Վիկտոր Լուսթիգ (գերմ.՝ Victor Lustig, հունվարի 4, 1890(1890-01-04), Hostinné - մարտի 11, 1947(1947-03-11), Սպրինգֆիլդ, Միսսուրի, ԱՄՆ[1][2]), բարձր որակավորում ունեցող խարդախ Ավստրո-Հունգարիայից, որը ձեռնարկել է 20-րդ դարի սկզբին Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ծավալվող խարդախության տարբեր դեպքեր ներառող քրեական կարիերա։ Լուսթիգը լայնորեն հայտնի է որպես իր ժամանակի ամենահայտնի խարդախներից մեկը և տխրահռչակ է այն բանով, որ եղել է «մարդ, որը երկու անգամ վաճառել է Էյֆելյան աշտարակը» և «ռումինական արկղով» խարդախություն է իրականացրել։

Վիկտոր Լուսթիգ
գերմ.՝ Victor Lustig
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1890(1890-01-04)
ԾննդավայրHostinné
Մահացել էմարտի 11, 1947(1947-03-11) (57 տարեկան)
Մահվան վայրՍպրինգֆիլդ, Միսսուրի, ԱՄՆ
Մասնագիտությունcon artist և confidence trickster
 Viktor Lustig Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Վիկտոր Լուսթիգը ծնվել է Ավստրո-Հունգարիայի Բոհեմիայի թագավորության Հոսթինե քաղաքում։ Նա սովորելու բացառիկ հմտություն է ունեցել իր ամբողջ պատանեկության ընթացքում, բայց նաև ցույց է տվել իրեն, որպես փորձանքի աղբյուր։ 19 տարեկանում, Փարիզում ուսումնառությունից դադար վերցնելու ժամանակ, Լուսթիգը մոլեխաղերով է զբաղվել։ Այս ընթացքում նա դեմքի ձախ մասում սպի է ստացել այն կնոջ խանդոտ ընկերոջից, որի հետ նա շփվել է[3]։ Դպրոցը թողնելուն պես, Լուսթիգը կիրառել է և՛ իր կրթությունը, և՛ մի քանի լեզուների սահուն տիրապետումը՝ հանցավոր կյանք սկսելու համար՝ ի վերջո կենտրոնանալով տարբեր խարդախությունների վրա, որոնք իրեն գույք և փող էին տալիս, և որոնք նրան վերափոխել են պրոֆեսիոնալ խարդախի[4]։

Լուսթիգի նախնական խարդախություններից շատերը կատարվել են օվկիանոսային նավերում, որոնք նավարկում էին Ֆրանսիայի և Նյու Յորքի Ատլանտյան նավահանգիստների միջև[4]։ Այն սխեմաների շարքում, որոնք նա ներգրավել է հարուստ ճանապարհորդների վրա, եղել էր մեկը, որում նա ներկայացել է որպես երաժշտական պրոդյուսեր, որը ներդրումներ էր փնտրում գոյություն չունեցող բրոդվեյական բեմադրության համար։ Երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո դադարեցվել են տրանսատլանտյան նավերի ծառայությունները, Լուսթիգը սկսել է նոր տարածքներ փնտրել՝ եկամուտ ստանալու համար, և նախընտրել է մեկնել Միացյալ Նահանգներ։ Այդ ժամանակ նա վատ համբավ է ձեռք բերել տարբեր իրավապահ մարմինների շրջանում իր կատարած խարդախությունների համար, ներառյալ մեկը, որը իրականացվել էր 1922 թվականին, երբ Լուսթիգը խաբեությամբ ստիպել է բանկին փող վճարել պարտատոմսերի մի մասի համար, ինչից հետո, օգտագործելով տարբեր տեսակների մանիպուլյացիաներ, հեռացել է ինչպես փողերով, այդպես էլ պարտատոմսերով[3]։

