Ջերոմ Դեյվիդ Սելինջեր

(Վերահղված է Ջերոմ Սելինջերից)

Ջերոմ Դեյվիդ Սելինջեր (անգլ.՝ Jerome David Salinger, հունվարի 1, 1919(1919-01-01)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունվարի 27, 2010(2010-01-27)[5][3][6][…], Քորնիշ, Սուլիվան շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի գրող, ում ստեղծագործությունները լույս են տեսել The New Yorker ամսագրում 1940-ական թվականների 2-րդ կեսին և 1950-ական թվականներին։

Ջերոմ Դեյվիդ Սելինջեր
Jerome David Salinger
Ծնվել էհունվարի 1, 1919(1919-01-01)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էհունվարի 27, 2010(2010-01-27)[5][3][6][…] (91 տարեկան)
Վախճանի վայրՔորնիշ, Սուլիվան շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Գերեզմանանհայտ[7]
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Columbia University School of General Studies?, Valley Forge Military Academy and College?, McBurney School? և PS 6?
Ուշագրավ աշխատանքներՏարեկանի արտում, անդունդի եզրին, Ինը պատմվածք, Ծպեղները բարձր, ատաղձագործներ և Ֆրենին և Զուին
ԱմուսինClaire Douglas?
ԶավակներՄեթ Սելինջեր և Margaret Salinger?
Изображение автографа
Ջերոմ Դեյվիդ Սելինջեր Վիքիքաղվածքում
 Jerome David Salinger Վիքիպահեստում

Սելինջերը մեծացել է Մանհեթենում, պատմվածքներ սկսել է գրել միջին դպրոցում։ Առաջին ստեղծագործությունները տպագրվել են դեռևս մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Երբ պատերազմը սկսվեց, Սելինջերը որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Նրան հրաժարվում էին ընդունել առողջական խնդիրների պատճառով, բայց նա հասավ իր ուզածին։ Արդեն ռազմաճակատում իր օրագրի մեջ գրեց․ «Ես զգում եմ, որ գտնվում եմ ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, քանի որ այստեղ ընթանում է պայքար մարդկության ապագայի համար»։

1940-ական թվականների 2-րդ կեսին Սելինջերը վաստակեց ամերիկյան արձակագրության ամենաարհեստավարժ և խոստումնալից վարպետներից մեկի համբավ։ Նրա պատմվածքներից շատերն արտացոլում են պատերազմական ցնցող ապրումները։

1951 թվականին Սելինջերը տպագրում է «Փրկիչը տարեկանի արտում»[8] վեպը, որն ունեցավ հսկայական հաջողություն և աշխարհով մեկ ընթերցողների սիրուն արժանացավ։ Բազմաթիվ սերունդներ համակրանքով հետևել են հասունացման ճանապարհին գրքի հերոս Հոլդեն Քոլֆիլդի մանկական պատրանքների անհետացմանը։ Կարճ ժամանակում վաճառվեց գրքի 60 միլիոն օրինակ և մինչ այժմ էլ ամեն տարի իրացվում է մոտ 250 հազար օրինակ։

1965 թվականին Սելինջերը դադարեց տպագրվել և սկսեց վարել մենակյաց կյանք։ Վերջին հարցազրույցը տվել է 1980 թվականին։

Կենսագրություն

խմբագրել

Ջերոմ Դեյվիդ Սելինջերը ծնվել է Նյու-Յորք քաղաքում 1919 թվականի հունվարի 1-ին։ Հայրը՝ Սոլոմոն Սելինջերը (1887-1974) լիտվական ծագմամբ հրեա էր, ապխտած արտադրատեսակների և պանրի ապրանքատեսակների մեծածախ վաճառքով էր զբաղվում։ Ջերոմի մայրը՝ Միրիամ Սելինջերը (մինչև ամուսնությունը կրում էր Մերի Ջիլլիք անունը), շոտլանդա-իռլանդական ծագում ուներ, ընդունել էր հուդայականություն։ Դորիսը՝ Ջերոմի միակ քույրը, վերջինիցս ութ տարի և երկու ամիս մեծ էր։

