Խենթ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խենթ (այլ կիրառումներ)
Խենթ (Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյան, մայիսի 10, 1851, Ղարաջորան, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1911, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), ռուսական բանակի գնդապետ, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի նախատիպը, ռուս-թուրքական պատերազմի հերոս (1877-78)։
Խենթ | |
---|---|
մայիսի 10, 1851 - 1911 | |
Ծննդավայր | Ղարաջորան, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Կրթություն
խմբագրելԾնվել է 1851 թվականի մայիսի 10–ին ներկայիս ՀՀ Կոտայքի մարզի Արա գյուղում, հոգևորականի ընտանիքում, սկզբնական կրթություն ստացել է քահանա հոր մոտ, ապա սովորել է Էջմիածնի ծխական դպրոցում, ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Գերազանց տիրապետել է հայերեն, ռուսերեն, քրդերեն, թուրքերեն լեզուներին։
Գործունեություն
խմբագրելՌազմական կարիերա
խմբագրելԳեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատի կազմում կամավոր մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին։ 1877 թվականի հունիսին, երբ թուրքական զորքերը պաշարել են Բայազետի բերդը, քրդական տարազով ծպտված Տեր-Պողոսյանը «խենթ» ձևանալով, գիշերով կարողացել է դուրս գալ թշնամու օղակից և բերդի վիճակի մասին տեղեկացնել Արշակ Տեր-Ղուկասովին։ Օգնության ուղարկված ուժերը հունիսի 28-ին ազատագրել են Բայազետը և փրկել բերդի կայազորը։ Գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ։
Հետպատերազմյան տարիներին շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման։ Ծառայել է Թիֆլիսում և Սանկտ-Պետերբուրգում։ Ծառայությունից արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան։
19-րդ դարի 80-90-ական թվականներին իր հեծյալ խմբով պայքարել է Արարատյան դաշտի և շրջակա հայկական գյուղերն ասպատակող քրդական հրոսակախմբերի դեմ։ 1896 թվականին Հայ հեղափոխական Դաշնակցությունը նախապատրաստում էր մի արշավախումբ կազմավորել և ուղարկել Արևմտյան Հայաստան։ Այս արշավանքին առավել մեծ հմայք տալու համար ՀՅԴ-ն փորձում է արշավանքին մասնակից դարձնել նաև Սամսոն Տեր-Պողոսյանին։ ՀՅԴ տարբեր գործիչների միջոցով, հիմնականում՝ Մածուն Խեչոյի (Գրիգոր Միրզաբեկյան) բանակցություններ են ընթանում, և 1896 թվի Ապրիլի 10ին Երևանում համաձայնություն է կնքվում ՀՅԴ Մրգաստանի (Երևան) կենտրոնական կոմիտեի և Խենթի միջև։ Խենթը պարտավորվում է իր խմբով անցնել Արևմտյան Հայաստան ու զինված պայքար սկսել, իսկ ՀՅԴ-ն պարտավորվում է նրան տրամադրել մոտ 100 հրացան` 200-ական փամփուշտով, տալ 3000 րուբլի, հոգալ խմբի Սամսոնի խմբի անդամների և գիմնազիայում սովորող նրա որդու ուսման ծախսը[1]։
Ծրագրված արշավանքը չի հաջողվում իրականցնել նույն թվականին։ Շուտով Խենթը դրժում է իր տված խոստումը` և չի մասնակցում արշավանքին, որը տեղի է ունենում 1897 թվականին (Խանասորի արշավանք)։
Վարչական կարիերա
