Օտտո Ֆրեյզինգացի
Օտտո Ֆրեյզինգացին (լատ. Otto Frisingensis, գերմ․ Otto von Freising, անգլ․ Otto of Freising, մոտ 1111[1], Կլոստերնեոբուրգ, Wien-Umgebung District, Ստորին Ավստրիա, Ավստրիա - սեպտեմբերի 22, 1158, Morimond Abbey, Parnoy-en-Bassigny) գերմանացի եկեղեցական գործիչ, պատմագիր, ցիստերցիական միաբանության անդամ։ Բավարիայի Ֆրեյզինգ համայքնի Օտտո I եպիսկոպոսն էր 1138 թվականից։ Օտտո Ֆրեյզինգացին մասնակցել է Խաչակրաց երկրորդ արշավանքին, հասել Երուսաղեմ։
Օտտո Ֆրեյզինգացի գերմ.՝ Otto von Freising | |
---|---|
Ծնվել է | մոտ 1111[1] |
Ծննդավայր | Կլոստերնեոբուրգ, Wien-Umgebung District, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1158 |
Մահվան վայր | Morimond Abbey, Parnoy-en-Bassigny |
Գերեզման | Հայլիգենքրոյց վանական համալիր |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2][3] |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, կաթոլիկ քահանա, ժամանակագիր և կաթոլիկ եպիսկոպոս |
Ծնողներ | հայր՝ Leopold III?[4], մայր՝ Agnes of Germany?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | աբբա, թեմի հովվապետ և եպիսկոպոս |
Otto of Freising Վիքիպահեստում |
Կյանք
խմբագրելՕտտո Ֆրեյզինգացին ծնվել է Քլոստերնոյբուրգում, Ավստրիայի մարգրաֆ (փոխարքա) Լեոպոլդ III Սրբի հինգերորդ որդին է։ Օտտոյի մայրը Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ IV-ի դուստր Ագնես Վայբլինգենցին է։ Սերելով Բաբենբերգների ընտանիքից, Օտտոն Սրբազան Հռոմեական կայսրության կայսեր Հենրիխ V-ի եղբոր որդին էր, Գերմանիայի թագավոր Կոնրադ III-ի խորթ եղբայրը և կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսի հորեղբայրը։
Մանկուց ինքնակամ որոշելով նվիրվել Աստծուն, մոտ 1126 թվականին նա դարձել է Քլոստերնոյբուրգի վանքի վանահայր։ 1126-1132 թվականներին նա փիլիսոփայություն և աստվածաբանություն է սովորել Փարիզում։ Չկա հավաստի ապացույց, որ նա սովորել է հայտնի փիլիսոփաների և աստվածաբանների մոտ, բայց այդ ժամանակ հայտնի Հյուգո Սեն-Վիկտորացու, Ժիլբեր Պոռետացու և Թիերի Շարտրացու ստեղծագործությունների նշանակալի ազդեցությունը նրա պատմական, աստվածաբանական և փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա վեր է կասկածից։
1138 թվականին ընտրվել է Ֆրեյզինգի եպիսկոպոս։ Բարեփոխել է վանքերը, հովանավորել գիտություններն ու կրթությունը, Ֆրեյզինգում արմատավորել փարիզյան սխոլաստիկան և Արիստոտելի փիլիսոփայությունը։
Երեք անգամ՝ 1141-1145 թվականներին, իր եղբոր՝ Կոնրադ III թագավորի անունից բանագնաց է եղել պապական արքունիքում։
1147-1149 թվականներին մասնակցել է Խաչակրաց երկրորդ արշավանքին։
Իր եղբորորդու՝ Ֆրիդրիխ I Շիկամորուս կայսեր անունից միջնորդ է հանդես եկել բավարական և ավստրիական դուքսերի, այնուհետև կայսեր և պապ Ադրիան IV-ի միջև հակամարտությունում։
Օտտոն մահացել է 1158 թվականի սեպտեմբերի 22-ին Սիտո աբբայությունում անցկացվող բաժնի ժողովի ճանապարհին։ 1857 թվականին եպիսկոպոսի արձանը կանգնեցվել է Ֆրեյզինգ քաղաքում։
Երկեր
խմբագրելԱմենահայտնի աշխատություններն են «Երկու արքայությունների տարեգրությունը» (լատ. Chronica de duabus civitatibus) 8 հատորով, որը տարեգրություն է մինչև 1146 թվականը, ինչպես նաև «Կայսր Ֆրիդրիխի գործերը» (Ֆրիդրիխ I Շիկամորուսի), որը տարեգրություն է մինչև 1156 թվականը։ Օտտոն պատվավոր տեղ է վաստակել միջնադարի գերմանացի պատմաբանների շրջանում, համարվում է համաշխարհային պատմության փիլիսոփայական մեկնաբանողը Եվսեբիոս Կեսարացու և Մովսես Խորենացու մեթոդաբանությամբ։ Օգոստինոս Երանելու աշխարհահայացքով կառուցված տարեգրությունը ներկայացնում է «երկու քաղաքների» պատմությունը՝ որպես երկրային և աստվածային սկզբունքների միջև շարունակական պայքարի դրսևորում, ավարտվում է աշխարհի վերջի երևակայական պատկերով։
