Սյունյաց մետրոպոլիտություն

Սյունյաց մետրոպոլիտություն (610-1837), Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր-վարչատարածքային միավոր Մեծ Հայքի Սյունիք նահանգում։ Եղել է Հայ եկեղեցու միակ մետրոպոլիտությունը։ Առաջացել է Դվինի երրորդ եկեղեցական ժողովի որոշմամբ՝ 610 թվականին։ Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացի իր «Յաղագս ապստամբութեան տանն Աղուանից» գրվածքում («Արարատ», 1897, էջ 129-144) առաջին անգամ Սյունյաց եպիսկոպոսին (Հակոբ Ա) հիշատակում մետրոպոլիտ կոչումով։ Սյունիքի առաջին մետրոպոլիտներից էր հոգևոր ու մշակութային գործիչ Ստեփանոս Սյունեցին (680-735)։

Հատկապես 11-15-րդ դարերում, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը գտնվում էր պատմական Հայաստանի սահմաններից դուրս, Սյունյաց մետրոպոլիտը համարվում էր Մեծ Հայքի եպիսկոպոսների գլխավորը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գերագահության ներքո։ 1837 թվականին ցարական կառավարության հրամանով Սյունյաց մետրոպոլիտությունը դադարեց գոյություն ունենալուց՝ վերածվելով եպիսկոպոսական թեմի։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Սյունյաց աթոռը Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծից է ստացել մետրոպոլիտության իրավունք։

Առաջացում

խմբագրել

Հայոց կաթողիկոսական աթոռի դեմ Սյունյաց Հակոբ Ա եպիսկոպոսի ապստամբությունը, կենտրոնախույս գործողությունները և Աղվանից կաթողիկոսության հետ մերձենալու փորձերը հանգեցրել են նրան, որ Անանիա Ա Մոկացին բանադրել է Սյունյաց եպիսկոպոսին և զրկել աթոռը մետրոպոլիտության աստիճանից։ Սյունյաց աթոռին Հակոբ Ա-ին հաջորդած եպիսկոպոսները մինչև Հովհաննեսը (1006) չեն կրել մետրոպոլիտի կոչում։

 
Տաթևի վանք

Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին, ընդառաջելով Սյունյաց Վասակ թագավորի, նրա դստեր՝ հայոց թագուհի Կատրանիդեի և իշխանների խնդրանքին, 1006 թվականին վերականգնել է Սյունյաց մետրոպոլիտությունը, վերադարձրել նրա նախկին առանձնաշնորհումները և կաթողիկոսանիստ ու մայրաքաղաք Անի գնացած Հովհաննես կրոնավորին ձեռնադրել Սյունյաց մետրոպոլիտ։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Սարգիս Ա Սևանցին Հովհաննեսի ձեռնադրության առիթով նրան է հանձնել Հայոց կաթողիկոսարանում պահած «Սյունյաց սեփական խաչը, ոսկերիզ խաչվառը, թանկարժեք գավազանը և պատվական գահավորակը»։

Սյունյաց մետրոպոլիտի իրավունքն էր իր ենթակայության տակ գտնվող 12 թեմերում ձեռնադրել եպիսկոպոսներ (նաև քորեպիսկոպոսներ), վարդապետներ, քահանաներ և եկեղեցու այլ սպասավորներ, Հայոց կաթողիկոսից ստացած մյուռոնը բաժանել իր իրավասության տակ գտնվող վանքերին ու եկեղեցիներին, գումարել տեղական նշանակության եկեղեցական ժողովներ, կարգավորել և լուծել ծագած վեճերն ու վարչատարածքային խնդիրները, հետևել դպրության և լուսավորության գործին։

Հայոց կաթողիկոսները, Սյունյաց մետրոպոլիտության կենտրոնախույս միտումներին վերջ դնելու համար, Սյունյաց անհնազանդ եպիսկոպոսներին երբեմն զրկել են մետրոպոլիտության պատվից՝ նրանցից վերցնելով այդ աստիճանը խորհրդանշող խաչը, գավազանը և գահավորակը։

