Սոնա Ղազարյան (երգչուհի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոնա Ղազարյան (այլ կիրառումներ)

Սոնա Ղազարյան (սեպտեմբերի 2, 1945(1945-09-02)[1], Բեյրութ, Լիբանան[2]), հայ օպերային երգչուհի, սոպրանո։ Ավստրիայի Հանրապետության կամերզենգերին (օպերային երգիչներին տրվող պատվավոր կոչում այդ երկրում և ԳերմանիայումԵվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծագույն բեմերում կատարել է ավելի քան 70 դերերգ։

Սոնա Ղազարյան
Ծնվել էսեպտեմբերի 2, 1945(1945-09-02)[1] (78 տարեկան)
Բեյրութ, Լիբանան[2]
Երկիր Լիբանան և  Ավստրիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան և Չիկիի երաժշտական ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Սոնա Ղազարյանը ծնվել է 1945 թվականին Բեյրութում։ Կրթությունն ստացել է տեղի ամերիկյան համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, այնուհետև 1967 թվականին ավարտել է Բեյրութի ազգային կոնսերվատորիայի երգեցողության ֆակուլտետը[3]։ 1966 թվականին առաջին համերգով հանդես է եկել Բեյրութում[4]։ Արժանանալով իտալական կառավարության կրթաթոշակին՝ մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ[4], որտեղ կատարելագործել է արվեստը[3]։ Ուսումնական հաստատությունն ավարտել է հաջորդ տարի «Պատվո վկայականով», որին արժանացել են 582 երգիչներից միայն 8-ը։ Նույն թվականին Քիճիանայում կայացած երաժշտական փառատոնում կատարել է արևմտաեվրոպական օպերաներից հատվածներ և ունեցել մեծ հաջողություն[3]։

1968 թվականին եղել է Երևանում, մասնակցել քաղաքի 2750-ամյակին նվիրված հանդիսություններին։ Վերադառնալով Եվրոպա՝ հանդես է եկել լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ 1970 թվականի օգոստոսին Նիդերլանդների Հերտոգենբոս քաղաքում մասնակցել է երգի միջազգային մրցույթի, որտեղ շահել է առաջին մրցանակը։ Հաջորդ տարի մասնակցել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում կայացած մրցույթին և դարձյալ արժանացել մրցանակի։ Ելույթ է ունեցել Փարիզի կենտրոնական հեռուստատեսությամբ, կատարել հատվածներ տարբեր օպերաներից[3]։

1970-ական թվականներին Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով Սոնա Ղազարյանը բնակություն է հաստատել Ավստրիայում, որտեղ շարունակել է մասնագիտական գործունեությունը և մեծ հաջողություններ արձանագրել[4]։ 1972 թվականից հանդես է եկել Վիեննայի օպերային թատրոնում, որտեղ կատարել է Վիոլետայի դերերգը («Տրավիատա»[3])[5], Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Վինչենցո Բելլինիի, Յոհան Շտրաուսի, Ջուզեպպե Վերդիի և մեծանուն այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից[4]։ Վիեննայի փառատոնում Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայում կատարել է Ռոզինայի դերը, նրա խաղընկերն էր անվանի երգիչ Նիկոլայ Գյաուրովը։ 1973 թվականին Վիոլետալի դերերգով հանդես է եկել նաև Փարիզի Շանզ Էլիզեի թատրոնում[3]։

1989 թվականին ելույթ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայում»[5], որտեղ կատարել է Ադինայի դերերգը Գաետանո Դոնիցետտիի «Սիրո ընպելիք» օպերայում։ Համերգներ է տվել տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և այլուր[4]։ Երգել է նաև Երևանում[3]։ Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ։ Դասավանդում է Վիեննայի երաժշտական ուսումնական հաստատություններում[4]։

Հանդես է եկել մեծանուն դիրիժորներ Կառլոս Կլայբերի, սըր Քոլին Դևիսի, Հերբերտ ֆոն Կարայանի, սըր Ջորջ Սոլտիի, Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Ստեփանյան, Գառնիկ (1981). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Բ, Ժ-Մ. Երևան: Սովետական գրող. էջ 240. ISBN 5-550-00265-5.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «AV Production - Սոնա Ղազարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  5. 5,0 5,1 «Sona Ghazarian». Oxford Reference (անգլերեն). doi:10.1093/oi/authority.20110803095850536. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «Sona Ghazarian». web.archive.org. 2009 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել