Հակոբ Ա եպիսկոպոս
Հակոբ Ա եպիսկոպոս, հայ հոգևորական՝ Սյունաց եպիսկոպոս։ Աթոռակալել է 918-958 թվականներին։
Հակոբ Ա եպիսկոպոս | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Հակոբ Ա եպիսկոպոս |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անուն | Տաթևի վանք |
Տիտղոս | Եպիսկոպոս |
Կառավարման սկիզբ | 918 թվական |
Կառավարման ավարտ | 958 թվական |
Ծնվել է | 9-րդ դարի վերջ |
Մահացել է | 958 թվական |
Կենսագրություն
խմբագրելՀակոբ Ա եպիսկոպոսը Տեր Հակոբը Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսի (898–929) ազգականներից էր՝ եղբորորդին[1]։ Նա Դվինից էր և մինչև Սյունյաց մետրոպոլիտական աթոռի հովվապետ ձեռնադրվելը ծառայում էր Դվինի կաթողիկոսարանում որպես սենեկապետ, կաթողիկոսի գործակալ և համարվում էր շարքային կրոնավորների ավագ։
Կարծիքներ
խմբագրելՀայ եկեղեցական պատմագրության մեջ արժանացել է հակասական գնահատականների՝ ծայրահեղ վտանգավորից մինչև իմաստուն ու հանճարեղ։ Մի շարք հեղինակների երկերում նա հորջորջվում է «ապստամբ», «հերձուածող» «խռովարար» մականուններով[2][3][4][5]։ Մեղադրվում է նույնիսկ Թոնդրակյան շարժմանը և քաղկեդոնականությանը հարելու մեջ։ Մեկ այլ տեղ էլ մեծարվում է «այր անձնեայ և սեգ, բնութեամբ ազատ և բանիւ ճոխ, հանճարով պայծառ» խոսքերով[6]։
Ստեփանոս Օրբելյանը նրան բնութագրում է որպես արտաքին ակնառու բարեմասնություններ և հարուստ ներաշխարհ ունեցող անձնավորություն.
«Այր բարձրահասակ և գեղեցկատեսիլ, հանճարեղ և իմաստուն քաղցրաբարոյ և
հեզամիտ, լի ամենայն առաքինութեամբ» - Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, գլ. ԽԸ, էջ184
|
:
Սյունյաց գահերեց իշխան Սմբատի[7][8] խնդրանքով, Սահակ իշխանի եղբայրն էր, Հակոբը մետրոպոլիտ է ձեռնադրվել հենց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի կողմից 918 թվականին և աթոռակալել է մինչև 958 թվականը[9]` այդ պաշտոնում փոխարինելով Տեր-Հովհաննեսին[10][11][12][13]։
Շինարարական գործունեություն
խմբագրել10-րդ դարի առաջին տասնամյակներին Սյունյաց եպիսկոպոսարանը Հայաստանի ավատական խոշոր կազմակերպություններից մեկն էր։ Տիրանալով Տաթևի վանքի շրջակա գյուղերին` Սյունյաց եպիսկոպոսները ձեռնամուխ են լինում խոպան հողերի մշակմանը։ 932 թվական Հակոբ եպիսկոպոսը բանակցություններ է վարում Փիլիպե 2-րդ գահերեց իշխանի հետ և նրանից 12 հազար դրամով ու մեկ «մեծագին գոհարով» գնում է Վարարակի ակունքը[14][15]։ Կառուցելով մոտ 29 կմ երկարություն ունեցող Վարարակի ջրանցքը՝ ոռոգելի է դարձնում Որոտան գետի ձախ ափին գտնվող Ցաքուտ անունով խոպան դաշտի, այնտեղ գտնվող եկեղեցու հողերը[16]։ Արձանագրության մեջ Փիլիպեն շեշտում է, որ Հակոբը
«վճարեաց զամենայն գինն ողջամբ» - Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, էջ 18
|
:
Կառուցված ջրանցքի շնորհիվ այդ փշածածկ վայրը դառնում է «վարդուտ»։ Այդ առթիվ Օրբելյանը արձանագրում է.
