Հնդկեղեգ, բամբուկ (Bambusa), հացազգիների ընտանիքի բամբականմանների ենթաընտանիքի բազմամյա, սակավադեպ միամյա բույս։ Ցողունը ծղոտի նման է, հանգույցներով և միջհանգուցային տարածություններով, բարձրությունը հասնում է մինչև 40 մ, տրամագիծը՝ 30 սմ։ Տերևները կարճ կոթունավոր են, ապրում են մեկ կամ մի քանի տարի։ Ցողունները գագաթնային մասում լավ ճյուղավորվում են, որի հետևանքով բույսը ծառի տեսք է ընդունում։ Ծաղիկները երկսեռ են, սովորաբար 6-առէջքանի։ Բնի արտաքին թաղանթի ամրության, միջնորմների առկայության, ներսի կողմից խողովակաձև դատարկության շնորհիվ հնդկեղեգը իր կշռի համեմատությամբ շատ ամուր է։ Ծլելուց հետո այն աճում է զարմանալի արագությամբ՝ մեկ շաբաթում հասնելով մի քանի մետր բարձրության։ Հնդկեղեգը սկզբում սլաքի նման ձգվում է վերև և աստիճանաբար բարակում, իսկ ամենաբարձր մասում ճյուղերի ու տերևների ծանրության տակ աղեղնաձև թեքվում դեպի ցած։ Բույսն աճում է բարձրադիր մասերում, որոշ տեսակներ՝ նաև գետերի ափերին։ Հնդկեղեգի հողից դուրս եկող ծղոտացողունի ծայրերը շատ սուր են ու կարծր, դրանք հեշտությամբ ծակում են ամենաամուր հողը, դուրս գալիս մակերես։ Հայտնի է հնդկեղեգի մոտ 600 տեսակ՝ տարածված առավելապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, հիմնականում՝ Հարավ-Արևելյաև Ասիայում, Մալայան կղզեխմբում։ Ամերիկայում և Աֆրիկայում համեմատաբար քիչ է աճում։

Հնդկեղեգ

Հնդկեղեգն ամենուրեք ունի լայն կիրառություն։ Փայտացած խոշոր ցողուններից կառուցում են տներ, կամուրջներ, պատրաստում են ջրմուղի խողովակներ, կահույք, զամբյուղներ, վարագույրներ։ Երիտասարդ ընձյուղներն ու սերմերն օգտագործվում են սննդի մեջ։ Հնդկեղեգի որոշ տեսակների միջուկը պարունակում է քաղցր հյութ՝ հնդկեղեգնաշաքար։

Պատմություն խմբագրել

Հնդկեղեգը տարածված է Ճապոնիայում, Չինաստանում, Հնդկաստանի հյուսիսային շրջաններում։ Սակայն այն ավելի փարթամ աճում է միայն արևադարձային գոտու հասարակածային շրջաններում։ Հնդկեղեգը առաջին անգամ Եվրոպա է բերվել 1827 թվականին, սակայն մինչև այժմ էլ այդ աշխարհամասում այն չունի տնտեսական նշանակություն։ Բամբուկից պատրաստված զենքը օգտագործում են նաև աշխարհի մյուս ժողովուրդները․ տիբեթցիները անգլիական զորքերի դեմ կռվում էին բամբուկի թնդանոթներով։ 1904 թվականի ռուս–ճապոնական պատերազմի ժամանակ ճապոնացիները Պորտ–Արտուրի վրա գրոհելիս օգտագործել են հնդկեղեգի զենքեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական հեծելազորի որոշ տեսակները զինված էին հնդկեղեգի նիզակներով։ Բնիկները պատրաստում են ցանկացած երկարության և բարձրանալու համար շատ հարմար աստիճան, որի միջոցով ծառերի կատարներից իջեցնում են վայրի մեղուների փեթակները։ Սումատրա կղզու Պալեմբան քաղաքում կան փողոցներ՝ լողացող տներով, որոնք կառուցված են հնդկեղեգի խրձերից։ Մալայայի Լոմբոկ և Սուլավեսի կղզիներում շինարարական անտառանյութի թանկության պատճառով տները կառուցում են հնդկեղեգից։ Կալիմանատու կղզու գետերի և ձորերի վրա բամբուկից կառուցվում են կախովի կամուրջներ։ Հմուտ արհեստավորները բամբուկից պատրաստում են գեղեցիկ քամհարներ ու սրնգափողեր։ Տեղացիները հնդկեղեգից պատրաստում են թեթև և ամուր նավեր։ Վրաստանի մերձարևադարձային շրջաններում մշակվում է բամբուկի մի քանի տասնյակ տեսակ։ Բամբուկի այդ տեսակները լավ աճում են, երբ ջերմաստիճանը չի իջնում 18 °C–ից, իսկ տեղումները հասնում են 1200-1500 մմ։ Մեր հանրապետությունում հնդկեղեգի մշակման համար համեմատաբար նպաստավոր պայմաններ ունեն Իջևանի, Նոյեմբերյանի, Մեղրիի շրջանները։

Կիրառություն խմբագրել

Փայտանյութի բացառիկ ամրության, թեթևության, գեղեցիկ տեսքի համար բամբուկը բազմատեսակ կիրառություն ունի ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում։ Այն մեծ չափով օգտագործվում է դահուկային հենափայտերի, լեռնագնացների ցուպերի, կարթաձողերի, ձեռնափայտերի, ռադիոկայմերի, աստիճանների, ջերմատների, նաև վահանների արտադրության համար։ Թեյագործական շրջաններում հնդկեղեգի բարակ և մանր ճյուղերից են պատրաստում թեյի տերևների հավաքման զամբյուղները, իսկ խաղողագործական շրջաններում պատրաստում են ցանկաշարեր խաղողի վազերի համար։ Հնդկեղեգը շատ լավ հումք է բարձր որակի թղթի և երաժշտական գործիքների արտադրության համար։ Այդ բույսի ցողունը կարելի է սուր դանակով կամ կացնով երկարությամբ կտրտել և բաժանել ցանկացած մեծության մասերի, որոնք լինում են չափազանց ամուր և ճկուն։ Մալայան կղզեխմբի կղզիների բնակիչները բամբուկի այդ սուր կտրվածքներից պատրաստում են նիզակների, նետերի ծայրապանակներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կ․Մ․ Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 492  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկեղեգ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկեղեգ» հոդվածին։