Բացել գլխավոր ցանկը

ՊատմությունԽմբագրել

 
Չեխովի տնակը նախահեղափոխական բացիկի վրա

Տնակը կառուցվել է 1850 թվականին[1] կավակերտ աղյուսից, սվաղված է, սպիտակեցված։ Տան մակերեսը 30,5 քառ. մետր է։ Գտնվում է տագանրոգցի վաճառական Ա. Գնուտովի նախկին կալվածքի տարածքում։ Այն ժամանակներում այստեղ են գտնվել 3 տնակներ, կառքամառան և տնտեսական շինություններ։ Երրորդ գիլդիայի վաճառական Պավել Չեխովն ընտանիքի հետ բնակվում էր այս տնակում 1859 թվականի վերջից մինչև 1861 թվականի մարտ։ Ամենայն հավանականությամբ, Պավել Չեխովին գրավում էր այս տնակի վարձակալության մատչելի գինը, ինչպես նաև Պետրովյան հրապարակի հարևանությունը, որտեղ նա նպարեղենի կրպակ ուներ։ Հենց այստեղ է 1860 թվականի հունվարի 29-ին ծնվել Չեխովների երրորդ որդին` Անտոնը, ապագա մեծ գրողը։

Թանգարանի ստեղծման պատմությունԽմբագրել

Անտոն Չեխովի 50-ամյակի առթիվ, 1910 թվականին, անվանի գրող Վսեվոլոդ Գարշինի եղբոր` մանկավարժ, գրականագետ Եվգենի Գարշինի նախաձեռնությամբ տան պատին փակցվեց հուշատախտակ[2]։ Գարշինն էր նաև տնակում մշտապես գործող թանգարանի ստեղծման նախաձեռնողը։

1910 թվականի հունվարին Միխայիլ Անդրեև-Տուրկինը զեկուցում էր Չեխովյան խմբակի նիստում, որ քաղաքը որոշել է առայժմ չգնել տունը, հաշվի առնելով տանտիրուհու` տիկին Կովալենկոյի պահանջած անչափ բարձր գինը[3]։ Ըստ քաղաքի գնահատման` այդ վայրն արժեր 4500-5000 ռուբլի, մինչդեռ Կովալենկոն պահանջում էր 10000 ռուբլի։

 
ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևը Չեխովի տնակում, 2010 թվական

Գնելու որոշումը կայացվել է 1916 թվականին, բայց հետո չորս տարի, լինելով քաղաքի հաշվեկշռում որպես ապագա թանգարան, տունը վարձակալությամբ որպես բնակարան տրվում էր մասնավոր անձանց[4]։

1921 թվականին դատարկ մնացած տնակի շեֆությունը հասարակական հիմունքներով ստանձնեցին տագանրոգցի երկու ուսուցիչներ` Ելենա Կուզմենկոն և Ֆեոդոր Գուբան։ Ելենա Կուզմենկոն, 1921 թվականի ամռանը, բնակություն հաստատելով այս բակում, բարձիթողի տնակի պատին հայտնաբերել է հուշատախտակը։ Ուսուցիչները տնակը կավապատել են, սպիտակեցրել պատերը, ներկել փեղկերը։ Իմանալով թանգարան ստեղծելու մտահղացման մասին` այստեղ սկսեցին գալ մարդիկ, որոնց ճակատագրերն ինչ-որ կերպ կապված են եղել Չեխովի ընտանիքի հետ։ Նրանք հավաքածուին են փոխանցել Չեխովի գիմնազիայի` հրաշքով պահպանված առաջադիմության թերթիկը գնահատականներով, նրա շարադրությունները, եղբոր` Նիկոլայի արած նկարը։ Խոհանոցային դատարկ անկյունը լրացնելու նպատակով նույնիսկ պատրաստել են սպասքի պատճենները։

1926 թվականին տնակի մոտ առաջին անգամ ծաղկեցին քաղխորհրդի գումարով տնկված բալենիները։ Այդ ժամանակ էլ բացվեց թանգարանի առաջին ցուցադրությունը, որը պատկերում էր Անտոն Չեխովի կյանքի տագանրոգյան ժամանակահատվածը։ Գուբան և Կուզմենկոն համատեղում էին թանգարանի զբոսավարների և վարիչների պարտականությունները։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Кожевникова Е.А. Домик Чехова // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 326.
  2. Киричек М.С., Ревенко Л.В. Гаршин Евгений Михайлович // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 274.
  3. Собств. корр. В чеховском кружке // Таганрогский вестник. — 1910. — 31 янв.
  4. Вовк Е. Помним, храним... // Таганрогская правда. — 2013. — 26 сент.

ՀղումներԽմբագրել