«Տնկեաց բազում այգիս և որթս սորեկս, էարկ տունկս զանազան պտղաբերաց՝ ձիթենիս և թզենիս և նռնենիս և յամենայն մրգաբերաց արար դրախտս զարմանալիս, և զարդարեալ զբոլոր վայրն ընդարձակագոյն թանձրախիտ ծառովք և քաջուղէշ որթովք ի վայելումն եղբայրութեանն և ի պէտս ամենայն կարօտելոց և աղքատաց[17]» |
:
Կարևորելով իր կառուցած ջրանցքի նշանակությունը՝ Հակոբ եպիսկոպոսն արձանագրության մեջ սահմանում է նաև ջրանցքից օգտվելու կարգը և նշում շրջակա այն գյուղերի անունները, որոնք իրավունք չունեն օգտվել վանքապատկան ջրանցքից.
«Եւ չկայ այս ջրոյս հաշիւ ոչ Նորեցեաց, ոչ Խոտանեցեաց, ոչ Շնհէրացեաց կամ Հալեցեաց, ոչ այլ մարդոյ, ոչ յարտ կտրել և ոչ ի մարգ և ոչ պարտիզի ջուր տալ՝ զատ ի մատակէդ ըմպելոյ մարդոյ և անասնոյ[18]» |
:
Այս որոշումը ուժի մեջ է մնում նաև Հակոբից հետո պաշտոնավարած առաջնորդների օրոք։
Տեր Հակոբը շինարարական գործունեություն է ծավալում նահանգի տարբեր գավառներում, բայց եկեղեցաշեն գործունեության առանձնահատուկ ասպարեզ է դառնում Վայոց Ձորը՝ Սյունիքի իշխանանիստ կենտրոններից մեկը։ 929 թվականին Վայոց Ձոր գավառում` Եղեգիսի հովտում` Ոստինք գյուղից քիչ վերև, Հակոբը Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի և նրա տիկին Սոփիայի աջակցությամբ ձեռնարկում է եկեղեցու շինարարություն[19]։ Տեղանքը շատ հարմար էր և անվտանգ։ Սյունյաց իշխանը նորակառույց հաստատությանն է նվիրաբերում բավականաչափ կալվածքներ, ծաղկանոցներ և արտեր։ Եկեղեցին զարդարում է զանազան երանգներով ու գեղեցիկ պատկերներով
«և կոչէ զՍմբատ և զՍահակ ի նաւակատիս տաճարին» - Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, էջ 188-189
|
:
10-րդ դարի կեսերին Սյունյաց լեռներում կային բազմաթիվ ճգնավորներ, որոնք բնակվում էին քարայրներում ու ծերպերում։ 936 թվականին գահանիստ Եղեգիս գյուղաքաղաքի շրջակայքում որս անելիս Սմբատ իշխանը Քարեվանքի մոտ հանդիպում է ճգնավորների՝ «ղօղեալ ի ծերպս»։ Հակոբ եպիսկոպոսի միջնորդությամբ Սմբատն ու իր տիկին Սոփիան նրանց համար կառուցում են եկեղեցի` սուրբ Գրիգոր Լուսավորչի անվամբ։ Հերմոնի վանքի նշանավոր միաբանները մեծ դեր խաղացին 1441 թվականին հայոց կաթողիկոսական աթոռը Կիլիկիայից Էջմիածին փոխադրելու գործում։ Նախկին ճգնավորների համար հիմնադրվում է վանական նոր միաբանություն։ Սոփիա իշխանուհին նորակառույց Հերմոնի վանքին նվիրատվություններ է անում, ընծայում հասութաբեր հաստատություններ.
:
Ճգնակյացների մի մեծ խումբ էլ ծվարել էր Գնդեվանք կոչված անմատչելի ձորերում։ Նրանք ամբարել էին սուրբ նահատակների մեծաթիվ նշխարներ և հրաշագործություններ էին կատարում՝ բժշկելով անբուժելի համարվող հիվանդներին։ Իշխանուհի Սոփիայի հանձնարարությամբ տեր Հակոբը 936 թվականին ձեռնարկում է նոր վանքի շինարարությունը.
