Ֆերեյդուն
Ֆերիդուն, Ֆերեյդուն, Ֆարիդուն, Թրայետոնա կամ գրաբար հայերեն` Հրուդէն (միջին պարսկերեն՝ Frēdōn; պարս.՝ فريدون, Fereydūn/Farīdūn, ավեստերեն՝ Θraētaona, տաջ.՝ Фаридун/Фаредун), Իրանական դիցաբանության կերպար, թագավոր և Մեծ Իրանի հերոս Փիշդադյան դինաստիայից։ Նա հայտնի է որպես հաղթանակի, արդարության և առատաձեռնության խորհրդանիշ պարսկական գրականության մեջ[1]: Նա Իրանը բաժանում է իր երեք որդիներին` Սալմին, Թուրին և Իրեջին:
Սեռ | արական | |
---|---|---|
Հայր | Աբթին | |
Մայր | Ֆարանակ | |
Ամուսին | Արնավազ, Շահրնազ | |
Զավակ | Իրեջ, Թուր, Սալմ | |
Ընտանիք | Փիշդադյան դինաստիա | |
Մասնագիտություն | վիշապասպան, առասպելական թագավոր | |
Ներկայացված է ստեղծագործության մեջ | Շահնամե | |
Թշնամի | Զահհակ |
Շահնամե էպոսում Իրանի շահնշահն է, որը արաբներին դուրս է քշում իր երկիրց, հաղթում է Ալ Խադեր (الخضر) վիշապին: Նման է վեդայական ավանդույթում Թրիտա Ապթյա կերպարին, որը հաղթում է Վրիտրա վիշապին:
Ըստ Աբոլալա Սուդավարի, Ֆերեյդունը մասամբ Կյուրոս Մեծի արտացոլումն է (իշխել է մ.թ.ա. 550-530), առաջին Աքեմենյան արքայից արքան[2]։
Ստուգաբանություն և հարակից բառեր
խմբագրելՎերոնշյալ անվանման բոլոր ձևերը, կանոնավոր հնչյունային օրենքներով, բխում են նախաիրանական Թրայետոնա - *Θraitauna- (ավեստերեն Θraētaona- ) և նախահնդկա-իրանական *Traitaunas ձևերից:
«Թրայտաունաս»ը (Traitaunas) «Թրիտաս» (Tritas) ձևի ածանցյալն է ( ավելացնող ածանցով՝ -una/-auna), աստվածության կամ հերոսի անուն, որը արտացոլված է վեդայական «տրիտա» և ավեստական «Թրիտա» (Θrita) ձևերում: Երկու անուններն էլ նույնական են ածականին, որը նշանակում է «երրորդը», տերմին, որն օգտագործվում է փոքր աստվածության համար, որը կապված է երկու այլ աստվածների հետ՝ եռյակ ձևավորելու համար:
Հնդկական վեդաներում «Թրիտա»ն ասոցացվում է ամպրոպի աստվածների և քամու աստվածների հետ: Թրիտա-ն կոչվում է նաև Ապտյա (Āptya), անուն, որը հավանաբար համընկնում է Աթբիյա (Āθβiya) ձևի հետ, Թրայետոնայի հոր անունը Ավեստայում, զրադաշտական տեքստերում, որոնք հավաքվել են երրորդ դարում: Հետևաբար, Թրայետոնա կարող է մեկնաբանվել որպես «Թրիտասի մեծ որդի»: Անունը պարթևերենից փոխառվել է գրաբար հայերեն որպես Հրուդէն։
Զրադաշտական գրականության մեջ
խմբագրելԱվեստայում «Թրայետոնա»-ն «Աթբիյա»-ի (Aθβiya) որդին է, և այդպես կոչվում է «Աթբիյանի» (Āθβiyāni), որը նշանակում է «Աթբիյա» (Aθβiya) ընտանիքից»: Նա հիշատակվում է որպես Վիշապ Զահակին` Աժի Դահակ ( Aži Dahāk ) սպանող:
Ընդհակառակը, միջին պարսկերեն տեքստերում Դահակա/Դահագը (Dahāka/Dahāg) բանտարկվել է Ամոլի Դամավանդ լեռան վրա։
Թրայետոնա
