Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պեռլիտ (այլ կիրառումներ)

Պեռլիտ, (ֆր.՝ perlite, perle՝ մարգարիտ), թթվային հրաբխային ապակի՝ կազմված դաշտային սպաթ, սանիդին, բիոտիտ, հոռնբլենդ, մագնետիտ միներալներից։

Պեռլիտ
Պեռլիտի հանքավայր Հայաստանի Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում
Պատրաստի արտադրանք

Կազմություն

խմբագրել

Պեռլիտի հիմնական բաղադրիչներն են սիլիցիումի երկօքսիդը՝ SiO2 (65-75 %), ալյումինի օքսիդ՝ AI2O3 (10-16 %), կալիի օքսիդ՝ К2О (մինչև 5 %), նատրիումի օքսիդ՝ Na2O (մինչև 4 %), երկաթի (III) օքսիդ՝ Fe2O3, (մինչև 3 %), մագնեզիումի օքսիդ՝ MgO (մինչև 1 %), կալցիումի օքսիդ՝ CaO (մինչև 2 %), ջուր՝ H2O (2-6 %). Կարող են լինել այ քմիական տարրեր ևս։

Հատկություններ

խմբագրել

Պեռլիտը մանր է, կեղևավոր (ունի պեռլիտային կառուցվածք), արտաքին տեսքին նման է բնորոշ փայլով մարգարիտների։ Այլ հրաբխային ապարներից պեռլիտը տարբերվում է կոնստիտուցիոն ջրի առկայությամբ (ավելի քան 1%)։ Ծակոտկենությունը կարող է լինել 8-40%։ Պեռլիտ կարող է լինել սև, կանաչ, կարմիր-շագանակագույն, շագանակագույն, սպիտակ և բազմերանգ։

Հրակայուն է. կիրառման ջերմաստիճանը -200-ից մինչև 900° С. Ունի ջերմա-և ձայնամեկուսացնող հատկություններ, բարձր ներծծողականություն. կարող է մինչև սեփական քաշի 400% - ը հեղուկ կլանել։ Էկոլոգիապես մաքուր և ստերիլ նյութ է, ոչ թունավոր, չի պարունակում ծանր մետաղներ։

Առաջացում

խմբագրել

Առաջացել է Երկրի մակերևույթին կամ երկրակեղևի ոչ մեծ խորություններում։ Կազմված է 1-15 մմ տրամագծով գնդիկներից։ Պարունակում է 3-5% ջուր։ Կառուցվածքը վարդանման է, սոխուկանման՝ համակենտրոն թերթիկավոր և մարգարտափայլ (այստեղից՝ անվանումը)։ Հաճախ կոչվում է նաև լեռնային մարգարիտ։ Ստացվում է նաև արհեստական եղանակով՝ վանակատից կամ լրիվ փքված ապակուց՝ հատուկ վառարաններում՝ որոշակի ճնշման և բարձր ջերմաստիճանի (900-1200 °C) պայմաններում։

Կիրառություն

խմբագրել

Պեռլիտն օգտագործվում է թեթև բետոնների (լցանյութ), ջերմա- և էլեկտրամեկուսիչների, նուրբ քամիչների, բյուրեղապակու, հեղուկ ապակու և այլ նյութերի արտադրության, գյուղատնտեսության (հողի կառուցվածքը բարելավող բաղադրիչ), նավթարդյունաբերության մեջ և այլ բնագավառներում։

