Աշոտ Զորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Զորյան (1905[1], Կերասուն, Թուրքիա[1] - 1970[1], Կահիրե, Եգիպտոս[1]), հայ նկարիչ։
Աշոտ Զորյան | |
---|---|
Ծնվել է | 1905[1] |
Ծննդավայր | Կերասուն, Թուրքիա[1] |
Վախճանվել է | 1970[1] |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Եգիպտոս |
Կրթություն | Էսայան վարժարան[1], Վիեննայի գեղարվեստի ակադեմիա[1] և Հռոմի գեղարվեստի ակադեմիա (1928)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ֆովիզմ |
Աշակերտներ | Շուշան Եգոյան, Նորա Փափազյան, Ռոզա Փափազյան, Էդմոն Քիրազ, Khadiga Riad?, Laila Ezzat? և Eliz Partam?[2] |
Կենսագրություն
խմբագրելԱշոտ Զորյանը ծնվել է 1905 թվականին, Կիրասոնում։ Սովորել է Վիեննայի նկարչական դպրոցում, 1928 թվականին ավարտել է Հռոմի գեղարվեստի ակադեմիան)։ Հաստատվել է Ալեքսանդրիայում, 1941 թվականին տեղափոխվել է Կահիրե[3]։
Գեղանկարիչ Աշոտ Զորյանը հարուստ ընտանիքից է եղել. հայրը փաստաբան էր։ Պատանին հիշում է, թե ինչպես են թուրքերը հորը առոք-փառոք նստեցրել ձիու վրա ու տարել. որպես հեղինակավոր փաստաբանի խնայում, փրկում են նրա կյանքը, բայց հետո, իհարկե, սպանել են։ Հայրը վերջին անգամ տեսելով տղային, ասել է՝ զիս չմոռնաս։ Սարսափներով լի մանկություն ու պատանեկություն է ունեցել Զորյանը։ Հազարավոր աքսորյալների թվում իր ընտանիքի այլ անդամների հետ քշվում է Շապին-Գարահիսար, որտեղ նրան և քույրերից մեկին լեռնական թուրքերը գնում են՝ իրեն որպես հովիվ, իսկ քրոջը որպես աղախին ծառայեցնելու համար։ Հովվի իր աշխատանքը հնարավորություն կընձեռի առնչվելու բնության հետ, որն էլ կդառնա նրա մշտական «ուսուցիչը»։ Սակայն իրեն «որդեգրած» այդ ընտանիքի հոր անակնկալ մահը ստիպում է մյուս անդամներին՝ նրան վաճառել մեկ ուրիշ թուրք անզավակ ընտանիքի, որտեղ թրքացնելով «Հուսեյն» անունն են տալիս նրան։ Ի վերջո 1929 թվականի աշնանը նա տեղափոխվում է Եգիպտոսի Ալեքսանդրիա ծովափնյա քաղաք, իսկ 1941 թվին տեղափոխվել է Կահիրե, որտեղ էլ անցկացրել է իր ստեղծագործական գործունեության երրորդ փուլը[4][5]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՍտեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, ձևավորել գրքեր։ Մասնակցել է Փարիզի ձմեռային սալոնին (1949), Վենետիկի (1952), Ալեքսանդրիայի (1955, 1957) բիենալեներին։ Զորյանի կտավները պահվում են Կահիրեի և Ալեքսանդրիայի թանգարաններում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան վանքերում, Հայաստանի ազգային պատկերասրահում (մոտ 200 գործ, այդ թվում՝ «Պարուհու դիմանկարը», «Մայրամուտ Նեղոսի ափին»)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեյրութում, Հալեպում։ Նա սկսել է նկարել ավանդական ակադեմիական ոճով, որն աստիճանաբար փոխարինվել ու վերաճել է ոճական ռեալիզմի, մոտենալով մինչև ֆովիզմին։ Իր կոչումն արվեստն է եղել. սոված մնալու, նահատակվելու գնով նա արվեստին է ծառայել միշտ։ Բնությունն է եղել Աշոտի առաջին ու միակ ուսուցիչը։ Հատկապես Բեյրութում, Կահիրեում Ամերիկայում բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել, մրցանակներ շահել, բայցեւայնպես, գեղանկարչի համբավը մեծ չէ, հատկապես արվեստի շուկայում, աճուրդներում մեծ գին չեն տալիս Աշոտ Զորյանի գործերին։ Հայաստանի ազգային պատկերասրահն Աշոտ Զորյանից ունի 158 նկար[6]։
Երբ աշխարհի տարբեր անկյուններում սկսեցին հայ որբերին հավաքել, Իրաքի, Եգիպտոսի, Եվրոպայի հարուստներն անմիջապես արձագանքեցին, թեՙ գումար կտրամադրեն, որպեսզի տաղանդավոր որբերին ուղարկեն Եվրոպա։ Այդպես Ալեքսանդր Սարուխանին, Օննիկ Ավետիսյանին, որը եղել է Հակոբ Հակոբյանի ուսուցիչը, Արա Սարգսյանին, Աշոտ Զորյանին, Բյուզանդ Կոջամանյանին, Օննիկ Սյուրմելյանին, որին ընդունում էին որպես Կոմիտասին փոխարինողի, եւ շատ ու շատ տաղանդավոր որբերի տարբեր մանկատներից Եվրոպա են ուղարկել[7]։ Նրանք դարձել են Վիեննայի, Հռոմի բարձրագույն կրթօջախների աղքատ ուսանողները։ Ուսանելուց հետո նրանց մեծ մասը եկել է Եգիպտոս, եւ հարուստ ընտանիքները դարձյալ որդեգրել են նրանց։ Այդ երիտասարդներն ուսուցչությամբ, նկարչությամբ, իրենց շնորհքի ու տաղանդի շնորհիվ կամաց-կամաց ոտքի են կանգնել։ Եգիպտոսում, երբ պետական մակարդակով ցուցահանդեսներ էին լինում, հազիվ մեկ-երկու արաբ նկարչի անուն կլսեիք. նրանք էլ Աշոտ Զորյանի աշակերտներն էին, մնացած բոլորը հայեր էին։
