Գեղամա լեռներ

Արարատի մարզի լեռնաշղթա
(Վերահղված է Այրիքար օյուխլուից)

Գեղամա լեռներ, հրաբխային լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի սահմանագլխին, ձգվում են Սևանա և Արարատյան գոգավորությունների միջև՝ Հրազդան գետի վերին հոսանքից սկսած գրեթե միջօրեականի ուղղությամբ մինչև Վարդենիսի լեռների արևմտյան ծայրամասը, որին հանգուցվում են Գնդասար գագաթում։ Երկարությունը՝ շուրջ 70 կմ։ Առավելագույն բարձրությունը՝ 3597 մ (Աժդահակ լեռ)[1]։

Գեղամա լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԿոտայքի մարզ, Գեղարքունիքի մարզ և Արարատի մարզ
ԼեռնաշղթաՓոքր Կովկաս
Վերջին ժայթքումմ.թ.ա. 1900 ± 1000 տարի
Բարձրություն (ԲԾՄ)3597,3 մետր
Երկարություն65 կմ
Մեծագույն գագաթԱժդահակ
Սմիթսոնիան կոդ214070

Անվանում խմբագրել

Լեռնահամակարգն ունեցել է տարբեր անվանումներ, որոնք տրվել են տեղաբնիկ հայերի և Հայաստանում հետագայում բնակություն հաստատած ժողովուրդների կողմից։ Առավել հայտնի և հին անվանումը Գեղամա լեռներն է։ Հայտնի է եղել նաև Գեղամի լեռներ, Գեղամա լեռնաշղթա, Գեղարքունյաց լեռներ անուններով։ Հետագայում թյուրքալեզու ազգերի կողմից տրվել է Ահմանգան, Ահմանկան և Ղանլը Գյոլ անունները։

Աշխարհագրություն խմբագրել

Լեռնաշղթան կենտրոնական մասում բարձրացած հիմքով լեռնավահան է, մոտ 65 կմ երկարությամբ և 35 կմ լայնությամբ, որի վրա շարված են բազմաթիվ հրաբխային կոներ, այդ թվում ամենաբարձր գագաթ Աժդահակը՝ 3597,3 մ բարձրությամբ ինչպես նաև Սևկատարը 3225,1 մ, Սպիտակասարը 3555,7 մ, Նազելին 3312 մ, Վիշապասարը 3157,7 մ, Եռակատարը 2589,6 մ, Գեղասարը 3443 մ, Ծաղկավետը 3076 մ, Մանկունքը (Մանկուվ) 2932,1 մ։ Հաճախ Գեղամա լեռնաշղթայի մեջ են մտցվում նաև Հատիս 2529,4 մ, Գութանասար 2299,6 մ, Մենակսար 2399,4 մ, Մեծ Լճասար 2393,8 մ, Փոքր Լճասար 2334,2 մ, Արմաղան 2829,1 մ և այլ հրաբխային լեռնագագաթներ, որոնք բավական հեռու են տեղադրված բուն լեռնաշղթայից։ Գեղամա լեռնաշղթայից դեպի արևմուտք է ձգվում Ողջաբերդի լեռնաբազուկը։ Գեղամա լեռնաշղթայում կան մի շարք լեռնային ոչ մեծ լճեր, այդ թվում խառնարանային։ Լճերից մեկը Աժդահակ լեռան խառնարանում է, որը սնուցվում է ձնհալով[2]։