Հայրը ձգտում էր որդուն լավ կրթություն տալ։ 1936 Ջերոմը ավարտեց Փենսիլվանիա նահանգի Վելլի Ֆորջ քաղաքի զինվորական ուսումնարանը։ Այստեղ են արվել նրա գրական առաջին քայլերը․ գրել է երեք տուն դպրոցի հիմնի համար, որը, ի դեպ, մինչ այժ էլ կատարվում է։ 1937 թվականի ամռանը հաճախում է Նյու-Յորքի համալսարանի դասախոսություններին, 1937-1938 թթ․ մեկնում է Ավստրիա և Լեհաստան (այստեղ՝ Վիդգոշում, հոր հորդորով ուսումնասիրում է երշիկների արտադրություն)։ Հայրենիք վերադառնալով՝ 1938 թվականին հաճախում է դասախոսությունների Ուրսինոս քոլեջում (Փենսիլվանիա)։ 1939 թվականին ընդունվում է Կոլումբիային համալսարան, որտեղ հաճախում է կարճ պատմվածքների վերաբերյալ Story ամսագրի խմբագիր Ուիթ Բըրնեթի վարած դասախոսություններին։ Բարձրագույն ուսումնական հաստատություններից ոչ մեկը Ջերոմն այդպես էլ չավարտեց՝ չցուցաբերելով ո՛չ առանձնահատուկ հաջողություններ, ո՛չ աշխատանքային ձգտումներ, ինչով առաջացրեց հոր դժգոհությունը և վերջինիս հետ վերջնականապես կռվեց։

1942 թվականին սկսեց հանդիպել թատերագիր Յուջին Օ'Նիլի դուստր Ունա Օ'Նիլի հետ, որը, սակայն, շուտով ծանոթացավ Չարլի Չապլինի հետ և ամուսնացավ վերջինիս հետ։ Նույն թվականի գարնանը զորակոչվեց, ավարտեց կապի զորքերի սպայական-սերժանտական դպրոցը, 1943 թվականին սերժանտի կոչումով տեղափոխվեց հակահետախուզական բաժանմունք և ուղարկվեց Նեշվիլ (Թենեսի

1944 թվականի հունիսի 6-ին սերժանտ Սելինջերը հակահետախուզության բաժանմունքի 12-րդ հետևակային գնդի 4-րդ հետևակային դիվիզիայի կազմում Նորմանդիայում մասնակցեց «Նեպտուն» գործողությանը, այնուհետև Արդենների ռազմագործողությանը և Հյուրտգենյան անտառի ճակատամարտին։ Աշխատել է ռազմագերիների հետ, մասնակցել մի քանի համակենտրոնացման ճամբարի ազատման։ Ռազմաճակատում հանդիպել է ռազմական թղթակից և գրող Էռնեստ Հեմինգուեյին, ում անձնային հատկանիշներն ու գրելաոճը մեծ տպավորություն էին գործել Սելինջերի վրա․ Հեմինգուեյն իր հերթին գնահատեց սկսնակ գրողի գրական տաղանդը։ Նացիստական Գերմանիայի պարտությունից հետո զբաղվեց Գերմանիայի ապանացիստականացմամբ։

Գերմանիայում Սելինջերն ամուսնացավ։ Ամուսնությունը կարճ տևեց․ 1946 թվականի գարնանը այն չեղարկվեց Սելինջերի նախաձեռնությամբ։

Գրական կարիերան Սելինջերը սկսել է Նյու-Յորքի ամսագրերում փոքր պատմվածքների հրատարակումով։ Նրա առաջին պատմվածքը՝ «Երիտասարդներ»-ը (The Young Folks), 1940 թվականին հրատարակվել է Ուիթ Բըրնեթի հիմնած Story ամսագրում։ 1941 թվականից սկսեց տպագրվել The New Yorker ամսագրում։ Առաջին լուրջ հաջողությունը Սելինջերին բերեց «Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը» (A Perfect Day for Bananafish, 1948) պատմվածքը, որը ներկայացնում է երիստասարդ Սիմոր Գլասի և նրա կնոջ կյանքից մեկ օրվա պատմություն։ 1940-ական թվականների վերջին սկսեց ուսումնասիրել զեն-բուդդայականություն։