:
Վանքն անվանվում է Գնդեվանք, որի վերակացուն Սահակ քահանան էր, գործակալը՝ Եղիշա նկարիչ քահանան, իսկ ընդհանուր հոգաբարձությունը վարել է Հակոբ եպիսկոպոսը։ Գնդեվանքի սքանչելի եկեղեցու կառուցման կապակցությամբ Սոփիա տիկինը փորագրել է տալիս հատուկ արձանագրություն, որն ավարտվում է հետևյալ պերճախոս համեմատությամբ.
«Մատանի էր անակն Վայոց ձոր, – շինեցի զսա և եդի ակն ի վերայ»» - Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, էջ 190
|
: Ինչպես նախորդ վանքերի և եկեղեցիների դեպքում, այստեղ նույնպես աշխարհիկ իշխանությունները հոգ են տանում եկեղեցու տնտեսական կարիքների համար, և Սոփիա տիկինը վանքին է նվիրում բավարար չափով շարժական ու անշարժ գույք` ազատելով դրանք հարկերից և տուրքերից։
Հակոբ Ա եպիսկոպոսի նշանավոր ձեռնարկներից մեկն էլ 930 թվականին Տաթևի վանքի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու վերանորոգումն էր և վերջինիս նոր շուք հաղորդելը.
:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, գլ. ԽԸ, էջ 184
- ↑ Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, Ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1861, գլ. ԾԱ, էջ 200, 201, գլ. ՀԱ, էջ 364
- ↑ Կիրակոս Գանձակեցի. Պատմություն հայոց, աշխատասիրությամբ Կ. Ա. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961, էջ 86
- ↑ Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի, Վենետիկ, 1862, էջ 89
- ↑ Տեառն Անանիայի Հայոց կաթողիկոսի Յաղագս ապստամբութեան տանն Աղուանից.– «Արարատ», 1897, թիվ Գ, էջ 130, 132, 141
- ↑ Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, գլ. ԾԱ, էջ 201
- ↑ Ղ. Ալիշան. Սիսական, Վենետիկ, 1893, էջ 17
- ↑ Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, գլ. ԾԸ, էջ 232–233
- ↑ Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, գլ. ԽԸ, էջ 184, գլ. ՀԱ, էջ 36
- ↑ Ըստ Սյունիքի եպիսկոպոսական գավազանագրքի՝ Հովհաննես 5-րդ եպիսկոպոսը վերակառուցել է Տաթևի վանքը և աթոռակալել է 885–918 թվականներ
- ↑ Մ. Օրմանյան. Ազգապատում, հ. Ա, Էջմիածին, 2001, սյունակ 1244,
- ↑ Ստեփանոս Օրբելյան. Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Ա. Աբրահամյանի, Երևան, 1986, էջ 456, ծան. 487
- ↑ Ըստ Ղ. Ալիշանի՝ Հովհաննեսը հովվել է 882–918 թվականներին, Ղ. Ալիշան. Սիսական, Վենետիկ, 1893, էջ 20
- ↑ Դա այժմյան Գորիս քաղաքի Ակներ կոչված վայրից բխող ջուրն է, որ թափվում է Որոտան գետը։ Ստեփանոս Օրբելյան. Սյունիքի պատմություն, էջ 475, ծան. 73
- ↑ Գ. Գրիգորյան. Սյունիքի վանական կալվածատիրությունը IX–XIV դարերում, Երևան, 1973, էջ 112
- ↑ ս Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, գլ. ԽԸ, էջ 185
- ↑ Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, էջ 18
- ↑ Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի Պատմութիւն Տանն Սիսական, էջ 187
- ↑ Դա Շատիկի վանքն է` կառուցված Հակոբ Ա-ի կողմից։ Այստեղ նա նաև մեկ եկեղեցի է կառուցել, որը վերակառուցվել ու իր վերջնական տեսքն է ստացել 1665 թվական։ Այդ եկեղեցին ներկայումս կանգուն Սուրբ Սիոն եկեղեցին է (տե՛ս Ա. Մկրտչյան. Էջեր Սյունյաց աթոռի պատմությունից, Ս. Էջմիածին, 1995, էջ 81)