Ամառային գիշերվա համերգ

Ամառային գիշերվա համերգ (գերմ.՝ Sommernachtskonzert), Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ավանդական համերգ, որ ամեն տարի կազմակերպվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` Շյոնբրուն պալատի առաջ մայիս-հունիս ամիսներին[1]։

Շյոնբրունի այգու ընդհանուր տեսքը, 2016

Համերգն անցկացվում է բաց երկնքի տակ։ Բեմը տեղադրվում է Նեպտունի շատրվանի մոտ։ Համերգը սկսվում է մթնշաղն սկսվելուն պես` կենտրոնական եվրոպական ժամանակով մոտավորապես 20.30-ին։ Համերգի մուտքը կազմակերպվում է նախօրոք և անվճար է բոլոր ցանկացողների համար։ Միջոցառման նպատակը դասական երաժշտությունը ունկնդիրների լայն շրջանակներին հասցնելն ու նրանց թիվը մեծացնելն է։ 2012 թվականին համերգի լսարանը կազմել է մոտ 100.000 մարդ[2]։ Համերգը ուղիղ եթերով կամ տեսագրությամբ հեռարձակվում է ORF ընկերության կողմից աշխարհի մոտ 70 երկրներում[3]։

Պատմություն խմբագրել

 
Համերգի բեմը, 2010

Առաջին անգամ Ամառային գիշերվա համերգը կազմակերպել է Ավստրիայի ֆեդերալ կառավարությունը 2004 թվականի մայիսի 25-ին և զուգադիպել է Եվրոպական Միության ընդարձակմանը։ Համապատասխանաբար, համերգը սկզբում անվանվել է «Համերգ Եվրոպայի համար»։ Դիրիժորն է եղել Բոբի Մակֆերինը, իսկ ծրագիրը բաղկացած է եղել եվրոպական ութ երկրների կոմպոզիտորների դասական ստեղծագործություններից։

2008 թվականից սկսած` համերգը ստացել է ներկայիս անվանումը։ 2009 թվականից միջոցառման հատուկ հովանավոր է համարվում շվեյցարական ժամացույցների «Rolex» ընկերությունը[4]։

Ամեն տարի համերգի անցկացման համար կազմակերպիչները համաշխարհային անուն ունեցող դիրիժոր են հրավիրում, որոշ տարիների համերգին մասնակցում են նաև հատուկ հրավիրված մենակատարներ` երաժիշտներ, վոկալիստներ, բալետի արտիստներ։

Ավանդաբար միջոցառմանը մասնակցում են Ավստրիայի Հանրապետության ղեկավարերը` նախագահ, կանցլեր, փոխկանցլեր, ինչպես նաև Ավստրիայի խորհրդարանի շատ անդամներ[5]։ 2007 թվականին համերգի հյուրերն են եղել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը[6]։

2011 թվականին համերգի նախապատրաստման ու անցկացման ժամանակ կազմակերպվել է դրամահավաք Ճապոնիայում երկրաշարժից տուժած մարդկանց օգնելու համար։

Համերգների պատմություն
Տարի
Ամսաթիվ
Դիրիժոր
Հրավիրված մենակատար
2004 25 մայիս
Բոբի Մակֆերին
2005 8 հունիս
Զուբին Մեթա
2006 24 հունիս
Պլասիդո Դոմինգո
Խուան Դիեգո Ֆլորես
2007 24 մայիս
Վալերի Գերգիև
Կատրին Չերնի
2008 3 հունիս
Ժորժ Պրետր
2009 26 հունիս
Դանիել Բարենբոյմ
2010 8 հունիս
Ֆրանց Վալզեր-Մյոստ
Եֆիմ Բրոնֆման
2011 3 հունիս
Վալերի Գերգիև
Բենիամին Շմիդ
2012 7 հունիս
Գուստավո Դուդամել
Վիեննայի պետական օպերայի բալետի թատերախումբ
2013 30 մայիս
Լորին Մաազել
Միխայիլ Շադե
2014 29 մայիս
Քրիստոֆ Էշենբախ
Լան Լան
2015 14 մայիս
Զուբին Մեթա
Ռուդոլֆ Բուհբինդեր[7]
2016 26 մայիս
Սեմյոն Բիչկով
Կատյա և Մարիա Լեբեկ[8]
2017 25 մայիս
Քրիստոֆ Էշենբախ
Ռենե Ֆլեմինգ[9]
2018 31 մայիս
Վալերի Գերգիև
Աննա Նետրեբկո
2019 20 հունիս
Գուստավո Դուդամել
Վան Յույցզյա

Նվագացանկ խմբագրել

 
Հրավառություն համերգի ավարտին

Համերգի նվագացանկը կազմվում է նախօրոք հայտարարված թեմատիկային համապատասխան[10]։ Համերգը կարող է նվիրված լինել որևէ կոմպոզիտորի, որի հոբելյանը նշվում է այդ տարի, կամ ինչպես օրինակ 2007 թվականին՝ ռուսական օպերային երաժշտությանը։ Կան կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունները պարբերաբար կատարվում են համերգներին։ Նրանցից են` Ռիխարդ Վագներ, Պյոտր Չայկովսկի, Ռիխարդ Շտրաուս, Հեկտոր Բեռլիոզ, Իգոր Ստրավինսկի, Ռոբերտ Շուման, Ֆերենց Լիստ։ Համերգների եզրափակիչ մասում հնչում է ավստրիական Շտրաուսների դինաստիայի ներկայացուցիչների երաժշտությունը։

Համերգի վերջին ստեղծագործության կատարումն ուղեկցվում է գեղեցիկ հրավառությամբ։

Եղանակ խմբագրել

 
Անձրև համերգի ժամանակ, 2008

Քանի որ համերգը կազմակերպվում է բացօթյա, պակաս կարևոր չեն տվյալ օրվա եղանակային պայմանները[11]։ Ամեն տարի վատ եղանակի դեպքում վաղօրոք նախատեսվում է լրացուցիչ ամսաթիվ[12]։ Համերգի տեղափոխման մասին տեղեկությունը հանդիսատեսներին է հասնում Ամառային գիշերվա համերգի պաշտոնական կայքով։ Չնայած այդպիսի քաղաքականությանը` համերգների գոյության ողջ ընթացքում դրանք անցել են եղանակային ցուրտ պայմաններում` երբեմն անձրևին զուգընթաց[13]։ Ամեն դեպքում, հասարակությունը, որպես կանոն, հավատարիմ է մնում միջոցառմանը` անկախ եղանակային պայմաններից. համերգներին այցելում են դասական երաժշտության տասնյակ հազարավոր երկրպագուներ և ուղղակի զբոսաշրջիկներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Summer Night Classical Concert» (անգլերեն). Raidió Teilifís Éireann. 2012 թ․ հունիսի 24. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  2. «Шёнбруннский дворец. Концерт Венского филармонического оркестра. 2013». Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. Musikgenuss vom Feinsten: «Sommernachtskonzert» 2014 am 29. Mai live in ORF 2 und 3sat Արխիվացված 2014-05-31 Wayback Machine(գերմ.)
  4. Rolex and the Arts. Vienna Philharmonic Summer Night Concert Արխիվացված 2014-07-06 Wayback Machine(անգլ.)
  5. Concert in Schönbrunn Արխիվացված 2014-07-14 Wayback Machine(անգլ.)
  6. «The Schönbrunn Concert» — the classic summer Open Air Event. 2007 Արխիվացված 2014-07-14 Wayback Machine(անգլ.)
  7. «Sommernachtskonzert 2015 Song Contest: Terminnot bei Philharmonikern» (գերմաներեն). 2014 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «Летний ночной концерт Венского филармонического оркестра. 2016». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. Thu, 25. May 2017 20:15. Summer Night Concert Schönbrunn Արխիվացված 2017-01-03 Wayback Machine(անգլ.)
  10. «Летняя ночь Шёнбрунна: Венский филармонический чествует Рихарда Штрауса». Euronews. 2014 թ․ հունիսի 12. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  11. «2013. Ежегодный концерт в парке Шёнбрунн отдает дань Вагнеру». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. «Летний ночной концерт Венского филармонического оркестра. 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. Sommernachtskonzert Schönbrunn 2008 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել