Բանգլադեշի աշխարհագրություն
Բանգլադեշ, պետություն Հարավային Ասիայում, գտնվում է արևելյան երկայնության 88°00' և 92°53' միջօրեականների, և հյուսիսային լայնության 20°30' և 26°45' զուգահեռականների միջև։ Հիմնականում զբաղեցնում է Գանգեսի (Պադմա), Բրահմապուտրայի (Ջամունա), Մեղնա գետերի միջագետքը և դելտայի շրջանը։ Արևելքում և հյուսիս-արևելքում տարածքը լեռնային է, իսկ Բենգալյան ծոցի առափնյա շրջաններում՝ հարթավայրային և ցածրադիր։
Բանգլադեշի աշխարհագրություն | |
---|---|
Տեսակ | աշխարհագրական դիրքի աշխարհագրություն |
Երկիր | Բանգլադեշ |
Բանգլադեշի մակերեսը մոտ 147610 կմ² է, որի 91%-ը կազմում է ցամաքային, իսկ 9%-ը՝ ջրային տարածքը։ Հյուսիսից հարավ ձգվածությունը 820 կմ է, արևմուտքից արևելք՝ 600 կմ։ Արևմուտքում, հյուսիսում և արևելքում սահմանակցում է Հնդկաստանին՝ մոտ 4142 կմ, արևելքում Մյանմային՝ 271 կմ։ Հարավում ափերը ողողում են Բենգալյան ծոցի ջրերը և Հնդկական օվկիանոսը։ Ափագծի երկարությունը 580 կմ է։ Տերիտորիալ ջրերի լայնությունը 12 ծովային մղոն է կամ 22 կմ, տնտեսական գոտին՝ 200 ծովային մղոն կամ 370 կմ։
Բանգլադեշի տարածքի մոտ 79%-ը հարթավայրային է, իսկ 21%-ը՝ լեռնային։ Լեռները զբաղեցնում են երկրի կենտրոնական և հյուսիս-արևմտյան շրջանները, որտեղ առանձին բարձրացումների տեսքով առանձնանում են 600-900 մ բարձրության մի քանի բլուրներ։ Հարավ-արևելքում ձգվում են բավականին մասնատված Լուշայի և Չիտագոնգի լեռները՝ Ռենգ-Թլանգ գագաթով (957 մ)։ Երկրի ամենաբարձր կետը Կեոկրադոնգ լեռն է՝ 1230 մ։
Կլիման արևադարձային մուսոնային է, բնորոշ են սեզոնային առատ անձրևները, տարվա ընթացքում բարձր ջերմաստիճանը և բարձր խոնավությունը։ Ամառային խոնավ սեզոնին հաճախ են ջրհեղեղները, փոթորիկներով ուղեկցվող ցիկլոնները, որոնք մեծ վնաս են հասցնում գյուղաատնտեսությանը։
Երկրում զարգացած է հողագործության ինտենսիվ ուղղությունը։ Հիմնական մշակաբույսը բրինձն է, տարեկան ստանում են 2-3 բերք։ Վերջին տարիներին բարձր է ուրբանիզացման տեմպը՝ պայմանավորված արդյունաբերության և աառևտրի զարգացման հետ։ Արագ զարգացող ճյուղերից են հագուստի և ծովախեցգետնի արտադրությունն ու արտահանումը։ Արագ զարգանում է դրամաշրջանառությունը՝ բենգալական սփյուռքի և երկրի միջև։
Ֆիզիկական աշխարհագրություն
խմբագրելԲանգլադեշի մակերևույթի ձևերը բազմազան չեն։ Այստեղ առանձնացնում են ռելիեֆի երկու հիմնական ձևեր՝
- դաշտավայրային և ցածրադիր արևմուտք, որը հորդացումների և վարարումների ժամանակ պարբերաբար ողողվում է Գանգեսի, Բրահմապուտրայի, Մեղնայի և նրանց վտակների ջրերով։
- բլրապատ և լեռնային արևելք, որը մասնատվել է լեռնային արագահոս գետերով։
