Էդիկ Մինասյան
Էդիկ Գարեգինի Մինասյան (հունիսի 27, 1956, Ոսկեթաս, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005), ՀՀ Հանրային խորհրդի և Երկրապահ Կամավորականների միության վարչության անդամ։
Էդիկ Գարեգինի Մինասյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Ոսկեթաս, Արագածոտնի մարզ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2003) և պրոֆեսոր (2005) |
Երկեր | Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն, Երևան, 2013, Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի հանրապետությունում 1991 - 2003 թթ. | Մենագրություն, Երևան, 2003, Հայ հերոսուհի կանայք, Երևան, 2016։ |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատանք | դասախոս, դեկան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1956 թվականի հունիսի 27-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում։ 1973 թվականին ավարտել է նույն շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը։ 1974 - 1979 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1979 - 1983 թվականներին ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1979-1982 թվականներին աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես դեկանի օգնական, 1982-1986 թվականներին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս։ 1985 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1986-1994 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան քաղաքացիների ֆակուլտետում որպես ավագ դասախոս, 1987- 1994 թվականներին՝ հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ։ 1994-2005 թվականներին աշխատել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես Հայոց պատմության ամբիոնի դոցենտ։ 1999 - 2009 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2005 թվականից՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր։ 2009 թվականից մինչ օրս հանդիսանում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։ 2003 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականներին» թեմայով։ «Խնուս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին կից հայոց պատմության գծով գիտական խորհրդի նախագահի տեղակալը[1], «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիրը[2]։ 2015 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ[3]։
Մասնագիտական անդամակցություն խմբագրել
- «Հայագիտության հարցեր» գիտական հանդես խմբագրական խորհրդի անդամ
- «Հայկական բանակ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
- «Նոր-Դար» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
- 2002 թվականից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ
Գիտամանկավարժական գործունեություն խմբագրել
Էդիկ Մինասյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների և յոթ մենագրությունների, համահեղինակ՝ «Հայոց պատմություն» և «Հայոց պատմության հիմնահարցեր» դպրոցական և բուհական դասագրքերի։ Էդիկ Մինասյանի գիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է հին և միջին դարերի հայոց դիվանագիտության պատմության և Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնախնդիրները։ Էդիկ Մինասյանը երկար տարիներ ԵՊՀ Իրավաբանական, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության և այլ ֆակուլտետներում դասավանդել է «Հայոց պատմություն» և «Հայ դիվանագիտության պատմություն» առարկաները, իսկ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում վարում է հայոց նորագույն պատմության ընդհանուր, հայ դիվանագիտության ու Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն մասնագիտական դասընթացները։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 թեկնածուական ատենախոսություն։ Հեղինակ է «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-2003 թվականներին» (Երևան, 2003), «Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն» (Երևան, 2013, 624 էջ), համահեղինակ՝ «Հայոց պատմության հիմնահարցեր» (2000), «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում» (18-19-րդ դարեր), 2005, բուհական, դպրոցական 8-րդ դասարանի դասագրքերի և «Հայոց պատմություն» ակադեմիական քառահատորյակի[4]։
Պարգևներ խմբագրել
- Լեռնային Ղարաբաղի հանրապետության «Ոսկե արծիվ» մեդալ (2007)։
- Ֆրիտյոֆ Նանսենի անվան հուշամեդալ (2009)։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2009)։
- Մովսես Խորենացու մեդալ (2014)[5]
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ (2016)[6]
Երկեր խմբագրել
- Ագրոարդյունաբերական ինտեգրացիայի դերը բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության դաշինքի ամրապնդման գործում, Երևան, 1987[7]:
- Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի հանրապետությունում 1991 - 2003 թթ., Երևան, 2003, 443 էջ[8]։
- Էդիկ Մինասյան, Միքայել Մուրադյան, Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում (18- 19-րդ դդ.) | Դասագիրք, Երևան, 2005:
- Էդիկ Մինասյան, Արարատ Վարդանյան, Ձեռնարկ-մեթոդական ուղեցույց հայոց պատմություն բուհական դասընթացի, Ստեփանակերտ, 2008, 220 էջ։
- Էդիկ Մինասյան, Արարատ Վարդանյան, Հայրենիք-Սփյուռք կապերը ՀՀ անկախության տարիներին, Երևան, 2010, 200 էջ։
- Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն, Երևան, 2013, 624 էջ[9]։
- Հայ հերոսուհի կանայք, Երևան, 2016, 782 էջ։
- Էդիկ Մինասյան, Տաթևիկ Մինասյան, Հայ կանայք 19–րդ դարավերջի և 20–րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին, Երևան, 2016, 472 էջ։
Գրականություն խմբագրել
- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, 2009, էջ 154։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 111։
- Երևանի պետական համալսարան։ Կենսագրական հանրագիտարան, Երևան, 2009, էջ 414-415։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Պատմության ինստիտուտ, Մասնագիտական խորհուրդ»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-05-ին։ Վերցված է 2014-11-22
- ↑ «Էդիկ Գարեգինի Մինասյան»։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-02-ին։ Վերցված է 2014-11-22
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ՆԿ-36-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ»։ www.yerevan.am։ Վերցված է 2016-10-10
- ↑ «Ագրարային բարեփոխումներ Հայաստանի Հանրապետությունում1991-2002 թթ.»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին։ Վերցված է 2014-11-22
- ↑ www.historyofarmenia.am
- ↑ www.historyofarmenia.am