Սյունյաց մետրոպոլիտությունը կրկին վերականգնվել է 12-րդ դարում, երբ Գրիգոր Մեղրեցին մեկնել է Կիլիկյան Հայաստան, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուց ձեռնադրվել եպիսկոպոս և նշանակվել Սյունյաց մետրոպոլիտ։ Նրան հաջորդել է որդին՝ Ստեփանոս Գ (Ստեփանոս Ֆախր էլ Մսեհ), որը մետրոպոլիտ նշանակվելու համար մեկնել է Կիլիկյան Հայաստան և Ներսես Շնորհալուց ձեռնադրվել եպիսկոպոս։ Նրա առաջնորդության օրոք (1170-1216) Սյունյաց մետրոպոլիտության աթոռանիստն է դարձել Ամաղու Նորավանքը։ Դա պայմանավորված էր Սյունյաց թագավորության վերացմամբ (1170), Տաթևի վանքի ավեր վիճակով և Վայոց ձորում (որտեղ գտնվում էր Նորավանքը) Կապանի իշխանական տոհմերի ժառանգների հաստատմամբ։ Դրանից բացի Վայոց ձորը դեռ Գագիկ Ա Բագրատունու ժամանակ (990-1020) անջատվել էր Սյունյաց թագավորությունից և միացվել Բագրատունյաց թագավորությանը, ինչի շնորհիվ չէր տուժել սելջուկյան ավերածություններից։

Զարգացում

խմբագրել

Սյունյաց մետրոպոլիտության գահանիստը սկզբնապես եղել է Շաղատ գյուղաքաղաքը, ապա՝ Տաթևի վանքը, 13-րդ դարի կեսից՝ Նորավանքը։ Ստեփանոս Օրբելյանը մետրոպոլիտ է նշանակվել Տաթևի աթոռի վրա, բայց նստել է Նորավանքում։ Ստեփանոս Գ-ի մահից (1216) հետո մինչև 1287-ը՝ Ստեփանոս Օրբելյանի գահակալումը, Սյունյաց մետրոպոլիտության աթոռը բաժանվել է երկու աթոռների՝ Նորավանքի և Տաթևի վանքի, ինչը երկարատև ընդհարումների և գժտությունների տեղիք է տվել։ Սյունյաց մետրոպոլիտությա երկփեղկումից հետո Նորավանքի և Տաթևի աթոռակալները պարզապես կոչվել են եպիսկոպոս և ոչ թե մետրոպոլիտ կամ արքեպիսկոպոս, իսկ Սյունյաց աթոռը դադարել է մետրոպոլիտություն լինելուց։

 
Նորավանք

Սյունիքի միացյալ աթոռի վրա Ստեփանոս Օրբելյանի մետրոպոլիտ (1287-1303) նշանակվելուց հետո Տաթևի և Նորավանքի միջև ընդհարումներն աստիճանաբար դադարել են, իսկ նրանց եպիսկոպոսները միավորվել են Սյունյաց եպիսկոպոսների իշխանության ներքո։

Ստեփանոս Օրբելյանը, Կոստանդին Բ Կատուկեցուց ձեռնադրվելով եպիսկոպոս, նշանակվել է Սյունյաց մետրոպոլիտ ու Մեծ Հայքի պրոտոֆրոնտես, այսինքն՝ նախաթոռ արքեպիսկոպոս։ Ըստ Մաղաքիա Օրմանյանի, դա նշանակում էր բուն Հայաստանի վրա կաթողիկոսական ներկայացուցիչ, քանի որ Կիլիկյան Հայաստանում գտնվող Հայոց ընդհանրական կաթողիկոսությանը դժվար էր անմիջական հսկողություն սահմանել հեռավոր թեմերի վրա։ Ստեփանոս Օրբելյանի գահակալության տարիներին Սյունյաց մետրոպոլիտությունը ծաղկման աննախադեպ շրջան է ապրել. բարելավվել է Սյունյաց աթոռի տնտեսական վիճակը, նոր նվիրատվությունների միջոցով զգալիորեն ընդարձակվել են Տաթևի վանքի և Նորավանքի հողային տիրույթները, նորոգվել Տաթևի վանքի և Սյունիքի մյուս ավերված եկեղեցիները, կառուցվել նորերը, իսկ Սյունիքը դարձել է Արևելյան Հայաստանի եկեղեցական, հոգևոր, մշակութային, գիտական նշանավոր կենտրոն։ Հիմնվել է Գլաձորի համալսարանը, որին նյութական նվիրատվություններով մեծապես օգնել են Ստեփանոս Օրբելյանը, Պռոշյան և Օրբելյան իշխանական տները։ Ավելի ուշ հիմնադրված Տաթևի համալսարանը շարունակել է «Երկրորդ Աթենքի» Գլաձորի համալսարանի հոգևոր-մշակութային, գիտամանկավարժական արդյունավետ գործունեությունը։