Ամենամեծ հարթավայրը Բենգալյան կամ Ստորին Գանգեսի դաշտավայրն է, որի մասն է կազմում Բանգլադեշի դաշտավայրը։ Դաշտավայրն ունի թեքություն դեպի հարավ՝ 105 մ բարձրությունից աստիճանաբար հասնելով 10 մ բարձրության։ Ծայր հարավային մասն ունի մոտ 0 մ բացարձակ բարձրություն։ Նման ցածր դիրքի և մակերևույթը հատող բազմաթիվ հարթավայրային գետերի շնորհիվ ջրհեղեները դարձել են պարբերական, և համարվում են տարածքի գլխավոր ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունը։ Չնայած, որ ջրածածկ է տարածքի մոտ 9%-ը, խոնավ սեզոնին այն ավելի է ընդարձակվում։ Հարթավայրային տարածքի 80%-ի հիմքը կազմում են գետաբերուկները, ինչի շնորհիվ այստեղ հնարավոր է զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը։
Բենգալյան դաշտավայրը հարավ-արևելքում եզրավորվում է Չիտագոնգի, հյուսիս-արևելքում՝ Սիլհետի բլրաշարքերով։ Չիտագոնգի բլրաշարքը ամենաերկարն է, ձգվում է Բանգլադեշ-Մյանմա-Հնդկաստան սահմանի երկայնքով։ Բլրաշարքը նեղ է՝ մոտ 36 մ լայնությամբ, և 600-900 մ միջին բարձրությամբ։ Առավելագույն բարձրության հասնում է հարավ-արևելքում՝ 1052 մ։ Սիլհետի բլրաշարքն ավելի ցածր է, տեղ-տեղ վեր են խոյանում բարձրավայրային առանձին հատվածներ։ Չիտանգոնգի բլրաշարքից արևմուտք տարածվում է 200-350 մ բացարձակ բարձրության Բանգլադեշի ընդարձակ դաշտավայրը։
Խոնավ կլիմայի և բերրի հողերի շնորհիվ, Բանգլադեշի դաշտավայրի 67%-ը զբաղեցնում են մշակովի հողերը։ Բազմամյա մշակաբույսերի հողահանդակները զբաղեցնում են տարածքի 2%-ը, արոտավայրերը և մարգագետինները՝ 4%-ը, իսկ անտառապատ տարածքները՝ 16%-ը։ Անտառները հիմնականում ունեն արդյունագործական նշանակություն։ Բարձրորակ փայտանյութի, բամբուկի և շաքարեղեգի արտահանման ծավալով Բանգլադեշն աշխարհում առաջատարներից է։ Բամբուկն աճում է գրեթե ամենուրեք, սակայն բարձրորակ փայտանյութ ունի միայն միջլեռնային գոգավորություններում աճող տեսակը։ Կաուչուկատու հևեայի մշակությունը սկսել են դեռևս 1980-ականներից, իսկ կաուչուկի արտադրությունը՝ 1990-ականների վերջից։
Անտառային գոտին ունի հարուստ կենդանական աշխարհ։ Ամենահայտնի տեսակը Սունդարբանի շրջանի էնդեմիկ թագավորական բենգալյան վագրն է[1]։
Հասարակական աշխարհագրություն
խմբագրելԲնակչության ուրբանիզացիայի մակարդակը ցածր է, բայց բարձր է ուրբանիզացման տեմպը։ Բնակչության սոցիալական կազմում դեռևս գերակշռում են գուղատնտեսությամբ զբաղվողները։ Սակայն, ըստ տնտեսական կանխատեսումների, ապագայում նրանք կկազմեն ընդհանուր բնակչության 30%-ը։ Բանգլադեշը համարվում է երկրագնդի խտաբնակ տարածաշրջաններից մեկը։ Առավել խտաբնակ են Դաքքայի և Կոմիլի շրջանները։ Ավելի նոսրաբնակ են Սունդարբանը, Չիտագոնգ-Հիլ-Թրակթսը և Մյանմայի սահմանամերձ գոտին, քանի որ համընկնում են բենգալյան վագրի տարածման արեալի հետ, ինչը մեծ վտանգ է ներկայացնում բնակչության համար։
Կլիմա
խմբագրելԲանգլադեշի կլիման արևադարձային մուսոնային է՝ հստակ արտահայտված խոնավ և չոր սեզոններով։ Հարթավայրային մակերևույթի պատճառով կլիմայական տարբերություններ գրեթե չկան։ Բացառություն է կազմում միայն հյուսիսային նախալեռնային գոտին, որտեղ բնորոշ է խոնավ մերձարևադաձային կլիման։ Ըստ օդերևութաբանական տվյալների, Բանգլադեշում առանձնացնում են 4 սեզոն՝
