Չիլիի պատմություն
Չիլիի պատմությունը սկսվում է տարածաշրջանի բնակեցման ժամանակներից՝ մոտ 13000 տարի առաջ։ 16-րդ դարում սկսվում է ներկայիս Չիլիի տարածքի նվաճումն ու տիրապետումը իսպանական կոնկիստադորների կողմից, 19-րդ դարում Չիլիական ժողովուրդը գաղութարար իշխանությունից անկախություն նվաճեց։ Չիլիի հետագա զարգացումը, ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, սկզբնապես պայմանավորված է եղել բորակի, մի փոքր ավելի ուշ՝ պղնձի արդյունահանմամբ։ Օգտակար հանածոների մեծաքանակ առկայությունը հանգեցրել է Չիլիի տնտեսության նշանակալի աճին, բայց և՝ հարևան պետություններից կախյալությանը, նույնիսկ նրանց հետ պատերազմելուն։ 1970 թվականին Չիլիում իշխանության եկավ սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալյենդեն, ով սկսեց երկրի արմատական սոցիալ-տնտեսական վերակառուցումը։ 1973 թվականի սեպտեմբերի 11-ին գեներալ Աուգուստո Պինոչետի հեղաշրջումը երկրում սկիզբ դրեց 17-ամյա բռնապետության և տնտեսության մեջ արմատական շուկայական բարեփոխման։ 1988 թվականից Չիլին բռնում է զարգացման ժողովրդավարական ուղին։
Չիլիի պատմությունը մինչ 1520 թվականը
խմբագրելՄեր թվարկությունից 30.000 տարի առաջ Բերինգի նեղուցով Ամերիկայի տարածք են ներթափանցում առաջին վերաբնակիչները։ Այստեղից վերաբնակեցումը աստիճանաբար ընդլայնվում է դեպի հարավ, մինչև մ.թ.ա. 10-րդ հազարամյակում «նվաճվում է» Հարավային Ամերիկայի ծայրակետը՝ Հրո Երկիրը։ Այժմյան Չիլիի տարածքի առաջին նորաբնակները քոչվոր մապուչե հնդկացիներն էին, ովքեր մեր թվարկությունից մոտ 13 000 տարի առաջ բնակվում էին Անդերի բերրի հովիտներում և Ատակամա լեռնային անապատի օազիսներում։ Անբարենպաստ կլիմայական պայմանները և հատկապես Ատակամա անապատի ծայրահեղ չորությունը խանգարել են տարածաշրջանի ավելի խիտ բնակեցմանը։ Մ.թ.ա. շուրջ 8000-ից 2000 թվականները Վալե դե Արիկայում (Valle de Arica) գոյություն է ունեցել չինկորրո (Chinchorro) մշակույթը, որի ժամանակ սկսվել են իրականացնել հանգուցյալների՝ մարդկությանը հայտնի առաջին մումիացումը։ Մ.թ.ա. մոտ 2000 թվականին Մեծ հյուսիսում սկսվել է աստիճանաբար զարգանալ գյուղատնտեսությունը և անասնաբուծությունը։ Մոտ 600 թվականին (մ.թ.ա.) պոլինեզյան ժողովուրդները բնակություն հաստատեցին Զատկի կղզու վրա. նրանց ծաղկուն ժամանակաշրջանը սկսվում է հաջորդող 400 տարիների ընթացքում, նրանց կողմից ստեղծվում են հայտնի մոաիները[1]։
Մինչ իսպանացիների հայտնվելը այժմյան Չիլիի տարածքում բնակվում էին նաև բազմաթիվ այլ էթնոսներ՝ չանգոսները, ատակամենոսները և այմարները բնակվել են Չիլիի հյուսիսում, Լաուկա և Կոպյապո գետերի միջև։ Հետագայում դեպի հարավ, մինչև Ակոնկագուա գետը ընկած տարածքները բնակեցվել են դիագուտներով։ Նշված չորս էթնոսների ներկայացուցիչները զբաղվում էին ձկնորսությամբ, գյուղատնտեսությամբ, որսով և արհեստագործությամբ, միմյանց հետ առևտուր են արել և ապրել են ցեղերով ու ընտանեկան համայնքներով։ Ռելոնկավի ֆյորդից հարավ-արևելք Կորդիլերները բնակեցված էին չիկուիլլանեսներով և պոյյասներով, ովքեր զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ։ Երկրի ծայր հարավում, ընդհուպ մինչև Մագելանի նեղուցը հաստատվել էին չոնոսները և ալակալուֆները, Հրո Երկրում ապրում էին ալակալուֆներ, յագանիներ, սելկնամներ և հաուշներ։
1471 թվականին 10-րդ Ինկ Տուպակա Յուպանկայի իշխանության գալով ինկերը սկսեցին ներթափանցել Չիլիի խորքերը։ Նրա կառավարման ժամանակ, 1493 թվականին ինկերը գրավեցին մինչև Մաուլե գետը՝ Կուրիկոյի (Curicó) հարավին հարակից տարածքները։ Այստեղ նրանք հանդիպեցին մապուչե հնդկացիների զանգվածային դիմադրությանը, այնպես որ հետագա առաջխաղացումը դեպի հարավ դարձավ անհնարին։ Ինկերի տիրապետությունը փաստացի տարածվում էր հյուսիսի բոլոր տեղաբնիկների վրա. այսպես՝ օրինակ ինկերը հարկադրել էին պենուչե ցեղին կոռ ու բեգար կատարել։ Սան Պեդրո դե Ատակամայի մոտակայքում ինկերը կառուցել էին Պուկարա դե Կիտոր (Pukara de Quitor) ամրոցը։ Այստեղ 1540 թվականին ճակատամարտ տեղի ունեցավ ներխուժած իսպանացիների հետ։
16-րդ դարի սկզբին հնդկացիների թիվը Չիլիում կազմում էր մոտ 1 միլիոն մարդ։ Բնիկ բնակչությունը գտնվում էր համայնական հողագործության գերակշռությամբ տոհմական կարգերի փուլում։ Ավելի զարգացած և ռազմատենչ ցեղի՝ արաուկանների մոտ տեղի է ունենում անցում մայրիշխանությունից հայրիշխանության։
Իսպանական գաղութացում
խմբագրելԿոնկիստադորներ
խմբագրելԱռաջին եվրոպացին, ով ոտք է դրել Չիլիական հողի վրա, Ֆեռնան Մագելանն էր՝ 1520 թվականին, ափ իջած ներկայիս Պունտա-Արենասի շրջանում. նրա անվամբ է կոչվել Մագելանի նեղուցը։ 1533 թվականին Ֆրանչեսկո Պիսառոյի ղեկավարած զորքերը առանց ջանքերի գրավում են ինկերի հարստությունը, բայց, այդուհանդերձ, չեն համարձակվում առաջ գնալ ներկայիս Չիլիի տարածքում գտնվող պարսպապատ Ատակամա անապատով և Անդյան լեռնաշղթայով։
Առաջին եվրոպացիները, ովքեր ցամաքային ուղիով հասել են Նուևա Տոլեդո, եղել են Դիեգո դե Ալմագրոն և նրան ուղեկցող խումբը, ովքեր 1535 թվականին ուղևորվել են Կուսկոյից Պերու՝ ոսկի փնտրելու, բայց չեն կարողացել գտնել։ 1536 թվականի հունիսի 4-ին Դիեգո դե Ալմագրոն հասավ Կոպյապոյի հովիտ և իրեն ուղեկցող Գոմես դե Ալվարդոյին ուղարկեց հարավ։ Մինչ Մաուլե գետը ճանապարհի ողջ ընթացքում ոչ մի դիմադրության չհանդիպեցին։ Բայց Ռիո Իտատի մոտ նրանք բախվեցին մապուչե հնդկացիների հետ և ներքաշվելով ծանր մարտի մեջ՝ ստիպված եղան նահանջել։ Պիսարոյի և Ալմագրոյի միջև հակամարտություն ծագեց, որը ժամանակի ընթացքում սրվեց և վերածվեց պատերազմի։ Այդ հակամարտության կուլմինացիոն պահը 1538 թվականին Ալմագրոյի և 1541 թվականին Պիսարոյի սպանությունն էր։
1540 թվականին Պիսարոյին ենթակա սպաներից մեկը՝ Պեդրո դե Վալդիվիան, ուղևորվեց ուղեկցելու Չիլիից Պերու գնացող, արկածներ փնտրող հարյուրավոր զինվորներին։ Այստեղ, չնայած մապուչե հնդկացիների դիմադրությանը, նա հիմնում է եվրոպական առաջին բնակավայրերը՝ Սանտյագոն, Լա-Սերենան և Վալպարաիսոն, որոնք միաժամանակ ծառայում էին որպես ամրություններ։ Շուտով հնդկացիները սկսեցին ակտիվ դիմադրություն ցույց տալ։ Արդեն 1541 թվականի սեպտեմբերին նրանք հարձակվում են Սանտյագոյի վրա։ Իսպանացիները պետք է մարտնչեին 20 000 մապուչե հնդկացիների դեմ։ Եվ միայն հնարամիտ Ինես դե Սուարեսի (Պեդրո դե Վալդիբիայի սիրեցյալը) շնորհիվ իսպանացիները հրաշքով կարողացան խույս տալ պարտությունից և խուճապային փախուստ պարտադրեցին հնդկացիներին։
Մապուչե պատերազմ
խմբագրելԻսպանացիները շարունակեցին ընդլայնել իրենց տիրույթները հարավում. 1550 թվականին նրանց կողմից հիմնադրվեց Կոնսեպսիոն քաղաքը և 1552 թվականին՝ Վալդիվիա քաղաքը։ Առաջնորդ Լաուտարոյի գլխավորությամբ մապուչեները դաժան դիմադրություն ցույց տվեցին։ 1553 թվականի աշնանը նրանք Տուկապել ամրոցի մոտ ջախջախեցին իսպանացիներին և սպանեցին Պեդրո դե Վալդիբիային. ենթադրվում է, որ նա գերեվարվել է, և նրանք ստիպել են նրան հեղուկ ոսկի խմել։ Իսպանացիների կողմից կառուցված քաղաքների մեծ մասը հնդկացիները ավերեցին։
Շուտով Չիլիի նահանգապետ դարձավ Գարսիա Ուրտադո դե Մենդոսան, ով սկսեց անխղճորեն հետապնդել մապուչե հնդկացիներին։ Նրա հրամանով Ֆրանչեսկո դե Վիլյագրան ռազմական արշավանք սկսեց հնդկացիների դեմ։ 1554 թվականի փետրվարի 26-ին Մարիուենյուի մոտ ճակատամարտում իսպանացիները ջախջախիչ պարտություն կրեցին։ Դրանից հետո մապուչեին հաջողվեց ավերել իսպանական բնակավայրերի մեծ մասը։ Այն բանից հետո, երբ ընկավ Կոնսեպսիոնը, մապուչեն 1555 թվականին շարժվեց դեպի Սանտյագո դե Չիլի։ Սակայն Պետերոա ամրոցի ջախջախումից հետո հնդկացիները անսպասելիորեն դադարեցրեցին հարձակողական գործողությունները՝ ենթադրելով, որ իսպանացիները զանգվածային հակահարձակման կանցնեն։ Իմպերիալ ամրոցի պարետ Պեդրո դե Վիլյագրային հաջողվեց 1557 թվականի օգոստոսի 1-ին հնդկացիների համար անսպասելի գիշերային հարձակմամբ սպանել առաջնորդ մապուչե Լաուտարոյին։
Սանտիլյանի հարկ
խմբագրելՖերնանդո դե Սանտիլյանը համարվում է հայտնի «Սանտիլյանի հարկեր»-ի հեղինակը (es:Tasa de Santillán). ներմուծվել է Չիլի 1558 թվականին։ Սրանք իսպանացիների և մապուչեի միջև հարաբերությունները կարգավորող առաջին օրենքներն էին։ Նրանք ստեղծվեցին արտագաղթի պատճառով բնակչության թվաքանակի զգալի անկման և իսպանացիների՝ հնդկացիների հանդեպ վատ վերաբերմունքի պատճառով։
Հարկը բաղկացած էր միտայից և ենթադրում էր կասիկի պարտավորվածությունը հնդկացիների նկատմամբ՝ հանքերում աշխատելու ուղարկել վեց հնդկացիներից մեկին և գյուղատնտեսական աշխատանքներում օգտագործել հինգ հնդկացիներից մեկին։ Աշխատանքներից ազատվեցին կանայք և 18 տարին չլրացած ու 50-անց անձինք։ Սահմանվեց նաև, որ հնդկացիները պետք է խնամակալեին էնկոմենդերոին, ովքեր պետք է բուժեին իրենց հիվանդություններից, հոգ տանեին նրանց քրիստոնյաների հետ հարաբերություններում, նրանց հետ չվարվեին գազանաբար և չհարկադրեին նրանց աշխատելու կիրակի և տոնական օրերին։ Հանքերում հաստատվեց ալկալդների համակարգը, որը վերահսկում էր ոսկի կորզողների կարգապահությունը։
1559 թվականի հունիսի 4-ին Ֆերնանդոն Չիլիում բարի, խաղաղ և ապահով կառավարման որոշում կայացրեց[2]։
Էրսիլիա և Սունիգա
խմբագրելԻր ղեկավար Գարսիա Հուրտադո դե Մենդոսի՝ 1557-1559 թվականների ռազմական արշավանքների նկարագրությամբ պետք է զբաղվեր իսպանացի գրող Ալոնսո դե Էրսիլիա-ի-Սունիգան։ Սակայն իր «Արաուկանա» պոեմում հեղինակը տեղի ունեցած իրադարձությունները ներկայացրել է բոլորովին այլ կերպ, քան իրենից ակնկալում էր գեներալը. նա դատապարտում է կոնկիստադորների դաժանությունը, կշտամբում է նրանց իշխանատենչությունը և ոսկու տենդը և առաջնային պլանում ներկայացնում է տեղացի բնակիչների՝ արաուկանների հերոսականությունը և արիությունը։ Վեպի կենտրոնական կերպարը մապուչե առաջնորդ Կաուպոլիտանն է, ով դաժանաբար սպանվել էր իսպանացիների կողմից 1558 թվականին։
1575 թվականի դեկտեմբերի 16-ին Վալդիբիայում տեղի ունեցավ շատ ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունը հավասարազոր էր ամենախոշոր երկրաշարժերից մեկի ուժգնությանը՝ տեղի ունեցած 1960 թվականի մայիսի 22-ին։ Երկրաշարժը հողային սողանքներ առաջացրեց, որոնք փակեցին Ռինիուե լճի ակունքը։ Չորս ամիս անց սողանքային ամբարտակից ջրի «ժայթքումից» հետո քաղաքը խորտակվեց։ Քաղաքի ադմինիստրատոր և Չիլիի ժամանակագիր Պեդրո Մարինյո դե Լոբերան զգալի աջակցություն ցուցաբերեց քաղաքի վերականգնման և աղետից տուժածներին օգնելու գործում։
Պատերազմի արդյունքներ
խմբագրել1597 թվականին մապուչեի ռազմական առաջնորդ ընտրվեց Պելենտարոն, ով զանգվածային հարձակում ձեռնարկեց Վալդիվիա և Օսորնո, ինչպես նաև Արուկանիայի մերձակա քաղաքների վրա։ 1599 թվականին Վալդիվիան նվաճվեց մապուչեի կողմից, որից հետո իսպանացիները մի քանի տասնյակ տարով կորցրեցին իրենց իշխանությունը այդ քաղաքի վրա։ Նահանգապետ Ալֆոնսո դե Ռիբերը ստիպված եղավ իսպանական զորքերը անցկացնել Բիո-Բիո գետով։ 1641 թվականին իսպանացիների և մապուչեի միջև կնքվեց Քուիլլինյան խաղաղության պայմանագիրը, որի համաձայն սահմանը անցնում էր Բիո-Բիո գետով։ Բայց խաղաղության պայմանագիրը ուժի մեջ մնաց միայն մի քանի տարի։ Իսպանացիների մշտապես փորձում էին վերանվաճել կորցրած տարածքները, սակայն այդ փորձերը մեծ հաջողություններ չէին ունենում։ 1770 թվականին իսպանական բանակը գլխովին ջախջախվեց պեհուենչների և մապուչեի տարբեր ջոկատների կողմից։ Միայն ավելի քան 100 տարի անց Չիլիական և արգենտինական զորքերին 1881 թվականին կրկին հաջողվեց մապուչեից և պեհուենչեից հետ վերցնել տարածքները։ Այս 300-ամյա հակամարտությունը հայտնի է որպես Արաուկանյան պատերազմ։ Հակամարտության արձագանքները զգալի են մինչ այսօր։ 2000 թվականին մապուչե խումբը Սանտյագո դե Չիլիում գրավեց Եվրոպական միության բյուրոն՝ որպես բողոքի նշան հողերը բաժանելու դեմ։
Տնտեսական և սոցիալական զարգացում
խմբագրելՔանի որ Չիլիում ոսկու և արծաթի պաշարները բավականին վաղ սպառվեցին, երկիրը կորցրեց իր հանդեպ հետաքրքրությունը, և տնտեսական զարգացումը տեղի ունեցավ շատ դանդաղ։ Տնտեսության մեջ առաջնային տեղ էր զբաղեցնում գյուղատնտեսությունը։ Կենտրոնական Չիլիի բերրի հովիտները հյուսիսի բնակչությանը ապահովում էին պարենմթերքով։ Չիլիում արմատավորվել էին այնպիսի կայացած հովանավորչական և հետադիմական համակարգեր, ինչպիսիք էին սկզբում ասյենդան, իսկ հետագայում՝ էնկոմյենդան. այս համակարգերում բնիկ տեղացիների (indígenas) հետ փաստացի վարվում էին ստրուկների պես։ Ռասայական տարանջատումը տարածվում էր նաև մետիսների և աֆրիկյան ստրուկների վրա, որոնց նույնպես արգելվում էր ապրել հնդկացիների գյուղերում։
1578 թվականին Ֆրենսիս Դրեյքը անգլիական տերության հրամանով կողոպտեց Վալպարաիսո նավահանգիստը և անհաջող փորձ ձեռնարկեց գրոհել Լա Սերենայի վրա։ Հետագա դարերի ընթացքում ծովահենները անընդհատ հարձակվում էին Չիլիի վրա։ Երկրի զարգացմանը խոչընդոտել են հնդկացիների դեմ հարձակումները և բնական աղետները՝ հզոր ցունամի, հրաբխային ժայթքումներ և երկրաշարժեր։ Բազմաթիվ քաղաքներ ավերվել են, ինչպես օրինակ՝ Վալդիբիան 1575 թվականին, Կոնսեպսիոնը՝ 1570 և 1751 թվականներին։ 1647 թվականի մայիսի 13-ին Սանտյագո դե Չիլիում տեղի ունեցավ հզոր երկրաշարժ՝ խլելով 12 000 բնակիչների կյանք 1730 և 1783 թվականներին քաղաքը կրկին ավերվեց ուժեղագույն երկրաշարժից։ 1598 և 1723 թվականներին Իսպանիայի գաղութային տիրապետությանը խանգարում էին հեշտ ապրուստ որոնող անգլիացի հետախույզները, ինչպես նաև հոլանդական առևտրականները և ծովահենները։
1704 թվականին նավաբեկությունից փրկված շոտլանդացի նավաստի Ալեքսանդր Սելկիրկը չորս տարի շարունակ բոլորովին միայնակ բնակվել է Խուան Ֆեռնանդես կղզեխմբի կղզիներից մեկում։ Նրա պատմությունն ու անձը հանդիսացել են Դանիել Դեֆոյի՝ 1719 թվականին գրված «Ռոբինզոն Կրուզո» վեպի նախատիպը։
Անկախություն
խմբագրել1808 թվականին Իսպանիայի գաղութային իշխանությունը գտնվում էր Նապոլեոն Բոնապարտի հսկողության ներքո, ով իսպանական գահին էր նստեցրել իր եղբայր Ժոզեֆին։ 1810 թվականի հուլիսի 14-ին Չիլիական կրեոլները ապստամբեցին, գահընկեց արեցին իսպանական նահանգապետին և նրա փոխարեն իշխանության բերեցին կրեոլական արիստոկրատի։ 1810 թվականի սեպտեմբերի 18-ին (ներկայում ազգային տոն է՝ Չիլիի ազգային անկախության օրը) գահընկեց արվեց գեներալ-կապիտանը, իսկ նրա գործառույթները վերապահվեց սեփական զորքեր ունեցող Ազգային կառավարական խունտային (Junta de Gobierno): Սակայն խունտան չկարողացավ վերահսկել երկիրը, և երկրում անիշխանություն տիրեց։ Դա հանգեցրեց քաղաքացիական պատերազմի արքային հավատարիմ ռոյալիստների և ազատական հայրենասերների միջև, որոնց առաջնորդը Խոսե Միգել Կարրերան էր։ Խունտան չհամարձակվեց լիովին խզել կապերը Իսպանիայի հետ, ինչը պահանջում էր հայրենասերների ռադիկալ թևը։ 1811 թվականին ստեղծվեց Ազգային Կոնգրեսը, բայց քանի որ նրանում մեծամասնությունը իսպանամետեր էին, անկախության պատերազմի ղեկավարներից մեկը հանդիսացող Խ. Մ. Կարրերան ցրեց Կոնգրեսը և իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Կարրերան երկրի անկախությունը ամրապնդող մի շարք միջոցների դիմեց։ Միևնույն ժամանակ Կարրերայի բռնապետական ռեժիմը հանգեցրեց ներքին երկպառակչական պայքարի և թուլացրեց հայրենասերների ճամբարը։ 1812 թվականին Կարրերա եղբայրների բռնապետական կառավարման շրջապատից մի խումբ Չիլիացիներ մշակեցին սահմանադրություն, որը նախատեսեց Չիլիի անկախացումը՝ իսպանական թագավորի ձևական տիրապետությամբ։ 1813 թվականին Կարրերային փոխարինեց հայրենասերների բանակի գլուխ կանգնած Բերնարդո Օ’Հիգգինսը։