խմբագրելԱվեստայում Ֆերեյդունը Թրայետոնա է կոչվում: Նա ծնվել է «քառանկյուն Վարնա» (հոմանիշ է նոյան տապանին)[3] կոչվող երկրում[4]։ Նրա հայր Աթբիյան երկրորդն էր (առաջինը վերջինիս հայրն էր` Ջամշիդ, իսկ երրորդը՝ Թրիտա) այն մարդկանցից, ովքեր հոմա ( هوم , որը համարժեք է հնդկական ավանդույթում հիշատակվող սոմա բույսի հյութին) բույսից աստվածային ըմպելիք են քամում և որի ուժով հաղթում են օձադևին, և, հետևաբար, որպես պարգև Մազդայից ու մյուս աստվածներից նա ունենում է որդի` Թրայետոնային[5]։
Թրայետոնան մեծանում է Դահակ օձի` Զահակի օրոք և իր շուրջը չարությունից բացի ոչինչ չի տեսնում: Տեսնում է ժողովուրդը տառապանք, հիվանդություններ, սրբազան տարրերը պղծվում, անասունները մորթվում և մազանյան դևերը ցնծում էին, և ամեն ինչ խավարի ծնունդ մյուս բոլորի սրտով էր։ Գրեթե հազար տարի էր, որ նրանք ծաղկում էին բոլոր յոթ քարշվարներում[6]: Նրանց ծառաները՝ աշեմաուգասը, յաթուն և կավիան, իրենց բոլոր մտքերով և գործերով աջակցում էին չարին և բազմապատկում Սուտը:
Թրայետոնան ուղարկվել էր երկրային աշխարհ, որպեսզի անօրինությունը դադարի, և Ճշմարտությունը նորից հաղթի: Նա օրհնված էր ծնվելուց շատ առաջ։ Իսկ իր մեծ ճակատագրի մասին իմանում է ինը տարեկանում։ Մի օր Աթբիյան պատմում է որդուն, թե ինչպես Աժի Դահակը դաժանաբար սպանել էր իրենց նախահայր Յիմային (Ջամշիդ)` Փիշդադյան տիրակալին, որի քվարնան այժմ ուղեկցում էր Միտրային (աշա) երկնքում: Ցնցված՝ Թրայետոնան երդվում է վրեժ լուծել օձից՝ իր նախահոր մահվան համար:
Աստղագետները գիտեին և բոլորին ասում էին. «Դահակը կկառավարի երկրային աշխարհը այնքան ժամանակ, քանի դեռ Կարիճ համաստեղությունը կառավարում է երկրային գործերը երկնքից՝ հազար տարի և այդ հազարամյակն արդեն գրեթե անցել է, ինչը նշանակում է, որ գարշելի օձի վերջը եկել է։ Գալիս է Կենտավր համաստեղության ժամանակը»:
Այսպիսով, Թրայետոնան օրհնվում է թագավորելու համար: Նրան հաղթանակ ու հաջողություն են բերում Քվարնան և Վարագն թռչունը։ Նրան օգնում են նաև իր երկու ավագ եղբայրները Բարմիյունն ու Կատայունը: «Այժմ բոլոր մահկանացուներից նա ամենահաղթականն էր Զրադաշտից հետո»[5]։
Թրայետոնան հաղթում է Դահակին, բայց չի սպանում, այլ շղթայում է Դեմավենդ լեռան վրա, որտեղ առ այսօր այրվում է նա լեռան տաք հրաբխի խառնարանում, անզոր կրծում է շղթաները: Երբեմն, նրա ոռնոցից երկիրը ցնցվում է, երկրաշարժ է լինում, լավա ժայթքում: Երբ գա Դատաստանի օրը, նա դուրս կգա իր զնդանից, կհարձավի Ահուրա Մազդայի վրա ու վերջնականապես կսպանվի, վերջնականապես կվերանա աշխարհի երեսից:
Թրայետոնան դառնում է Փիշդադյան դինաստիայի հինգերորդ սերունդը և իշխում է 500 տարի բոլոր յոթը քարշվարներում: Նրա կանայք էին Առնավակն ու Սահնավակը (Արնավազ և Շահրնազ): Նրան բաժին էր հասել ավերված երկիր ու հիվանդություններից տառապող ժողովուրդ: Նա գիտեր բուժամիջոցներ, բուժիչ բույսեր: Դեղ ու դարման արեց իր ժողովրդին, մաքրեց հողը թշնամիներից ու դևերի սևամորթ մարդկանցից, որոնք Աժի Դահակի իշխանության օրոք բազմացել էին ամենալավ քարշվարում, որոնք ստիպված եղան փախչել հյուսիս:
Շահնամեում
խմբագրելԸստ Ֆիրդուսու Շահնամեի, Ֆերեյդունը Ջամշիդի ժառանգներից Աբթինի որդին էր: Ֆերեյդունը Քավեհի հետ միասին ապստամբում է բռնակալ թագավոր Զահակի դեմ, ջախջախում և ձերբակալում նրան Ալբորզ առասպելական լեռներում (Էլբուրս, որը Իրանի ամենաբարձր գագաթն ունի` Դեմավենդ)։ Այնուհետև Ֆերեյդունը դառնում է թագավոր, ամուսնանում Արնավազի հետ և, ըստ առասպելի, երկիրը ղեկավարում մոտ 500 տարի։ Իր կյանքի վերջում նա իր թագավորությունը բաժանում է իր երեք որդիներին՝ Սալմին, Թուրին և Իրեջին (առաջին երկուսը արքայադուստր Շահրնազից, ամենափոքրը` արքայադուստր Առնավազից):
Իրեջը Ֆերեյդունի կրտսեր և սիրելի որդին էր և ժառանգում է թագավորության լավագույն մասը՝ Իրանը: Սալմը ժառանգում է Անատոլիան («Ռում», ավելի ընդհանուր առմամբ նշանակում է Հռոմեական կայսրություն, հունահռոմեական աշխարհ կամ պարզապես «Արևմուտք»), իսկ Թուրը ժառանգում է Կենտրոնական Ասիան («Թուրան», Ամու Դարյայից հյուսիս և արևելք գտնվող բոլոր հողերը, համապատասխանաբար մինչև Չինաստան): Դա առաջացնում է Իրեջի եղբայրների նախանձը և դրդում սպանել նրան։ Իրեջի սպանությունից հետո Ֆերեյդունը գահ է բաձրացնում Իրեջի թոռանը՝ Մանուչեհրին։ Պապիկի սպանության համար վրեժ լուծելու Մանուչեհրի փորձը սկիզբ է դնում Իրանի[7] և Թուրանի միջև պատերազմներին[8]։
Թրայետոնան Շահնամեում Ֆերեյդունն է: Նա ծնվել է երկնքի լավ նշանների ներքո: Զահհակը, ինչպես կանխատեսել էին իմաստունները, սկսում է հետապնդել Ֆերեյդունի հորը՝ Աթիբինին, որը թափառում էր տափաստանում, բայց վիշապի բերանից փախչել չի կարողանում ու մահանում է: Ֆարանակը (ավեստ.` Ֆրենի, պարսկ.` فَرانَک)՝ Ֆերեյդունի մայրը, երեխայի հետ փախչում է ու երկար ժամանակ շրջում երկրով մեկ՝ ոչ մի տեղ ապաստան չգտնելով, և մի անգամ մարգագետնում հանդիպում է կով Բերմայեին և նրա հովիվին ու մանուկ Ֆերեյդունին տալիս է նրան։ Հովիվը հայրություն է անում երեխային երեք տարի: Մինչդեռ վիշապ տիրակալը շարունակում էր փնտրել նրանց: Նա վախեցած էր սքանչելի կովի մասին խոսակցություններից: Երեք տարի անց Ֆարանակը, Իզեդի ցուցումներին հետևելով, տղային հետ է վերցնում և նրա հետ թաքնվում Էլբուրզ լեռան վրա մի ճգնավորի հետ։ Որոշ ժամանակ անց իմաստունների երկրորդ գուշակությունն է կատարվում՝ Զահհակը գտնում և սպանում է Բերմայե կովին։
Ֆերեյդունն իր հոր՝ Աթիբինի և Զահհակի բոլոր վայրագությունների մասին իմանում է մորից միայն տասնհինգ տարեկանում և, անտեսելով Ֆարանակի նկատողությունները, հանդիսավոր կերպով երդվում է վրեժ լուծել վիշապից։
Դարբին Կավեն ապստամբում է
խմբագրելԱյդ ընթացքում Զահհակի մոտ է գնում դարբին Կավեի (Քավեհ) մոտ՝ աղաչելով, որ խղճա իրեն. նա տասնութ ջահել որդի ուներ, որոնցից արդեն տասնյոթին սպանել էին, որ կերակրեն Զահհակի ուսերից բուսած օձերին, խնդրում է, որ թագավորը ողորմած լինի, որ վերջին որդուն թողնի հորը: Զահհակը համաձայնում է, բայց պայմանով, որ դարբինը ստորագրի Զահհակի մասին ժողովրդին ուղղված գովաբանական խոսքերի տակ. թե նա երկրում միայն լավ բաներ է