Առաջին հրատարակությունից տասնմեկ տարի անց՝ 1951 թվականի հունիսի 16-ին, լույս տեսավ Սելինջերի միակ վեպը՝ «Փրկինչը տարեկանի արտում», որի վրա գրողն աշխատում էր 1941 թվականից։ Վեպը քննադատների կողմից հավանության արժանացավ և մինչ այժ էլ ժողովրդականություն է վայելում բարձր դասարանցիների և ուսանողների շրջանակներում, որոնք գլխավոր հերոս Հոլդեն Քոլֆիլդի հայացքների և պահվածքի մեջ նմանություն են գտնում իրենց սեփական տրամադրություններին։ Գիրքը արգելված էր որոշ երկրներում և ԱՄՆ որոշ նահանգներում դեպրեսիվության և ոչ պատշաճ բառապաշարի օգտագործման համար, բայց այժմ այն մտնում է ամերիկյան դպրոցների մեծամասնության հանձնարարվող ընթերցանության ցուցակների մեջ։

Վեպի տպագրման պահին Սելինջերն արդեն ուներ տարբեր պարբերականներում հրատարակված քսանվեց ստեղծագործություն, այդ թվում՝ 1953 թվականին առանձին «Ինը պատմվածք» գրքի տեսքով լույս տեսած ինը նովելներից յոթը։

1960-ական թվականներին լույս տեսան «Ֆրեննի և Զուի» (Franny and Zooey) նովելները և «Ծպեղները բարձր, ատաղձագործներ» (Raise High the Roof Beam, Carpenters) վիպակը։

Ընտանիքը

խմբագրել

1955 թվականին 36 տարեկան հասակում Սելինջերն ամուսնացավ արվեստագետ Ռոբերտ Լենգտոն Դուգլասի դուստր ուսանողուհի Քլեր Դուգլասի հետ։ Վերջիններս ունեցան դուստր՝ Մարգարեթ (1955), և որդի՝ Մեթյու (1960)։ Ավելի ուշ Մարգարեթը գրեց «Dream Catcher» վերնագրով հուշագիր։ Սելինջերը պնդեց, որ կինը ուսումնառության ավարտից չորս ամիս առաջ թողնի ուսումն ու տեղափոխվի իր հետ ապրելու, ինչն էլ վերջինս արեց։ Նրանց դուստրը մանկության տարիներին շատ էր հիվանդանում, բայց Սելինջերը հրաժարվում էր բժիշկի դիմել։ Ավելի ուշ Քլերը խոստովանեց դստերը, որ մտածել է ինքն իրեն և դստերը սպանելու մասին։ Նյու Յորք մեկնելիս նա պատրաստվում էր դա անել, բայց Մարգարեթի հետ հյուրանոցից փախավ։ Մի քանի ամիս անց Սելինջերը համոզեց նրան վերադառնալ Քորնիշ։

Վերջին տարիները

խմբագրել

«Փրկինչը տարեկանի արտում» ստեղծագործության հայտնի դառնալուց հետո Սելինջերը սկսեց վարել մենակյաց կյանք՝ հրաժարվելով հարցազրույց տալ։ 1965 թվականից դադարեց տպագրվել՝ ստեղծագործելով ինքն իր համար։ Սելինջերն արգելք դրեց վաղ ստեղծագործությունների (մինչև «Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը») վերահրատարակման վրա և կանխարգելեց իր նամակների հրատարակումը։ Կյանքի վերջին տարիներին նա ապրում էր բարձր պարիսպներով առանձնատանը՝ Քորնիշում՝ Նյու Հեմփշիրում՝ արտաքին աշխարհից կտրված։

