Մանուչեհր (պարս.՝ منوچهر [ mænuː'tʃer ], հին պարսկերեն և միջին պարսկերեն՝ Մանուչիհր, ավեստական` 𐬨𐬀𐬥𐬎𐬱𐬗𐬌𐬚𐬭𐬀, Մանուշչիտրա` Մանուշի սերած), պարսկական դիցաբանության և Շահնամե էպոսի Փիշդադյան դինաստիայի ութերորդ շահ: Նա իրանական լեգենդար շահերից առաջինն է, ով կառավարել է Իրանը Մանուչեհրի նախապապի՝ Ֆերեյդունի ( կամ Ֆարիդուն, որի որդիները` Սալմ, Թուր և Իրեջ) համաշխարհային կայսրության փլուզումից հետո: Իրեջի թոռ Մանուչեհրն իրագործել է Ֆերեյդունի վրեժը` սպանել է նախանձ ու եղբայրասպան Սալմ և Թուր պապեղբայրներին: Այնուհետև Ֆերեյդունը, որը դեռ ողջ էր, հրաժարվել է գահից՝ ի օգուտ Մանուչեհրի:

Մանուչեհր
Տեսակգեղարվեստական անձ և առասպելական կերպար
Սեռարական
Քաղաքացիություն Իրան
ԾննդավայրԱմոլ
ԶավակներNowzar?
 Manuchehr Վիքիպահեստում

Մանուչեհրի՝ պապի սպանության համար վրեժ լուծելու փորձը հրահրել է Իրանի և Թուրանի միջև պատերազմի սկիզբը։

Հին պարսկական նկար, որտեղ պատկերված է Մանուչեհրը՝ նստած թագավորական գահին

Ավեստայում և միջին պարսկական աղբյուրներում

խմբագրել

Ավեստայի սյուժետային յաշտաներում Մանուչեհր անունը հիշատակվում է միայն մեկ անգամ այն հերոսների ցանկում, որոնց ֆրավաշին (fravaṣ̌i)[1] հարգված է (ցուցակում նա գտնվում է Ագրաերատայի և Կայ Կավադի միջև): Նրա մասին առավել մանրամասն տեղեկություններ կան միջին պարսկերեն աղբյուրներում։ Այնտեղ կա նրա բարդ ծագումնաբանությունը (որը հետագայում մեծապես պարզեցրել է Ֆիրդուսին):

Երբ Սալմը և Թուրը սպանեցին Իրեջին, նրա որդիներին և թոռներին, ողջ մնաց միայն նրա դուստր Գուզակը (Գուզա), որին Ֆերեյդունը թաքցրեց ապաստարանում: Նա ուներ դուստր՝ Ֆրագուզան։ Իմանալով այս մասին՝ Սալմը և Թուջը սպանեցին իրենց մորը (Գուզա), և հետագայում այս շարքում 10 սերունդ ծնվեցին միայն աղջիկներ, որոնց թաքցրեց Ֆերեյդունը (նրանց անունները հաջորդաբար՝ Գուզա, Ֆրագուզա, Զուշա, Ֆրազուշա, Բիտա, Տրիտա, Այրա, Գուզա)[2]։ Այս Գուզան ծնեց Մանուշվարնակին (կամ Մանուշ) որդի[3], որն ամուսնանալով իր քրոջ հետ՝ ծնեց Մանուշխվարնարին, որի որդին քրոջ հետ ամուսնությունից ունեցավ Մանուչեհրին։

Մանուչեհրը ծնվում է Թուրանի սահմանին գտնվող Մանուշ լեռան վրա։ Ներյոսանգից ստանում է աստվածային լույս` քվարնո (فر - կրակ). «Երբ նա ծնվեց, արեգակի լույսը լուսավորեց նրա քիթը»: Նրա հեծնելու կենդանին է Կուրուշկը (ըստ «Բունդահիշն» գրքի, մեծ եղջյուրներով և երեք սապատներով ոչխար