Օտտո Ֆրեյզինգացու հոռետեսության պատճառը Գերմանիայում սոցիալ-քաղաքական ճգնաժամն էր, ինչպես նաև կայսեր և Հռոմի պապերի մրցակցությունը։ Հենրիխ IV-ի և Գրիգոր VII պապի միջև պայքարը համարում է աղետի աղբյուր թե՛ եկեղեցու, թե՛ աշխարհականների համար, քանի որ առաջինը երկրորդի հոգևոր զավակն է և անխուսափելիորեն հանգեցնելու է «խառը քաղաքի» ձևավորմանը (լատ. civitas permixta ), որն Ապոկալիպսիսի սկզբում կտրոհվի «արդարների քաղաքի» և «մեղավորների քաղաքի», ինչպես նշված է Տարեգրության ութերորդ գրքում։
Պատմական իրադարձությունների շարադրանքում Օտտոն հմտորեն հյուսում է իր փիլիսոփայական սկզբունքները, որոնք միասին կազմում են յուրահատուկ ամբողջական պատմափիլիսոփայական հայեցակարգ՝ հիմնված «Չորս կայսրությունների» մասին քրիստոնեական հայտնի վարդապետության վրա։ Տարեգրության վերջին հատորը պարունակում է արժեքավոր փաստական նյութեր Գերմանիայի ներքին և արտաքին քաղաքականության պատմության վերաբերյալ՝ ներկայացնելով այն ժամանակվա քաղաքական կյանքի լայն կտավը։
1157-1158 թվականներին գրված «Կայսր Ֆրիդրիխի գործերը» աշխատությունում Օտտո Ֆրեյզինգացին շարադրում է Գերմանիայի պատմությունը Հենրիխ IV- ի գահակալությունից մինչև 1156 թվականը, հավատարիմ մնալով արքունիքի պաշտոնական տեսակետին։ Աշխատության համար նյութեր է տրամադրել ինքը՝ Ֆրեդերիկ I Շիկամորուսը։ Որոշ հատվածներում հեղինակն օգտագործել է իր հիշողությունները։
Ձեռագրեր և հրատարակումներ
խմբագրելՕտտո Ֆրեյզինգացու «Կայսր Ֆրիդրիխի գործերը» պահպանվել են 12-ից 16-րդ դարերի բազմաթիվ ձեռագրերում, որոնք պահվում են Մյունխենի պետական գրադարանում, Վոլֆենբյուտելի դուքս Օգոստոսի գրադարանում, Ադմոնտի (Շտիրիա նահանգ) Բենեդիկտյան միաբանության գրադարանում, Վատիկանի առաքելական եկեղեցու գրադարանում, Ֆրանսիայի Ազգային գրադարանում՝ Փարիզում։ «Երկու արքայությունների տարեգրությունը» աշխատության պահպանված ամենահին ձեռագիրը պահպանվում է Թյուրինգիայի համալսարանի գրադարանում։
Օտտո Ֆրեյզինգացու ստեղծագործությունները առաջին անգամ հրատարակվել են 1515 թվականին Ստրասբուրգում ավստրիացի հումանիստ պատմաբան և դիվանագետ Յոհան Կուսպինյանի կողմից, իսկ 1569 թվականին վերահրատարակվել Բազելում ՝ ֆրանսիացի պատմաբան և իրավաբան Պիեռ Պիտուի կողմից։ Երկու աշխատությունների առաջին քննադատական հրատարակությունը պատրաստել է պատմաբան-արխիվագետ Ֆրանց Ֆրիդրիխ Վիլմանսը։
Անոտացված անգլերեն թարգմանությունը հրատարակվել է 1928 թվականին Նյու Յորքում, վերահրատարակվել է 1966 և 2002 թվականներին։
Վերջին քննադատական հրատարակությունը լատիներեն բնագրով և գերմաներեն թարգմանությամբ լույս է տեսել 2000 թվականին Դարմշտադտում, խմբագրված պատմաբան, միջնադարագետ Ֆրանց-Յոզեֆ Շմալեի կողմից։
Ազդեցություն
խմբագրելՕտտո Ֆրեյզինգացու նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է Սառը պատերազմի տարիներին գաղափարական հակամարտության շրջանում։ Ֆրեյզինգացու մեկնաբանած «Երկու արքայությունների» և «Չորս կայսրությունների» հայեցակարգերն ու կոնֆլիկտներն կիրառվել են հանրահռչակ գրող և բանասեր Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի Մատանիների տիրակալը և Հոբիթ ստեղծագործություններում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հոդված նրա կյանքի մասին (գերմաներեն), ամբողջական ստեղծագործություններով (լատիներեն)
- Օտտո Ֆրեյզինգացի, Լատինական գրադարանում
- Օտտո ֆոն Ֆրեյզինգի և նրա մասին գրականությունը Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգում
- Պիուս Մաուրեր. Օտտո ֆոն Ֆրեյզինգը Biographia Cisterciensis- ում (ցիստերցիական կենսագրություն)