Ռելիեֆ խմբագրել

Հիմքում կավճի ու պալեոգենի տարասեռ, մակերևույթում պլիոցենի ու անթրոպոգենի հրաբխային ապարներ են։ Ունի անհամաչափ կառուցվածք։ Արևելյան լանջերը, մեղմաթեք իջնելով, աստիճանաբար ձուլվում են մերձսևանյան լավային սարավանդներին։ Արևմտյան զառիկող լանջերն իջնում են Հրազդանի հովիտը՝ առաջացնելով նախալեռնային գոտի՝ Հատիս, Գութանասար, Մենակսար և այլ հրաբուխներով։ Ջրբաժան գոտին 2800-3000 մ բարձր, ալիքավոր սարավանդ է՝ հրաբխային կոներով (Աժդահակ, Մազազ, Սևկատար) և ժայթքման մնացորդային գմբեթներով (Սպիտակասար, Գեղասար, Գնդասար և այլն)։ Հարավ-արևմուտքում անջատվում է Ողջաբերդի սեղանաձև լեռնաճյուղը։ Հարավում բարձրադիր մասը մասնատված է գետահովիտներով ու կիրճերով։ Պահպանվել են անթրոպոգենի թարմ հրաբխային ձևերը։ Լավային հոսքերը 15-20 կմ լեզվակներով տարածվում են Ազատի, Հրազդանի, Արգիճիի գետահովիտներում՝ առաջացնելով բազմանկյուն, սյունաձև առանձնացումներ։ Լանջերին կան աղբյուրների ելքեր (Քառասունակն, Ակունք, Լիճք և այլն)։ Գութանասարի, Սպիտակասարի, Գեղասարի, Հատիսի շրջակայքում կան վանակատի և պեռլիտի պաշարներ։ Որոշ հրաբխային կոների խառնարաններ վերածվել են լճակների։ Անթրոպոգենի սառցապատումների հետքերը կառերի, տրոգների և մորենների ձևերով պահպանվել են գետահովիտների վերին մասերում։ Կլիման բարեխառն և ցուրտ լեռնային է, ամառը՝ կարճատև, զով, ձմեռը՝ ցուրտ (240-250 օր), տարեկան միջին ջերմաստիճանը նախալեռներում՝ 6-4 °C, սարավանդներում՝ 2-0 °C, գագաթին՝ -2 °C, տարեկան տեղումները՝ 500-900 մմ, ձնածածկույթի հզորությունը՝ 30-100 սմ։ Լանջերից սկիզբ են առում Ազատ, Վեդի, Արգիճի, Գավառագետ, Բախտակ և այլ գետեր։ Նշանավոր է Ակնա լիճը. Գեղամա լեռնահավանի հարավ-արևմուտքում լանջերը ներառված են Խոսրովի անտառ արգելոցի մեջ։

Կենդանի բնություն խմբագրել

Հողաբուսային ծածկույթը ենթակա է վերընթաց գոտիականության։ Մինչև 2800 մ լեռնատափաստաններ են, ավելի բարձր՝ մերձալպյան և ճահճացած մարգագետիններ։ Արևմուտքի լանջերին կան արևելյան կաղնու և գիհու նոսրանտառներ։ Կենդանիներից հանդիպում են ճագարամուկ, նապաստակ, գայլ, աղվես, հազվադեպ՝ արջ, սողունններից՝ մողեսներ, օձեր։ Շատ են թռչունները։ Անվանումը կապվում է Հայկ Նահապետի ծոռ Ամասիայի որդի Գեղամի անվան հետ։

Գեղամա լեռնաշղթայում կարելի է հանդիպել թռչունների մոտ 250 տեսակ, ինչը կազմում է Հայաստանում հանդիպող թռչնատեսակների 70 %-ը։ Լեռնաշղթայի հարավային լանջերի որոշ հատվածներ մտնում են Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքի մեջ։