անում, ճշմարիտ են նրա խոսքերն ու գործերը, արդարություն կա երկրում: Կարդալով գրված սուտ ու կեղծավոր խոսքերը` վրդովված Կավեն դուրս է գալիս պալատից, իր շուրջը հավաքում բազմություն և սկսում ժողովրդին ապստամբության կոչ անել։ Կավեի դարբնի գոգնոցը նիզակի ծայրին դառնում է ապստամբության դրոշը: Այս դրոշի ներքո Կավեն ապստամբներին բերում է Ֆերեյդունի մոտ: Դարբնի այդ դրոշը թագավորը զարդարում է թանկարժեք զարդերով «և բոլոր նրանք, ովքեր հետագայում գահ բարձրացան, շարունակեցին քարեր ավելացնել այդ դրոշի վրա»:
Ֆերեյդունը հաղթում է Զահհակին
խմբագրելԻզեդը մեծ զորությամբ է օժտում Ֆերեյդունին և հովանավորում նրան ամեն ինչում։ Ֆերեյդունը մեծահոգաբար ներում է իր ավագ եղբայրներին՝ Պորմայեին (Միջին Պարսից Բարմիյուն) և Քեյանուշին (Միջին Պարսից Կատայուն), ովքեր փորձում էին սպանել նրան՝ սարից քար նետելով նրա վրա: Ֆերեյդունը նրանց հետ` մոր օրհնությամբ, արշավում է Երուսաղեմ` Իրանից ժամանակավորապես հեռացած Զահհակի դեմ, բայց այնտեղ չի գտնում նրան[9]:
Ֆերեյդունը գրավում է Զահհակի պալատը, կին առնում Առնավազին ու Շահրնազին, նախ նրանց հետ շեղելով «հեթանոսական կեծիքից»` ճշմարտության ուղու վրա է դնում և տոնում հաղթանակը։ Այս խնջույքների ու սիրային հաճույքների մասին Զահհակին լուր է տանում գանձապահը, որ հավատարիմ էր մնացել նրան: Գեղեցկուհիների արյան ծարավով համակված խանդի բոցավառ կրակով Զահհակը գաղտնի մտնում է պալատ, բայց Ֆերեյդունը բռնում է նրան։ Այստեղ հայտնվում է սուրհանդակ Իզեդ Սուրուշը (Սորուշ) և հայտնում է Ֆերեյդունին Աստծո կամքը. չսպանել չարագործին, որովհետև նրա ժամանակը չի եկել, այլ շղթայել նրան և շղթայված կախել Դեմավենդ լեռան հրաբխային խառնարան վրա: Զահհակին պինդ կապում են ձիու վզից ու քշում լեռ:
Գահակալություն
խմբագրելՍկսվում է Ֆերեյդունի գահակալության 500-ամյա դարաշրջանը։ Թագադրվում է Միթրա (Միհր) ամսվա առաջին օրը և, ի հիշատակ Զահհակին հաղթելու, հաստատում է Մեհրեգան (مهرگان) տոնը: Դրանից ի վեր, այդ տոնին ամենուր քեֆ ու խնջույք է լինում։ Մեհրեգանը աշխատանքից և հոգսերից ազատման օր է[10]:
Ֆերեյդունը թագավորում է հինգ լուսավոր դար: Նա իմաստուն էր, արդար: Նա թագավորում է առանց չարիք գործելու։ Նրա իշխանության օրոք աշխարհը ազատվում է բռնությունից ու չարությունից:
Որդիներ
խմբագրելՖերեյդունը հիսուն տարեկանում ունենում է երեք որդի (ավագները արքայադուստր Շահրնազից, կրտսերը՝ արքայադուստր Արնավազից), որոնք անանուն են։ Իմաստուն Ջենդելը Ֆերեյդունի որդիների համար երեք գեղեցկուհի գտնելու նպատակով գնում է Եմեն և հիացնում թագավոր Սերվին իր երեք դուստրերի հետ: Ֆերեյդունը` իմաստուն խորհուրդներ տալով, իր որդիներին ուղարկում է Եմեն։ Հոր խորհրդների շնորհիվ նրանք ազատվում են Սերվի նյութած դավերից և աղջիկներին կին վերցրած վերադառնում։