Հետագայում Մանուչեհրը ջրանցքներ է կառուցում Ֆրատ (Եփրատ) գետի ջուրն օգտագործելու համար։ Նա ունենում է երեք որդի՝ Ֆրիա, Նովզար և Զերասպ: Նովզարն ու Զերասպը քաջ ու խելոք, հմուտ և նետաձիգ ու գերազանց ռազմիկներ են: Հենց Զերասպից է ծագում զրադաշտականության հիմնադիր Զրադաշտ (Զարաթուշտրա) մարգարեն։

«Իմաստության ոգու խրատներ» (Մենոգ-ի-խրադ - Mēnōg-ī Khrad ) գրքում ասվում է, որ Մանուչեհրը «Սալմին և Թուրին, որոնք ատելությունից [սպանեցին] Իրեջ եղբորը, որը նրա նախահայրն էր, սանձեց աշխարհին հակադրվելը»[4]:

Ըստ «Բունդահիշնի» ժամանակագրության՝ Մանուշեհրը իշխել է 120 տարի, և այս տարիները ներառում են Աֆրասիաբի թագավորության 12 տարիները, երբ Մանուշեհրը գտնվում էր Պադիշխվարգարում (կամ Պատաշխվար՝ լեռ Թաբարիստանում` ներկայիս Մազանդարան): «Մեծ Բունդահիշն» գրքում հակիրճ պատմվում է, որ այն բանից հետո, երբ Մանուշեհրը վրեժխնդիր է լինում Իրեջի համար, Թուրանի թագավոր Աֆրասիաբը ներխուժում է Մեծ Իրան, հաղթում իրանցիներին Պատաշխվար լեռան մոտ, որտեղ նրանք տառապում են հիվանդությունից, աղքատությունից և ժանտախտից և սպանում է Մանուչեհրի որդիներին՝ Ֆրիային և Նովզարին, սակայն որոշ ժամանակ անց[5] խաբեության արդյունքում Աֆրասիաբը կորցնում է Իրանը։ Երբ իրանցիները Մանուչեհրի գլխավորությամբ պաշարված էին Պատաշխվար լեռան վրա, նրանց փրկում է թուրանական Ագրերատը (Աֆրասիաբի կրտսեր եղբայրը), որի համար Աֆրասիաբը սպանում է նրան։

Մանուչեհրը Երանշահրին է վերադարձնում այն տարածքները, որոնք նախկինում գրավել էր Աֆրասիաբը, ինչպես նաև ջրով լցնում Կայանսե լիճը, որտեղից Թրասյագը շեղել էր ջուրը` բարձրացնելով իրանական հողերի բերրիությունը:

Մանուչեհրի գահակալությունը նկարագրված է Չիհրդադ Նասկայում, որտեղ Կայ Կավադը նրա հետնորդն է։

«Բունդախիշն» գրքում ասվում է, որ Պարսի բոլոր մոբեդները սերել են Մանուչեհրից և տալիս է մի տոհմ, ըստ որի Մանուչեհրը (որդու՝ Զերասպի գծով) պարզվում է, որ 6-րդ սերնդի Սպիտամայի և 15-րդ սերնդի Զարդուշտայի նախահայրն է[6]։

Շահնամեում

խմբագրել

Ֆիրդուսիի «Շահնամե» էպոսում Մանուչեհրը Իրեջի ( Ֆերեյդունի կրտսեր որդին, որին սպանել են նրա ավագ եղբայրներ Սալմը և Թուրը) թոռն է։ Ստրկուհի Մահաֆերիդը Իրեջի մահից հետո նրանից դուստր է ծնում, որին Ֆերեյդունն ամուսնացնում է իր եղբորորդու՝ Փեշենգի հետ։ Նրանք որդի են ունենում, որին Ֆերեյդունն անվանում է Մանուչեհր։

Մանուչեհրին դաստիարակում է նրա նախապապը և երբ մեծանում է, նրան գահ են բարձրացնում։ Այս պահին ներկա հերոսների թվում Ֆերեյդունն անվանում է որդիներին` Կավե, Կոբադ ու Քաջ Կարեն կռվարար և նրա թոռը ՝ Գոշվադը։

Վրեժ Իրեջի սպանության համար

խմբագրել

Սալմը և Թուրը նամակ են ուղարկում Ֆերեյդունին՝ ողորմություն խնդրելով տարիներ առաջ կատարված սպանության համար։ Ֆերեյդունն ու Մանուչեհրը, իրենց գահերին նստած, ընդունում են դեսպանին, իսկ Ֆերեյդունը պատասխան նամակ է ուղարկում։