Սելինջերը մահացավ 2010 թվականի հունվարի 27-ին 91 տարեկան հասակում Նյու Հեմփշիրի իր առանձնատանը։

Ստեղծագործությունը

խմբագրել

Սելինջերի ստեղծագործությունների մեծամասնության գլխավոր հերոսները երեխաներ կամ մինչև 17 տարեկան դեռահասներ են։ Այնուամենայնիվ, նրան անհնար է կոչել «մանկական» գրող։ Իր ստեղծագործություններում (առաջին հերթին «Փրկիչը տարեկանի արտում» վեպում) Սելինջերը բարձրացնում է իր իդեալներով և մաքսիմալիզմով դեռահաս գլխավոր հերոսին շրջապատող «հասուն» աշխարհի դաժանությանն ու ստորությանը դիմակայելու թեման։

Գլասերի ընտանիքին նվիրված պատմվածքներում և վիպակներում տաղանդավոր անձնավորության և աշխարհի անզիջում պայքարի թեման զարգանում և խորանում է։ Գլասերի երեխաները, անգամ մեծանալով, պահպանում են հավատարմությունն իրենց իդեալների նկատմամբ։ Այդ գործում նրանց սատարում են սեփական երեխաները («Մակույկում»), Գլաս ընտանիքի ոգին («Ծպեղները բարձր, ատաղձագործներ»), ինչպես նաև զանազան հոգևոր պրակտիկաները, առաջին հերթին՝ զեն-բուդդայականությունը («Ֆրեննին և Զուին»)։ Այնուամենայնիվ, անձի պայքարը քաղքենի շրջապատի դեմ երբեմն ողբերգական ավարտ է ունենում (Սիմոր)։

Մատենագիտություն

խմբագրել
  • 1940 — «Դեռահասները» (The Young Folks)
  • 1940 — «Տեսակցիր Էդդիի հետ» (Go See Eddie)
  • 1941 — «Մեղավոր եմ, ուղղվում եմ» (The Hang of It)
  • 1941 — «Դժբախտ պատմության հոգին» (The Heart of a Broken Story)
  • 1942 — «Լոիս Թեգգեթթի ձգձգված բեմելը» (The Long Debut of Lois Taggett)
  • 1942 — «Ոչ պաշտոնական զեկուցում մի հետևակայինի մասին» (Personal Notes of an Infantryman)
  • 1943 — «Վարիոնի եղբայրները» (The Varioni Brothers)
  • 1943 — «Թափված անտառը» (The Inverted Forest)
  • 1944 — «Երկկողմանի համաձայնությամբ» (Both Parties Concerned)
  • 1944 — «Բարեսիրտ սերժանտը» (Soft Boiled Sergeant)
  • 1944 — «Վերջին աշխատանքից ազատման վերջին օրը» (Last Day of the Last Furlough)
  • 1944 — «Մի անգամ շաբաթվա մեջ քեզ չի սպանի» (Once a Week Won’t Kill You)
  • 1945 — «Էլեյն» (Elaine)
  • 1945 — «Ես խելագար եմ» (I’m Crazy)
  • 1945 — «Տղան Ֆրանսիայում» (A Boy in France)
  • 1945 — «Այս սենդվիչում մայոնեզ չկա» (This Sandwich Has No Mayonnaise)
  • 1945 — «Օտարը» (The Stranger)
  • 1946 — «Թեթև խռովություն Մեդիսոն ավենյուի վրա» (Slight Rebellion off Madison)
  • 1947 — «Առանց իրանի աղջիկը 1941 թվականին» (A Young Girl in 1941 with No Waist at All)
  • 1948 — «Ծանոթ աղջիկը» (A Girl I Knew)
  • 1948 — «Տխուր երաժշտություն» (Blue melody)
  • 1948 — «Լավ է բռնվում ձկնիկ֊բանանիկը» (A Perfect Day for Bananafish)
  • 1948 — «Ոտիկ-թաթիկ» (Uncle Wiggily in Connecticut)
  • 1948 — «Էսկիմոսների հետ պատերազմից անմիջապես առաջ» (Just Before the War with the Eskimos)
  • 1949 — «Մարդը, որ ծիծաղում էր» (The Laughing Man)
  • 1949 — «Մակույկում» (Down at the Dinghy)
  • 1950 — «Էսմեին՝ սիրով և թշվառությամբ» (For Esmé — with Love and Squalor)
  • 1951 — «…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ» (Pretty Mouth and Green My Eyes)
  • 1951«Փրկիչը տարեկանի արտում» (Catcher in the Rye)
  • 1952 — «Դը Դոմյե֊Սմիթի երկնագույն շրջանը» (De Daumier-Smith’s Blue Period)
  • 1953 — «Թեդդի» (Teddy)
  • 1955 — «Ծպեղները բարձր, ատաղձագործներ» (Raise Higher the Roof Beam, Carpenters)
  • 1959 — «Սիմոր։ Ներածություն» (Seymour: An Introduction)
  • 1961 — «Ֆրեննին և Զուին» (Franny and Zooey)
  • 1965 — «1924 թվականի Հեփվորթի 16» (Hapworth 16, 1924)