- մեղմ և հով ձմեռ՝ դեկտեմբերից փետրվար
- շոգ և տաք կամ նախամուսոնային ամառ՝ մարտից մայիս
- մուսոնային՝ հունիսից սեպտեմբեր
- հետմուսոնային աշուն՝ հոկտեմբերից նոյեմբեր[2]։
Առավելագույն միջին ջերմաստիճան դիտվում է ապրիլին՝ 38- 41 °C, նվազագույն միջին ջերմաստիճան դիտվում է հունվարին՝ 16–20 °C ցերեկը և 10 °C գիշերը։ Ցածր ջերմաստիճանները՝ 6-8 °C, Բանգլադեշի համար անսովոր են և բավականին ցածր։ Դա է պատճառը, որ անապահով թաղամասերում, նման եղանակային պայմանների դեպքում, հաճախ դիտվում են մահացության դեպքեր՝ համապատասխան տաք հագուստի և բնակարանային բարենպաստ պայմանների բացակայության պատճառով[3][4][5]։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բանգլադեշ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | |
միջին առավելագույնը (°C) | 26 | 29 | 31 | 32 | 32 | 32 | 31 | 31 | 32 | 32 | 30 | 27 | |
միջին ջերմաստիճանը (°C) | 25 | 28 | 32 | 33 | 33 | 32 | 32 | 32 | 32 | 31 | 29 | 26 | |
միջին նվազագույնը (°C) | 15 | 18 | 22 | 25 | 26 | 26 | 26 | 26 | 26 | 25 | 22 | 17 | |
տեղումների քանակը (մմ) | 10 | 30 | 58 | 155 | 283 | 379 | 334 | 302 | 233 | 150 | 40 | 9 | |
Աղբյուր՝ http://hikersbay.com/ |
Ձմռանը տիրապետում են հյուսիսային և հյուսիս-արևմտյան քամիները, որոնց արագությունը հյուսիսային լեռնային շրջաններում հասնում է 1-3կմ/ժ, իսկ կենտրոնական շրջաններում՝ 3-6կմ/ժ արագության։ Մարտից մայիս ամիսներին հաճախակի են փոթորիկները և ամպրոպը։ Ամռանը և մուսոնային սեզոնին փոթորիկները հասնում են առավելագույն ուժգնության և արագության՝ 60-160 կմ/ժ։ Սրանց ազդեցությամբ առաջացած 6 մետրանոց ալիքները ցամաքում և առափնյա գոտում մեծ ավերածությունների հիմնական պատճառն են։
Բնական աղետները մեծ վնաս են հասցնում Բանգլադեշի տնտեսությանը։ Առափնյա գոտու գյուղատնտեսական շրջանները ամեն տարի ենթարկվում են արևադարձային ցիկլոնների, բարձր ալիքների, ջրհեղեղների, մակընթացային բարձր ալիքների և դրանց առաջացրած հեղեղումների կործանիչ ազդեցությանը։ 1947-1988 թվականներին Բանգլադեշում գրանցվել են 13 ուժեղ ցիկլոններ, որոնք պատճառ են մարդկային և նյութական մեծ կորուստների։ Հայտնի է 1985 թվականի մայիս ամսին, Բանգլադեշի հարավ-արևելյան և հարավային շրջաններում գրանցված ցիկլոնը, որը շարժվելով 154կմ/ժ արագությամբ, առաջացրել էր 4մ բարձրության ալիքներ։ Առաջացած մակընթացային ալիքից զոհվել է 11000 մարդ, ևս 94000-ը մնացել են անօթևան։ Գյուղատնտեսությունը ևս մեծ վնաս էր կրել. 135000 գլուխ խոշոր եղջերավորներ և 400 կմ լայնության շերտով հողատարածքները մնացել էին ջրի տակ։ Հաճախ են պտտահողմերը, որոնցից հայտնի է 1989 թվականի ապրիլի պտտահողմը, որին զոհ են դարձել ավելի քան 600 մարդ։
