Օսմանյան Ալբանիա (ալբ․՝ Shqipëria osmane), Ալբանիայի պատմության ժամանակաշրջան, որի ընթացքում երկիրը գտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Օսմանյան Ալբանիա
Shqipëria osmane
 Էպիրոսի բռնապետություն Անկախ Ալբանիա 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տիրանա
Լեզու Ալբաներեն
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետության գլուխ Օսմանյան սուլթան

Ալբանիայում օսմանյան տիրապետությունը սկսվել է 1385 թվականին և ավարտվել 1912 թվականին՝ Բալկանյան պատերազմների արդյունքում։

Պատմություն խմբագրել

 
Սուֆիստների հավաք Ալբանիայում

1385 թվականին տեղի ունեցած Սավրայի ճակատամարտից հետո Սերբիան, ինչպես նաև Ալբանիան դարձան Օսմանյան կայսրության վասալը[1]։ 1402 թվականին Անատոլիան ենթարկվեց Լենկթեմուրի արշավանքներին։ Օսմանյան կայսրությունը ստիպված եղավ ուղղություն բռնել դեպի արևմուտք՝ Եվրոպա[2]։

1453 թվականին թուրքերն անցան Ոսկեղջյուր նավահանգիստը և գրավեցին Կոստանդնուպոլիսը՝ փակելով Հռոմեական կայսրության պատմության վերջին էջը։

Օսմանյան կայսրության կազմում Ալբանիան բաժանված էր չորս վիլայեթների՝ Շկոդերի, Կոսովոյի, Յանինայի և Մոնաստիրի։

Հենց այս ժամանակաշրջանում կաթոլիկ կրոնի կողքին սկսեց զարգանալ իսլամը։ Օսմանյան իշխանությունների կողմից քանդվեցին Ալբանիայի քրիստոնեական տաճարները և մզկիթներ կառուցեցին։ Շուտով Ալբանիայի բնակչության մեծ մասը իսլամացավ։

Մեծաքանակ ալբանացիներ 15-16-րդ դարերում մասնակցել են թուրք-վենետիկյան, թուրք-հունգարական և թուրք-ավստրիական պատերազմներին։ Ալբանացիները զինակոչվում էին Օսմանյան կայսրության բանակ և նրանց մի ստվար հատված համալրում էր ենիչերական զորքերի շարքերը։

Հարկ է նշել, որ ի տարբերություն Բալկանյան մյուս երկրների՝ Հունաստանի, Սերբիայի և Բուլղարիայի, Օսմանյան կենտրոնական կառավարությունն Ալբանիայում վարում էր հարկային ոչ ծանր քաղաքականություն։

Չնայած այս ամենի՝ ազգային պետության ստեղծումը մնում էր ալբանացիների բաղձալի երազանքը։ 19-20-րդ դարերում բռնկված բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարը տարածվեց նաև Ալբանիայում։ Հարևան Սերբիան ցանկանում էր տիրանալ Բոսնիա և Հերցեգովինային, սակայն նպատակը չիրագործվեց Ավստրիայի կողմից Բոսնիայի անէքսացիայի պատճառով։ Սերբերը իրենց նպատակները ուղղեցին դեպի հարավ։ Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիայի անէքսացիայից հետո երիտթուրքերը փորձեցին Բոսնիայի մուսուլման ժողովուրդներին տեղափոխել Օսմանյան կայսրություն։ Ովքեր համաձայնեցին տեղափոխվել, օսմանցիները նրանց բնակեցրին հյուսիսային Մակեդոնիայում, որտեղ մուսուլմանները մեծ թիվ չէին կազմում։ Այս փորձը օսմանցիների համար ողբերգական ավարտ ունեցավ, քանի որ այս մուսուլմանները հետագայում միավորվեցին ալբանացիների հետ և դուրս եկան կայսրության դեմ։

1912 թվականին ալբանացի Համիդյան հեղափոխականները, ովքեր ցանկանում էին վերադարձնել Աբդուլ Համիդ II-ի իշխանությունը, դուրս քշեցին երիտթուրքական զորքերին Սկոպյեից և գրավեցին հարավում Մանաստիրի տարածքները (ներկայիս Բիտոլա) և ստիպեցին երիտթուրքերին իրենց տրամադրել ինքնիշխանություն 1912 թվականի հունիսին։ Այսպիսով Առաջին բալկանյան պատերազմում բալկանյան կոալիցիայի տարած հաղթանակից հետո Ալբանիան հռչակվեց, որպես անկախ պետություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sedlar, Jean W. East Central Europe in the Middle Ages, 1000—1500, University of Washington Press, p. 385
  2. Dimitris J. Kastritsis, The Sons of Bayezid: Empire building and Representation in the Ottoman Civil War of 1402—1413, (BRILL, 2007), 1-3.