խմբագրել1903-1906 թվականներին եղել է Վայոց ձորի գավառի գավառապետի օգնական, ապա՝ գավառապետի պաշտոնակատար, 1906-1911 թվականներին՝ Էջմիածնի գավառի ջրաբաշխ։ Իր անձնական միջոցներով 1890 թվականին հայրենի Արագյուղում հիմնել է տարրական դպրոց, որի ուսուցիչներին վճարելու համար մինչև իր մահը ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացրել։ 1900-ական թվականների սկզբին Սուրբ Գայանե եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցում թաղված Րաֆֆու «Խենթը» վեպի հերոսուհի Լալայի նախատիպ աղջկա գերեզմանին դրել է տապանաքար՝ «Լալա» մակագրությամբ։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացել է 1870 թվականին՝ Աննա Տեր-Թադևոսյանի հետ, ունեցել է Եղիսաբեթ (ծնվել է 1874 թվականի նոյեմբերի 12-ին), Արսեն Տեր-Պողոսյան (ծնվել է 1875 թվականի մայիսի 19-ին, հետագայում` Ապարանի հերոսամարտի կազմակերպիչներից), Արտաշ (ծնվել է 1877 թվականի հունիսի 12-ին) և Վասակ Տեր-Պողոսյանը (ծնվել է 1878 թվականին, հետագայում` ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար) որդիներին, երկրորդ կնոջից Սրբուհուց՝ Հումբերտ, Պավել որդիներին և Խենթուշ աղջկան։
Մահացել է Էջմիածնում 1911 թվականի ամռանը։ Թաղման արարողությանը մասնակցել են Էջմիածնի, Աշտարակի ու Ապարանի գավառամասերի գյուղերի գյուղապետեր ու գյուղացիներ, կառավարական պաշտոնյաներ, Էջմիածնի միաբանության վարդապետներ, եպիսկոպոսներ, գյուղերի քահանայական դասը։ Թաղման հոծ թափորը հերոսի մարմինը հողին է հանձնել Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցու ձախակողմյան պատի տակ։ Սկզբնապես գերեզմանին դրվել է փոքր տուֆ քարից խաչքար-տապանաքար, որի վրա փորագրված են եղել միայն «Խենթ» և դրա տակ «Վարդան» բառերը։ Հետագայում Ամենայն Հայոց Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի հրամանով խաչքար-տապանաքարի առջև տեղադրվել է բազալտից սալաձև տապանաքար, որի վրա փորագրված է.«Խենթ, Սամսոն Տեր-Պողոսյան, 1846-1911, Վարդան» (այստեղ ծննդյան թվականը սխալ է, 1875 թվականը ճշտվել է ըստ գյուղի եկեղեցու ծխամատյանի)։ Կենսագրական տեղեկություններից ներքև քանդակված են իրար խաչված զույգ դաշույններ։
Սամսոն Տեր–Պողոսյանը Րաֆֆու «Խենթը» վեպի գլխավոր հերոս Վարդանի նախատիպն է։ Իր «Բայազետ» վեպում նրա կերպարին անդրադարձել է նաև ռուս արձակագիր Վալենտին Պիկուլը։
Հայրենի Արագյուղի գերեզմանոցի սկզբնամասում 1974 թվականին տեղադրվել է Սամսոն Տեր-Պողոսյանի` Խենթի կիսանդրին։ Կիսանդրու հեղինակն է ծնունդով նույնպես արագյուղցի, քանդակագործ Հովսեփ Մարգարյանը։
Գրականություն
խմբագրել- Րաֆֆի, Խենթը (առաջին հրտ.), Շուշի, 1881, 400 էջ։ Առանձին, այլ վեպերի հետ ունեցել է հայերեն 15, ռուսերեն՝ 7, վրացերեն՝ 2, մոլդավերեն՝ 1, այլ օտար լեզուներով՝ 6 հրատարակություն։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 11, Երևան, 1985, էջ 684–685:
- Սեւ-քարեցի Սաքոյի ինքնակենսագրականը, Պէյրութ, 1994, էջ 40–42:
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 597։
- Տիգրան Հայազն, Խենթերը։ Երևան, 2009, էջ 26-28։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՅԴ օրգան «Դրօշակ», 1933 թիվ 12-1 (326)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |