Մատենանիշ (ինչպես նաև՝ գրանիշ, ի գրոց, էքսլիբրիս, գրապիտակ, գրքանշան), փոքր չափի գծանկար, որն արտահայտում է գրադարանի պատկանելությունը, բովանդակությունը, գրքի տիրոջ մասնագիտությունը, նախասիրությունները։ Կռնակի վրա կնքված գրապիտակի տարբերակը կոչվում է գերգրքանշան կամ սուպերէքսլիբրիս։ Սովորաբար գրապիտակի վրա են նշված տիրոջ անունն ու ազգանունը, ինչպես նաև մասնագիտության, հետաքրքրություններ կամ էլ գրադարանի տիրոջ կազմի մասին վկայող պատկեր։

Բազմացվում և փակցվում է գրքի կազմին, ներսի կողմից։ Ամենահին մատենանիշերը նկարվել են ֆրանսիական ձեռագրերի վրա։ Տպագիրները ստեղծել են Գերմանիայում, առաջինը՝ 1460 թվականին, գերմանացի ասպետ Բեռնարդ ֆոն Ռորբախի զինանշանի պատկերով։ Սկզբնական շրջանում տարածված էին զինանշանային մատենանիշերը, հետագայում՝ սյուժետայինները։ Շուտով Արևմտյան Եվրոպան և ապա ամբողջ աշխարհը որդեգրեցին այդ կուլտուրան։ Դրան մեծապես նպաստեց այն, որ մատենանիշեր սկսեցին ստեղծել հռչակավոր նկարիչներ Ա. Դյուրերը, Լ. Կրանախը, Հ. Հոլբայն Կրասերը և ուրիշներ, ինչպես և մատենանիշերի հավաքածու կազմելը։ Բովանդակությամբ մատենանիշերը բաժանվում էն չորս տեսակի՝ թեմատիկ-սյուժետային, զինանշանային, անվանագրային և տպատառային, ըստ պատրաստման միջոցների՝ նկարված, տպագրված և դաջված։ Պատրաստման տեխնիկան բազմազան է՝ փորագրություն, ասեղնագծում, օֆորտ, վիմագրություն, լուսապատճենում են։ Հայկական հին ձեռագրերը հիմք են տալիս մտածելու, որ Հայաստանում մատենանիշը գոյություն է ունեցել դեռևս միջնադարում։ Հին մատյաններն ունեն հիշատակարաններ, որտեղ գրիչները նշում են, թե ում է պատկանում ձեռագիրը, և առատորեն սփռված են գլխազարդերն ու վերջնազարդերը, սկզբնատառերի նկարազարդումները, թռչնագրերը, այսինքն՝ առկա են մատենանիշի երկու էական տարրերը՝ պատկանելություն ցույց տալն ու պատկերը, որոնք և վկայում են միջնադարյան Հայաստանում մատենանիշի հավանական կիրառության մասին։ Սակայն առայժմ հայտնի հայկական առաջին մատենանիշը ստեղծել է Վ. Սուրենյանցի Ֆ. Բուլգակովի համար, XIX դ. վերջերին։ Այդ ավանդույթը շարունակել են Մարտիրոս Սարյանն ու Հակոբ Կոջոյանը։ Սովետահայ մատենանիշային արվեստի հիմնադիրներից մեկը և անխոնջ պրոպագանդիստը եղել է Ռ. Բեղրոսովր՝ . Այդ արվեստի զարգացման գործում իրենց լուման ունեն նաև Ա. Մամաջանյանը, Պ. Կուգանյանը, 6ա. Ագոպսովիչը (Հովհաննես Հակոբյան, Լեհաստան), Մ. Բաղդասարյանը, Ա. Զաքարյանը, Ռ. Մնացականյանը և ուրիշներ։ Հայկական մատենանիշներ ստեղծվել են նաև Ռուսաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում և այլուր։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 286