Այս ամենին ի պատասխան իսպանական ուժերը՝ պերուացի գեներալ Մարիանո Օսորիոյի գլխավորությամբ շարժվեցին Վալդիվիայի վրա հայրենասերներին ջախջախելու նպատակով։ Ինչպես անկախության համար մղվող հարավ-ամերիկյան բոլոր շարժումներում, այս դեպքում էլ առաջինը բախվեցին կրեոլները։ 1814 թվականի հոկտեմբերի 1-ին Ռինկագուային ճակատամարտում Չիլիական ազատագրական բանակը՝ Խոսե Միգել Կարրերայի և Բերնարդո Օ’Հիգգինսի գլխավորությամբ, իսպանական զորքերի կողմից ջախջախվեց, իսկ առաջնորդները փրկվեցին՝ Արգենտինա փախչելով։ 1814-1817 թվականների միջև ընկած ժամանակամիջոցը անվանվում է Ռեկոնկիստադորների ժամանակաշրջան։ Արգենտինացի Խոսե դե Սան Մարտինի աջակցությամբ ռեկոնկիստադորները համատեղ բանակ հավաքեցին իսպանացիների դեմ պայքարելու համար։ Նրանք անցան Անդերը և Չակաբուկոյի ճակատամարտում 1817 թվականի փետրվարի 12-ին գլխովին ջախջախեցին թվային գերազանցություն ունեցող իսպանացիների բանակը և մտան Սանտյագո։ 1817 թվականի փետրվարից Օ’Հիգգինսը դարձավ Չիլիի գերագույն տիրակալը։
1818 թվականի փետրվարի 12-ին Չիլին հռչակեց իր անկախությունը և որոշ ժամանակ անց, 1818 թվականի ապրիլի 5-ին հայրենասերները Մայպուի մարտում հասան իրենց հերթական նշանակալի հաղթանակին։ 1820 թվականին Չիլիական նավատորմերը Թոմաս Կոխրանի գլխավորությամբ կարողացան վերանվաճել Վալդիվիան, բայց իսպանացիների նկատմամբ վերջնական հաղթանակը տոնեցին միայն 1826 թվականին, երբ պարտության մատնվեցին Չիլոե (Chiloé) կղզի փախած վերջին իսպանացիները։
Չիլին 1818-1917 թվականներին
խմբագրել1818 թվականին ընդունվեց Չիլիի Սահմանադրությունը, որն ամրակայեց կառավարման հանրապետական ձևը։ Սահմանադրությունը հռչակում էր բուրժուական ազատություններ, գործադիր իշխանությունը կենտրոնանում էր գերագույն ղեկավար Օ’Հիգգինսի ձեռքում։ Չիլին սկսեց հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ։ 1822 թվականին Մեծ Բրիտանիան Չիլիին տրամադրեց առաջին վարկը՝ 5 միլիոն պեսո, ինչը նշանակում էր անգլիական կապիտալի ներթափանցում Չիլիի տնտեսության մեջ և նրա ազդեցության ուժեղացում՝ երկրի քաղաքական կյանքի վրա։ Օ’Հիգգինսի պայքարը հողային օլիգարխների և կաթոլիկ եկեղեցու արտոնությունների դեմ, նրա՝ առաջադիմական բարեփոխումներ իրականացնելու և եկեղեցու ազդեցության սահմանափակման փորձերը առաջ բերեցին ֆեոդալա-կղերական շրջանակների դժգոհությունները։ Քաղաքական համակարգի ժողովրդավարացումը որդեգրած և արիստոկրատիայի արտոնությունները սահմանափակող նոր սահմանադրության հրապարակումը (1822 թվականի հոկտեմբեր) հանգեցրեց իրավիճակի հետագա սրմանը երկրում։ Ընդդիմության ճնշմամբ 1823 թվականի հունվարի 28-ին Օ’Հիգգինսը հրաժարական տվեց և հեռացավ երկրից։ 1823 թվականի ապրիլին գերագույն կառավարիչ դարձավ գեներալ Ռ. Ֆրեյրեն՝ փորձելով շարունակել Օ’Հիգգինսի վարած քաղաքականությունը։ Իշխանության համար տարբեր խմբավորումների միջև առկա սուր պայքարը ավարտվեց 1830 թվականին պահպանողականների հաղթանակով, ովքեր ներկայացնում էին օտարերկրյա կապիտալիստների վրա հենվող հողատիրական օլիգարխիայի և եկեղեցու շահերը։ Երկրի քաղաքական կյանքում այդ ժամանակ մեծ դեր էր խաղում հարուստ կոմերսանտ Դիեգո Պորտալեսը, հետևողական պահպանողական, ով հանդես էր գալիս կարգապահ բանակի հովանու ներքո խոշոր սեփականատերերի և եկեղեցու ուժեղ իշխանության օգտին։ Պորտալեսի քաղաքական հայացքները դարձան 1833 թվականի սահմանադրության հենքը։ 1833 թվականի սահմանադրությունը, որը ուժի մեջ մնաց մինչև 1925 թվականը, ամրապնդեց հողատիրական օլիգարխիայի և եկեղեցու գերիշխանությունը, և մինչև 1875 թվականը իշխանության գլուխ գտնվեց պահպանողական կառավարությունը։ Նոր սահմանադրությամբ Չիլիում ներդրվեց կենտրոնացված կառավարում. պետության գլուխ կանգնեց լայն լիազորություններով, ներառյալ՝ բացարձակ վետոյի իրավունքով, օժտված նախագահը։ Ընտրական իրավունք տրվեց միայն գրել ու կարդալ իմացող և ունեցվածքային ցենզի պահանջները բավարարող տղամարդկանց։ Պետական կրոն ճանաչվեց կաթոլիկությունը, մնացած բոլոր կրոններն արգելվեցին։ 1830-1840-ական թվականներին բացվեցին բազմաթիվ ազգային և օտարերկրյա ձեռնարկություններ։ Արհեստների և արդյունաբերության (հատկապես՝ լեռնային) զարգացմամբ պայմանավորված աճեց աշխատավորների թիվը։
1836 թվականին Բոլիվիան և Պերուն դաշնություն կազմելու պայմանագիր կնքեցին։ Չիլիի կառավարությունն այս պայմանագիրը դիտարկեց որպես ռազմական սպառնալիք և վերջնագիր ներկայացրեց՝ պահանջելով չեղյալ ճանաչել պայմանագիրը, իսկ մերժում ստանալուց հետո պատերազմ հայտարարեց։ Այս քայլը, որը արվեց Պորտալեսի նախաձեռնությամբ, հարուցեց զինվորականների դժգոհությունը, և 1837 թվականին Պորտալեսը քաղաքական սպանության զոհ դարձավ։
Նախագահ Մանուել Բուլնեսը (1841-1851) վարում էր ներգաղթի քաղաքականություն՝ նպատակ ունենալով բնակեցնել հարավային լճային եզերքները։ Հյուսիսում շահագործման ենթարկվեցին պղնձի հանքեր։ Ընդարձակվեց ներքին առևտուրը, ինչին ոչ պակաս նպաստեց շոգենավերի հայտնվելը։ Հարավ-ամերիկյան մյուս երկրների համեմատ բավականին արագ զարգացավ ժողովրդական կրթությունը։ Բուլնեսի կառավարության կրթության նախարար Մանուել Մոնտը 1842 թվականին հիմնադրեց մանկավարժական առաջին ուսումնարանը՝ այն ղեկավարելու հանձնելով Դոմինգո Ֆաուստինո Սարմյենտոյին՝ արգենտինացի հիանալի լուսավորիչ, հետագայում՝ Արգենտինայի նախագահ։ 1843 թվականին հիմնադրվեց Չիլիի համալսարանը, որի ռեկտոր դարձավ անվանի վենեսուելացի լուսավորիչ Անդրես Բելլոն։
Բուլնեսի առաջադեմ գործունեությունը շարունակեց նախագահի պաշտոնում նրան հաջորդած Մանուել Մոնտը։ Նրա օրոք սկսվեց երկաթուղիների շինարարությունը, անցկացվեց մարդահամար։ Ժողովրդական կրթության համակարգի առաջընթացը, քաղաքական էմիգրանտների, հիմնականում՝ Արգենտինայից, ազդեցությունը, մի քանի ամսագրերի և թերթերի հրապարակումը, ժողովրդական գրողների և բանաստեղծների ի հայտ գալը ՝ բոլոր այս գործոնները իրենց դերը խաղացել են սոցիալական և քաղաքական բարեփոխումների հանդեպ հանրային հետաքրքրության արթնացման գործում։ Նախագահ Մոնտը չեղարկեց մայորատը և խրախուսում էր կրոնական հանդուրժողականությունը։
1861-1891 թվականներին Չիլիում իշխանության գլուխ գտնվում էին ազատականները։ Այս ընթացքում ընդունվեցին հողային արիստոկրատների և եկեղեցու արտոնություննեը սահմանափակող մի շարք օրենքներ։ Ընդլայնվեց ժողովրդական կրթության համակարգը, էականորեն բարելավվեց տրանսպորտը, կապի և կոմունալ ծառայությունները. կառավարությունը խրախուսում էր ներգաղթը և հողի հետագա իրացումը։ Սահմանադրության մեջ ուղղումներ կատարվեցին. չեղարկվեց ունեցվածքային ցենզը, ինչպես նաև արգելվեց նախագահին անընդմեջ ընտրվել երկրորդ ժամկետով, սահմանափակվեց նաև նրա՝ բացարձակ վետոյի իրավունքը։ Այս ժամանակաընթացքի ամենախոշոր հակամարտությունը ծագեց եկեղեցու իշխանությունը սահմանափակելու փորձից։ 19-րդ դարի 2-րդ կեսին սկսվեց նաև բանվորների դասակարգային ինքնագիտակցության արթնացումը, բանվոր դասակարգը ոտք դրեց կազմակերպված պայքարի ճանապարհ։ Տարածվեց մարքսիզմը, լույս տեսավ առաջին բանվորական թերթը՝ «Էլ պրոլետարիո»-ն (1875):