Ֆերեյդունը վերածվում է վիշապի և վերադարձի ճանապարհին հանդիպում է իր որդիներին։ Մեծը նահանջում է, միջինը՝ պաշտպանվում է նետով, իսկ փոքրը՝ սրով։ Երբ նրանք հասնում են տուն, Ֆերեյդունը նրանց դիմավորում է ու որդիներին ու հարսներին անուններ է տալիս՝ ըստ անցած փորձության արդյունքների, որից հետո նա աստղագուշակություն է անում նրանց ճակատագրի մասին։ Ֆերեյդունը աշխարհը բաժանում է իր որդիների՝ Սալմի, Թուրի և Իրեջի միջև. Սալմը ստանում է Ռումը (Բյուզանդիա), Թուրը - Թուրանը և Չինը, իսկ կրտսերը՝ Իրեջը, Իրանը (այսինքն՝ կենտրոնը) և Արաբիստանը։
Ավագ եղբայրները նախանձում են կրտսերին և, ընդհանուր համաձայնության գալով` նամակ են ուղարկում հորը` Իրեջին իշխանությունից զրկելու պահանջով։ Ֆերեյդունը, ստանալով այն, դատապարտում է իր որդիներին և Իրեջին հրամայում է զորքով գնալ իր եղբայրների դեմ։ Իրեջը ձգտում է խաղաղության և ծրագրում է մենակ գնալ իր եղբայրների մոտ, և, չնայած հոր նախազգուշացմանը, գնում է՝ տալով նրանց Ֆերեյդունի նամակը։
Թուրը սպանում է Իրեջին Սալմի համաձայնությամբ, որից հետո սուրհանդակը Ֆերեյդունին է բերում իր սիրելի որդու գլուխը: Բոլորը սգում են Իրեջի մահը, իսկ Ֆերեյդունը կուրանում է որդու վշտից։ Այս սպանությունը նշանավորում է Իրանի և Թուրանի դարավոր թշնամանքի սկիզբը (այլ կերպ ասած՝ դա ծառայել է որպես նրա դիցաբանական հիմք, բացատրություն և հիմնավորում):
Ֆերեյդուն և Մանուչեհր
խմբագրելՆրա մահից հետո Իրեջի ստրկուհին` Մահաֆերիդը դուստր է ունենում նրանից, որին, երբ նա մեծանում է, Ֆերեյդունն ամուսնացնում է իր եղբորորդու՝ Փեշենգի հետ։ Նրանք որդի են ունենում։ Ֆերեյդունի տեսողությունը վերականգնվում է և երեխային անվանում Մանուչեհր։ Նախապապը դաստիարակում է տղային, և երբ նա մեծանում է, Ֆերեյդունը նրան գահ է բարձրացնում։
Սալմը և Թուրը հաղորդագրություն են ուղարկում Ֆերեյդունին՝ ողորմություն խնդրելով, Ֆերեյդունն ու Մանուչեհրը ընդունում են դեսպանին, Ֆերեյդունը պատասխան է ուղարկում։ Մանուչեհրն իր մեծ պապի ցուցումով բանակ է կապում Թեմմիշեում։ Համառ ճակատամարտից հետո Մանուչեհրը հաղթում է, սպանում Թուրին, մարմինը նետում վայրի գազաններին, իսկ գլուխը հաղթական նամակով ուղարկում է Ֆերեյդունին: Հետո Մանուչեհրը հաղթում է Սալմին, նույնպես կտրում է նրա գլուխն ու ուղարկում նախապապին։
Ֆերեյդունը Մանուչեհրի բանակի համար կազմակերպում է հանդիսավոր հանդիպում Թեմմիշեում։ Նա իր ժառանգին պատվիրում է վստահել ու ապավինել հերոս Սամին և գահին թագադրում Մանուչեհրին։ Ֆերեյդունը հաճախ նայելով որդիների երեք կտրված գլուխներին` տխրում է ու մահանում։ Նրա թագավորությունը տևում է 500 տարի։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Tafazzoli, 1999, էջեր 531–533
- ↑ Soudavar, 2012, էջ 53
- ↑ Միջին պարսկերեն. Վար` թարգմանվում է «Ցանկապատ», «Բերդ»: «Մենոգ ի խրատ» 62.15-19 տեքստային մեկնաբանությունում «երկրային դրախտ» իմաստով է բացատրվում (էջ 176): Այն կառուցում է Ֆերեյդունի պապը` Ջամշիդը Ահուրա Մազդայի հրահանգով: (Ավեստա. էջ 196. Ծանոթագրոթյուն 5.)