Աշոտ Զորյանը, հիրավի, եգիպտահայ գեղանկարչության մեջ գագաթնակետին է հասել, ով ճանապարհ է բացել նաեւ հաջորդ սերնդի համար, մշտապես եղել է ոչ միայն հայկական, այլեւ ամբողջ եգիպտական մամուլի ուշադրության կենտրոնում։ Եգիպտոսի հայ գաղութը բազում տաղանդներ է տվել, ոմանք մեծ ճանաչում ձեռք բերած, ոմանք ոչ այնքան։ Նրա արվեստանոցը շատ մեծ հեղինակություն ուներ։
Եգիպտոսի նախկին թագուհին Ֆարուք թագավորից բաժանվելուց հետո Աշոտ Զորյանի արվեստանոցում կերպարվեստի դասեր է առել։ Ֆրանսիական պետության կողմից մեծ գնահատանքի, պարգեւների արժանացած գեղանկարիչ Էդմոն Քիրազն Աշոտ Զորյանի աշակերտն է եղել։ Ա. Զորյանին է աշակերտել Եգիպտոսի թագուհին, նրա աշակերտներից են եղել Յասմինը (Հասմիկ Բալլարյան), որն աբստարկտ արվեստով էր զբաղվում, մամուլն էլ միշտ հետեւում էր նրա գործունեությանը, Ռոզ Բաբազյանը. բոլորն էլ շատ տաղանդավոր եւ, ի դեպ, շատ գեղեցիկ կանայք։ Ատոմ Էգոյանի հայրն ու մայրը Ջոզեֆ եւ Շուշան Էգոյանները երկուսն էլ գեղանկարիչներ, աշակերտել են նաև Կարպիսը (Էդվարդ Յաղջյան), Նորա Իբեկյան-Ազատյանը, որ համաշխարհային ճանաչում ունեցող աշակերտ ունի Շանթ Ավետիսյանը, որի գործերը Ամերիկայի, Բրիտանիայի թանգարաններում են ցուցադրվում։
Աշոտ Զորյանի մասին
խմբագրել«Զորեան ընդհանրապէս հանդարտ բնաւորութեան տէր ու քչախօս ըլլալով, շատ քիչ անգամներ յիշած է (կամ ուզած է յիշել) իր պատանեկութեան արհաւիրքի օրերու մասին։ Նաեւ իր արուեստի մէջ արտայայտուած է շատ հազուադէպ։ Բայց ժամանակակիցները կը պատմեն, թէ երբ կեանքի վերջաւորութեան կը տառապէր ուղեղային խանգարումէ մը, սկսած էր երեւակայել, որ «պատերը իր վրայ կը փլչին»։ Իսկ անոնք, որոնք հերթապահած են հիւանդանոցը...կը պատմեն, թե երբեմն անիկա կը զառանցէր «հրդե՜հը, մո՜ւխը» գոռալով։ Մարդկային վիշտն ու տառապանքը որքան էլ ծածկենք ու գիտակցաբար մոռացության մատնենք, այնուամենայնիւ բոլորովին ջնջելու անկարող ենք», -գրել է արվեստագետ է Հրանտ Քեշիշյանը։
«Աշոտ Զորյանի արվետը խոպան ու պարարտ հող է, որի հավանակությունները ոչ այլ ինչ են, քան ուսումնասիրվելը, գնահատվելն ու արժեւորվելը՚ ասել է գրող, գրականագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ Երվանդ Ազատյանը։
«Զորյանն ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նաև ձևավորել է գրքեր։ Նրա արվեստին բնորոշ է հնչեղ գույների համադրումով ստեղծված քնարականությունը, ընդհանրացված ձևերի կառուցիկությունը», - Ա. Զորյանի արվեստն հակիճ այսպես է նկարագրել արվեստաբան Շահեն Խաչատրյանը։
Զորյանի կտավները պահվում են Կահիրեի և Ալեքսանդրիայի թանգարաններում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան վանքերում, Հայաստանի ազգային պատկերասրահում (մոտ 200 գործ, այդ թվում՝ «Պարուհու դիմանկարը», «Մայրամուտ Նեղոսի ափին»)։
Ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեյրութում, Հալեպում[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ https://agbuegypt.com/artist/eliz-partam-1930-2007/#read-more
- ↑ «Zarkfoundation - Աշոտ Զորյան». zarkfoundation.com.
- ↑ LLC, Helix Consulting. «Ակադեմիական ոճից մինչև ֆովիզմ… Աշոտ Զորյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Daily, A. Z. G. «ՉՃԱՆԱՉՎԱԾ ՃԱՆԱՉՎԱԾԸ. ԱՇՈՏ ԶՈՐՅԱՆ». AZG Daily. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Զորյան Աշոտ | Զորյանի դիմանկարը (ինքնադիմանկար) - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Զորյան Աշոտ — Hayazg». am.hayazg.info. Արխիվացված է օրիգինալից 2019-06-18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 706)։ |