Ուրիշների կյանքը
Ուրիշների կյանքը (գերմ.՝ Das Leben der Anderen, անգլ.՝ The Lives of Others), 2006 թվականին նկարահանված գերմանական թրիլլեր, սցենարիստ և կինոռեժիսոր Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկի դեբյուտը։ Ֆիլմը պատմում է Արևելյան Բեռլինում Շթազիի գործակալների կողմից մշակութային կյանքի վրա ամբողջական վերահսկողության մասին։
Ֆիլմը Գերմանիայում վարձույթի է հանվել 2006 թվականի մարտի 26-ին։ Նույն ժամանակահատվածում ֆիլմի սցենարը հրատարակվել է «Suhrkamp Verlag» հրատարակչատան կողմից։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2006 թվականի սեպտեմբերի 3-ին, Թելուրիդի միջազգային կինոփառատոնում, իսկ վարձույթի է հանվել նույն թվականի նոյեմբերի 12-ին։
Ֆիլմը հաղթել է 2007 թվականի Օսկար մրցանակաբաշխության Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար անվանակարգում։ Ավելի վաղ Գերմանիայում ֆիլմն արժանացել է Deutscher Filmpreis մրցանակաբաշխության յոթ մրցանակի, այդ թվում` «լավագույն ֆիլմ», «լավագույն սցենար», «լավագույն դերասան», «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում` ներկայացված լինելով 11 անվանակարգերում, այդպիսով նոր ռեկորդ սահմանելով գերմանական գլխավոր կինոպրեմիերային առաջադրված անվանակարգերի թվով։
Ֆիլմն առաջադրվել է նաև «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Ամբողջ աշխարհում ֆիլմն ապահովել է ավելի քան 77 մլն դոլար հասույթ[17]` 2 մլն դոլար բյուջեի դեպքում[18]։
Սյուժե
խմբագրելԱրևելյան Բեռլին, 1984 թվական։ Շթազիի աշխատակից կապիտան Գերդ Վիսլերն առաջադրանք է ստանում հետևել դրամատուրգ Գեորգ Դրայմանին և նրա ընկերուհուն` հայտնի դերասանուհի Քրիստա Մարիա Զիլանդին։ Դրայմանը կասկածվում է Արևմտյան Գերմանիայի կապիտալիստական ռեժիմի հետ համագործակցության համար։
Ի սկզբանե Վիսլերը ճշգրտորեն կատարում է իր աշխատանքը և ղեկավարությանը զեկուցում է կասկածյալի գործողությունների մասին, սակայն աստիճանաբար սկսում է թաքցնել բնակարանից ստացվող տեղեկատվությունը` սկսելով ապրումակցել Դրայմանին։ Իր մտերիմ ընկերոջ` տաղանդավոր ռեժիսոր Ալբերտ Յերսկի ինքնասպանությունից հետո, որը վերջին յոթ տարիներին զրկված էր իր մասնագիտությամբ զբաղվելու իրավունքից, Դրայմանը որոշում է հոդված գրել ԳԴՀ-ում ինքնասպանությունների մասին, որտեղ օգտագործում է լայն զանգվածներից թաքցվող վիճակագրական տվյալներն այն մասին, որ ԳԴՀ-ն ինքնասպանությունների թվով երկրորդն է Եվրոպայում (Հունգարիայից հետո)։ Վիսլերն իմանալով այս մասին, չի բացահայտում դրամատուրգին։ Հոդվածը հրապարակում է արևմտագերմանական «Շպիգել» ամսագիրը, և այն սկանդալի պատճառ է դառնում։ Հոդվածի հեղինակության կասկածներն ընկնում են Դրայմանի վրա, սակայն Վիսլերը փորձում է արդարացնել նրան։