Մանուչեհրը Ֆերեյդունի հանձնարարությամբ զորքերը հավաքում է Թեմմիշեում։ Նա դիմում է բանակին, շարում և հարձակվում Թուրի բանակի վրա։ Համառ մարտում առավելությունը իրանական զորքերի կողմն է լինում։

Արևը մայր է մտնում և կռիվը դադարում է: Սալմը և Թուրը խորհրդակցելուց հետո ցանկանում են գիշերը հարձակվել թշնամու ճամբարի վրա: Սակայն Մանուչեհրը դարանակալում է։ Գիշերը Թուրի բանակը հարձակվում է իրանական ճամբարի վրա, սակայն դիմադրության է հանդիպում։ Մանուչեհրը, դարանից դուրս գալով, շրջանցում է Թուրին, մեջքին հարվածով սպանում, գլուխը կտրում, մարմինը նետում վայրի գազանների մոտ։ Մանուչեհրը նամակ է գրում Ֆերեյդունին, հայտնում հաղթանակի մասին և ուղարկում Թուրի գլուխը։

Սալմը ապաստանում է Էլանան ամրոցում։ Մանուչեհրը, մտածելով իրավիճակի մասին, զորքով ուղարկում է Կարեն որդուն, որը խորամանկությամբ գրավում է բերդը։ Երբ Կարենը վերադառնում է, Մանուչեհրը հերոսին հայտնում է Կակուայի ( Զահհակի թոռ) կողմից իրանցիների վրա հարձակման մասին։ Սկսվում է ճակատամարտ, որտեղ Մանուչեհրը մենամարտում սպանում է Կակուային։

Սալմի զորքերը փախչում են։ Մանուչեհրը շրջանցում է Սալմային, երկու մասի է բաժանում ու գլուխը կտրում։ Սալմի բանակը ողորմություն է խնդրում։ Մանուչեհրը պատրաստ է խնայել նրանց, իսկ հաղթվածները վայր են դնում զենքերը։

Մանուչեհրը հաղորդագրություն է ուղարկում Ֆերեյդունին, որով Սալմի գլուխը հանձնվում է։ Ֆերեյդունը Թեմմիշեում հանդիսավոր հանդիպում է կազմակերպում Մանուչեհրի բանակի համար։ Ֆերեյդունը Հնդկաստանից վերադարձած հերոս Սամին վստահում է ծառայել Մանուչեհրին։ Մանուչեհրը թագադրվում է թագավոր։ Ֆերեյդունը հեռանում է ղեկավարման գործերից և շուտով մահանում է։

Իշխանություն

խմբագրել

Մանուչեհրը թագավորում է 120 տարի[7], նրա տիրույթների մայրաքաղաքը Ամոլ քաղաքն էր[8]։ Ի տարբերություն ավելի վաղ աղբյուրների՝ Մանուչեհրը պոեմում Աֆրասիաբ թագավորի ժամանակակիցը չէ։ Շահնամեի դիցաբանական մասում Ֆիրդուսին ընդհանրապես չի հիշատակում աղեղնավոր Արաշի առասպելը, սակայն Խոսրով Փարվեզի մասին բաժնում ասում է, որ Արաշը ծառայել է Մանուչեհր թագավորին:

Մանուչեհր շահի երդումը

խմբագրել

Նա բազում հաղթանակներով 120 տարի իշխում է: Երբ որ Քեյանական գահաթոռին է թագադրվում, երդվում է, որ հայրական օրենքները չի խախտի, վստահեցնում է, որ կլինի ճշտապահ, սուսերով կթրատի ապստամբ իշխաններին...

 

Ոսոխների դեմ կլինեմ մշտադաժան և ահեղ,
իսկ բարեկամների նկատմամբ բարեգութ: ...
Աշխարհում կցանեմ բարության սերմ պնդարմատ,
բռնության դեմ անհանդուրժող կլինի: ...
Ստրուկ եմ ես մի անանուն հարձակման մեջ համարձակ,
բայց և հզոր տիրոջ առաջ խոնարհվում եմ գլխահակ: ...