«Էյֆելյան աշտարակի» խարդախություն խմբագրել

1925 թվականին Լուսթիգը վերադարձել է Ֆրանսիա։ Փարիզում մնալիս մի թերթի հոդված է գտել, որում քննարկվում էին Էյֆելյան աշտարակի պահպանման հետ կապված խնդիրները, ինչը նրան ոգեշնչել է նոր խարդախություն ձեռնարկել։ Այդ ժամանակ հուշարձանը սկսել էր քայքայվել, և այն պահպանելն ու ներկելը քաղաքի համար գնալով ավելի թանկ և դժվար էր դառնում։ Հոդվածի մի մասը անցողիկ մեկնաբանություն է գրել այն մասին, որ հուշարձանի վերաբերյալ ընդհանուր հասարակական կարծիքը ուղղվելու է դեպի դրա հեռացման կոչերը, ինչը Լուսթիգին համոզել է, որ դրա օգտագործումն իր հաջորդ խարդախության մեջ եկամտաբեր է լինելու[3]։ Հետազոտելուց հետո, թե ինչ էր անհրաժեշտ հոդվածի տեղեկատվությունը ձեռնտու օգտագործելու համար, Լուսթիգը ձեռնամուխ է եղել խաբեության պատրաստմանը, որի համար նա կեղծարար է վարձել, որն իր համար կեղծ պետական գրենական պիտույքներ էր պատրաստում[5]։

Պատրաստ լինելուն պես, Լուսթիգը մետաղի ջարդոն վաճառողների մի փոքր խումբ է հրավիրել թանկարժեք հյուրանոցում գաղտնի հանդիպման, որի ժամանակ նա նրանց ներկայացել է որպես Փոստերի և հեռագրերի նախարարության (ֆր.՝ Ministère de Postes et Télégraphes) գլխավոր տնօրենի տեղակալ[3]։ Հանդիպմանը նա համոզել է տղամարդկանց, որ Էյֆելյան աշտարակի պահպանումը չափազանց դժվար է Փարիզի համար, և որ Ֆրանսիայի կառավարությունը ցանկանում է այն վաճառել ջարդոնով։ Լուսթիգը հայտնել է, որ այդպիսի գործարքը հակասական է լինելու և, քանի որ այն հավանաբար հասարակության մեջ բողոք է առաջացնելու, ոչինչ չի կարող բացահայտվի, մինչև բոլոր մանրամասները չմտածվեն։ Լուսթիգը պարզաբանել է, որ ինքն է պատասխանատու եղել դիլերին գտնելու համար, որը կստանա կառույցի սեփականության իրավունքը, պնդելով, որ խմբի անդամներն ընտրվել են մանրակրկիտ՝ «ազնիվ գործարարների» իրենց հեղինակության պատճառով։ Նրա ելույթն անկեղծ նկարագրություն է ներառել քաղաքում հուշարձանի գտնվելու վայրի և այն մասին, թե ինչպես այն չի համապատասխանում քաղաքի մյուս մեծ հուշարձաններին, ինչպիսիք են Գոթական տաճարները կամ Հաղթական կամարը[5]։

Դիլերների հետ ժամանակ անցկացնելու ընթացքում Լուսթիգը հետևում էր, թե ով է ամենաշատը հավատում իր խաբեությանը, և ընտրությունն ի վերջո ընկել է Անդրե Պուասոնի վրա՝ անվստահ մի մարդու, որը ցանկանում էր բարձրանալ փարիզյան գործարար համայնքի ներքին շրջանակներում[6]։ Քանի որ Պուասոնը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հուշարձանը գնելու հարցում, Լուսթիգը որոշել է կենտրոնանալ նրա վրա, երբ դիլերները նրան ուղարկեն իրենց հայտերը[6]։ Պուասոնի հետ առանձնազրույց կազմակերպելով՝ Լուսթիգը համոզել է նրան, որ նա կոռումպացված պաշտոնյա է՝ պնդելով, որ իր կառավարության պաշտոնն իրեն չի տալիս առատաձեռն աշխատավարձ այն կյանքի համար, որը նա ցանկանում է վայելել[7]։ Հավատալով, որ Էյֆելյան աշտարակի ձեռքբերումն օգնելու է նրան հայտնվել լավագույն գործարարների շարքում, Պուասոնը համաձայնվել է մեծ կաշառք վճարել` Էյֆելյան աշտարակի սեփականությունն ապահովելու համար։ Սակայն, իր կաշառքը և հուշարձանի «վաճառքի» միջոցները (մոտ 70,000 ֆրանկ) ստանալուց հետո, Լուսթիգը շուտով մեկնել է Ավստրիա[5]։

