Բացել գլխավոր ցանկը

Անցումային տնտեսություն, մի տնտեսական համակարգից անցում մյուսին, անցումային շրջանը, կախված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, կարող է ինչպես կարճատև (տասնամյակներ), այնպես էլ երկարատև (հարյուրավոր տարիներ) լինել։ Հետխորհրդային երկրներում տեղի է ունենում անցում վարչահրամայական տնտեսական համակարգից շուկայականի, անցումային տնտեսություն է եղել նաև ավանդական տնտեսական համակարգից շուկայականին անցման ժամանակ։ Անցումային տնտեսությանը բնորոշ են սեփականության ձևի և տնտեսական գործունեության համակարգման հատկանիշներ։ Անցումային տնտեսությանը հատուկ են բազմակացութաձևություն, սոցիալ-տնտեսական հարաբերությունների սրացում, տնտեսության անկում, գործազրկության աճ, փողի արժեզրկում և այլն։ Հին համակարգի լիարժեք կերպափոխությունը հիմնականում կախված է անցում կատարող երկրի սոցիալ-տնտեսական զարգացածության մակարդակից, ներքին ուժերի դիմադրության աստիճանից, ավանդույթներից, սովորույթներից, ինչպես նաև արտաքին գործոնների ազդեցությունից։ Անցումային շրջանն ավարտված կարելի է համարել, երբ նոր տնտեսական համակարգն ապացուցում է իր տնտեսական և սոցիալական կենսունակությունը, իսկ երկրի բնակչությունը համոզվում է դրանում։

Անցումային տնտեսության օրինաչափություններըԽմբագրել

Գործող ինստիտուտների աստիճանական կերպափոխում և նորերի ձևավորումԽմբագրել

Եթե վարչահրամայական համակարգից անցում է կատարվում շուկայականին, անհրաժեշտ է ձևավորել՝

  • ժողովրդավարական համակարգերին բնորոշ դատաիրավական, ընտրության, իշխանությունների հակակշիռների, օրենքների գերակայության,
  • սեփականության տարբեր ձևերի կայացման,
  • արտադրության գործոնների, ռեսուրսների բաշխման, արդյունքների արտադրության, ինքնակարգավորման ազատական սկզբունքների իրագործման ինստիտուտներ։

Հորիզոնական և ուղղահայաց կոորդինացիայի հարաբերակցության փոփոխությունԽմբագրել

Կատարյալ է այն տարբերակը, երբ դրանց փոփոխությունը պայմանավորված է լինում ռեսուրսների ռացիոնալ բաշխվածությամբ կամ տնտեսության արդյունավետ գործունեությամբ։ Շուկայական ինքնակարգավորումն ունի մի շարք թերություններ, որոնք հաղթահարվում են տնտեսության պետական կարգավորման լծակների կիրառման միջոցով։ Եվ ընդհակառակը՝ տնտեսության պետական կարգավորման լծակների ուժեղացումն էլ հանգեցնում է տնտեսության արդյունավետության մակարդակի իջեցման, որը հաղթահարվում է շուկայական ինքնակարգավորման սկզբունքների կիրառմամբ։ Անցումային փուլը հնարավորություն է տալիս ձևավորելու հորիզոնական և ուղղահայաց համակարգման այնպիսի հարաբերակցություն, որը համապատասխանում է ստեղծված պայմաններին։

Գաղափարախոսական և քաղաքական գործոնի դերԽմբագրել

Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ, չկարողանալով բացահայտել ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի բուն պատճառները, կամա թե ակամա տուրք է տրվում գաղափարախոսական ոչ հիմնավոր ուղղությունների, և գործընթացը քաղաքականացվում է համապատասխան ուժերի կողմից։ Օրինակ՝ Ռուսաստանում 19-րդ դարի վերջին և 20-րդի սկզբներին առկա վիճակի բուն պատճառները բոլշևիկները ներկայացրին մարքսիստական տեսության տրամաբանությամբ և կարողացան հեղաշրջման ճանապարհով քաղաքական իշխանությունը զավթել, ինչը հետագայում համարելով պատմական օրինաչափություն՝ ստեղծեցին մի հասարակարգ, որը իրականում շեղում էր պատմական զարգացման բնականոն ընթացքից։ Այդպիսի շեղումներ եղել են նաև Անգլիայում (17-րդ դար) և Ֆրանսիայում (18-րդ դար) բուրժուադեմոկրատական հեղափոխությունների ժամանակ, որոնք հաղթահարվել են մեծ կորուստների գնով։ Նման բազմաթիվ օրինակներ կան 20-րդ դարում, որոնցից ամենահատկանշականը ֆաշիզմի հաղթանակն էր Գերմանիայում, Իտալիայում, Պոլ Պոտը՝ Կամբոջայում, կոմունիստական դիկտատուրայի ստեղծումը՝ Չինաստանում և այլն։ Նույն տրամաբանությամբ էր ընթանում նաև վարչահրամայական բռնապետական համակարգից անցումը շուկայականին։ Այստեղ նույնպես գաղափարախոսական և քաղաքական գործոնը զգալի դեր ունեցավ։ Շուկայական տնտեսաձևին անցումը համարելով ռազմավարական նպատակ՝ հաշվի չէր առնվում, որ կտրուկ և չհիմնավորված միջոցառումները նույնպես կարող են ռեսուրսների մեծ կորուստների պատճառ դառնալ։ Այդ անցումը անհրաժեշտաբար պետք է կարգավորվի պետության կողմից՝ հաշվի առնելով տնտեսության զարգացման առաջնահերթությունները, կառուցվածքային փոփոխության միտումները, սոցիալական հիմնախնդիրների առկայությունը և այլն։

Կերպափոխման անկումԽմբագրել

Անցումային տնտեսություններն ապրում են խոր տնտեսական ճգնաժամ, որը հետևանք է նախկին (վարչահրամայական) համակարգից նորին (շուկայական) անցման կամ՝ հակառակը։ Նախկին տնտեսական կապերը փլուզվում են, իսկ նորերի ստեղծումը պահանջում է որոշակի ժամանակաշրջան, որի ընթացքում տեղի է ունենում տնտեսական կտրուկ անկում։ Անցումային տնտեսության փուլում իրականացվող բարեփոխումները տարբեր են լինում։ Դրանց բնույթը տնտեսագիտական գրականության մեջ ներկայացվում է երկու հիմնական ուղղություններով՝ գրադուալիստական (անգլ.՝ gradual բառից, որը թարգմանաբար նշանակում է «աստիճանական») և շոկային թերապիայի (ցնցաբուժական)։

ԱղբյուրներԽմբագրել

  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
  • Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։