Բանգլադեշում նոր են ձևավորվում համապատասխան անվտանգության համակարգեր, արտակարգ իրավիճակների վարչություններ, որոնք մարդկանց կարող են նախազգուշացնել մոտեցող վտանգների մասին։ 1980-ական թվականներին երկրում ձևավորվեց համապատասխան ենթակառուցվածք, օդային ճանապարհով տարհանում կազմակերպելու հնարավորության համար։ 1985-1990-ական թվականների հնգամյա պլանով նախատեսվում էր ստեղծել օդերևութաբանական կայաններ և ծառայություններ, որոնք օգտագործելով կլիմայական, օվկիանոսագիտական, հիդրոլոգիական, սեյսմիկ և օդերևութաբանական տվյալները, կկատարեին արագ և ճիշտ կանխատեսում՝ նվազեցնելով կորուստի չափերը։ Այժմ այդ ծրագրերն իրականացվում են ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ համագործակցության շնորհիվ։
Ներքին ջրեր
խմբագրելԲանգլադեշում գետերը բավականին շատ են։ Այստեղ հաշվում են մոտ 700 գետ և գետակ, որոնց մեծ մասը հոսում են հյուսիս հարավ ուղղությամբ[6]։ Առավել խոշոր գետերն ապահովում են բնակչությանը խմելու, իսկ գյուղատնտեսությանը՝ ոռոգման ջրով և ձկնամթերքով։ Քանի որ երկրի տարածքը հիմնականում հարթավայրային է, գետերի մեծ մասն ունեն տրանսպորտային նշանակություն։ Ջրհեղեղների ժամանակ գյուղատնտեսական հողահանդակները մնում են ջրի տակ, սակայն կուտակված գետաբերուկների շնորհիվ հողը հարստանում է օրգանական նյութերով՝ բարձրացնելով հողի բերրիությունը։ Բացի այդ, մուսանային անձրևներից հետո տարածքի գերխոնավացման խնդիրը լուծվում է գետերի միջոցով ջրահեռացման ճանապարհով։
Առանձնացնում են 5 գետային համակարգեր[7]՝
- Ջամունա-Բրահմապուտրա գետային համակարգ, երկարությունը 292 կմ, սկիզբ է առնում Տիբեթի բարձրավանդակից՝ Յարլունգ Ցանգպո անունով(Չինաստանի Սիզանգ նահանգ), հոսում է Հնդկաստանի Արունաչալ-Պրադեշ նահանգով՝ ստանալով Բրահմապուտրա անունը (Բրահմայի որդի)։ Ունի 12 խոշոր վտակ՝
- ձախակողմյան՝ Նաու, Չորտա-Ցանգպո, Ռագա-Ցանգպո, Ջիչու, Ջամդա, Լուհիտ, Կապիլի
- աջակողմյան՝ Նյանգչու, Սուբանսիրի, Բհարելի (Կամենգ), Մանաս, Թիսթա։
Թիսթային միանալուց հետո գետը կոչվում է Ջամունա։ Ջամունան հայտնի է տիղմի կուտակումից գետահովտում առաջացած կղզիներով՝ չարսերով, և ճահճային դաշտավայրով, որի պատճառով ափամերձ գոտում մշտական բնակչությունը բացակայում է։
- Պադմա-Գանգես գետային համակարգ, որտեղ մայր գետի երկարությունը 258 կմ է։ Գանգեսի դելտայի կենտրոնական հատվածում, իր մեջ թափվող հարյուրավոր գետերով և գետակներով, Պադման առաջացնում է 2100 կմ ձգվածության գետային համակարգ։ Դաքքայից արևմուտք միանում է Ջամունա գետին, իսկ Մեղնա գետի միջոցով՝ Չանդպուր գետին։
- Սուրմա-Մեղնա գետային համակարգ, որը հոսում է հյուսիս-արևելյան սահմանի մոտից մինչև Չանդպուր գետի շրջանը, որտեղ միանում է Պադմա գետին։ Ունի 669 կմ ձգվածություն, Բանգլադեշի ամենաերկար գետն է։ Խոշոր վտակներն են Բարաքը, Սուրման և Սեղնան։
- Պադմա-Մեղնա գետային համակարգ, որն ունի 145 կմ երկարություն և թափվում է Բենգալյան ծոց։ Այս համակարգը ջուր է մատակարարում մոտ 1.5 մլն կմ² մակերեսով տարածքի և հանդիսանում է Գանգեսի գետաբերանի մի մասը։