Լուսթիգը ենթադրել է, որ երբ Պուասոնն իմանա, որ խաբվել է, նա կամաչի տեղեկացնել ֆրանսիական ոստիկանությանը դրա մասին, բայց չնայած այդ համոզմանը՝ նա Ավստրիայում գտնվելու ընթացքում մշատպես ստուգում էր թերթերը։ Շուտով նրա ենթադրությունը հաստատվել է, երբ նա չի կարողացել գտնել որևէ հայտարարություն իր հանցագործության մասին։ Այդպիսով նա որոշել է նորից վերադառնալ Փարիզ՝ մեկ անգամ ևս սխեման իրականացնելու համար[5][7]։ Այնուամենայնիվ, երբ Լուսթիգը փորձել է խաբել դիլերների մեկ այլ խումբ և անգամ արդեն գտել է այն մեկին, որը ցանկություն է հայտնել ձեռք բերել Էյֆելյան աշտարակը, ոստիկանությունը տեղեկացել է խաբեության մասին, և նա փախել է ԱՄՆ՝ ձերբակալությունից խուսափելու համար[3][6][7]։

«Ռումինական արկղի» խարդախություն խմբագրել

Լուսթիգի ամենանշանավոր խաբեություններից մեկն այն տուփի վաճառքն է եղել, որը, նրա պնդմամբ, մեքենա էր, որը կարող է կրկնօրինակել դրա մեջ մտնող ցանկացած արժութային թղթադրամ, ընդ որում՝ սարքին միայն վեց ժամ էր անհրաժեշտ նույնական պատճենը տպելու համար։ Խարդախությունը, որը կոչվում է «փողի արկղ» կամ «Ռումինական արկղ», օգտագործում էր միայն հատուկ նախագծված մահագոնի արկղ։ Արկղի ձևավորման մեջ երկու փոքր անցքեր են եղել, որոնք նախատեսված են թղթադրամերը վերցնելու և կրկնօրինակները «տպելու» համար թղթի համար, և մի բաժին, որը պարունակել է լծակների և մեխանիզմների կեղծ դասավորություն, որոնք պետք է «գործարկվեին» կրկնօրինակները տպելու համար։

Հաճախորդներին արկղի աշխատունակության մեջ համոզելու համար, Լուսթիգը խնդրում էր հատուկ թղթադրամ (օրինակ՝ $100) տալ իրեն, այն մտցնում էր սարքի մեջ թղթի հետ միասին և այնուհետև սպասում էր հաճախորդի հետ մինչ կրկնօրինակի պատրաստումը։ Երբ այն արդեն պատրաստ էր, Լուսթիգը հաճախորդի հետ միասին գնում էր բանկ` այդ թղթադրամը նույնականացնելու համար։ Իրականում, հաճախորդն անտեղյակ էր այն փաստից, որ Լուսթիգը թաքցրել էր իսկական թղթադրամը սարքի մեջ․ իսկ դենոմինացիայի ընտրության վրա ազդում էր այն, ինչ նա նախապես դրել էր արկղի մեջ։ Հաճախորդին վերջնականապես համոզելուն պես, Լուսթիգը հրաժարվում էր վաճառել արկղն այնքան, քանի դեռ նրան դրա դիմաց բարձր գին չեն առաջարկել։ Նախքան այն վաճառելը, Լուսթիգը արկղի մեջ լրացուցիչ մի քանի իրական թղթադրամ էր մտցնում՝ փախուստի դիմելու համար անհրաժեշտ ժամանակ շահելու համար[3][6][7]։

Մի անգամ Լուսթիգը փորձել է սարքը վաճառել Տեխասից մի շերիֆի, որին նա համոզել է գնել այն հազարավոր դոլարներով։ Հասկանալով, որ իրեն խաբել են, շերիֆը հետապնդել է Լուսթիգին մինչև Չիկագո։ Երբ նրանք հանդիպել են, շերիֆը համոզվել է, որ ճիշտ չէր օգտագործում սարքը, և որպես փոխհատուցում Լուսթիգի կողմից մեծ քանակությամբ կանխիկ գումար է ստացել՝ անտեղյակ լինելով, որ այն կեղծ է։ Այս կեղծիքն ի վերջո հանգեցրել ամերիկյան իրավապահների կողմից Լուսթիգի ձերբակալմանը[7]։

Հետագա տարիներ, ձերբակալություն և մահ խմբագրել

Երբ սկսվել է Մեծ ճգնաժամը, Լուսթիգը նոր ռիսկային խաբեություն է մտածել, որի զոհը պետք է դառնար Ալ Կապոնեն՝ իմանալով, որ եթե վերջինս հասկանա, որ իրեն խաբում են, Լուսթիգը չի կարողանալու խուսափել մահվանից։ Նա նպատակ է ունեցել այնպես անել, որ իր թիրախը բաժանվի համեմատաբար փոքր քանակությամբ կանխիկ գումարից։ Լուսթիգը Կապոնեին խնդրել է 50,000 դոլար ներդնել խարդախ սխեմայի մեջ, այնուհետև երկու ամիս պահել է այդ գումարը անվտանգ դեպոզիտային պահոցում, նախքան այն վերադարձնելը` պնդելով, որ գործարքը խափանվել է։ Կապոնեի մոտ տպավորություն է առաջացել, որ նա գործ ունի ազնիվ մարդու հետ։ Եվ հենց այդ պահին Լուսթիգը Կապոնեին ասել է, որ գործարքի ձախողման պատճառով կորցրել է իր բոլոր միջոցները։ Դրանից հետո Լուսթիգը համոզել է Կապոնեին իրեն $5000 (ըստ այլ աղբյուրների $1000[5]) տալ՝ «իրեն աջակցելու համար», ինչպես նախապես ծրագրել էր[4][7]։

1930 թվականին Լուսթիգը համագործակցել է Նեբրասկայից ժամանած երկու տղամարդկանց՝ դեղագործ Ուիլյամ Ուոթսի և քիմիկոս Թոմ Շոուի հետ՝ լայնամասշտաբ կեղծիքներ կատարելու համար։ Թե՛ Ուոթսը, և թե՛ Շոուն պահանջվող նյութեր էին պատրաստում, որոնք կօգտագործվեին դոլարի կեղծ թղթադրամներ պատրաստելու համար, մինչդեռ Լուսթիգը կազմակերպում էր սուրհանդակների օղակ՝ կեղծիքները շրջանառելու և բաժանելու համար։ Նա նպատակ է ունեցեր այնպես անել, որ սուրհանդակները անտեղյակ լինեն կեղծիքների արտադրության մասին[8]։ Այս սխեմայով նրանք կարողացել են առաջիկա հինգ տարիներին ընթացքում ամեն ամիս հազարավոր դոլարների չափ կեղծ փողեր շրջանառել, և ԱՄՆ տնտեսություն մտնող ավելացող գումարն ի վերջո հրավիրել է դաշնային գործակալների ուշադրությունը։ Այս կեղծ փողերը ստացել են «Լուսթիգի փողեր» մականունը։

