Վասակ Ա Սյունի
Վասակ Ա Սյունի կամ Վասակ Ա Սմբատյան (անհայտ - 1040), Սյունիքի թագավորության թագավոր 998 - 1040 թվականներին։ Սյունիքի թագավորությունը Վասակ Ա-ի և նրա հաջորդի՝ Սմբատ Բ Սյունու օրոք հասավ իր հզորության գագաթնակետին։ Վասակ Ա-ի իշխանությունն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում. հիմնվեցին Սուրբ Հովհաննեսի և Սուրբ Կարապետի եկեղեցիները, Կապանում կատարվեցին խոշոր շինարարական աշխատանքներ և այլն։
Վասակ Ա Սյունի | |
---|---|
Սյունիքի արքա | |
Իշխանություն | 998 - 1040 |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | 1040 |
Վահանավանք | |
Հաջորդող | Սմբատ Բ Սյունի |
Տոհմ | Սյունիներ |
Հայր | Սմբատ Ա Սյունի |
Երեխաներ | Կատրանիդե Բ |
Բագրատունի Գագիկ Ա թագավորը 1003 թվականին Սյունիքի թագավորությունից գրավում և Անի-Շիրակի թագավորությանն է միացնում Վայոց ձորն ու նրա շրջակայքի մի քանի գավառներ։ Դրանից հետո Սյունիքի թագավորության մեջ են մտնում նախկին Սյունյաց աշխարհի միայն մոտ մեկ երրորդը՝ նրա հարավ- արևելյան մի քանի գավառները։ Այդ ժամանակից սկսած Սյունիքի թագավորության սահմանները արևմուտքում կազմում էին Զանգեզուրի լեռների հարավային մասը, հարավում Արաքս գետը, արևելքում՝ Աղավնո (Հագարի) գետը, իսկ հյուսիսում այդ սահմանն անցնում էր Հագարի գետի Աղողլան վտակի և Որոտան գետի ջրբաժան լեռներով, ապա ուղղվում դեպի արևմուտք և հատվում Սյունյաց լեռների հետ։ Սյունիքի թագավորությունը նշված սահմաններում ընդգրկում էր Բաղք, Կապան, Արևիք, Կովսական ու Հաբանդ գավառները՝ ամբողջությամբ, և Ծղուկք գավառի հարավային մասը։ Այս սահմանները վերաբերում են 11-րդ դարին, ներկայացնում են Սյունիքի թագավորության առավելագույնը՝ հետագա ժամանակների համեմատությամբ։ Սյունիքի թագավորության մեջ կային 43 բերդ, 48 վանք և 1000-ից ավելի գյուղեր։ Սյունիքի թագավորության մայրաքաղաքը սկզբնական շրջանում Շաղատ գյուղաքաղաքն էր, իսկ 10-րդ դարի վերջերից Կապան քաղաքը։
Սյունիքի առաջին գահակալը՝ Սմբատ Սահակյանը վախճանվել էր 998 թ. և ամփոփվել Տաթևի վանքում։ Գահը ժառանգեց որդի Վասակը (998-1040), որը «ազատակոյտ բազմութեամբ» թագավոր օծվեց Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով։ Նրա կրտսեր եղբայր Սևադան դարձավ իշխանաց իշխան։ Ճանաչել է իրեն հայոց արքա Գագիկ Ա-ի վասալ, մասնակցել է վերջինիս 1003 թվականի Փառիսոսյան արշավանքին։ Վասակ թագավորի միամորիկ դուստրը՝ Կատրանիդեն, ամուսնացած էր Գագիկ Ա Բագրատունի թագավորի (989–1020) հետ և իր մոր՝ Սյունյաց թագուհի Շահանդուխտի նման զբաղված էր շինարարական լայն գործունեությամբ։
Վասակ թագավորի խնդրանքով և նրա դստեր՝ թագուհի Կատրանիդեի միջամտությամբ վերականգնվում է Սյունիքի մետրոպոլիտությունը, որը շնորհված էր նահանգի հոգևոր առաջնորդներին դեռևս 4-րդ դ. Ներսես Մեծի կողմից և վերացվել էր Անանիա Մոկացի կաթողիկոսի կոնդակով 960-ական թթ.։ Պատմական որոշակի արժեք է ներկայացնում Սարգիս Սևանցի կաթողիկոսի 1006 թ. շրջաբերական նամակը՝ ուղղված Վասակ թագավորին և Սյունյաց Սևադա ու Աշոտ իշխաններին՝ Սյունիքի հոգևոր թեմին ենթակա հարկատու գավառների մասին։ Ի թիվս այլ գավառների՝ այստեղ մտցված են Նախիջևանը, Ագուլիսը, Ջուղան, Օրդվատը (Օրդուբադը), Երնջակը, Ճահուկը և այլ բնակավայրեր։
Մահից հետո գահը ժառանգում է նրա բարեկամը՝ Սմբատ Բ-ն։
Գրականություն
խմբագրել- Թ. Խ. Հակոբյան. Սյունիքի թագավորությունը, Երևան 1966
- Թ. Խ. Հակոբյան. Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան 1981
- Ալիշան, Ղևոնդ. Սիսական, Վենետիկ 1893
- Լալայան, Երվանդ. Զանգեզուր. Պատմական համառօտ տեսութիւն, Թիֆլիս 1898
- Գրիգոր Գրիգորյան, Սյունիքի թագավորությունը (X–XII դարեր)
Նախորդող Սմբատ Ա Սյունի 987 - 998 |
Սյունիքի արքա Վասակ Ա Սյունի 998 - 1040 |
Հաջորդող Սմբատ Բ Սյունի 1040-1051 |