Գագաթների և անվանական կետերի ցանկ խմբագրել

 
  1. Աժդահակ 3597 մ - Կոտայք / Գեղարքունիք
  2. Սպիտակասար 3555 մ - Արարատ /Կոտայք / Գեղարքունիք
  3. Կարմիր Կատար 3530 մ - Կոտայք / Գեղարքունիք
  4. Արևմտյան Աղուսար 3468 մ - Կոտայք
  5. Գեղասար 3443 մ - Արարատ / Գեղարքունիք
  6. Արևելյան Աղուսար 3434 մ - Կոտայք
  7. Աղուսար 3335 մ - Կոտայք
  8. Դիմացլեռ 3335 մ - Կոտայք
  9. Գեղմաղան 3319 մ - Կոտայք
  10. Նազելի 3312 մ - Կոտայք / Գեղարքունիք
  11. Ոսկեսար 3291 մ - Գեղարքունիք / Արարատ
  12. Շամփրասար 3259 մ - Կոտայք / Գեղարքունիք
  13. Ակնասար 3258 մ - Կոտայք / Գեղարքունիք
  14. Ոչխարաթումբ 3238 մ - Գեղարքունիք
  15. Սևկատար 3225 մ - Կոտայք
  16. Սեղանասար 3219 մ - Կոտայք
  17. Նարինե 3200 մ - Կոտայք
  18. Շուշան 3200 մ - Կոտայք
  19. Ուղտուպար 3196 մ Արարատ/Գեղարքունիք
  20. Գռասար 3182 մ - Գեղարքունիք
  21. Պայտասար 3177 մ - Կոտայք
  22. Ուղտուսար 3170 մ - Կոտայք
  23. Վիշապասար 3157 մ - Արարատ
  24. Լճասար 3153 մ - Գեղարքունիք
  25. Երիցասար 3139 մ - Կոտայք
  26. Քարհանք 3139 մ - Կոտայք
  27. Գեղարքունիք 3132 մ - Գեղարքունիք
  28. Գեղաքար 3131 մ - Գեղարքունիք
  29. Գելոյիսար 3104 մ - Գեղարքունիք
  30. Մեծ Առյուծնախազ (Մեծ Շիրալի) 3092 մ - Գեղարքունիք
  31. Մանկունք 3088 մ - Արարատ
  32. Մազազ 3087 մ - Կոտայք / Գեղարքունիք
  33. Ծաղկավետ 3076 մ - Արարատ / Գեղարքունիք
  34. Մառախլապատ 3034 մ - Կոտայք / Գեղարքունիք
  35. Աճառ 3018 մ - Գեղարքունիք
  36. Փոքր Առյուծնախազ 3002 մ - Գեղարքունիք
  37. Կաշառոտ 2966 մ
  38. Գնդասար 2878 մ
  39. Կարմիր 2854 մ
  40. Պառվագլուխ 2832 մ
  41. Արմաղան 2829 մ
  42. Մշակնոց 2696 մ
  43. Պահակասար 2673 մ
  44. Պահասար 2648 մ
  45. Եռագագաթ 2589 մ
  46. Ճարտար 2558 մ
  47. Ջանասար 2544 մ
  48. Պահաբլուր 2533 մ
  49. Հատիս 2529 մ
  50. Սարիսուրբ 2526 մ
  51. Սահակասար 2508 մ
  52. Ասեղասար 2483 մ
  53. Եռաբլուր 2479 մ
  54. Մենակսար 2399 մ
  55. Ցլուգլուխ 2393 մ
  56. Կլոր Թառ 2358 մ
  57. Պահոց 2346 մ
  58. Փոքր Լճասար 2334 մ
  59. Գութանասար 2299 մ
  60. Հանդասար 2292 մ
  61. Տաշածսար 2291 մ
  62. Սուրբ Սարգիս 2270 մ
  63. Թոռաբլուր 2258 մ
  64. Այծասար 2242 մ
  65. Պանդուխտ 2236 մ
  66. Պառվիվանք 2226 մ
  67. Քարաձի 2063 մ
  68. Քառագագաթ 1948 մ
  69. Ջրասար 1922 մ
  70. Կլորդար 1921 մ
  71. Խաչիսար 1623 մ
  72. Բարդենուտ 1595 մ
  73. Սուրբսար 1424 մ
  74. Երախ 1419 մ
  75. Բագասուն 1252 մ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 29 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 822 — 992 էջ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամա լեռներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 708