- Կարնաֆուլի գետային համակարգ, ունի 420 կմ երկարություն, կապված չէ մյուս գետային համակարգերի հետ։ Այն սկիզբ է առնում Չիտագոնգի տարածքից, հոսում է Չիտագոնգի բլրապատ հարթավայրով և հարավ-արևմուտքում թափվում է Ֆենի ծով։ Խոշոր վտակներն են Սանգուն և Մատամուպարին։ Այստեղ են գտնվում Չիտագոնգի նավահանգիստը՝ Կարնաֆուլի գետի ափին, Կարնաֆուլի ջրամբարը, որի վրա կառուցվել է համանուն ջրէկ-ը։
Գանգես-Բրահմապուտրա ավազանի գետերը ջրառատ են։ Համակարգի գետերի ծախսը կազմում է 140000 մ³/վ, տարեկան հոսքը՝ 1000 միլիոն տոննա։ Չոր սեզոնին գետերն ավելի սակավաջուր են, ծախսը կազմում է 7000 մ³/վ։ Բանգլադեշում սովորել են օգտագործել գետերի վարքի ռեժիմներն՝ ի օգուտ գյուղատնտեսության։ Մասնավորապես, գյուղատնտեսական հողահանդակների մոտ 60%-ը կամ 91000 կմ² տարածք, մշակում են խոնավ սեզոնին՝ անտեսելով ջրհեղեղումների վտանգը։ Իսկ մնացած 40%-ը մշակում են չոր սեզոնին՝ ոռոգման շնորհիվ:։ Այսպիսով, գետերի մեծ համակարգը միաժամանակ համարվում է երկրի տնտեսության զարգացման հիմնական ռեսուրսը և ամենամեծ վտանգը։
Բնապահպանական հիմնախնդիրներ
խմբագրելԲնապահպանական հիմնախնդիրներից Բանգլադեշի համար առաջնային են համարվում կլիմայական փոփոխությունները[8][9]։ Ըստ Կլիմայական ռիսկերի ինդեքսի՝ անգլ.՝ Germanwatch, 2020 թվականի զեկույցի, 1999-2018 թվականներին կլիմայական աղետներից առավել տուժած երկրների ցանկում Բանգլադեշը զբաղեցրել է յոթերորդ տեղը[10] : Կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ Բանգլադեշի խոցելիությունը պայմանավորված է այնպիսի աշխարհագրական գործոններով, ինչպիսին են հարթ և ցածրադիր ռելիեֆը, խոնավ կլիման, ռելիեֆի ձևերի միատարրությունն ու բարձրությունների քիչ տարբերությունը։ Դրա պատճառով դելտայի շրջանը դառնում է բաց և ջրի ներթափանցումից չպաշտպանված տարածք։ Սոցիալ-տնտեսական գործոնները ևս մեծ ազդեցություն ունեն։ Դրանք ներառում են բնակչության բարձր խտությունը, աղքատության մակարդակը և գյուղատնտեսությունից կախվածությունը[11]։
Բնապահպանական առաջնային հիմնախնդիրներից են նաև հաճախակի բնական աղետները, ենթակառուցվածքների բացակայությունը, բնակչության բարձր խտությունը (166 միլիոն մարդ, որոնք ապրում են 147610 կմ² տարածքում), գյուղատնտեսության արագ զարգացումը և սոցիալական անհավասարությունը մեծացնում են երկրի խոցելիությունը ներկայիս փոփոխվող կլիմայական պայմանների նկատմամբ։ Գրեթե ամեն տարի երկիրը մեծ վնասներ է կրում այնպիսի աղետներից, ինչպիսին են ցիկլոնները, ջրհեղեղները և էրոզիան։ Վերոնշյալ անբարենպաստ իրադարձությունները դանդաղեցնում են երկրի զարգացումը, ինչի արդյունքում տուժում են սոցիալ-տնտեսական և էկոլոգիական համակարգերը[12]։
Ըստ կանխատեսումների կլիմայական փոփոխությունների պատճառով Բանգլադեշի տարածքում բնական աղետները կշարունակեն աճել՝ կապված տեղումների տարեկան քանակի ավելացման, ծովի մակարդակի բարձրացման և արևադարձային ցիկլոնների հետ։ Դրան զուգահեռ կմեծանան գյուղատնտեսության, ջրի և սննդի անվտանգության, մարդկանց առողջության պահպանման և բնակարանով ապահովման խնդիրները։ Կանխատեսվում է, որ Բանգլադեշի առափնյա շրջաններում, արդեն 2050 թվականին ջրի մակարդակը կբարձրանա 0.30 մետրով, իսկ 2100 թվականին՝ 0.74 մետր։ Դրա արդյունքում հարկադրված ձևով կտեղահանվի 0.9 միլիոնից մինչև 2.1 միլիոն մարդ[13]։
Բանգլադեշի տարածքին բնորոշ մյուս հիմնախնդիրներից նաև կարելի է առանձնացնել այն, որ.
- Բանգլադեշը խիտ բնակեցված է (1,125 մարդ / կմ²), ինչով էլ պայմանավորված են սննդի, բնապահպանական, կառուցապատման, քաղցրահամ ջրի, առողջապահական, քաղաքային աղմուկի և այլ հիմնախնդիրները
- միլիոնավոր գյուղացիներ սեփական հողատարածք չունեն, շատերն ապրում են գետերի ողողատային շրջաններում ու մշակում ջրհեղեղների, ափամերձ էրոզիայի կամ ցիկլոնների ազդեցությանը ենթակա հողերը
- խմելու ջրի և ոռոգման համար օգտագործվող ստորերկրյա ջրերը հաճախ աղտոտված են բնական մկնդեղով
- ջրով փոխանցվող հիվանդությունները բավականին տարածված են
- գյուղատնտեսական և քաղաքային բնակավայրերում մակերևութային ջրերը աղտոտվում են կենցաղային հոսքաջրերով և թափոններով, գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի անհավասարակշիռ օգտագործման հետևանքով իջնում է խմելու ջրի որակը, ինչը որպես արդյունք ազդում է նաև գետային ձկնորսության վրա
- երկրի հյուսիսային և կենտրոնական որոշ շրջաններում քաղցրահամ ջրերը սակավ են՝ ստորերկրյա ջրերի մակարդակի անկման պատճառով
- հողերի աղակալումը և ջրի որակի վատթարացումը տարածված երևույթ են՝ պայմանավորված հանքային նյութերով հարուստ գետաբերուկների և ստորերկրա ջրերի մակարդակի բարձրացման հետ
- հողերը էրոզացված են՝ պայմանավորված ինտենսիվ հողագործության արագ զարգացմամբ և անտառահատումներով։
Բանգլադեշի կառավարությունը ձեռնարկել է բազմաթիվ միջոցառումներ, ստեղծել ենթակառուցվածքներ (օդերևութաբանական և սեյսմիկ կայաններ, փրկարարական ծառայություններ), համագործակցում է միջազգային կառույցների հետ՝ բնապահպանական հիմնախնդիրները նվազեցնելու և բնական աղետների կանխատեսման և կանխարգելման նպատակով[14][15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Бангладеш – информация о стране, история, достопримечательности, виза». bigasia.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Climate of the World: Bangladesh». www.weatheronline.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
{{cite web}}
: Text "weatheronline.co.uk" ignored (օգնություն) - ↑ «Cold Wave Kills 102 People in Bangladesh». Los Angeles Times. 1995 թ․ հունվարի 6. էջ 6. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին. «Temperatures plunged to 39 degrees this week in northern Bangladesh, killing people too poor to afford jackets or sweaters. It was the lowest temperature recorded in Bangladesh since 1964, when the temperature dropped to 38 degrees.»
- ↑ «33 in Northern Bangladesh Are Reported Killed by Cold». The New York Times. Associated Press. 1989 թ․ դեկտեմբերի 29. էջ A3. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին. «A cold wave in normally tropical northern Bangladesh has killed at least 33 people in the last week, a newspaper reported today. Temperatures in the region have hovered around 42 °F (6 °C) since Monday, and the newspaper said the victims were laborers and other poor people who were unable to protect themselves from the cold.»
- ↑ «Hundreds Dead in Bangladeshi Cold Spell». The Washington Post. 1998 թ․ հունվարի 6. էջ A14. «In northern Bangladesh, temperatures dipped to 46 degrees Sunday, the Independent newspaper said. Although the temperature was above freezing, it was cold enough to kill people in tropical Bangladesh, where half the population of 120 million people can't afford enough food or warm clothes.»
- ↑ bdnewsnet.com, Newsroom 🔴 (2018 թ․ ապրիլի 21). «River of Bangladesh - 🔴 bdnewsnet.com» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Bangladesh - River Systems». countrystudies.us. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Kulp, Scott A.; Strauss, Benjamin H. (2019 թ․ հոկտեմբերի 29). «New elevation data triple estimates of global vulnerability to sea-level rise and coastal flooding». Nature Communications. 10 (1): 4844. Bibcode:2019NatCo..10.4844K. doi:10.1038/s41467-019-12808-z. ISSN 2041-1723. PMC 6820795. PMID 31664024.
- ↑ «Report: Flooded Future: Global vulnerability to sea level rise worse than previously understood». climatecentral.org. 2019 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Kreft, Sönke; David Eckstein, David; Melchior, Inga (2019 թ․ դեկտեմբեր). Global Climate Risk Index 2020 (PDF). Bonn: Germanwatch e.V. ISBN 978-3-943704-77-8. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Ayers, Jessica; Huq, Saleemul; Wright, Helena; Faisal, Arif M.; Hussain, Syed Tanveer (2014 թ․ հոկտեմբերի 2). «Mainstreaming climate change adaptation into development in Bangladesh». Climate and Development. 6 (4): 293–305. doi:10.1080/17565529.2014.977761. ISSN 1756-5529.
- ↑ «Bangladesh Population 2018 (Demographics, Maps, Graphs)». worldpopulationreview.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Bangladesh Climate Change Strategy and Action Plan, 2008 (PDF). Ministry of Environment and Forests Government of the People's Republic of Bangladesh. 2008. ISBN 978-984-8574-25-6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Bangladesh Delta Plan 2100 | Dutch Water Sector». www.dutchwatersector.com (հոլանդերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Bangladesh Delta Plan (BDP) 2100