Զահել եմ ես, բայց գործերով մրցում եմ իմ պապի հետ:
Ամեն ինչում հետևում եմ Ֆիրուդինին մեծագործ:
Ես ուրախ եմ, քանզի ունեմ ապուպապի հարուստ փորձ:

 

Սամը Մանուչեհրին անվանում է արդարամիտ, ճշտապահ տիրակալ, Իրանական հսկաների զորավար: Սամը հիշեցնում է. «Հաճույքով ծառայել եմ հորդ ու պատրաստ եմ քեզ ծառայել»:

 

Անհիշատակ հիշատակիս հիշատակն ես ինձ համար:
Տարար բազում հաղթանակներ, մաքրեցիր հողն արյունից,
կռվի գործը հանձնիր ինձ:
Ես կմտնեմ պատերազմի ասպարեզ կկռվեմ քո փոխարեն:
Մեզ կռիվը և թունդ գինին, հրճվանքը թող մնա քեզ:

 

Մանուչեհրը մեծահամբավ Սամին գուրզ ու նետ է հանձնում:

Քաբուլի դեմ չպատերազմելու որոշումը

խմբագրել

Երբ Մանուչեհրն իմանում է, որ Սամի որոնումներն հաջողությամբ են պսակվել. նա գտել է որդուն` Դեստան Զալին, ցանկանում է տեսնել ճերմակամազ պատանուն, որին Սիմուրղ թռչյունն է սնել:

Շահնշահն իր որդու` քաջ Նովզարի հետ ջերմ ողջույններով նամակ է ուղարկում, որով հրավիրում է իր մոտ Սամին ու Դեստան Զալին: Արքայական ծեսով պատվում է նրանց, Քեյանական գահին նստած շահն իր կողքին է նստեցնում Սամին և Կարենին կռվարար: Մանուչեհրը Զալին ուշադիր նայելով` Զաբուլի շահ Սամին ասում է, որ Զալն իր կյանքում «միայն թռչնի բույն է տեսել» և ժամանակն է, որ նա «սովորի իշխանական նիստ ու կաց», ոչ մի հաճույքներից չզրկի: Ու Սամին է շնորհում Զաբուլի իշխանությունը:

Ֆիրդուսու տարբերակում Մանուչեհրի գահակալության ընթացքի մասին 2000 բեյթը (բանաստեղծական տունը) գրեթե ամբողջությամբ «Զալի և Ռուդաբեի լեգենդն» է, որտեղ թագավորի դերը փոքր է։ Մանուչեհրը սուրհանդակից է տեղեկանում, որ Զալը սիրում է Քաբուլի արքայադուստր Ռուդաբեին, որի նախահայրը Զահհակն էր, Մանուչեհրը զայրացած է, անհանգստանում է.

 

Թե քաջատոհմ Դեստան Զալի սրտում սերն է դրել բույն,
վիշապազուն Ռուդաբեի արյան մեջ կա օձի թույն:

 

Մանուչեհրը աստղագուշակներին հարցնում է Զալի ճակատագրի մասին: Հավատացած է, որ նրանցից ծնված երեխան կարող է մորից վատ հատկություններ ժառանգել.

 

Ֆերեյդունը մեր երկրից արաբներին քշեց դուրս,
բայց Մեհրաբը մեր դեմ ունի' հաղթանակի դեռ մեծ հույս
վախենում եմ անսեր լինի կնությունը Դեստանի
Նրա ծառը մեր երկրում նորից դառը շիվ հանի:
Եթե Զալը կին վերցնի Մեհրաբ շահի աղջկան,
ծնված զարմը պիտի լինի մեր թշնամին իսկական:
Երկու ցեղի միացումը կտա մի նոր քենի ծառ,
հիվանդ սրտի վրա պիտի ավելանա մի նոր ցավ:
Ռուդաբեն երբ ծնող դառավ, դաստիարակը իր որդու`
չար մտքերով պիտի սնի իր զավակին օրնիբուն:
Մի պայծառ օր կձգտի նա թագի, գահի ու շահի.
նա չի կարող ապրել առանց ահի ու մահի:

 