1879 թվականին Մեծ Բրիտանիան պատերազմ հրահրեց Չիլիի և Պերուի ու Բոլիվիայի միջև (1879-1883 թվականների Երկրորդ խաղաղօվկիանոսյան պատերազմ)՝ նրանց տարածքներում գտնվող բորակի հանքավայրերը նվաճելու նպատակով։ Պատերազմի արդյունքում Չիլիին անցան պերուական Տարապակա և բոլիվիական Անտոֆագաստա մարզերը։ Չիլիի կողմից բորակի հանքավայրերի գրավումը խթան հանդիսացավ կապիտալիզմի բուռն զարգացման համար, ուժեղացավ անգլիական կապիտալի ներհոսքը երկիր։ Երկար տարիներ շարունակ բորակի արտահանման տուրքերը կազմում էին ազգային եկամտի կեսը կամ կեսից ավելին։
1886 թվականին ազատական Խ. Մ. Բալմասեդայի, երկրի տնտեսական և քաղաքական անկախ զարգացման կողմնակցի, իշխանության գալը հարուցեց օլիգարխիայի դժգոհությունը, քանի որ վերջիններիս աջակցում էին օտարերկրյա մոնոպոլիաները, եկեղեցին և ռազմական վերնախավը։ Նրանց կողմից ծավալված քաղաքացիական պատերազմի արդյունքում Բալմասեդան 1891 թվականին ստիպված եղավ թողնել նախագահի պաշտոնը։ Նա, պարտությունից հետո ապաստանելով արգենտինական դեսպանատանը, ինքնասպան եղավ։ Իշխանության եկան ֆինանսական և հողատիրական վերնախավի ներկայացուցիչները, ովքեր նպաստեցին երկրի՝ անգլիական, իսկ 20-րդ դարի սկզբին՝ ամերիկյան կապիտալի ազդեցության ներքո հայտնվելուն։ Բանվորների տնտեսական ծանրագույն դրությունը գործադուլային շարժման սկիզբ դրեց, որը լայն մասշտաբներ ընդունեց 1905-07 թվականներին Իկիկեում, Անտոֆագաստայում, Կոնսեպսիոնում։ Բանվոր դասակարգը ավելի կազմակերպված դարձավ։ 1909 թվականին հիմնադրվեց Չիլիի բանվորների ֆեդերացիան (ՉԲՖ), իսկ 1912 թվականին՝ Սոցիալիստական բանվորական կուսակցությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918) Չիլին չեզոքություն պահպանեց։ ԱՄՆ-ի մենաշնորհները ուժեղացրեցին նրա ներթափանցումը Չիլիի արտադրության, հատկապես՝ պղնձի արդյունաբերության մեջ, ամրապնդելով իր տնտեսական և քաղաքական ազդեցությունը երկրում։
Չիլին 1918 թվականից
խմբագրելԱռաջին համաշխարհային պատերազմի ավարտին բորակի արտահանումը Չիլիից կրճատվեց ավելի քան երեք անգամ (1917 թվականի դրությամբ՝ 2,8 միլիոնից մինչև 0,8 միլիոն՝ 1919 թվականին)։ Դա վատացրեց երկրի տնտեսական դրությունը և հանգեցրեց բանվորների պայքարի ակտիվացմանը, հատկապես 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցության պարագայում։ 1922 թվականին Սոցիալիստական բանվորական կուսակցությունը վերակազմավորվեց Չիլիի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ)։
1920 թվականին նախագահական ընտրություններում որպես ազատական կոալիցիայի թեկնածու հաղթեց միջին խավի և բանվորներիի շահերը ներկայացնող Արթուրո Ալեսսանդրին։ Նրա օրոք երկրում անցկացվեցին մի շարք ժողովրդավարական բարեփոխումներ, որոնց թվում՝ 8-ժամյա աշխատանքային օրը և սոցիալական պարտադիր ապահովագրությունը, ընդունվեց նոր՝ հիմնական ժողովրդավարական ազատություն հռչակող սահմանադրություն, եկեղեցին անջատվեց պետությունից։
1920-ական թվականների կեսերը Չիլիում բնութագրվում են քաղաքական անկայունությամբ։ 1924 թվականի սեպտեմբերի 6-ին Չիլիում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, նախագահ Ալեսսանդրին պաշտոնանկ արվեց, իշխանության եկավ ռազմական խունտան։ 1925 թվականի հունվարին հերթական ռազմական հեղաշրջումը գլխավորեցին երկու գնդապետներ՝ Կարլոս Իբանյեսը և Մարմադուկե Գրովեն։ Նրանք նախագահի պաշտոնում վերականգնեցին վտարված Ալեսսանդրին։ Կարլոս Իբանյեսը Ալեսսանդրի կառավարությունում զբաղեցրեց ռազմական նախարարի պաշտոնը։ 1925 թվականի մարտին հրապարակվեց նախագահ Ալեսսանդրի՝ երկրում սահմանադրական բարեփոխում անցկացնելու մասին դեկրետը։ 1925 թվականի սեպտեմբերին ընդունվեց Չիլիի սահմանադրությունը, որով համընդհանուր ժողովրդավարական իրավունքներ և ազատություններ էր հռչակվում։ Նոր սահմանադրությամբ եկեղեցին տարանջատվեց պետությունից, ներմուծվեց պարտադիր տարրական կրթություն, հռչակվեց համընդհանուր բարօրության առաջնահերթությունը սեփականության իրավունքի հանդեպ և հաստատվեց կառավարության ենթակայությունը նախագահին, այլ ոչ թե՝ կոնգրեսին։
1925 թվականի ընտրությունները հաջողություն բերեցին պահպանողականների և ազատականների միակ թեկնածու Էմիլիանո Ֆիգերոային։ Նրա օրոք ռազմական նախարար Կարլոս Իբանյեսի իշխանությունը մեծացավ. նա դարձավ ներքին գործերի նախարար, իսկ 1927 թվականի փետրվարին Ֆիգերոային պաշտոնաթող արեց, ռազմական դիկտատուրա հաստատեց և զբաղեցրեց փոխնախագահի աթոռը։
Ֆիգերոայի պաշտոնաթողությունից հետո հայտարարված նախագահական ընտրություններում Իբանյեսի միակ մրցակիցը կոմունիստ Էլիաս Լաֆերտեն էր, ով աքսորվեց հարավային մի հեռավոր կղզի և չկարողացավ մասնակցել նախընտրական քարոզարշավին։ 1927 թվականի մարտին Չիլիի Կոմունիստական Կուսակցությունը հայտարավեց օրենքից դուրս։ Ավանդական կուսակցությունները չմասնակցեցին ընտրություններին։ Այս «ընտրությունների» արդյունքում 1927 թվականի մայիսի 22-ին Իբանյեսը հավաքեց ձայների 98 %-ը։ Իբանյեսը կառավարում էր նախագահական դեկրետների օգնությամբ, իր հայեցողությամբ փոփոխում էր պատգամավորներին, ակտիվ ձերբակալում էր քաղաքական ընդդիմախոսներին։ Իբանյեսին սկսեցին կոչել «Նոր Աշխարհի Մուսոլինի»։ Իբանյեսը կառավարման բռնատիրական մեթոդները զուգորդում էր սոցիալական դեմագոգիայի հետ՝ իրեն ի ցույց դնելով որպես փոքր մարդկանց կողմնակից և օլիգարխիայի հակառակորդ։ Նա ստեղծեց իշխանամետ արհեստակցական միություններ՝ Քաղաքացիական գործողության հանրապետական կոնֆեդերացիա։ Միաժամանակ, 1927-1928 թվականներին ձերբակալվեցին երկրի առավել մասսայական արհեստակցական կենտրոնների (ՖՕՉ) ղեկավարները։ ՖՕՉ-ը և անարխոսինդիկալիստական կազմակերպությունները ևս հայտարավեցին օրենքից դուրս։ Իբանյեսը ԱՄՆ-ից վարկ վերցրեց և հասարակական աշխատանքների լայնածավալ ծրագիր սկսեց[3]։
1930-ական թվականների սկզբին բռնապետության դեմ ցույցեր տեղի ունեցան. ողջ երկիրն ընդգրկած գործադուլները, հանրահավաքները և ապստամբությունները Չիլիական բռնապետ Կ. Իբանյեսին հարկադրեցին հրաժարական ներկայացնել։ 1931 թվականի հուլիսին Իբանյեսը փախավ երկրից։ Հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններին նախագահ ընտրվեց ավանդական կուսակցության (Ռադիկալ, Պահպանողական և Միացյալ Ազատական) միացյալ թեկնածու ռադիկալ Խուան Էստեբան Մոնտերոն։ Նրա ռեժիմը ամբողջ երկրով մեկ «կոմունիստների որս» կազմակերպեց։ Մարդկանց սպանում էին փողոցներում, հիվանդանոցներում, տներում՝ ամանորյան սեղանների շուրջ։ Նման տեռորին ի պատասխան արհեստակցական միությունները համընդհանուր գործադուլի դիմեցին։ 1932 թվականին գործազուրկների ընդհանուր թիվը երկրում հասավ 350 000-ի։ 1932 թվականի հունիսի 3-ին զինվորականների մի խումբ՝գնդապետ Մարմադուկե Գրովեի ղեկավարությամբ հեղաշրջում իրականացրեց, տապալեց Մոնտերոյին, Չիլին հռչակեց սոցիալիստական հանրապետություն։ Մի շարք քաղաքներում ի հայտ եկան բանվորական և զինվորական պատգամավորների Խորհուրդներ։ 12 օր անց ռազմական նոր հեղաշրջմամբ «սոցիալիստական հանրապետությունը» փլուզվեց։ 1932 թվականի հունիսի 16-ին Կարլոս Դավիլայի գլխավորությամբ ապստամբ զորամասերը նվաճեցին հեղափոխական ուժերի ամրակետը՝ «Էլ-Բոսկո» ռազմական բազան, այնուհետև՝ Ռազմական նախարարության շենքը՝ Գրովեին զրկելով իր կողմանակիցների հետ կապից։ Երկու օր անց Կարլոս Դավիլայի ապստամբները գրավեցին նախագահական նստավայրը՝ Լա-Մոնեդա պալատը և ձերբակալեցին հեղափոխական կառավարությանը։ Մարմադուկե Գրովին և Էստեբան Մատեն աքսորվեցին Զատկի կղզի, իսկ Կարլոս Դավիլան դարձավ երկրի նախագահը և արյունոտ տեռոր ծավալեց երկրում։ 1932 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի ամիսներին տեղի ունեցան ևս երկու ռազմական հեղաշրջումներ, որոնց արդյունքը եղավ քաղբանտարկյալների ամնիստիան և նախագահական նոր ընտրությունները։ 1932 թվականի հոկտեմբերին կրկին նախագահ ընտրվեց Արթուրո Ալեսսանդրին, ով խթանեց արտաքին կապիտալի դիրքերի ամրապնդումը։
1933 թվականին հիմնադրվեց Չիլիի Սոցիալիստական կուսակցությունը, որի առաջնորդը Մարմադուկե Գրովեն էր։ 1936 թվականի մարտին Առաջադիմական, Կոմունիստական և Սոցիալիստական կուսակցությունների մասնակցությամբ հիմնադրվում է Ժողովրդական ճակատը։
1938 թվականին ճնշվեց ռազմական խռովությունը։ Ֆաշիստական պուտչին մասնակից լինելու մեղադրանքով Չիլիի նախկին նախագահ (1927-1931 թվականներին) Կարլոս Իբանյեսը դատապարտվեց (կարճ ժամանակ անց ներում է շնորհվել)։
1938-1952 թվականներին իշխանության է գալիս ձախակենտրոն կառավարություն։
1938 թվականին նախագահ դարձավ Ժողովրդական ճակատի թեկնածու ազատական Պ. Ագիրրե Սերդան։ Վերջինիս կառավարությունը մի շարք առաջադիմական միջոցառումներ անցկացրեց ( օրենք աշխատանքի մասին, օրենք գյուղացիների համար բանկային վարկերի մասին և այլն), բայց չհամարձակվեց ագրարային բարեփոխում իրականացնել։ Առողջապահության նախարարի պաշտոնը 1939 թվականից մինչև 1942 թվականը զբաղեցրել է սոցիալիստ Սալվադոր Ալյենդեն։
1941 թվականին Ժողովրդական Ճակատը փլուզվեց։ 1942 թվականին ստեղծվեց Դեմոկրատական ալյանսը՝ Ռադիկալ, Կոմունիստական, Սոցիալիստական և Ժողովրդավարական կուսակցությունների դաշինքը, որի թեկնածու ռադիկալ Խուան Անտոնիո Ռիոս Մորալեսը հաղթանակեց Չիլիի՝ 1942 թվականի նախագահական ընտրություններում։ 1945 թվականի փետրվարին Չիլին պատերազմ հայտարարեց նացիստական Գերմանիային, իսկ 1945 թվականի ապրիլին՝ Ճապոնական կայսրությանը. փաստացիորեն Չիլին չի մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։
1946 թվականին նախագահ դարձավ Դեմոկրատական ալյանսի թեկնածու ռադիկալ Գաբրիել Գոնսալես Վիդելան։ Նրա կառավարության կազմի մեջ մտան ՉԿԿ-ի ներկայացուցիչներ։ Սակայն Սառը պատերազմի իրադրությունում Գոնսալես Վիդելան 1947 թվականին կոմունիստներին դուրս հանեց կառավարությունից, խզեց դիվանագիտական կապերը ԽՍՀՄ-ի հետ (հաստատվել էին 1944 թվականին)։ 1948 թվականին Ազգային կոնգրեսը օրենք ընդունեց «Ժողովրդավարության պաշտպանության մասին», ըստ որի՝ արգելվեցին ՉԿԿ-ի, առաջադիմական արհեստակցական միությունների և այլ ժողովրդավարական կազմակերպությունների գործունեությունները։ Չիլիի տնտեսության մեջ գերիշխող դիրք զբաղեցրեցին ամերիկյան մոնոպոլիաները։ Կոմունիստների նախաձեռնությամբ 1951 թվականին ստեղծվեց Ժողովրդի ճակատը (իսպ.՝ Frente del Pueblo), 1953 թվականին՝ Աշխատավորների արհմիությունների միացյալ կենտրոնը, իսկ 1956 թվականին՝ Ժողովրդական գործողության ճակատը (ՖՌԱՊ) (իսպ.՝ Frente de Acción Popular; FRAP), որում, բացի Կոմունիստական և Սոցիալիստական կուսակցություններից, մտան նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ 1954-55 թվականներին սկիզբ առած գործադուլային շարժման մեջ ընդգրկվեց մոտ 1 միլիոն մարդ։ ՖՌԱՊ-ի լայնածավալ ճնշման արդյունքում 1958 թվականին չեղյալ ճանաչվեց «Ժողովրդավարության պաշտպանության մասին» օրենքը, ՉԿԿ-ի գործունեությունը օրինականացվեց։
1952-1958 թվականները ժողովրդավարորեն ընտրված նախագահ էքս-բռնապետ Իբանյեսի իշխանության տարիներն են։
1957 թվականի հուլիսին Ժողովրդական թևի և Սոցիալ-քրիստոնեական պահպանողական կուսակցության հենքի վրա հիմնադրվեց Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը (ՔԺԿ), որը քաղաքական ասպարեզում դարձավ ազդեցիկ ուժ։ Նրա առաջնորդը դարձավ Էդուարդո Ֆրեյ Մոնտալվան։
1958 թվականի նախագահական ընտրություններում ՖՌԱՊ-ի թեկնածու սոցիալիստ Սալվադոր Ալյենդեն ստացավ ձայների 28,9 %-ը և հավաքեց ընդամենը 30 000-ով քիչ ձայն՝ աջ ուժերի թեկնածու Խորխե Ալեսսանդրի հետ համեմատած, ով ստացել էր ձայների 31,6 %-ը։ ՔԺԿ-ի թեկնածու Էդուարդո Մոնտալվան հավաքեց ձայների 20,7 %-ը և զբաղեցրեց երրորդ տեղը։ Ալեսսանդրի կառավարությունը (1958-64) վարում էր արտաքին ներդրումների ներգրավման և բանվորական շարժումները ճնշելու քաղաքականություն։
Բարեփոխումներ ազատության պայմաններում
խմբագրել1964 թվականի նախագահական ընտրություններում հաղթեց ՔԺԿ-ի առաջնորդ Էդուարդո Ֆրեյ Մոնտալվան՝ հավաքելով ձայների 56,1 % -ը։ Ձախ ուժերի թեկնածու Սալվադոր Ալյենդեն ստացավ ձայների 38,9 %-ը։ Ֆրեյը վերականգնեց ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները (1964 թվական), հայտարարեց «Բարեփոխումներ ազատության պայմաններում» ռեֆորմների ծրագիրը, որոնցից արմատականը ագրարային ռեֆորմն էր և պղնձի «Չիլիացումը» (պետությունը գնեց պղինձ արդյունահանող ընկերությունների 51 % բաժնետոմսերը )։
Կառավարությունն իրականացրեց Չիլիում վաղուց հասունացած հարկային համակարգի բարեփոխումը։ Մինչ 1964 թվականը երկրում փաստացի գոյություն չուներ հողային կադաստր, գույքի և եկամտային հարկերը վճարվում էին հողամասերի արժեքից մի քանի անգամ ցածր գներով։ Բյուջեն ձևավորվում էր անուղղակի հարկերից և ներմուծման տուրքերից։ ԱՄՆ-ի օգնությամբ հիմնադրվում է կադաստրը և բարեփոխվում է հարկային ծառայությունը։ Հարկային բարեփոխման արդյունքում ունևոր խավի ուղղակի հարկերը բարձրացվեցին 40 %-ով, 167 հազար հարկատուներից 12 հազար խոշոր հողատերերը սկսեցին վճարել ընդհանուր գույքահարկի 63 %-ը, որը գանձվում էր պրոգրեսիվ սանդղակով։
1967 թվականի հուլիսին Կոնգրեսն օրենք ընդունեց ագրարային բարեփոխման մասին։ Դրա համաձայն, բռնագրավման էին ենթակա 80 հեկտարը գերազանցող մակերես ունեցող հողամասերը այն դեպքերում, եթե դրանք չեն մշակվում կամ անարդյունավետ են մշակվում։ Սակայն, եթե հողը մշակվում էր արդյունավետ (կազմվել էր տնտեսավարման արդյունավետության բալային գնահատման հատուկ համակարգ), ապա սեփականատիրոջը թողնվում էր մինչև 320 հա ոռոգվող հողատարածք։ 260 հազար տնտեսություններից բռնագրավման ենթարկվեցին 4 հազարը (1134-ը՝ Ֆրեյի կառավարման, 3283-ը՝ Ալյենդեի կառավարման օրոք)։ Հենց այս 4 հազար տնտեսություններին էր պատկանում Չիլիի ողջ գյուղատնտեսական մակերեսի կեսը։ Հողը բռնագրավվեց փրկագնի դիմաց, սակայն դրա արժեքը գնահատելիս հիմնվում էին իրենց՝ հողատերերի ունեցած տվյալների վրա, որոնք հիմք ընդունելով՝ նրանք նախկինում գույքահարկ էին վճարել։ Գրեթե բոլոր հողատերերը նախկինում մի քանի անգամ նվազեցրել էին հողի արժեքը, ինչն այժմ շրջվել էր իրենց դեմ։ Ագրարային ռեֆորմի հենց այս կետը հարուցեց խոշոր հողատերերի ամենաբուռն դիմադրությունը և և նրանց քաղաքական լոբբիին՝ Կոնգրեսում՝ Ազատական և Պահպանողական կուսակցություններով։ Բացի դա, կառավարությունը կանխիկով վճարում էր միայն բռնագրավված հողամասերի արժեքի մի մասը (1 -ից մինչև 10 %), մնացած մասը սեփականատերը ստանում էր պետական պարտատոմսերով 3% մարումով՝ 5,25 և 30 տարով։ Ամեն տարի պարտատոմսերի արժեքը ինդեքսավորվում էր ըստ գնաճի։ Բռնագրավված հողերը որպես մասնավոր սեփականություն չէին տրվում գյուղացիներին և բատրակներին, այլ՝ տրվում էին արտադրական կոոպերատիվներին։ Երեքից-հինգ տարիների ընթացքում այդ կոոպերատիվների անդամները պետք է որոշում կայացնեին՝ պահպանել իրենց կոոպերատիվները կամ հողը բաժանել մասնավոր սեփականության։