Լրտեսումը պատվիրած ԳԴՀ մշակույթի նախարար Բրունո Հեմպֆը վիճում է իր սիրուհու` Քրիստա Մարիա Զիլանդի հետ, որը նաև Դրայմանի ընկերուհին էր (վերջինս որոշել էր մերժել Հեմպֆին և մնալ միայն Դրայմանի հետ) և հրամայում է ձերբակալել նրան` թմրանյութեր պահելու և օգտագործելու մեղադրանքով։ Շթազիում նրան հարցաքննելը հանձնարարում են Վիսլերին։ Նա համոզում է կնոջն արտահաստիքային գործակալ դառնալ և հայտնել, թե որտեղ է Դրայմանը պահում գրամեքենան, որով գրել է ինքնասպանությունների մասին հոդվածը, քանի որ ըստ գրամեքենայի և ունեցած օրիգինալ հոդվածի միջոցով հնարավոր է որոշել դրա հեղինակին։ Երբ Շթազիի աշխատակիցները կրկին գալիս են խուզարկելու դրամատուրգի տունը, նրանք գրամեքենան չեն հայտնաբերում գաղտնարանում, քանի որ Վիսլերը, որ հասցրել էր նրանցից մի քանի րոպե առաջ բնակարան հասնել, տեղափոխել էր այն թաքստոցից։ Խուզարկությանը ներկա Քրիստա Մարիան, չդիմանալով լարվածությանը և կարծելով, որ Գեորգին իր պատճառով ձերբակալելու են, դուրս է վազում բնակարանից, մեքենայի տակ է ընկնում և մահանում է։ Քանի որ հանցանշաններ չեն գտնվել, իսկ միակ վկան մահացել է, Դրայմանի դեմ հարուցված գործը փակվում է։ Սակայն Վիսլերի անմիջական ղեկավարը խուզարկությունից առաջ հանդիպելով նրան Դրայմանի բնակարանի մոտ, հասկանում է, որ նա ինչ-որ կերպ առնչություն ունի գործի հետ և այնպես է ծածկել հանցանշանները, որ ոչինչ հնարավոր չէ ապացուցել։ Այդ պատճառով նա պատժում է գործակալին` ուղարկելով փոստային գրաքննիչի աշխատանքի, ինչը կարիերայի աճի որևէ հնարավորություն չէր տալիս և հավասարազոր է աքսորի։
1989 թվական։ Փոստային գրաքննիչ Գերդ Վիսլերը, ստուգելու համար հերթական նամակը բացելով, ռադիոյով հաղորդվող նորություններից իմանում է Բեռլինի պատի անկման մասին և այլ գրաքննիչների հետ դադարեցնում է իրա աշխատանքն ու հեռանում է աշխատանքից։ Միավորված Գերմանիայում նրանց ծառայությունն այլևս ոչ ոքի պետք չէ։
1991 թվական։ Գեորգ Դրայմանը ներկա է ըստ իր պիեսի բեմադրված ներկայացման նոր տարբերակին։ Մինչև վերջ չնայելով այն` նա դուրս է գալիս դահլիճից` չդիմանալով Քրիստա Մարիայի մասին հիշողություններին, որը ներկայացման մեջ գլխավոր դերն էր խաղում։ Դուրս գալով դահլիճից` նա հանդիպում է Մշակույթի նախկին նախարար Բրունո Հեմպֆին, ում նույնպես տանջում են Քրիստա Մարիայի մասին հիշողությունները։ Հեմպֆը խոսում է դրամատուրգի հետ այն մասին, որ նա ոչինչ չի գրել Գերմանիայի միավորումից հետո` հասկացնելով, որ համոզված է` Դրայմանին պետք էր ամբողջատիրական ռեժիմը, որպեսզի դրան հակադրվելով` ներշնչանք գտնի ստեղծագործելու համար, ինչպես նաև հասկացնում է, որ Քրիստան