Չարլզ Ուորեն Սթոդարդ

ամերիկացի գրող

Չարլզ Ուորեն Սթոդարդ, (անգլ.՝ Charles Warren Stoddard, օգոստոսի 7, 1843(1843-08-07)[1], Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 23, 1909(1909-04-23)[1], Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հեղինակ և խմբագիր։ Առավել հայտնի է Պոլինեզիայի կյանքի մասին գրած իր ուղեգրություններով։

Չարլզ Ուորեն Սթոդարդ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1843(1843-08-07)[1]
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 23, 1909(1909-04-23)[1] (65 տարեկան)
Մահվան վայրՄոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, վիպասան, գրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԱմերիկյան կաթոլիկ համալսարան և Նոտր Դամ համալսարան
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Charles Warren Stoddard Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Չարլզ Ուորեն Սթոդարդը ծնվել է Նյու Յորք նահանգի Ռոչեսթտերում 1843 թվականի օգոստոսի 7-ին։ Հանդիսանում է Էնտոնի Սթոդարդի անմիջական հետնորդը։ Վերջինս արտագաղթել էր Անգլիայից 1639 թվականին՝ հաստատվելով Մասաչուսեթսի Բոստոն քաղաքում։

Երբ Չարլզ Սթոդարդը դեռ փոքր էր, ծնողների հետ տեղափոխվեց Նյու Յորք։ 1855 թվականին, այն բանից հետո, երբ Սթոդարդի հայրը աշխատանք գտավ առևտրական ընկերությունում, նրանք ընտանիքով տեղափոխվեցին՝ հաստատվելով Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Տասնմեկամյա Սթոդարդը անմիջապես սիրահարվեց այդ քաղաքին և, իր իսկ խոսքերով, այնտեղ տիրող «չափից դուրս շքեղ հագնվելու, զարդարվելու, գրեթե ամեն ինչ գերակատարելու բնական ձգտմանը»[2]։ 1857 թվականին Սթոդարդը միացավ բուժման նպատակով Արևելյան ծովափ մեկնող եղբորը, այդ ողջ ընթացքում եղբայրներն ապրում էին իրենց պապիկի՝ արևմտյան Նյու Յորքում գտնվող ագարակում[3]։ Իր ընտանիքի մոտ՝ Սան Ֆրանցիսկո Սթոդարդը վերադարձավ 1859 թվականին։

Սթոդարդը սկսել է բանաստեղծություններ գրել դեռ վաղ հասակից Կալիֆոռնիայի՝ օրեցօր ավելի ու ավելի ծաղկող գրական միջավայրում։ Սթոդարդի առաջին ստեղծագործությունը տպագրվել է 1862 թվականի սեպտեմբերին «The golden era» թերթում «Pip Pepperpod» գրական կեղծանունով։ Հետագայում Սթոդարդը հիշում է, թե ինչպես է իր ստեղծագործությունը գաղտնագողի գցել «Era» թերթի փոստարկղը, այնպես, որ ոչ ոք չիմանա․ «Իմ ընտանիքի անդամներից ոչ ոք անգամ պատկերացնել չէր կարող, որ ես Ժայռոտ լեռների արևմուտքում մեծ ճանաչում վայելող գրական թերթի համար ամեն շաբաթ պարբերաբար ստեղծագրող ընտրյալների շրջանում հայտնվելու հանդուգն երազանք կարող եմ ունենալ»[4]։ Սթոդարդի գրական երկերը հանրության շրջանում դրական արձագանք ստացան և հետագայում տպագրվեցին «Չարլզ Ուորեն Սթոդարդի բանաստեղծություններ» անվան տակ։ Առողջական վատ վիճակի պատճառով գրողը ստիպված էր հրաժարվել քոլեջում սովորելու հնարավորությունից։ Սթոդարդը փորձել է իր ուժերը նաև բեմական ասպարեզում, սակայն առանց որևէ հաջողության։

Պոլինեզիա խմբագրել

1864 թվականին Սթոդարդը եղել է հարավային Սի Այլենդի կղզիներում, որտեղ էլ գրել իր «Հարավային ծովի իդիլիաներ» ստեղծագործությունը (նամակների մի շարք, որը վերջինս ուղարկել էր իր ընկերոջը)։ 1873 թվականին ընկերն էլ հենց առանձին գրքով հրատարակել է այս նամակները։ «Սրանք,- գրում է Ուիլյամ Դին Հաուլսը,- այդ ամառային օվկիանոսի ափամերձ կյանքի մասին պատմող երբևէ գրված ամենապայծառ, ամենահաճելի, ամենավայրի և ամենաթարմ գրվածքներն են»[5]։ Սթոդարդը ևս չորս անգամ ուղևորվել է Սի Այլենդի կղզիներ՝ իր ստացած տպավորությունների մասին գրելով «Lazy Letters from Low Latitudes» և «The Island of Tranquil Delights» գրքերում։

Սթոդարդը մի քանի անգամ Մոլոկայի կղզի է այցելել։ Այստեղ էլ հենց ծանոթացել է տեր Դամիենի հետ (2009 թվականից կաթոլիկ եկեղեցու սուրբ), որը տեղի բորոտների համար քարոզչություն էր կատարում։ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի խոսքերով Սթոդարդի «Մոլոկայի բորոտները» գիրքը զգալիորեն նպաստել է հանրության շրջանում տեր Դամիենի ունեցած հեղինակության բարձրացմանը։ 1867 թվականին՝ Հարավային ծովի կղզիներ կատարած այցելությունից կարճ ժամանակ անց, Սթոդարդը հոգևոր ծառայության է անցել Կաթոլիկ եկեղեցում։ Իր դավանափոխության մասին վերջինս պատմել է «Խռով սիրտ, որն ի վերջո գտավ հանգստություն» վերնագրով մի փոքրիկ գրքում, որտեղ գրում է․ «Ահա իմ ներքին կյանքը՝ բաց և Անթաքույց»։

Ընկերներ խմբագրել

1867 թվականին Սթոդարդը կաթոլիկություն ընդունեց[6]։ 1869 թվականին վերջինս մտերմացավ գրող-ճանապարհորդ Թերեզա Յելվերտոնի հետ։

1873 թվականին Սթոդարդը, որպես «San Francisco Chronicle» թերթի հատուկ թղթակից երկարաժամկետ գործուղման մեկնեց։ Վերջինիս՝ հատուկ հանձնարարականով ուղևորությունը ոչ մի տեսակի սահմանափակում չէր նախատեսում։ Շուրջ հինգ տարի Սթոդարդը ճանապարհորդում էր Եվրոպայով, հասել է մինչև անգամ արևելք՝ Եգիպտոս և Պաղեստին։ Սթոդարդը մեծ քանակությամբ նյութեր էր տրամադրել «San Francisco Chronicle» թերթին, որոնց մեծ մասը, սակայն, այդպես էլ երբեք չի տպագրվել ՝ չնայած դրանցից մի քանիսը գրողի լավագույն գործերի շարքին կարելի է դասել։ 1880-ական թվականներին Սթոդարդը Բրեթ Հարթի և Ինա Քուլբրիթի հետ միասին աշխատում էր որպես «Overland monthly» ամսագրի համախմբագիր։

1891 թվականի ամառը Սթոդարդն անցկացրեց Բոհեմյան ակումբի պատվավոր անդամ Հարրի Գիլիգին և նրա կնոջը՝ Էյմի Կրոկերին պատկանող «Ramona» զբոսանավով Ատլանտյան ծովափով շրջագայելով։ Զբոսանավի մյուս հյուրերն էին նկարիչ Թեոդոր Ուորսը, թատերագիրներ Օգաստաս Թոմասը և Քլեյ Գրինը, խմբագիր Ջերոմ Հարթը և դերասան Հենրի Վուդրաֆը։

Նոտր Դամ խմբագրել

1885 թվականին, որոշելով հաստատվել Ինդիանայում, Սթոդարդը ստանձնեց Նոտր Դամի համալսարանի Անգլիական գրականության ամբիոնի վարիչի պաշտոնը, որից շուտով հրաժարվեց՝ պատճառաբանելով, թե մալարիայով է տառապում։ Գրականության պատմաբան Ռոջեր Օսթինի կարծիքով՝ Սթոդարդի նման որոշման իրական պատճառը միասեռականության վերաբերյալ Կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումն էր[7]։ Հենց այդ նույն դրդապատճառն է ունեցել Սթոդարդը, երբ հրաժարվել է վերոհիշյալ պաշտոնից, որն զբաղեցրել է Վաշինգտոնի Ամերիկյան կաթոլիկ համալսարանում 1889-1902 թվականներին։ Կարճ ժամանակում Սթոդարդը տեղափոխվեց Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաք՝ որոշելով ամբողջովին նվիրվել գրականությանը։ Սակայն ծանր, մահացու համարվող հիվանդությունը, որով Սթոդարդը տառապում էր, խափանեց նրա ծրագրերը։ Շուտով Սթոդարդը հրատարակեց իր «Մուտքեր և ելքեր» (էսսեների և ակնարկների) գիրքը։ Հարկ է նշել, որ «Մուտքեր և ելքեր» գիրքը Սթոդարդի ամենասիրելի գործն էր, հավանաբար, պատճառն այն էր, որ դրա մեջ զետեղված էր Սթիվենսոնի և գրական այլ դեմքերի հետ գրողի ծանոթության պատմությունը։

1903 թվականի ապրիլին Սթոդարդը վերադարձավ Սան Ֆրանցիսկո, որտեղ իբրև պատվավոր հյուր Հենրի Ջեյմսի և Էնրիկո Կարուզոյի հետ միասին մասնակցեց Բոհեմյան ակումբում իր վերադարձի առիթով կազմակերպված երեկույթին։ Այնուհետև գրողը հաստատվեց Կալիֆոռնիայի Մոնտերեյ քաղաքում՝ հուսալով վերականգնել խաթարված առողջությունը։ Այնուամենայնիվ Սթոդարդը շարունակեց ճանապարհորդել Կալիֆոռնիայով, իսկ 1906 թվականին հայտնվեց Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած երկրաշարժի և բռնկված հրդեհի հորձանուտում[8]։ Հենց Մոնտերեյում էլ, որտեղ Սթոդարդը ապրել է մինչ իր մահը (մահացել է սրտի նոպայից 1909 թվականի ապրիլի 23-ին) գրողի մոտ սրտանոթային հիվանդություն հայտնաբերվեց[7]։

Անձնական կյանք խմբագրել

Սթոդարդը միասեռական էր[9]։ Գրողը բարձր էր գնահատում Հարավային ծովի հասարակության` միասեռական կապի բուն էությունը հասկանալու կարողությունը, գրողը հարաբերությունների մեջ էր տղամարդկանց հետ։ 1866 թվականի վերջին Սթոդարդը Սան Ֆրսնցիսկոյից Հերման Մելվիլին ուղարկեց իր՝ բոլորովին վերջերս հրատարակված Բանաստեղծությունները, սակայն շուտով լուր ստացավ, որ Մելվիլի հետքն անգամ չկա Հավայիում։ Շատ ավելի կրակոտ նամակներ էր գրում Սթոդարդը Ուոլթ Ուիթմենին։ Գրողը պարզապես հիացած էր Ուիթմենի «Թայփի» գրքով։ Սթոդարդին այնքան էր ոգևորել Կորի-կորիի կերպարը, որ վերջինս տղամարդկանց ընկերական հարաբերություններին նվիրված պատմվածք գրեց (այս պատմվածքին Մելվիլը բազմիցս անդրադարձել է)։ Սթոդարդի բանաստեղծությունների մեջ, որոնք գրողը Մելվիլին էր ուղարկել, վերջինս միասեռականությանը վերաբերող որևէ ենթատեքստ չէր տեսել, այնուամենայնիվ 1867 թվականի հունվարին նրա գրած պատասխան նամակը բավականին խուսափողական էր։ Ամերիկացի դասական հեղինակավոր նկարիչ Ֆրենսիս Միլեթը 1870-ական թվականների սկզբին արվեստանոց ուներ Հռոմում, իսկ 1870- ականների կեսին արդեն նաև Վենետիկում, որտեղ էլ վերջինս ապրում էր Սթոդարդի հետ։ Ամերիկացի պատմաբան Ջոնաթան Նեթ Կատցը ներկայացրել է Միլեթի՝ Սթոդարդին ուղղված նամակները։ Այս նամակներից ակնհայտ է դառնում, որ բոհեմյան համատեղ կյանքի ժամանակ վերջիններս ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել[10]։ Ի հավելումն այս ամենի՝ Էմի Սուեոշին խոսում է նաև Յոնձինո Նոկուտիի հետ Սթոդարդի ունեցած հարաբերությունների մասին, ինչի մասին վկայում է վերջիներս սիրատենչ նամակագրությունը[11]։ «Լեոնի» վերնագրով ֆիլմում (դերակատարը Պատրիկ Ուեզերսն է) Սթոդարդը պատկերված է որպես մի կերպար, որն անդադար սիրախաղի մեջ է մտնում Յոն Նոկուտիի հետ[12]։