  • Պեռլիտը կարող է օգտագործվել բնական ձևով (շինարարության մեջ), բայց ավելի հաճախ օգտագործվում է մանրացված տարբերակով։ Շինարարության մեջ պեռլիտի օգտագործումը թույլ է տալիս բարձրացնել կառուցվածքների ջերմա-ձայնամեկուսացման և հրդեհա-անվտանգության հարցերը, ընդ որում՝ զգալիորեն կրճատելով կառուցվածքների զանգվածն ու ծավալները։ մանրացված պեռլիտը կիրառվում է ինքնուրույն (որպես ավազի և մանրախիճի փոխարինում, հատակի, պատերի, տանիքի համար ջերմամեկուսիչ լցանյութ) կամ այլ շինարարական նյութերի հետ խառնուրդներում (որպես ջերմամեկուսիչ արտադրատեսակների, գաջի, թեթև շինարարական լուծումների, լինոլեումի համար լցանյութերի, ներկերի, չոր շինարարական խառնուրդների պատրաստման բաղադրիչ)։
  • Պեռլիտը նաև հղկանյութային գործիք է։
  • Սպորտային և առողջարարական կազմակերպություններում, սպորտային վայրերում և գոլֆի դաշտերում պեռլիտը լցվում է հողի վրա, որի շնորհիվ անձրևի ժամանակ հողը չոր է մնում, իսկ ամռան տապին, իր բարձր ներծծողականության շնորհիվ, հողը չի ջրազրկում։
  • Նավթավերամշակման և գազի արդյունաբերության ոլորտում.
  • Պեռլիտն ավելացվում է նավթի և գազի հորատանցքերի ամրացման համար նախատեսված ցեմենտին։
  • Բնակարանային կոմունալ տնտեսությունում պեռլիտը օգտագործվում է քիմիական աղտոտումից հետո ջրի մաքրման և այն սպառողին հասցնելուց առաջ, կեղտաջրերի մաքրման համար։
  • Սննդի արդյունաբերության մեջ. օրինակ՝ գինու, շաքարի օշարակների, գարեջրի, մրգային հյութերի, բուսական յուղերի մաքրման ֆիլտր։
  • Էկոլոգիայի մեջ՝ քիմիական և արդյունաբերական աղտոտումներից ջրի և հողերի մակերեսների մաքրում։
  • Դեղանյութերի արդյունաբերության մեջ՝ դեղագործական պատրաստուկների ֆիլտրացման համար
  • Ապակու, մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության (ագրոբիզնեսի) ոլորտներում։
  • Ծխախոտի արդյունաբերության մեջ.

Ագրո-պեռլիտի կիրառում

խմբագրել

Ագրոպերլիտը 1-5 մմ մանրացված պեռլիտն է, որն առավել հարմար է գյուղատնտեսության մեջ հետևյալ նպատակներով օգտագործելու համար.

  • Սերմերի աճի և սերմերի արմատակալման համար։ Արմատակալման ժամանակ ջրի փոխարինումը պեռլիտով թույլ է տալիս խուսափել դրանց փտումից։ Բույսերի և ծաղկային մշակաբույսերի սածիլների աճեցման ժամանակ հազվադեպ են նկատվում սնկային հիվանդություններ։ Սակայն անհրաժեշտ է իմանալ, որ պեռլիտը չի պարունակում սննդարար նյութեր, և առողջ սածիլ ստանալու համար անհրաժեշտ է պարարտանյութի ջրային լուծույթով ջուր լցնել և հատուկ միկրոֆլորայի ստեղծման համար կիրառել բակտերիալ դեղամիջոցներ։ Այս դեպքում պետք է օգտագործել համալիր պարարտանյութեր։
  • Ցանքի խառնուրդի համար։ Պեռլիտի օգտագործումը որպես սուբստրատի բաղադրիչ (մինչեւ 40 %) թույլ է տալիս զգալիորեն բարելավել ցանքի խառնուրդի բնութագրերը։ Արմատները համաչափ են տարածվում հողի մեջ։ Բացի հողի օդափոխությունից, պեռլիտը պաշտպանում է արմատային համակարգը արտաքին ջերմաստիճանի տատանումներից։ Պեռլիտի օգտագործումը նվազեցնում է հողի խառնուրդի ընդհանուր քաշը, որն առավել կարևոր է մեծ չափերով հողերի համար։
  • Բույսերի հիդրոպոնիկ աճեցման համար։ Պեռլիտը օգտագործվում է մաքուր ձևով կամ որպես սուբստրատի բաղադրիչ, սնուցող լուծույթների վրա բույսերի հիդրոպոնային աճեցման ժամանակ։
  • Օդի խոնավությունը բարձրացնելու համար.
  • Հողի վերին շերտի ցանքածածկման՝ մուլչացման համար։
  • Պեռլիտը բարենպաստ միջավայր է սոխուկների, պալարների, կոճղարմատների պահպանման համար։ Տնկանյութը տեղադրվում է 2-7 սմ պեռլիտի շերտերի վրա։ Այսպիսով, այն ապահովում է պաշտպանություն փտումից, անբարենպաստ արտաքին ջերմաստիճանային և ջրային ազդեցություններից, վաղաժամ աճից։

Հայաստանում

խմբագրել

Հայաստանը հարուստ է պեռլիտի պաշարներով (Արտենի, Ջրաբեր, Գութանասար, Գեղասար, Բազենք և այլ հանքավայրեր), ամենաորակյալը Արագածի պեռլիտի հանքավայրն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։