նաև իր սիրուհին էր։ Դրայմանն ասում է, որ չի հասկանում, թե ինչու իրեն չէին հետևում և թույլ են տվել տպագրել հոդվածը, ինչին ի պատասխան նախկին նախարարն ասում է, որ նրան հետևել են, և Դրայմանը կարող է համոզվել, որ իր տանը լրտեսող սարքեր կան։ Դրամատուրգը պարզում է, որ իր տունն ուղղակի լիքն է այդպիսի սարքերով։ Դրանից հետո Դրայմանը այցելում է Շթազիի ազատ հասանելի արխիվ, որտեղ ծանոթանում է իր «գործի» հետ։ Կարդալով գաղտնալսման նյութերը` նա հայտնաբերում է, որ այնտեղ ոչ մի խոսք չկա իր մտադրությունների մասին։ Դրանից հետո, կարդալով Քրիստա Մարիայի գործը, նա տեսնում է, որ իր մահվան օրը նա հավաքագրված է եղել և համադրելով փաստերը, հասկանում է, որ իրեն ձերբակալությունից փրկել է իրեն հետևող գործակալը։ Նա գտնում է Վիսլերին, որն այդ ժամանակ փոստատար էր, սակայն չի համարձակվում խոսել նրա հետ։
1993 թվական։ Փոստատար Գերդ Վիսլերը թերթեր բաժանելիս անցնում է ցուցասրահի մոտով, որտեղ ցուցադրված է Դրայմանի նոր գրքի գովազդը, որն առաջինն է վերջին տարիների ընթացքում։ Նա մտնում է գրախանութ և վերցնում է «Սոնետ լավ մարդու մասին» վերնագրով գիրքը (այդպես էր կոչվում այն պիեսը, որը Դրայմանը դաշնամուրով նվագում էր Յերսկի ինքնասպանության օրը)։ Գիրքն սկսվում էր «լավ մարդ Վիսլերին» ուղղված խոսքերով, որն արձանագրությունների մեջ HGW XX/7 կանչանունով էր։ Գերդ Վիսլերը գնում է գիրքը, իսկ վաճառողի այն հարցին, թե արդյո՞ք պետք է գիրքը փաթեթավորել, պատասխանում է. «Ո՛չ, այն ինձ համար է»։
Դերերում
խմբագրել- Ուլրիխ Մուե` կապիտան Գերդ Վիսլեր
- Սեբաստիան Կոխ` Գեորդ Դրայման
- Մարտինա Գեդեկ` Քրիստա Մարիա Զիլանդ
- Ուլրիխ Տուկուր` փոխգնդապետ Անտոն Գրուբից
- Թոմաս Տիմե` նախարար Բրունո Հեմպֆ
- Հանս Ուվե Բաուեր` Պոլ Հաուզեր
- Հերբերտ Կնաուպտ` Գրեգոր Հեսսենշտայն
- Ֆոլկմար Կլյաներտ` ԱԼբերտ Յերսկա
- Չարլի Հյուբներ` Ուդո
- Մատտիաս Բրեներ` Կառլ Վալներ
- Խիններկ Շյոնեման` Ակսել Շտիգլեր
- Մարի Գրուբեր` ֆրաու Մայենկե, Դրայմանի հարևան
Արտադրություն
խմբագրելՆախապատմություն, ֆիլմի գաղափար և նկարահանումներ
խմբագրելՖլորիան Հենկել ֆոն Դոններսմարկն իր մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Նյու Յորքում, Բեռլինում, Ֆրանկֆուրտում և Բրյուսելում։ 1991 թվականին նա ռուսաց լեզու և գրականություն է սովորել Սանկտ Պետերբուրգում` ստանալով ռուսաց լեզուն որպես օտար լեզու դասավանդողի մասնագիտություն[19]։ 1993-1996 թվականներին Օքսֆորդի համալսարանում ստացել է քաղաքագիտության, փիլիսոփայության և տնտեսության ոլորտների գիտական աստիճաններ։ Փորձ է ձեռք բերել բրիտանացի հայտնի ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոյի մոտ։ Այնուհետև, 1997 թվականին ընդունվել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի համալսարան[19]։
«Ուրիշների կյանքը» Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկի առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Դրանից առաջ նա նկարահանել է չորս կարճամետրաժ ֆիլմեր` «Mitternacht», «Das Datum», «Դոբերման» և «Der Templer»: Դրանցից առավել հաջողվածը «Դոբերման» ֆիլմն էր, որը նա նկարահանել է 1999 թվականին պրակտիկա անցնելիս, ըստ իր սեփական սցենարի։ Ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 40 կինոփառատոնների ժամանակ ամբողջ աշխարհում և արժանացել մի շարք մրցանակների, որոնց թվում էին Մաքս Օֆյուլսի անվան մրցանակը և Universal Studios ստուդիայի մրցանակը «Ցնցող կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[19]։
Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկի երկու ծնողներն էլ Արևելյան Գերմանիայից էին։ Նա պատմում էր, որ երբ Բեռլինյան պատն ընկել է, ինքը երեխա էր, սակայն արդեն կարող էր զգալ այն վախը, որ մարդիկ զգում էին` գտնվելով պետության ենթակայության տակ[20]։
Ռեժիսորն ասել է, որ «Ուրիշների կյանքը» ֆիլմը նկարահանելու միտքը հղացել է այն ժամանակ, երբ նա Մյունխենի Հեռուստատեսության և կինոյի ինստիտուտում սովորելիս փորձել է «հասարակական» ֆիլմի սցենար մշակել[21]։ Նա երաժշտություն լսելիս հիշել է Մաքսիմ Գորկու ասածն այն մասին, որ Լենինի սիրելի երաժշտական պիեսը Բեթհովենի № 23 սոնետն էր։ Գորկին մանրամասն նկարագրել է դա իր ակնարկում.
Եվ աչքերը կկոցելով, ծիծաղելով, նա անուրախ ավելացրեց.
Սակայն երկար ժամանակ երաժշտություն լսել չեմ կարողանում, նյարդերիս վրա է ազդում, ուզում եմ մեղմ հիմարություններ ասել ու շոյել այն մարդկանց գլուխները, որոնք, ապրելով կեղտոտ դժոխքում, այսպիսի գեղեցկություն են ստեղծում։ Իսկ այսօր որևէ մեկի գլուխը շոյել չի կարելի. ձեռքը կկծեն։ Փոխարենը պետք է խփել նրանց գլխին, անգթորեն խփել, չնայաց մենք, գաղափարապես դեմ ենք մարդկանց հանդեպ ցանկացած բռնության։ Հըմ, դժոխային բարդ պարտականություն է[22]։ |
2001 թվականին ռեժիսորն սկսել է ֆիլմի նկարահանման գրեթե չորսամյա պատրաստությունները, որոնց մեծ մասն զբաղեցնում էր սցենար գրելը։ Նա զրուցել է անվտանգության ծառայության զոհերի ու աշխատակիցների հետ, ինչպես նաև այցելել է պատմական վայրեր։ Նյու Յորք Թայմսի հետ հարցազրույցում Դոններսմարկն ասել է. «Ես հանկարծ պատկերացրի արտաքինից ճնշող սենյակում ականջակալներով նստած մարդու, որը հետևում է այն մարդկանց, ում համարում է պետության և գաղափարախոսության թշնամի. սակայն ականջակալներով մարդը գեղեցիկ երաժշտություն է լսում, որը նրա մեջ զգացմունքներ է արթնացնում։ Ես նստեցի և մի քանի ժամում գրեցի սցենարի նախնական տարբերակը»։ Սցենարն ավարտվել է ռեժիսորի` մեկ ամիս Հելիգենկրեուզ վանական համալիրում անկացնելուց հետո, որտեղ նրա հորեղբայը` Գրեգորը, վանահայր էր։ Վերջապես Մյունխենից Բեռլին տեղափոխվելով` Դոններսմարկն ավարտել է սցենարը։ Որպես գիտական խորհրդատու նրան օգնել է Մանֆրեդ Վիլկեն[23][24][25]։
Դոններսմարկը դժվարությամբ է ֆիլմի համար ֆինանսավորում գտել։ Ըստ ամերիկացի լրագրող Ջոն Պոդհորեցի` ֆինանսական դժվարության պատճառն այն էր, որ կինոստուդիաները չէին ցանկանում ֆինանսավորել արևելագերմանական կոմունիզմի սարսափների մասին պատմող ֆիլմը, չնայած այդ թեման լի է դրամատիզմով։ Քննադատը դրանով է բացատրում նաև Բեռլինի կինոփառատոնի կազմակերպիչների` «Ուրիշների կյանքը» ֆիլմը մրցութային ծրագրում չընդգրկելը[26]։
Երիտասարդ պրոդյուսերներ Մաքս Վիդեմանը և Քվիրին Բերգն արդեն եղել էին Դոններսմարկի նախորդ կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսերները։
Սիդնի Փոլաքը դիտարկել է տվյալ ֆիլմի հոլիվուդյան րիմեյքը[27]։ Սակայն Փոլաքը 2008 թվականին մահացել է։
Սաունդթրեք
խմբագրելՈւրիշների կյանքը | |
---|---|
-ի | |
Թողարկված | մարտի 15, 2006[6] և մարտի 23, 2006[7][8] |
Ժանր | դրամա[2][3][4][…], թրիլեր և քաղաքական թրիլեր |
Տևողություն | 137 րոպե |
Պրոդյուսեր | Քվիրին Բերգ[5] և Մաքս Վիդեման[5] |
Սաունդթրեքի պաշտոնական տարբերակը թողարկվել է 2007 թվականի փետրվարի 5-ին[28]։ Բոլոր կոմպոզիցիաները կատարում է Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժորը Ադամ Կլեմենսն է[28]։
Ֆիլմի կոմպոզիտորներն էին Գաբրիել Յարեդն ու Ստեֆան Մուշան, որոնք նախկինում ծանոթ չէին ռեժիսորի հետ։ Soundtrack.ru կայքի վերլուծաբան Թիմ Քլարքը երաժշտության մեջ ընդգծել է Յարեդի տարբերվող ոճը` գործիքային նրբաոճ կատարումներն ու շքեղ մեղեդիները[28]։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Die unsichtbare Front» | 2:41 |
2. | «HGW XX/7» | 5:33 |
3. | «Linienstraße» | 2:49 |
4. | «Der Verrat» | 2:06 |
5. | «Das Leben der Anderen» | 5:14 |
6. | «Die Sonate vom Guten Menschen» | 1:41 |
7. | «IM "Martha"» | 4:21 |
8. | «Gesichter der Liebe» | 3:31 |
9. | «Georg Dreyman, der Dichter» | 1:27 |
Արձագանքներ
խմբագրելԳնահատականներ և ընդհանուր բնութագիր
խմբագրելՊոդհորեցը «Ուրիշների կյանքը» ֆիլմն անվանել է «երբևէ ստեղծած լավագույն ֆիլմերից մեկը և անկասկած, վերջին տասնամյակի լավագույն ֆիլմը»[29]։ Ուիլյամ Բաքլին իր սյունյակում գրել է, որ դիտումն ավարտելուց հետո ինքն ասել է ընկերոջը. «Ես կարծում եմ, որ սա իմ տեսած լավագույն ֆիլմն է»[30]։ Ջոն Միլլերը ֆիլմն առաջին տեղում է դրել իր դիտած 25 պահպանողական ֆիլմերից մեկը[31]։
Variety պարբերականում Դերեկ Էլլին ընդգծել է ֆիլմի ոճը, որն ստեղծվել է մոխրագույն կամ խիստ կանաչ երանգներով, և որտեղ օգտագործվել է Շթազիի նախկին իրական գլխամասը[32]։ Ռիչարդ Կորլիսը Time-ի էջերում ֆիլմն անվանել է 2007 թվականին նկարահանված երկրորդ լավագույն ֆիլմը` «Ուրիշների կյանքը» անվանելով հոգեցունց և հուզիչ թրիլլեր[33]։ Կինոքննադատ Ռոջեր Էբերթը ֆիլմին չորս աստղ է տվել` անվանելով այն «ուժեղ, բայց հանգիստ ֆիլմ` կազմված թաքնված մտքերից ու թաքուն ցանկություններից»[34]։
Քննադատների արձագանքը ֆիլմի մանրամասներին
խմբագրելՖիլմն ստեղծվել է «էմոցիոնալ կառուցվածքի շերտերով», գրել է Ստեֆանի Զախարեկը Salon.com առցանց պարբերականում։ «Դոններսմարկը մանրամասնում է էկրանին կատարվողը. տեսարաններից մեկում, երբ նախարար Հեմֆպն իր մեքենայում ձեռնահարում է կնոջը` փորձելով գայթակղել նրան, մենք տեսնում ենք նրա հսկայական սպիտակ անդրավարտիքը. դա կարող էր զվարճալի թվալ, եթե այդքան սարսափելի չլիներ»[35]։
Մյուս տեսարանում գլխավոր հերոս Վիսլերն սկսում է կարեկցել այն զույգին, որին ինքը լրտեսում է. «Վիսլերի արձագանքն այդ զգացմունքներին աննկատ է առաջանում, գործնականում չմատնելով իրեն, ինչն այդ արձագանքն ավելի համոզիչ է դարձնում», գրում է Զախարեկը[35]։ Պոդհորեցը գրախոսելով ֆիլմը The Weekly Standard-ում` նշում է Վիլսերի դերակատարի արձագանքի ճկունությունը. «Այդ տեսարանը պատկերվում է զարմանալի հանգստությամբ և անզգացմունքայնությամբ մի դերասանի կողմից, որը հայտնի չէ Գերմանիայի սահմաններից դուրս և որն իր աշխատանքն այնքան հիանալի է կատարում, որ ուղղակի բառերով հնարավոր չէ նկարագրել»[26]։ Ջոշ Ռոզենբլատը ևս Austin Chronicle պարբերականում հիացել է Մյուէի խաղով. «Ինչպես և ցանկացած աչքի ընկնող դերասանական խաղ, Մյուէի հրաշագործությունն առաջին պլանում է` թվում է, թե գրեթե աննշան մանրուքների հաշվին, որոնցից են հոնքը ճիշտ պահին բարձրացնելը, շուրթերի աննշան շարժումը և այլն։ Սա համր հոյակապության հաղթարշավն է»[36]։
Լիզա Շվարցբաումը Entertainment Weekly-ում մատնանշում է այն տեսարանները, երբ կերպարները ոչինչ չեն ձեռնարկում` հայտնվելով այն իրադարձություններում, որոնք կատարվում են իրենց շուրջ։ «Ֆիլմի ամենալարված պահերում նվազագույն գործողություններ կան. ականջակալներով ուղղակի լսող Վիսլերը, իր մահճակալին պարզապես պառկած Դրեյմանը, պարզապես դռան անցքից նայող հարևանուհին, որի ամբողջ կյանքը կախված է նրանից, թե ում է ինքը տեսնում։ Նյարդերի վրա ազդող այս դադարների ընթացքում Հենկել ֆոն Դոններսմարկը հանդիսատեսին փոխանցում է այն, ինչը մենք, ըստ իրեն, պետք է իմանանք ընտրության, վախի, կասկածի, վախկոտության ու հերոսության մասին»[37]։
Քննադատների արձագանքը Վիսլերի փոխակերպմանը