Չտպագրված ստեղծագործությունները

խմբագրել
  • 1942 — «Փիթեր Պեներից վերջինն ու լավագույնը» (The Last and Best of the Peter Pans)
  • 1944 — «Մանկական էշելոնը» (The Children`s Echelon)
  • 1944 — «Երկու միայնակ մարդ» (Two Lonely Men)
  • 1946 — «Հոբելյարը» (Birthday Boy)
  • 1947«Բոուլինգի գնդերի օվկիանոսը» (The Ocean Full of Bowling Balls)

«Սելինջեր» բանավոր կենսագրության համաձայն հեղինակներ Դեյվիդ Շիլդսը և Շեյն Սալերնոն պնդում են, որ Սելինջերը հետմահու հրահանգներ է թողել 2015-2020 թվականների ընթացքում իր անհայտ ստեղծագործությունների տպագրման վերաբերյալ․ դրանք են՝ Գլասերի ընտանիքի մասին 5 պատմվածք, վեպ իր և իր առաջին կնոջ հարաբերությունների մասին, օրագրի տեսքով նովել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, վեդանտայի ձեռնարկ, մի քանի պատմվածք Հոլդեն Քոլֆիլդի մասին։

Ազդեցությունը

խմբագրել

Սելինջերի ստեղծագործությունները ոգեշնչել են բազմաթիվ գրողների, նրանցից են Սթիվեն Չբոսկին, Ջոնաթան Սաֆրան Ֆոերը, Հարուկի Մուրակամին, Թոմ Րիբբինսը, Ջոն Գրինը, Լուիս Սեյքերը և այլք։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր վիպագիր Ջոն Ապդայկը խոստովանում էր, որ Սելինջերի պատմվածքները նրան ցույց տվեցին, թե ինչպես է պետք միահյուսել չկապակցված սյուժեները։

Սելինջերի և Ունա Օ՚Նիլի սիրավեպի հիման վրա ֆրանսիացի արձակագիր Ֆրեդերի Բեգբեդերը գրել է «Ունա և Սելինջեր» գիրքը։

Սելինջերի անձը ներկայացված է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Coming Through the Rye» (2015), «BoJack Horseman» սերիալում (2-րդ եթերաշրջանի 6, 7, 8, 9, 10 սերիաներ, 3-րդ եթեաշրջանի 1 սերիա), «Rebel in the Rye» կենսագրական ֆիլմում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118605054 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 McGrath C. J. D. Salinger, Literary Recluse, Dies at 91 // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2010. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. Find A Grave — 1996.
  8. Սելինջեր, Ջ․ Դ․, «Փրկիչը տարեկանի արտում», Անտարես, Երևան, 2013

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերոմ Դեյվիդ Սելինջեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերոմ Դեյվիդ Սելինջեր» հոդվածին։