Բացել գլխավոր ցանկը

Անատոլի Դուրովի թանգարան

Անատոլի Դուրովի թանգարան (ռուս.՝ Музей Анатолия Дурова), կրկեսային արվեստի թանգարան, որը նվիրված է հայտնի կենդավարժ, դերասան, Դուրովների կրկեսային տոհմի ճանաչված ներկայացուցիչներից մեկին` Անատոլի Անատոլևիչ Դուրովին։ Գտնվում է Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Մտնում է Տագանրոգի գրականության և պատմաճարտարապետական պետական թանգարան-արգելոցի կազմի մեջ։

Անատոլի Դուրովի թանգարան
Durov-Museum.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ՎայրՌոստովի մարզ և Տագանրոգ
Հիմնադրված է1987
Կոորդինատներ: 47°12′32″ հս․ լ. 38°55′21″ ավ. ե. / 47.20889° հս․. լ. 38.92250° ավ. ե. / 47.20889; 38.92250

ՊատմությունԽմբագրել

Անատոլի Անատոլևիչ Դուրովը 1926 թվականին, արդեն լինելով Ռուսաստանում և արտասահմանում հայտնի կենդանավարժ, ընտանիքի (կնոջ, մոր, երկու քույրերի ու նրանց ընտանիքների) և կենդանիների հետ տեղափոխվել է Տագանրոգ։ Քաղաքում նա ձեռք է բերել երկու առանձնատուն. Շևչենկոյի փողոցի 107-րդ տունը և նույն փողոցի այլ` թիվ 111-րդ տունը։ 1928 թվականին արտիստը ողբերգաբար զոհվել է Իժևսկում։ Նրա ընտանիքը Տագանրոգում մնացել է ևս 12 տարի[1]։

ՃարտարապետությունԽմբագրել

1987 թվականին առանձնատանը բացվել է Անատոլի Անատոլևիչ Դուրովին նվիրված ցուցադրություն։ Շենքը, որտեղ տեղակայված է թանգարանը, կառուցվել է մոդեռն ոճով։ Առանձնատունը կառուցվել է 1900 թվականին։ Նրա նկարագրի մեջ առկա են նաև ավանդական ռուսական ոճի հատկանիշներ և տարրեր։ Մինչև 1915 թվականը կալվածքը պատկանել է քահանա Գ. Ֆ. Պոցելուևին, այնուհետև տունը դարձել է կոլեգիական ասեսոր Ա. Ի. Ցարենկոյի կնոջ սեփականությունը։ 1917 թվականի հեղափոխությունից առաջ առանձնատան սեփականատերն էր Օ. Լ. Մերոշնիչենկոն` Անտոն Չեխովի երիտասարդ տարիների ընկերուհի Սաշա Սելիվանովայի հարազատ քույրը, իսկ 1920 թվականին շենքն ազգայնացվել է։

Շենքի ճակատը բաժանված է երկու մասի համեստ ձևավորված տակառաձև սյուներ ունեցող ցածր կամարային խորշի տեսքով մուտքով։ Այդպիսիները հաճախ հանդիպում են ռուսական եկեղեցիներում։ Մուտքից դեպի ձախ գտնվող մեծ պատուհանը վերևից զարդարված է կամարաձև քիվով։ Պատուհանների կողքերից յուրահատուկ որմնասյուներ են։ Սոխաձև քիվի վերևում կա փոքր պատուհանով ճակտոն, իսկ նրա հետևում` սեղանաձև կատարով երկաթե ծածկ։ Շենքի երկրորդ մասը զգալիորեն փոքր է, այն փոքր-ինչ հետ է քաշված կարմիր գծից դեպի կալվածքի խորքը, ունի մեկ բարդ պատուհան։ Ճակատի անկյունը շարված է կոպտատաշ քարից։ Շենքը կառուցված է սպիտակ և կարմիր աղյուսից։ Ունենալով մոդեռնի բազմաթիվ առանձնահատկություններ` առանձնատունը, շնորհիվ փոքր չափերի և տակառաձև սյուների, ավանդական ռուսական ոճով կառուցված վերնատան տպավորություն է թողնում։ 1988 թվականին առանձնատունը վերականգնվել է[2]։

ՑուցադրությունԽմբագրել

Թանգարանի ցուցադրությունը պատմում է մեծանուն կենդանավարժի ստեղծագործական ուղու, կենդանիներին վարժեցնելու մեթոդների, արտասահմանյան բազմաթիվ շրջագայությունների, համաշխարհային ճանաչման, ինչպես նաև նրա աշակերտների և հետևորդների մասին։ «Արենա» կենտրոնական սրահի կենտրոնում գտնվում է կրկեսի ոճավորված ասպարեզ, որտեղ ցուցադրվում են Անատոլի Դուրովի «արտիստների» խրտվիլակները. կարդացող կռունկը, ջութակ նվագող կապիկը, գնչուական ռոմանսներ երգող թութակը և այլն։ Այս հարթակն առաջացնում է այցելուների հատուկ հետաքրքրությունը։ Թանգարանի սրահներից մեկում վերստեղծված է հյուրախաղերի մեկնող արտիստի մարդատար վագոնի 20-րդ դարի սկզբի ինտերիերի հատվածը, ներկայացված են Անատոլի Դուրովի անձնական իրերը։

«Կինո» սրահում ցուցադրվում է 20-րդ դարի 20-ական թվականներին արված «Կաբարե» ատրակցիոնի կինոկադրերի եզակի փաստագրական տեսագրությունը։ Թանգարանում պահվում են էկզոտիկ կենդանիների և թռչունների (ավելի քան 40 նմուշ) խրտվիլակների հավաքածուն, Դուրովի ելույթների կրկեսային վավերական ազդագրերը` «Բռնցքամարտիկ կենգուրուն», «Շների հարսանիքը», «Ջազ-բանդը», «Աղվեսն ու աքլորը», «Հեծնորդ շները» և այլն, նամակներ, քննադատների կարծիքներ, լուսանկարներ, կինոտեսագրության հատվածներ[3]։ Ապակե ցուցափեղկերում ցուցադրվում են Դուրովների ընտանիքին առնչվող փաստագրական նյութեր, առաջին հերթին` տարբեր հին լուսանկարներ[4]։

ՊատկերասրահԽմբագրել

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Музей А.А. Дурова» (ռուսերեն)։ Министерство культуры Ростовской области։ Վերցված է 2017-01-30 
  2. «Архитектура стиля модерн»։ Rostov-Region։ Վերցված է 2017-01-30 
  3. «Музей А.А. Дурова»։ Официальный портал Правительства Ростовской области։ Վերցված է 2017-01-30 
  4. «Музей А.А. Дурова. Таганрог»։ Мир путешествий։ Վերցված է 2017-01-30 

ԱղբյուրներԽմբագրել