Չիլին 1970-1973 թվականներին
խմբագրելՍալվադոր Ալյենդե
խմբագրել1969 թվականի դեկտեմբերին Կոմունիստական, Սոցիալիստական, Ռադիկալ, Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունները, Ազգային միացյալ գործողությունների Շարժումը (ՄԱՊՈՒ) և Անկախ ժողովրդական գործողությունները ձևավորեցին «Ազգային միաբանություն» դաշինքը, որը 1970 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին արմատական սոցիալ-տնտեսական փոփոխությունների ծրագիր առաջ բերեց։
1970 թվականի նախագահական ընտրություններում «Ազգային միաբանություն» դաշինքի թեկնածու սոցիալիստ Սալվադոր Ալյենդեն, թեպետ 2,3 % քիչ ձայներ հավաքեց, քան նախագահական նախորդ ընտրություններում, զբաղեցրեց առաջին տեղը ձայների 36,6 %-ով՝ 1,3 %-ով գերազանցելով Ազգային կուսակցության թեկնածու Խորխե Ալեսսանդրին։ ՔԺԿ-ի ձախ թևի առաջնորդ, իր կուսակցության կողմից առաջադրված Ռադոմիրո Տոմիչը զբաղեցրեց երրորդ տեղը՝ հավաքելով ձայների 28,1 %-ը։ Չիլիի Սահմանադրության համաձայն նախագահի՝ ձայների ամենաշատ քանակություն հավաքած թեկնածուներից 1970 թվականի հոկտեմբերի 24-ին նախագահ պետք է ընտրեր Կոնգրեսը։ Կոնգրեսում «Ազգային միաբանություն»-ը 200-ից միայն 80 տեղ ուներ, Ազգային կուսակցությունը՝45, ՔԺԿ-ն՝ 75: Այս կերպ՝ ապագա նախագահի «ճակատագիրը» պետք է որոշեին քրիստոնեա-դեմոկրատները։ 1970 թվականի սեպտեմբերի 23-ին ՔԺԿ-ի ղեկավարությունը Սալվադոր Ալյենդեին փոխանցեց «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության դիրքորոշումը՝ կապված Կոնգրեսի լիագումար նիստի հետ» փաստաթուղթը, որով Ալյենդեից պահանջվում էր խոսքի ազատության պահպանման իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ, չմիջամտել ռազմական նշանակումների համակարգին, հրաժարվել բանակային ռազմական կազմավորումներին զուգահեռ այլ կառույցների, ինչպիսին աշխատավորական միլիցիան է, ստեղծումից, պահպանել դպրոցի և համալսարանի ոչ քաղաքական բնութագիրը, խոստումները գրաքննության չենթարկել և չազգայնացնել զանգվածային լրատվամիջոցները։ Այս երաշխիքների դիմաց ՔԺԿ-խմբակցությունը Կոնգրեսում հոկտեմբերի 24-ի ընտրություններում պատրաստ էր աջակցել Ալյենդեին։ Վերջինս այդպիսի երաշխիքներ տվեց՝ ստորագրելով սահմանադրական երաշխիքների մասին Կանոնադրությունը, և հոկտեմբերի 24-ին Կոնգրեսի կողմից ընտրվեց նախագահ՝ ստանալով ՔԺԿ-խմբակցության պատգամավորների քվեները։
1970 թվականի նոյեմբերին Ալյենդեն «Ազգային միաբանություն» դաշինքի մեջ մտնող կուսակցությունների ներկայացուցիչներից ձևավորեց կառավարություն։ Ալյենդեի կառավարությունը ազգայնացրեց ԱՄՆ-ի ընկերություններին պատկանող պղնձարդյունահանող ձեռնարկությունները, սահմանափակեց տնտեսության արդյունաբերական, կալվածատիրական և ֆինանսական կառուցվածքները, իրականություն դարձրեց Չիլիացի ֆերմերների խոշոր հողային կալվածքների ազգայնացումը։ Վերականգնվեցին Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին սոցիալիստական երկրների հետ։ Փողի էմիսիայի շնորհիվ բարձրացվեցին ազգայնացված ձեռնարկությունների աշխատակիցների, քաղծառայողների և թոշակառուների աշխատավարձերը և թոշակները, ինչը հանգեցրեց հիպերինֆլյացիայի և ապրանքների ու ծառայությունների գների բարձրացմանը։ Կառավարությունը շուտով իր ծրագրերի իրականացման համար միջոցների անբավարարության խնդրի առջև կանգնեց. որպեսզի ծախսերի կրճատում չարվի, նա բյուջեի պակասորդը սկսեց համալրել փողեր տպելով, իսկ որպեսզի կանխվի գնաճը, վերահսկողություն սահմանեց ապրանքների և ծառայությունների գների վրա։ Այս ամենը սկզբում առաջ բերեց գների բարձրացում և լուրջ պակասորդ, իսկ քիչ ժամանակ անց խանութների ցուցափեղկերը դատարկվեցին ապրանքներից։ Ծայր առավ «սև շուկան»։ Կառավարության գործունեությունը երկիրը կանգնեցրեց տնտեսական լուրջ դժվարությունների առաջ։
1972-1973 թվականների ճգնաժամ
խմբագրել1971-1973 թվականները առանձնանում են Չիլիի տնտեսական և քաղաքական կյանքում ճգնաժամային միտումների շարունակական աճով։ Խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ սաբոտաժը, ֆինանսական ռեսուրսների արտահոսքը երկրից հարկադրեցին կառավարությանը ազգայնացնելու բանկերն և խոշոր հանքարդյունաբերական ընկերությունները։ Սակայն դրանով չհաջողվեց կանխել հիպերինֆլյացիան, ապրանքների և սննդամթերքների անբավարարությունը։ Սանտյագոյի փողոցներում սննդի համար հերթեր էին գոյանում, կառավարությունը դիմեց քաղաքացիների մատակարարման բաշխման կազմակերպություններին։ Ագրարային բարեփոխման արդյունքում հող ստացած գյուղացիների բերքի վրա քվոտա սահմանվեց, որը ֆիքսված գներով փոխանցվում էր կառավարական գործակալությանը։
1971 թվականի հուլիսի 11-ին Կոնգրեսը միաձայն ընդունեց կառավարության նախապատրաստած՝ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ օրինագիծը՝ պղնձարդյունաբերության լիակատար ազգայնացման մասին (այս հարցի շուրջ գոյություն ուներ համազգային կոնսենսուս, և այս ոլորտի նկատմամբ պետության սեփականությունը պահպանվեց նաև Պինոչետի օրոք) ։ Ազգային միաբանության կառավարության՝ ամերիկյան լեռնարդյունաբերական ընկերություններին՝ ազգայնացված պղնձահանքերի սեփականատերերին, փոխհատուցելու մերժումը հանգեցրեց ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրմանը. նրա լոբբին էմբարգո դրեց Չիլիական պղնձի ներմուծման վրա, արտասահմանում Չիլիի ունեցվածքի վրա արգելանք դրեց, բանկերի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ենթարկվեցին վարկային բոյկոտի։ 1972 թվականին նախագահ Ալյենդեն ելույթ ունեցավ ՄԱԿ-ի նիստում՝ հայտարարելով այն մասին, որ իր երկրի դեմ տնտեսական խեղդման արշավ է ծայր առել։ ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնի հետ համաձայությամբ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) մշակեց, այսպես կոչված, Սեպտեմբերյան ծրագիրը, որը նախատեսում էր աջակցություն ցուցաբերել Ազգային միաբանության դաշինքի ընդդիմադիր կառավարությանը։
1972-73 թվականներին երկրում զանգվածային ելույթներ և գործադուլային շարժման ալիք ծայր առան, այդ թվում՝ բեռնափոխադրողների՝ տնտեսությունը կաթվածահար արած գործադուլը։ Ծայրահեղ աջ ուժերը որդեգրեցին ահաբեկչության տակտիկան։ Նրանց զինյալները պայթեցնում էին ձախերի շտաբ-բնակարանները, ժողովրդավարական և արհմիութենական կազմակերպությունները, կողոպտում էին բանկերը և սպանում էին իրենց համար անցանկալիներին։ Երիտասարդական «Հայրենիք և ազատություն» («Patria y Libertad», PyL) կազմակերպությունը իշխանության կազմալուծման ծրագիր մշակեց, ներառյալ՝ ենթակառուցվածքների՝ կամուրջների, նավթուղիների, էլեկտրահաղորդման լարերի վրա դիվերսիաներ, 1973 թվականի հունիսին PyL-ի անդամները մասնակցեցին El Tancazo-ին (իսպ. «Տանկային հեղաշրջում»)՝ Ռոբերտո Սուպերի կողմից ձեռնարկված հեղաշրջման փորձին։ Օբստրուկցիայի ենթարկվեցին Ալյենդեին հավատարիմ ռազմական առաջնորդները[4]։