Երբ Լուսթիգի սիրուհին՝ Բիլլի Մեյը, իմացել է, որ նա դավաճանում է իրեն Շոուի երիտասարդ սիրուհու հետ, նա որոշել է վրեժ լուծել և անանուն հեռախոսազանգ է կատարել դաշնային իշխանություններին[8]։ 1935 թվականի մայիսի 10-ին Լուսթիգը ձերբակալվել է Նյու Յորքում և մեղադրվել է խարդախության մեջ։ Չնայած նա բացահայտորեն խոստովանել է, որ իր գործընկերները ներգրավված են այդ սխեմայի մեջ, նա ձևացրել է, որ այդ գործողություններից լիովին անտեղյակ է եղել։ Այնուամենայնիվ, Լուսթիգի՝ իր մոտ հայտնաբերված բանալիի վերաբերյալ տեղեկատվությունը չբացահայտելը կասկածների տեղիք է տվել, և, ի վերջո, հայտնաբերվել է, որ այդ բանալիով նա բացել է Թայմս Սքվեր կայարանում գտնվող պահոցը, որը $51000 չափ կեղծ թղթադրամներ և նյութեր է պարունակել, որոնք օգտագործվել են դրանք տպելու համար[7]։

Իր դատավարության նախորդ օրը Լուսթիգին հաջողվել է փախչել Նյու Յորքի Կալանավորման դաշնային պալատից՝ հիվանդ ձևացնելով և նախապես հատուկ պարան պատրաստելով, շենքից դուրս գալու համար, սակայն 27 օր անց նրան նորից ձերբակալել են Փիթսբուրգում։ Լուսթիգը դատավարության ընթացքում ընդունել է իր մեղքը և դատապարտվել է տասնհինգ տարվա ազատազրկման սկզբնական մեղադրանքի համար, և ևս հինգ տարվա՝ բանտից խուսափելու համար։ 1947 թվականի մարտի 9-ին Լուսթիգը հիվանդացել է թոքաբորբով և մահացել[9]։

Տասը պատվիրաններ խմբագրել

Լուսթիգին են վերագրվել մի շարք ցուցումներ, որոնք հայտնի են որպես «Տասը պատվիրաններ խարդախների համար»[10]

  • Եղեք համբերատար ունկնդիր։
  • Երբեք ձանձրալի տեսք մի ունեցեք։
  • Սպասեք, երբ դիմացինը կբացահայտի ցանկացած քաղաքական կարծիք, ապա համաձայնվեք նրա հետ։
  • Թողեք դիմացինը բացահայտի իր կրոնական հայացքները, ապա արտահայտեք նույնը։
  • Ակնարկ արեք սեռական զրույցի վրա, բայց մի շարունակեք այն, քանի դեռ դիմացինը մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում։
  • Երբեք հիվանդություն մի քննարկեք, քանի դեռ որևէ հատուկ մտահոգություն չի ցուցաբերվել։
  • Երբեք մի խառնվեք մարդու անձնական հանգամանքներին (նրանք ի վերջո ձեզ ամեն ինչ կպատմեն)։
  • Երբեք մի պարծեցեք՝ պարզապես թողեք ձեր կարևորությունը ոչ նկատելի, բայց ակնհայտ լինի։
  • Երբեք փնթի մի եղեք։
  • Երբեք մի հարբեք։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Victor Lustig». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. «Biography of Victor Lustig». Hoaxes, Scams, & Con Artists. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Victor Lustig Biography». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 Velinger, Jan (2003 թ․ հոկտեմբերի 15). «Victor Lustig - the man who (could have) sold the world». Radio Prague.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Smooth Operator: How Victor Lustig Sold The Eiffel Tower». 2012 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «THE MAN WHO SOLD THE EIFFEL TOWER». 2015 թ․ հունվարի 14. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 King, Gilbert (2012 թ․ օգոստոսի 22). «The Smoothest Con Man That Ever Lived». Smithsonian Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. 8,0 8,1 The Passing Parade - John Doremus. Evenings with George Illich, Radio 2CH, 20:40 ADST, 14 December 2009.
  9. Johnson, James F.; Miller, Floyd (1961). The Man Who Sold the Eiffel Tower. Doubleday & Company Inc. էջ 216. LCCN 61009522.
  10. Lindskoog, Katherine Ann.; Fakes, Frauds & other malarkey

Արտաքին հղումներ խմբագրել