Ստեղծագործություններ խմբագրել

Իր միակ վիպակի՝ «For the Pleasure of His Company»-ի մասին Սթոդարդն ասել է հետևյալը․ «Ահա, սրանք են իմ խոստովանությունները»։ Սթոդարդի ստեղծագործությունների մեծ մասը ինքնակենսագրական բնույթ ունի, այդ է պատճառը, որ նա հույս է ունեցել, թե, սոսկ մի քանի պակասող օղակներ իրար կապելով, ընթերցողը կարող է պատկերացում կազմել վերջինիս անցած ողջ կյանքի մասին։ Բացի վերոնշյալ գրքերից, Սթոդարդը գրել է նաև հետևյալ ստեղծագործությունները․

  • Summer Cruising in the south Seas (1874)
  • Marshallah, a Flight into Egypt (1885);
  • A Trip to Hawaii (1885)
  • In the Footprints of the Padres (1902)
  • Cruising among the Caribbees (1893)
  • Hawaiian Life (1894)
  • Saint Anthony, The Wonder-Worker of Padua (1896)
  • A Cruise under the Crescent (1898)
  • Over the Rocky Mountains to Alaska (1899)
  • Father Damien, a Sketch (1903)
  • With Staff and Scrip (1904)
  • Hither and Yon
  • The Confessions of a Reformed Poet (1907)
  • The Dream Lady (1907)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Tarnoff, Ben. The Bohemians: Mark Twain and the San Francisco Writers Who Reinvented American Literature. New York: The Penguin Press, 2014: 38. 978-1-59420-473-9
  3. Tarnoff, Ben. The Bohemians: Mark Twain and the San Francisco Writers Who Reinvented American Literature. New York: The Penguin Press, 2014: 39. 978-1-59420-473-9
  4. Tarnoff, Ben. The Bohemians: Mark Twain and the San Francisco Writers Who Reinvented American Literature. New York: The Penguin Press, 2014: 40. 978-1-59420-473-9
  5. Lyons, Paul (2006). American Pacificism: Oceania in the U.S. Imagination. New York: Routledge. էջ 122. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  6. Tarnoff, Benjamin (2014). The Bohemians: Mark Twain and the San Francisco Writers Who Reinvented American Literature. Penguin Books. էջեր 143. ISBN 9781594204739.
  7. 7,0 7,1 Austen, Roger; Crowley, John W. (1995). Genteel Pagan: The Double Life of Charles Warren Stoddard. Univ of Massachusetts Press. ISBN 978-0870239809.
  8. «Bay Area Reporter :: Art Article.php». The Bay Area Reporter / B.A.R. Inc.
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. Katz, Jonathan Ned (2001), Love Stories: Sex Between Men Before Homosexuality, Chicago: University of Chicago Press.
  11. Sueyoshi, Amy (2012), Queer Compulsions: Race, Nation, and Sexuality in the Affairs of Yone Noguchi, Honolulu: University of Hawai'i Press.
  12. «Leonie (2010)» – via www.imdb.com.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ուորեն Սթոդարդ» հոդվածին։