Աիդա Բոյաջյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոյաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աիդա Միհրանի Բոյաջյան (դեկտեմբերի 16, 1932(1932-12-16), Կահիրե, Եգիպտոս - 2019), հայ նկարչուհի։

Աիդա Բոյաջյան
Ծնվել էդեկտեմբերի 16, 1932(1932-12-16)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Վախճանվել է2019
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Աիդա Բոյաջյանը ծնվել է Կահիրեում (Եգիպտոս) 1932 թվականին բժշկի ընտանիքում։ Չորս տարեկանից հաճախել է Մայրապետների ֆրանսիական կաթոլիկ դպրոցը։

1946 թվականին Եգիպտոսում հաճախել է հայ հայտնի նկարիչ Աշոտ Զորյանի նկարչական դասերին։ Եգիպտոսում լույս տեսնող «Ալի-բաբա» մանկական շաբաթաթերթի համար կատարել է ծաղրանկարներ։ 1947 թվականին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։ Նույն թվականին ընդունվել է Երևանի Կրուպսկայայի անվան հանրակրթական դպրոցի 8-րդ դասարան և համատեղ հաճախել պիոներպալատի գեղանկարչական բաժինը։ 1947 թվականին պիոներ պալատում բացված նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսին ներկա է գտնվել հայտնի նկարիչ Հակոբ Կոջոյանը, որի խորհրդով Աիդա Բոյաջյանն ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան` միանգամից 2-րդ կուրս, առանց քննություններ հանձնելու (Մկրտիչ Քամալյանի և Ցոլակ Ազիզյանի դասարան)։ 1952 թվականին ավարտել է ուսումնարանը գերազանցության դիպլոմով, այնուհետև սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (պրոֆեսոր Արա Բեքարյանի դասարան), որտեղ ուսման վեց տարիների ընթացքում գերազանց ուսման համար ստացել է «Գրիբոյեդովի անվան կրթաթոշակ», որի շնորհիվ ինստիտուտի կողմից ամեն տարի ուղարկվել է Մոսկվա և Լենինգրադ ռուսական և համաշխարհային գեղարվեստական գլուխգործոցները ուսումնասիրելու համար։

1957 թվականին ինստիտուտը նրան ուղեգիր է հատկացրել «Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 6-րդ փառատոնին» մասնակցելու համար։

1959 թվականից նախկին ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Բացի գեղանկարչական գործերից Աիդա Բոյաջյանը զբաղվել է նաև գրաֆիկայով։ Ունի մոտ հարյուր նկարազարդած գրքեր Հայաստանի և Սփյուռքի պատվերներով։

Զբաղվել է նաև էքսլիբրիսներով, որոնք ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում։

1957 թվականից (դեռ ուսման տարիներից) մասնակցել է հանրապետական, միութենական և արտերկրում կազմակերպված ցուցահանդեսներին։

Նրա աշխատանքներն արժանացել են բազմաթիվ դիպլոմների։

1979 թվականին մանկական համաշխարհային տարվա կապակցությամբ հայտարարված գրքի ձևավորման մրցույթում արժանացել է միակ մրցանակին՝ Աթաբեկ Խնկոյանի «Լուսին, լուսին, լուսերես» մանկական գրքի ձևավորման համար։ Նրա էքսլիբրիսները ցուցադրվել են Լեհաստանում, Չեխոսլովակիայում և այլուր։

Աիդա Բոյաջյանի գործերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1], Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Սիրիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, (Նյու Յորք, Բոստոն, Լոս Անջելես, Ֆիլադելֆիա, Փասադենա)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աիդա Բոյաջյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  2. Biographischer Index Rußlands und der Sowjetunion (ռուսերեն). Walter de Gruyter. 2011 թ․ հոկտեմբերի 31. ISBN 9783110933369.

Գրականություն խմբագրել

  • «KROUNK» ամսագիր N 4 (Երևան, 1987)։
  • Գերմանական էնցիկլոպեդիկ բառարանում` «SAUR,ALLGEMEINES KUNSTLER-LEXIKON Die Bildenden Kunstler aller Zeiten und Volker», band 13 BORDALESO-BRAUN, K.G.Saur, (Munchen-Leipzig, 1996).
  • Հայաստանի նկարիչների միության «Ժամանակակից կերպարվեստ» կատալոգ, (Երևան, 2002)։
  • Հայաստանի նկարիչների միության «Հայկական գրաֆիկա» կատալոգ, (Երևան, 2003)։
  • «Եգիպտահայ վարժարանների աշակերտների համաշխարհային հավաք» հուշամատյան, (Երևան, 2003)։
  • Հայաստանի ազգային պատկերասրահի կատալոգ, «Դիմանկարը հայկական գրաֆիկայում», ցուցահանդեսի կատալոգ (Երևան, 2004)։
  • Հայաստանի նկարիչների միության, «Գրաֆիկա. Քանդակ» կատալոգ, (Երևան, 2004)։
  • Արվեստաբան Արմեն Սաթյանի «Անհատականության և ստեղծագործական փնտրումներ» գրքում զետեղված է Աիդա Բոյաջյանի կենսագրությունը և աշխատանքների լուսանկարները (ռուսերեն), (Երևան, 2006)։
  • Հայաստանի նկարիչների միության 75-ամյակին նվիրված կատալոգ (Երևան, 2007)։
  • Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանի նկարիչների միության կազմած «Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, մրցույթ» կատալոգ (Երևան, 2010)։
  • Հայաստանի նկարիչների միության «Գրաֆիկա. քանդակ» կատալոգ (Երևան, 2010)։
  • «Հայուհիներ» հանրագիտարանի 2-րդ հատոր, Ամարաս (Երևան, 2011)
  • Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին նվիրված կատալոգ (Երևան, 2012)։