- ↑ «Зороастрийская мифология (fb2) | Флибуста». flibusta.site. Վերցված է 2024-12-05-ին.
- ↑ 5,0 5,1 «The Zend Avesta, Part III (SBE31) Index». sacred-texts.com. Վերցված է 2024-12-05-ին.
- ↑ Քարշվարը ուրվագծված հողատարածք է, որը բաժանված է ջրերով: Բառը թարգմանվել է նաև որպես «տարածաշրջան», «պետություն» կամ «մայրցամաք»։
- Arəzahī («Արևելք») (պարս.՝ ارزَه, Arzah)
- Savahī («Արևմուտք») (պարս.՝ سَوَه, Savah)
- Fradaδafšu («Հարավ-արևելք») (պարս.՝ فِرَدَدَفش, Firadadafš)
- Vīdaδafšu («Հարավ-արևմուտք») (պարս.՝ ویدَدَفش, Vīdadafš)
- Vouru.barəštī («Հյուսիս-արևմուտք») (պարս.՝ وُروبَرِشن, Vurūbarišn)
- Vouru.ǰarəštī («Հյուսիս-արևելք») (պարս.՝ وُروجَرِشن, Vurūjarišn)
- Xvaniraθa («Կենտրոն») (պարս.՝ خوَنیرَث, Xūnīras)
- ↑ Foundation, Encyclopaedia Iranica. «ARYA». iranicaonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-04-ին.
- ↑ Kuz'mina (2007-06-30). The Origin of the Indo-Iranians (անգլերեն). BRILL. ISBN 978-90-474-2071-2.
- ↑ Ֆերեյդունն ու իր բանակը հասնում են Զահհակի նստավայր՝ Երուսաղեմ, որտեղ Զահհակի դեպի երկինք խոյացող ամրոցն էր։ Ֆերեյդունը մականով հարվածում է բոլոր թշնամիներին, գրավում է պալատը և ազատում արքայադուստր Առնավազին և Շահրնազին (Ջամշիդի քույրեր և Զահհակի կանայք): Նրանք ասում են, որ Զահհակը փախել է Հինդուստան։
- ↑ Foundation, Encyclopaedia Iranica. «MEHRAGĀN». iranicaonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-05-ին.
Գրականություն
խմբագրել- Soudavar, Abolala (2012). «Astyages, Cyrus and Zoroaster: Solving a historical dilemma». Iran. 50: 45–78. doi:10.1080/05786967.2012.11834712. JSTOR 24595838. S2CID 194229337. (registration required)
- Tafazzoli, Ahmad (1999). Ferēdūn, Encyclopædia Iranica, Volume IX/5: Fauna III–Festivals VIII. London and New York: Routledge & Kegan Paul. pp. 100-1 531–533. ISBN 978-0-933273-33-7.
Արտաքին հղումներ
խմբագրել- Stuart Cary Welch A king's book of kings: the Shah-nameh of Shah Tahmasp, 1972, Metropolitan Museum of Art (New York, N.Y.), 0-87099-028-4, catalog from an exhibition May 4-July 4, 1972 (open access), 201 pp, 49MB, contains material on 'Faridun' PDF pages 104, 112, 116, 120, 124
- First Iranian Legendary Heroes and Heroines: Իրանցի առաջին լեգենդար հերոսներն ու հերոսուհիները
- «Շահնամե». Գրքասեր. Վերցված է 2024-11-23-ին. աուդիոգիրք
Նախորդող՝ Զահհակ |
Շահնամեի լեգենդար արքաներ 1800–2300 (Գայոմարտից հետո) |
Հաջորդող՝ Մանուչեհր |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերեյդուն» հոդվածին։ |