Սյունյաց մետրոպոլիտության վերազարթոնքը շարունակվել է Ստեփանոս Օրբելյանին հաջորդած Հովհաննես Օրբելու (1303-24) և Ստեփանոս-Տարսայիճի (1324-31) մետրոպոլիտության օրոք, որոնք, նեցուկ կանգնելով Գլաձորի համալսարանին, ուսումնագիտական և գրչության մյուս կենտրոններին, անհրաժեշտ պայմաններ են ստեղծել նրանց հետագա զարգացման համար։ Սյունյաց վարդապետներից և մշակութային գործիչներից հռչակված էին Ստեփանոս Օրբելյանը, Եսայի Նչեցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Մոմիկը, Թորոս Տարոնացին, մանրանկարիչ Ավագը և ուրիշներ։

Գլաձորի և Տաթևի համալսարանների շուրջ համախմբված Սյունյաց վարդապետները Սյունյաց մետրոպոլիտների գլխավորությամբ պայքարել են կաթոլիկ քարոզիչների և ունիթորության դեմ՝ Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու ծիսադավանական կարգերն անաղարտ պահելու համար։ Նրանք արևելյան վարդապետների հետ անհաշտ պայքար են ծավալել Սսում նստող Հայոց կաթողիկոսների լատինամետ քաղաքականության դեմ՝ հայ և կաթոլիկ եկեղեցիների միությունը և ծիսադավանական նորամուծությունները դիտելով սպառնալիք ոչ միայն Հայ եկեղեցու, այլև՝ ընդհանրապես Կիլիկիայի հայկական թագավորության գոյությանը։

Անկում

խմբագրել

Սյունյաց մետրոպոլիտությունը վերացվել է 1837 թվականին։ «Պոլոժենի»-ի ընդունումից (1836) հետո Սյունյաց մետրոպոլիտության տարածքը մտել է Երևանի թեմի մեջ։ 1988 թվականին Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Արարատյան հայրապետական թեմից առանձնացվել և կազմավորվել է Սյունյաց թեմը, որը վերահաստատվել է Գարեգին Ա Սարգիսյանի 1996 թվականի մայիսի 30-ի կոնդակով։

Սյունյաց եպիսկոպոսների ցանկ

խմբագրել
  1. Գրիգոր Ա (320-366)
  2. Մաշտոց եպիսկոպոս (366-?), Տիրոտ (?-?), Հովակիմ (?-390), ապա 25 տարի եղել է թափուր (390-415)
  3. Անանիա Ա (415-458)
  4. Նուն եպիսկոպոս (458-466)
  5. Գաղատ եպիսկոպոս (466-483)
  6. Մուշե եպիսկոպոս (483-519)
  7. Երիցակ եպիսկոպոս (519-520)
  8. Մակար եպիսկոպոս (520-548)
  9. Պետրոս Սյունեցի (548-558)
  10. Գիգան եպիսկոպոս (558-561)
  11. Վրթանես եպիսկոպոս (562-584)
  12. Գրիգոր Բ (584-)
  13. Քրիստափոր եպիսկոպոս
  14. Դավիթ եպիսկոպոս (-634)
  15. Մաթուսաղա Սյունի (634-643), թափուր (643-651)
  16. Աբրահամ Սյունի (651-681)
  17. Հովսեփ (681-700)
  18. Հովհան (700-722)
  19. Մովսես (722-729)
  20. Անանիա (729-736)
  21. Հովհան (736-745)
  22. Ստեփաննոս (745-746)
  23. Հովսեփ (746-763)
  24. Հովակիմ (763-780)
  25. Սադովկ (780-812)
  26. Հովհաննես (812-814)
  27. Սողոմոն (814-821)
  28. Եղիա (821-829)
  29. Թեոդորոս (829-847)
  30. Գևորգ (847-855)
  31. Դավիթ (855-872)
  32. Հովհաննես (872-882)
  33. Սողոմոն (882-899)
  34. Հովհաննես (-918)
  35. Հակոբ Ա (918-958)

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: