Բացել գլխավոր ցանկը

Կաղապար:Պորտալ:Հայաստան/Ընտրված անձ

Գրիգոր Լուսավորիչ

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հուն․՝ Τιγρανης ο Μέγας, լատ.՝ Tigranes Magnus) (մ. թ. ա. 140-մ. թ. ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ. թ. ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ. թ. ա. 83-մ. թ. ա. 69), մ. թ. ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:

Տիգրան Մեծը փաստորեն հիմնադիրն էր Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տիրության: Նրա տիրության քայքայումից հետո Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմը:

Տիգրանի վաղ տարիները համընկել են Պարթևական թագավորության հզորացման հետ: Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով Մարաստանը, Ատրպատականը և Միջագետքը: Հավանաբար մ.թ.ա. 113-112թթ.-ին պարթևական Միհրդատ Բ թագավորը կռվել է նաև հայոց թագավոր Արտավազդ Ա-ի դեմ. թեև, ըստ Ստրաբոնի վկայության, պարթևները չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ Միհրդատ Բ-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին : Տիգրան Ա-ի մահից հետո՝ մ.թ.ա. 95թ.-ին, զիջելով Միհրդատ Բ-ին Մեծ Հայքի հարավ-արևելյան շրջանները՝ 70 հովիտները, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը:

Դառնալով հայոց արքա քառասունհինգ տարեկան հասակում՝ Տիգրանն անմիջապես ձեռնամուխ է լինում հայկական պետության և բանակի ամրապնդմանը: 94 թ. նա գրավում և Մեծ Հայքին է միացնում Ծոփքի թագավորությունը՝ զրկելով գահից Արտանեսին Զարեհի սերնդից Դրանով իսկ Տիգրան Մեծն ավարտեց հայկական հողերի մեծագույն մասի միավորման պրոցեսը, որը սկսել էր նրա պապ Արտաշեսը: Սակայն նրա թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության: (մանրամասն...)