Ալյենդեի կառավարության օրենսդրական նախաձեռնությունները արգելակվում էին «Ազգային միաբանության»-ը պատկանող խորհրդարանական մեծամասնության կողմից։ 1973 թվականի մարտին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հաստատեցին հասարակության բևեռացման միտումը. պատգամավորների Պալատի թեկնածուների համար քվեարկությամբ «Ազգային միաբանություն» դաշինքը ստացավ ձայների 43,7 %-ը, ընդդիմադիր «Կոնֆեդերացիա հանուն ժողովրդավարության» դաշինքը, որի մեջ մտնում էին ՔԺԿ-ն, Ազգային կուսակցությունը և մի շարք այլ կուսակցություններ՝ 56 %-ը։ 1973 թվականի մայիսի 26-ին Գերագույն Դատարանը երկրի օրինականության վերացման մեջ մեղադրեց Ալյենդեի ռեժիմին:1973 թվականի օգոստոսի 22-ին Ազգային Կոնգրեսը ընդունեց «Պալատի համաձայնագիր» բանաձևը, որը կառավարությանը մեղադրում էր անօրինական լինելու, իսկ Ալյենդեին՝ Սահմանադրությունը խախտելու համար։ Փաստորեն, «Համաձայնագիրը» դրդեց զինված ուժերին չենթարկվել կառավարությանը, քանի դեռ վերջինս «չի կանգնի օրինականության ուղու վրա»։ Ընդդիմությունը չուներ Ալյենդեին իշխանությունից հեռացնելու համար անհրաժեշտ քվեների 2/3-ը։
Ներքաղաքական սուր ճգնաժամի պայմաններում Սալվադոր Ալյենդեն վարանում էր պլեբիսցիտների՝ վստահության վերաբերյալ հայտարարությունների և բարեփոխումներն արագացնելու պահանջ ներկայացնող ծայրահեղականների ճնշումների միջև, ովքեր կապիտալիստական սեփականության ամբողջական օտարման նախագծեր էին քննարկում և սահմանում էին այսպես կոչված ժողովրդական արդարադատության և ժողովրդավարական բանակի ձևավորման անհրաժեշտությունը։
1973 թվականի սեպտեմբերի 11-ի ռազմական հեղաշրջում
խմբագրելՉիլիի բարձրագույն ռազմական շրջանակները ԿՀՎ-ի աջակցությամբ որոշեցին օգտնվել ճգնաժամից՝ հեղաշրջման միջոցով գործող իշխանությանը հեռացնելու համար։ Զինված ուժերի հրամանատար գեներալ Աուգուստո Պինոչետը լոզունգ հռչակեց՝ «Ես կամ քաոս»։
Ռազմական հեղաշրջումը սկսվեց 1973 թվականի սեպտեմբերի 11-ին առավոտյան ժամը 7.00-ին ռազմածովային ուժերի կողմից Վալապարաիսո նավահանգստի գրավմամբ։ Առավոտյան ժամը 8.30-ին զինվորականները հայտարարեցին Չիլիում վերահսկողություն իրենց ձեռքը վերցնելու և նախագահին պաշտոնանկ անելու մասին։ Ժամը 9.00-ին մոտ Ալյենդեի կողմնակիցների հսկողության ներքո մնաց միայն Լա Մոնեդա նախագահական պալատը։ Նախագահ Ալյենդեն չորս անգամ մերժեց առանց արյունահեղության երկիրը ղեկավարելուց հրաժարվելու և, այսպես կոչված, «անվտանգության երաշխիքներ տրամադրելու» առաջարկները։ «Պորտալես» ռադիոյով Ալյենդեն հաղորդագրություն փոխանցեց հետևյալ բովանդակությամբ՝ «Ես հայտարարում եմ, որ չեմ հեռանալու պաշտոնից և պատրաստ եմ կյանքովս պաշտպանելու աշխատավորների կողմից ինձ տրված իշխանությունը»։
1973 թվականի սեպտեմբերի 11-ի հեղաշրջման առաջնորդների հայտարարության մեջ ասվում էր՝
Հաջորդիվ՝ Լա Մոնեդա պալատի գրոհումից հետո նախագահ Ալյենդեն ինքնասպանություն գործեց (ինքնասպանության փաստը վերջնականորեն հաստատվեց 2011 թվականին աճյունի արտաշիրիմումից հետո, մինչ այդ ենթադրվում էր, որ նա կարող է սպանված լինել)[5][6]։ Հեղաշրջում կատարելու նպատակով ներդրված «Պաշարողական դրության» պաշտոնական իրավիճակը սեպտեմբերի 11-ից հետո պահպանվեց մոտ մեկ ամիս։ Այս ընթացքում Չիլիիում սպանվեց մոտ 30 հազար մարդ[7] (աղբյուրը բավականին կասկածելի է. քաղաքական միտումներով սպանվածների ամբողջական ցուցակը Պինոչետի կառավարման օրոք ներառել է 2279 մարդ՝ ըստ Ռետինգի հանձնաժողովի, կամ 3200 մարդ՝ ըստ Վալեխի հանձնաժողովի՝ http://en.wikipedia.org/wiki/Rettig_Report , http://en.wikipedia.org/wiki/Valech_Report ).
Պինոչետի դարաշրջանը
խմբագրելԱրգենտինայի հետ կոնֆլիկտ
խմբագրել1978 թվականի դեկտեմբերին Արգենտինայի և Չիլլի միջև պատերազմի սպառնալիք առաջ եկավ։ «Կռվախնձորը» Պիկտոն, Լենոքս և Իսլա-Նուեվա (իսպ.՝ Picton, Lennox, Nueva) կղզիներին տիրելու կապակցությամբ ծագած սահմանային վեճն էր Բիգլ նեղուցում և այդ կղզիների հետ կապված ծովային իրավասությունները։ Ռազմավարական առումով կղզիները տեղակայված են Բիգլ նեղուցում՝ Հրո Երկրի հարավում, թեպետ հնարավոր է, որ երկրները ավելի շուտ պայքարում էին ոչ թե հենց տարածքների, այլ նավթի տիրույթների համար, որոնց զգալի քանակությամբ հանքակույտեր գտնվում էին այդ կղզիներում։
Կղզիները, որոնք միշտ գտնվել են Չիլիի հսկողության տակ, Արգենտինային փոխանցելու առաջին պաշտոնական պահանջները ներկայացվել էին դեռևս 1904 թվականին։ Հակամարտությունն ունեցել է մի քանի փուլեր. 1881 թվականից՝ կղզիները Չիլիական են, 1904 թվականից՝ կղզիները վիճելի տարածքներ են, ուղղակի բանակցությունների փուլ՝ ներկայացված միջազգային տրիբունալին, կրկին ուղղակի բանակցություններ, նախապատերազմական ստատուս-քվո։
Հակամարտությունը լուծվեց Հռոմի պապի միջնորդությամբ, և 1984 թվականին Արգենտինան կղզիները ճանաչեց որպես Չիլիի տարածք։ 1984 թվականի համաձայանագրով կայացվեցին նաև հարցին առնչվող մի շարք կարևորագույն որոշումներ, ներառյալ՝ նավագնացության իրավունքի, կղզիախմբում այլ կղզիների ինքնիշխանության, Մագելանի նեղուցի սահմանների որոշակիացման և հարավում՝ Հոռն հրվանդանի ծովային սահմանների մասին։ 1985 թվականի մայիսի 2-ին ստորագրվեց սահմանների մասին համաձայնագիրը, ըստ որի բոլոր երեք կղզիներն էլ անցան Չիլիին։
Անցում ժողովրդավարության
խմբագրել1973 թվականի սեպտեմբերին ռազմական ապստամբության արդյունքում կառավարությունը տապալվեց։ Իշխանության գլուխ կանգնեց ռազմական խունտան՝ բանակի հրամանատար գեներալ Ա. Պինոչետի գլխավորությամբ։ Խունտան կասեցրեց Սահմանադրության գործողությունը, արձակեց ազգային կոնգրեսը, արգելեց քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների գործունեությունը։ Նա քաղաքական ընդդիմախոսների դեմ տեռոր սկսեց։ Ռեպրեսիաները, մարդկանց ազատությունից ապօրինի զրկելը և անմեղ մարդկանց ու քաղաքական հակառակորդների խոշտանգումները շարունակվեցին Պինոչետի կառավարման ողջ ժամանակաընթացքում[8][9]։ Խունտան չեղյալ հայտարարեց նախագահ Ալյենդեի իրականացրած բոլոր փոփոխությունները, հողերը վերադարձրեց կալվածատերերին, ձեռնարկությունները՝ իրենց նախկին տերերին, փոխհատուցում վճարեց օտարերկրյա մոնոպոլիաներին և այլն։ Խզվեցին ԽՍՀՄ-ի և սոցիալիստական երկրների հետ դիվանագիտական կապերը։ 1974 թվականի դեկտեմբերին Ա. Պինոչետը հռչակվեց Չիլիի նախագահ։ Խունտայի կառավարումը երկիրը կանգնեցրեց ծայրաստիճան վատ իրավիճակի առջև, աշխատավորները աղքատացան, զգալիորեն թանկացավ մարդկանց ապրուստը։ 1976 թվականին աշխատունակ բնակչության 20%-ը գործազուրկ էր։ Ռազմական դիկտատուրայի պահպանման նպատակով ԱՄՆ-ն ՝ իր հետ սերտորեն կապված միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ համատեղ, Չիլիին տրամադրեցին մոտ 2,5 միլիարդ դոլարի փոխառություններ և վարկեր։ Չնայած դրան, Չիլիի ֆինանսական դրությունը շարունակեց մնալ ծանր, արտաքին պարտքը 1975 թվականին հասավ 4,6 միլիարդ դոլարի։ Խունտան ռազմականացրեց տնտեսությունը, ամրապնդեց իմպերիալիստական պետությունների հետ կապերը։ Ռազմական կառավարությունը արտաքին քաղաքականության մեջ հետևում էր ԱՄՆ-ին։ Չիլիական ձախ ուժերը ընդդիմանում էին ռեժիմին։ ՉԿԿ-ն դիմեց երկրի ժողովրդավարական, հակաֆաշիստական բոլոր ուժերին՝ կոչ անելով ամրապնդել միասնականությունը և ընդլայնել Պինոչետի դիկտատուրան տապալելուն ուղղված պայքարը։ Խունտայի ներքին մեկուսացմանը լրացնելու եկավ միջազգային լայնամասշտաբ մեկուսացումը։