Սամը Մանուչեհրի հրամանով իր բանակով գալիս է շահի մոտ: Մեծարման խնջույքի ժամանակ Սամը Մանուչեհրին պատմում է Կերկուի քաջի հետ իր հերոսական հաղթանակի մասին, որը նույնպես Զահհակի ցեղից էր: Խնջույքից հետո Մանուչեհրը հրամայում է Քաբուլի քարակերտ ամրոցները փոշի դարձնել, Մեհրաբի ընտանիքն ու ժողովրդին` «բոլորին սրի քաշել»: Թեև Սամը մոբեթներից իմացել էր, որ Զալի ու Ռուդաբեի միությունից ծնված տղան հզոր քաջ է լինելու, բայց խոնարհաբար ենթարկվում է ու պատերազմ գնում Մեհրաբի դեմ: Բայց Զալը դուրս է գալիս հորն ընդառաջ ու խնդրում չավիրել Քաբուլը: Հորն հիշեցնում է այն դժվարությունները, որին արժանացրել էր ինքը ու հիշեցնում իրեն տված սուրբ երդումը, որ իր ցանկությունը կկատարի: Զալին լսելուց հետո Սամը նրան ուղարկում է Մանուչեհրի մոտ, որ գնա ու ամեն ինչ պատմի իր սիրո մասին: Նա նաև մի նամակ է ուղարկում` խնդրելով փոխել պատերազմելու որոշումը, հիշեցնում է իր բազում հաղթանակերը ու աղերսանքով խնդրում Զալի արած «սխալը ծանր մեղք չհամարել»:

Թագավորին դուր է գալիս Զալի խոնարհությունը, և նա աստղագուշակներին հարցնում է, թե ինչ ճակատագիր է սպասվում Զալից և Ռուդաբեից ծնվել պատրաստվող երեխային։ Տեղեկանալով, որ նրանց որդին մեծ հերոս է լինելու, աշխարհակալ և Իրանի թագավորների հավատարիմ ծառան՝ Մանուչեհրը փոխում է իր որոշումը։

Թագավորը հրամայում է մոբեթներին հարցերով փորձարկել Զալին և համոզվել երիտասարդի իմաստության ու քաջության մեջ։ Նա Զալին հանձնարարում է ցուցադրել իր հմտությունները, որպեսզի նա մոգերի հետ մրցի: Կայսեր ամենաիմաստունները Զալին տալիս են խիստ դժվար հարցեր և հանելուկներ, որոնց Զալը ճշտորեն պատասխանում է։ Ռազմարվեստում քաջության մեջ նույնպես համոզվելուց հետո Մանուչեհրը հավանություն է տալիս Զալի և Ռուդաբեի ամուսնությանը։ Զալը հորն է տանում Մանուչեհրի պատասխան նամակը իր որոշման մասին:

Ամուսնությունից հետո ծնվում է Զալի և Ռուդաբեի որդին` Ռոստամը, որը դեռ պատանի հասակում տարբերվում է իր ունակություններով:

120 տարի ողջ իրանի թագավոր լինելուց հետո Իրանի Մանուչեհր շահը կանչում է մոբեթներին ու լսում, որ իր կյանքը ավարտվում է: Նա մահանալուց առաջ ծանր ու թեթև է անում իր ապրած կյանքը, իր արած բարի գործերը ու ափսոսում, «թե ինչ օգուտ, երբ որ մահը սպառնում է այսքան շուտ»: Նա կանչում է Նովզար որդուն, հանձնում է իրեն օգնող «Ֆերեյդունի գինու թասը լուսատու», ու խորհուրդներ տալիս.

 

Փոփոխության դար ենք ապրում, կործանումի պայքար է:
Շուտով աշխարհ կգա մի մեծ ու լուսավոր մարգարե,
Արևելքից կառաջնորդի ու կհասնի մինչ Իրան:
Բայց նրա դեմ զորք չտանես, կհետևես միշտ նրան.
նա լուսավոր ուսմունք ունի, քեզ կլինի ուղեցույց:
մարդկությունը այդ ուսմունքին սպասում է դեռ վաղուց:
Բայց իմացիր, Թուրանացին կրակ կտա հողը մեր,
դու չես տեսնի խրախճանքի ու ցնծության լավ օրեր.
մի օր տեսար գայլ կլինես, իսկ մի օր էլ թույլ ոչխար:
Փաշանակի որդին քո դեմ դավ կնյութի անդադար
աշխարհը մեկ նեղ կթվա, իսկ երբեմն էլ լուսավոր:
Ժամանակն է որ, զավակս, զորք հավաքես նորանոր:

