսումնասիրված 13-15-րդ դարերի հայոց պատմությունը: Նրա արվեստաբանական աշխատություններից են՝ Հավուց թառի Ամենափրկիչը և նույնանուն հուշարձանները հայ արվեստի մեջ։ Երուսաղեմ, 1937 թվականին, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության։ Պրակ Ա-Ե, Տիրացու Հովհաննես, Նկարիչ ԺԸ դարում («Գեղարվեստ» 1917 № 6) և այլն[1]։ Հովսեփյանը հայագետ Նիկողայոս Մառի հետ մասնակցել է հնագիտական պեղումների (Գառնի, Արագած, Անի), նշանակալի գործ կատարել պատմահնագիտական և ճարտարագիտական հուշարձանների ուսումնասիրման բնագավառում: Հովսեփյանիմատենագիտական բնույթի գործերը նվիրված են Մխիթար Սասնեցուն (1899), Խոսրովիկ թարգմանչին (1899), Թովմա Մեծոփեցուն (1914), Մխիթար Այրիվանեցուն (1930) և այլոց: Հավաքել և գրի է առել բանահյուսության զանազան նմուշներ («Փշրանքներ ժողովրդական բանահիւսութիւնից, 1892), այդ թվում և «Սասնա ծռեր» դյուցազնավեպի նոր տարբերակներ (1892): Արևմտահայ գաղթականության տարազի, նիստուկացի, սովորույթների հիման վրա կազմել է ազգագրական նյութերի ժողովածու (1917): Հետազոտել է հայ հնագիտությունն ու գրչության արվեստը («Գրչութեան արուեստը հին հայոց մէջ», 1913), տվել գրչության կենտրոնների համառոտ պատմությունը, քննել հայ գրի ընդհանուր զարգացումը 5-15-րդ դարեր: Կազմել է մինչև 1250 թվականը գրված հայկական ձեռագրերի 459 հիշատակարան («Յիշատակարանք ձեռագրաց», 1951): Առանձնակի արժեք ունեն հայ մանրանկարչության ակունքներին, առանձին ծաղկողներին նվիրված աշխատությունները («Մանրանկարչութեան արուեստը հայոց մէջ», 1902, «Հեթում Ա-ի նկարազարդ Ավետարանի մնացորդները» և այլն): Երկար տարիների նրա աշխատանքն ամփոփվել է «Քարտեզ հայ մանրանկարչության» աշխատությունում (անտիպ): Հովսեփյանի աշխատությունները լույս են տեսել ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն և այլ լեզուներով[2][3]:

ԱնդամակցությունԽմբագրել

  • Հայաստանի գիտությունների ինստիտուտի (Վաղարշապատ) գիտնական անդամ (1921):
  • Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության Կովկասյան բաժանմունքի իսկական անդամ (1902):
  • Ս. Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության իսկական անդամ (1902):

ԵրկերԽմբագրել

  • Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից, աշխատություն, Թիֆլիս, 1892:
  • Համառօտ գիտելիք հնագրական ալբոմի գործածութեան համար: Հովսեփյան Գարեգին Կարապետի, Վաղարշապատ, տպ. Ս. Էջմիածնի, 1902:
  • Խոսրովիկ թարգմանիչ և երկասիրությունք նորին, աշխատություն, Թիֆլիս, 1903:
  • Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան և կաթողիկոսական ընտրություն, աշխատություն, Թիֆլիս, 1911:
  • Գրչության արվեստը հին հայոց մեջ, աշխատություն, Վաղարշապատ, 1913:
  • Թովմա ՄեծոՓեցու կյանքը, Վաղարշապատ, 1914:
  • Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ. պատմագիտական ուսումնասիրություն,աշխատություն, 1928-1944:
  • Սասմա ծռեր, աշխատություն, Երևան, 1932:
  • Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, աշխատություն, 1935-1951:
  • Հավուց թառի ԱմենաՓրկիչը և նույնանուն հուշարձաններ հայ արվեստի պատմության մեջ, Երուսաղեմ, 1937:
  • Նիւթեր եւ ուսումնասիրութիւններ հայ արուեստի եւ մշակոյթի պատմութեան: Հովսեփյան Գարեգին Կարապետի, Նիւ Եորք, Ա. հ., 1944:
  • Դեպի լույս և կյանք. քարոզներ, գրականգեղարվեստական և իմաստասիրական հոդվածներ, աշխատություն, Անթիլիաս, 1947:
  • Հիշատակարանք ձեռագրաց, աշխատություն, Անթիլիաս, 1951:
  • Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ. 1-2, Երևան, 1983-1987:

ԳրականությունԽմբագրել

  • Օ շ ա կ ա ն Հ., Արևելահայ բանասիրությունը և էջմիածին. Գարեգին կաթողիկոս Հովսեփյան, Անթիլիաս, 1948:
  • Աճառյան Հ., Գարեգին կաթողիկոս Հովսեփյանն իբրև հայ հնագրության մեծ վարպետ, «էջմիածին», 1952, № 7:
  • Քոլանջյան Ս., Հայ ձեռագրագիտության մեծանուն վաստակավորը, «Էջմիածին», 1962, № 6-8:
  • Հարությունյան Ս. Բ., Գարեգին Հովսեփյանը որպես բանագետ, ՊԲՀ, 1968, № 1:
  • Ղազարյան Մ., Հայ արվեստի երախտավոր Գարեգին արք. Հովսեփյան, «Էջմիածին», 1979, № 5:
  • Ոգուն չապավինելու արդյունքը (Կարսի անկումը 1920 թվականի հոկտեմբերի 30-ին, Գարեգին Արք. Յովսէփեանցի յուշագրութիւնը եւ փաստաթղթեր), Երևան, 2002:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. «ԳԱՐԵԳԻՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ»։ ysu.am։ Վերցված է 2019-07-28