1988 թվականին ՔԺԿ-ն, Սոցիալիստական, Հանուն ժողովրդավարության, Ռադիկալ կուսակցությունները հիմնեցին ձախակենտրոն Կուսակցությունների կոալիցիա հանուն ժողովրդավարության (ԿԿԺ, Concertación de Partidos por la Democracia), որի թեկնածուները հաղթանակում էիննախագահական հետագաընտրություններին, բացի՝ 2010 թվականի ընտրությունից[10][11]։
Ժողովրդավարական Չիլին
խմբագրելՊատրիսիո Էյլվինի նախագահություն (1990-1994)
խմբագրելԲռնապետության տապալումից հետո առաջին նախագահական ընտրություններին քրիստոնեա-դեմոկրատ Պատրիսիո Էյլվինը հաղթեց խունտայի «սիրելի», 1985-1989 թվականների ֆինանսների նախարար Էռնան Բուչիին։ Էյլվինը ժամանակին Ալյենդեի ոխերիմ հակառակորդն էր և նույնիսկ արդարացի էր համարում քաղաքականության մեջ զինվորականների միջամտությունը։
«Ճշմարտության բացահայտման հանձնաժողով»
խմբագրելԻնչպես Լատինական Ամերիկայի բազմաթիվ այլ երկրներում, ինչպիսիք են՝ Սալվադորը, Գվատեմալան, Պերուն, Չիլիում ևս ստեղծվել է «ճշմարտության բացահայտման և հաշտեցման հանձնաժողով». 1993 թվականին այն ավարտել է իր աշխատանքը և հրապարակել է արդյունքները[12]
Էդուարդո Ֆրեյի նախագահություն (1994-2000)
խմբագրելԿԿԺ-ի թեկնածուն՝ ՔԺԿ-ի առաջնորդ Էդուարդո Ֆրեյ Ռուիս-Տագլեն (Էդուարդո Ֆրեյ Մոնտալվայի որդին), Չիլիի նախագահ ընտրվեց 1993 թվականին՝ հավաքելով ձայների 58 % -ը։
Ռիկարդո Լագոսի նախագահություն (2000-2006)
խմբագրել1999 թվականին ԿԿԺ-ի թեկնածու դարձավ սոցիալիստ Ռիկարդո Լագոսը՝ այդ իրավունքը նվաճելով քրիստոնեա-դեմոկրատ Անդրես Զալդիվարից։ Ընտրությունների առաջին փուլի արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չստացավ անհրաժեշտ ձայների 50 %-ը, 2000 թվականի հունվարին կայացած կրկնակի ընտրության արդյունքում Լագոսը հաղթեց իր մրցակից Հոակին Լավին Ինֆանտեին՝ «աջերի» թեկնածուին՝ հավաքելով ձայների 51,3 %-ը, և սոցիալիստական կուսակցությունից, Ալյենդեից հետո, դարձավ Չիլիի նախագահ։
Խոշտանգումների հետաքննման հանձնաժողով
խմբագրել2004 թվականի նոյեմբերի 30-ին Քաղբանտարկյալների և խոշտանգումների Չիլիական պետական հանձնաժողովը (Comisión Nacional sobre Prisión Politíca y Tortura) զեկույց (այսպես կոչված՝ Վալեչի հաշվետվություն) հրապարակեց Պինոչետի ռեժիմի հրեշավոր հանցագործությունների մասին, որտեղ ռեժիմը լուսաբանվում էր այն տեսանկյունից, որ իր զեկույցում նշել էր հարցն ավելի վաղ ուսումնասիրած Ռետիգի հանձնաժողովը, իսկ մասնավորապես՝ խոշտանգումներին։ Զեկույցում հաստատվում էր այն տեղեկատվությունը, որ «ձախ» շարժումներին մասնակցելու կամ լիովին ընդդիմություն լինելու մեջ ռեժիմի կողմից կասկածվող մարդիկ առևանգվել են ոստիկանության կողմից, ենթարկվել են խոշտանգումների և ոչնչացվել են։ Զեկույցում հաստատվում էր նաև, որ նմանատիպ գործողություններ տեղի են ունեցել պարբերաբար, չեն եղել բացառություններ, և խոշտանգումներին մասնակից են եղել զինված բոլոր կազմավորումները և գաղտնի ծառայությունները։ Խոշտանգումների մեթոդները մշտապես կատարելագործվել են։ Ուժային կառույցի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ բանակի գլխավոր հրամանատար գեներալ Խուան Էմիլիո Չեյրեն հաստատել է բանակի կանոնավոր մեղավորությունը խոշտանգումներին մասնակցելու մեջ։
Սահմանադրական բարեփոխում
խմբագրել2005 թվականին ծավալուն սահմանադրական բարեփոխում իրականացվեց՝ ոչնչացնելով հակաժողովրդավարական տարրերը, ինչպես նաև զինվորականների բազմաթիվ արտոնությունները։
2006 թվականի նախագահական ընտրություններ
խմբագրել2005 թվականի դեկտեմբերի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ անհրաժեշտ ձայների բացարձակ մեծամասնություն հավաքել։ 2006 թվականի հունվարի 15-ին ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում ԿԿԺ-ի թեկնածու, սոցիալիստ Միշել Բաչելետը պարտության մատնեց «Աջակենտրոն Ալյանս հանուն Չիլիի»-ի թեկնածու Սեբաստյան Պինյերային՝ հավաքելով ընտրողների ձայների 53,5 %-ը և դառնալով Չիլիի առաջին կին-նախագահը։
2010 թվականի նախագահական ընտրություններ
խմբագրել2010 թվականի հունվարի 17-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մածաքանակ ձայները ստացավ «Աջակենտրոն Ալյանս հանուն Չիլիի»-ի թեկնածու Սեբաստյան Պինյերան՝ հաղթելով ԿԿԺ-ի թեկնածու քրիստոնեա-դեմոկրատ, էքս-նախագահ Էդուարդո Ֆրեյ Ռիուս-Տագլեին։ Սեբաստյան Պինյերայի օգտին քվեարկել էր ընտրողների 51,61 %-ը, ԿԿԺ-ի թեկանծուի օգտին՝ 48,38 %-ը։ Նախընտրական պայքարի ժամանակ երկու թեկնածուները արտակարգ քաղաքավարություն և հարգանք դրսևորեցին, մշապես միմյանց հաճոյախոսում և միմյանց հանդեպ սիրալիր էին։
Երկրաշարժ Չիլիում (2010)
խմբագրել2010 թվականի փետրվարի 27-ին Չիլիի ափին տեղի ունեցավ հզոր 8,8 մագնիտուտ երկրաշարժ, որին զոհ գնացին ավելի քան 800 հոգի, 1200-ը անհետ կորան, ավելի քան երկու միլիոն մարդ մնաց անտուն։ Վնասի չափը, ըստ տարբեր գնահատականների, կազմել է 15-ից մինչև 30 միլիարդ դոլլար։ Հատկապես ուժեղ տուժել է երկրի հնագույն քաղաքներից մեկը՝ Կոնսեպսիոնը, որին մոտ է եղել երկրաշարժի էպիկենտրոնը։
Գրականություն և աղբյուրներ
խմբագրել- Канд. ист. н. Н. Н. Платошкин. Подрывная деятельность США против Чили - осень 1970 года // «Военно-исторический журнал», № 1, 2011. стр.46-51
- Краткая история Чили
- История Чили в датах
- История Чили и острова Пасхи Արխիվացված 2009-10-18 Wayback Machine
- Сальвадор Альенде «Последнее обращение к чилийскому народу»
- Лисандро Отеро «Разум и сила: Чили. Три года Народного единства»
- Из материалов Первого Международного общественного трибунала над чилийской хунтой // Трагедия Чили. Материалы и документы. — М.: Издательство политической литературы; Издательство Агентства печати Новости, 1974.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hogan, C. Michael; Andy Burnham ed. (2008). Pali Aike. Megalithic Portal.
{{cite book}}
:|author2=
has generic name (օգնություն) - ↑ «3. El descenso demográfico». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Платошкин Н. Чили 1970—1973 годов. Прерванная модернизация. М.: Русский Фонд Содействия Образованию и Науке, 2011
- ↑ Командующий сухопутными силами генерал Карлос Пратс подал в отставку после прилюдной пощёчины женщины, обвинившей его в трусости.
- ↑ BBC Russian — Лента новостей — Эксперты установили причину гибели Сальвадора Альенде
- ↑ Lenta.ru: В мире: Смерть Сальвадора Альенде признали самоубийством
- ↑ История Латинской Америки. Вторая половина XX века. М.: Наука, 2004. С. 209
- ↑ Доклад президентской Комиссии по делам политзаключённых и пыткам (2004). 67,4 % пострадавших приходится на первый период репрессий (сентябрь — декабрь 1973 г., стр. 141 доклада комиссии), 19,3 % на второй период (январь 1974 — август 1977, стр. 150), 13,3 % на третий период (август 1977 — март 1990, стр. 156).
- ↑ Документ организации бывших политзаключённых о нарушениях прав человека в период диктатуры(2004), стр. 22, 35.
- ↑ Alejandra Marchevsky, Jeanne Theoharis. Not working. էջ 87. ISBN 0-8147-5710-3.
- ↑ «The Soviet struggle for Third World domination». The Washington Post. 2006 թ․ հունվարի 15.
- ↑ National Commission on Truth and Reconciliation Արխիվացված 2009-05-06 Wayback Machine (անգլ.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հուլիսի 13-ի օրվա հոդված: |