 

Մանուչեհրը մի վերջին անգամ Դեստան Զալին և քաջ Սամին վստահելու ու նրանց օգնությանը դիմելու մասին է հիշեցնում և հրաժեշտ տալիս կյանքին: Մանուչեհրի մահից հետո երկիրը կառավարում է Նովզարը:

Ըստ Ալիշեր Նավոյի

խմբագրել

Մանուչեհրին ( Manucheҳr ) հիշատակում է Ալիշեր Նավոյը իր «Իսկանդարի պատը» պոեմում։

Տոհմածառ

խմբագրել
ԱրնավազՖերեյդունՇահրնազ
Ֆերեյդունի եղբայրներԻրեջՍալմԹուր
ՓաշանգԻրաջի դուստրեր
Մանուչեհր
Նովզար
ԹուսԳոսթեհեմ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ֆարվարդի Յաշթում» ֆրավաշիները՝ ներառյալ Մանուչեհրի ֆրավաշին ներկայացված են որպես մահացած հերոսների հոգիներ, որոնք գոյություն ունեն որպես գերբնական հզոր էակներ, որոնք բնակվում են ստրատոսֆերայում՝ պաշտպանելով իրենց երկրպագողներին։
  2. Նշված է 8 անուն, շարքում վերջին երկուսի անունները, ովքեր ամուսնացել են իրենց եղբայրների հետ, անուններով չեն նշված. «Դենկարդ»-ում (VII 2, 70) վերջին անունը Վիզա(կ)ն է:
  3. «Դենկարդ»-ում (VII 2, 70) ասվում է հետևյալ կերպ. «Մանուս-հուռնակը, որին Ներյոսանգն է պատվաստել (անգլ. թարգմ.՝ implanted) Վիզակի մեջ»:
  4. E. W. West (1885). The Sacred Books Of The East Pahlavi Texts Part Iii [Արևելյան Փահլավի տեքստերի սուրբ գրքերը Մաս III] (անգլերեն). էջեր XXVII 42-43.
  5. «Iranshahr was taken from Frasiyav by another generation», հավանաբար, խոսքը 12-տարվա ընթացքի մասին է:
  6. «The Bundahishn ("Creation"), or Knowledge from the Zand». www.avesta.org. Վերցված է 2024-12-03-ին.
  7. Սակայն որդուն ուղղված հրաժեշտի խոսքում Մենուչեհրն ասում է, որ 120 տարեկան է (Շահնամե. հատոր I, տող 8615):
  8. ինչպես նշել է Ռ. Ֆրայը (Իրանի ժառանգություն. Մ., 2002 թ. էջ 74), այս անունով քաղաքը եղել է ոչ միայն Թաբարիստանում, այլև Օկսուսի վրա, և երկու դեպքում էլ անունը հավանաբար կապված է մարդեր կամ ամարդ ցեղի հետ:

Աղբյուրներ և գրականություն

խմբագրել
  • Զրադաշտական տեքստեր. Մ., 1997: P.102, 278, 282, 295, 309, 310:
  • Ֆրավարդին-յաշտ XIII 131 թ.
  • Դենկարդ V 4, 3; VII 1, 29-30; 7, 21
  • Ֆիրդուսի . Շահնամե . (Շարք «Գրական հուշարձաններ») 6 հատորով, 1957։
  • Զրադաշտական տերմինների, առասպելական կերպարների և դիցաբանական խորհրդանիշների փահլավերեն բառարան Չունակովա Օ. Մ. Մ., 2004: P.144.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • A king's book of kings: the Shah-nameh of Shah Tahmasp, ցուցահանդեսային կատալոգ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանից (ամբողջովին հասանելի է առցանց PDF ձևաչափով), որը պարունակում է նյութեր Սամի մասին:
  • «Շահնամե». Գրքասեր. Վերցված է 2024-11-23-ին. աուդիոգիրք
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուչեհր» հոդվածին։