խմբագրելFirst Things պարբերականում հրապարակված հոդվածը Վիսլերի փոխակերպման օգտին փիլիսոփայական փաստարկ է բերում։ Հոդվածի հեղինակ Սանտյագո Ռամոսը կարծում է, որ ֆիլմի կենտրոնական թեման Գերդս Վիսլերի բարոյական փոխակերպումն է։ Ըստ նրա` վերածննդի գործընթացը այնքան էլ փաստարկված չէ, բայց փոխարենը գեղեցիկ է։ Վիսլերն իր վրա է կրում գեղեցիկի անբացատրելի առեղծվածային ազդեցությունը, որը փոխում է նրան։ Դա մարդկային ուղեղով ընկալելի չէ[38]։
Ինքը` ռեժիսորը, ասել է հետևյալը. «Փոփոխությունները կտրուկ տեղի չեն ունենում, Վիսլերն աստիճանաբար է կորցնում հավատն իր գաղափարախոսության նկատմամբ»[38]։ Էնտոնի Սքոթն իր ընդհանուր առմամբ դրական ակնարկն ավարտում է այն խոսքերով, որ ֆիլմը հստակ պատասխան չի տալիս. ի վերջո մա՞րդն է փոխվում, թե՞ աշխարհը[39]։ Երբ բրիտանական էլեկտրոնային պարբերականի հարցազրուցավարը հարցրել է Դոններսմարկին, թե արդյոք ինքը համաձայն է Սքոթի պնդումների հետ, ռեժիսորը պատասխանել է. «Ես համաձայն չեմ։ Ես մի քիչ զարմացած էի այս պնդումից, սակայն ենթադրում եմ, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ եք դուք հասկանում «փոփոխություն» ասելով»[38]։
Բացառությամբ Սքոթի, մյուս բոլոր քննադատները համաձայն են, որ Վիսլերի վերափոխումը ֆիլմի հիմնական դրամատիկ շարժիչն է և այն հասկանալու բանալին։ Բրիտանացի քաղաքական մեկնաբան Տիմոտի Հարթոնը շատ է ազդվել ֆիլմից, սակայն Վիսլերի փոխակերպումը նրա համար չափազանց արագ է եղել և ոչ այնքան համոզիչ։ Նրա հետ համաձայն է նաև կաթոլիկ սցենարիստ և բլոգեր Բարբարա Նիկոլոզին, որը ևս շատ է հավանել ֆիլմը[38]։ Կլայվ Դևիսը The Spectator կայքի իր բլոգում գրել է, որ Վիսլերի փոխակերպումը ֆիլմում համոզիչ չէ. «Դա խոստումնալից մտահղացում է, որը փչացել է խճճված ու կիսատ սցենարի պատճառով»[40]։ «Մեծ հաշվով հերոսի համար նմանատիպ փոխակերպման ոչ մի լուրջ մղում չկար», ասել է Քևին Դրամը[41]։
Ռամոսը պնդում է, որ նմանատիպ երկրպագու քննադատները վնասում են ֆիլմին, քանի որ Վիսլերի փոխակերպման արժանահավատությունը կասկածի ենթարկող ցանկացած քննադատություն կասկածի է ենթարկում ոչ միայն ֆիլմի տրամաբանությունն առհասարակ, այլև արվեստագետի իշխանությունը ամբողջատիրության ու գաղափարախոսության հանդեպ[38]։
Ըստ «Կինոյի արվեստ» ամսագրի աշխատակից Իրինա Շերբակովայի, կինոմամուլի ամենալուրջ հանդիմանությանն արժանացել է հենց կապիտան Վիսլերի ոչ համոզիչ փոխակերպումը[42]։ «Դա չարի գիտակցված մարդկայնացումն է, համակարգն սպիտակեցնելու ցանկությունը, Վիսլերի նման աշխատակիցներ չկային և չէին կարող լինել, ոչ ոք չէր սկսի լացել ո՛չ Բրեխտի բանաստեղծություններից, ո՛չ էլ Բեթհովենի սոնետից», վստահեցնում էին Շթազիի համակարգի աշխատանքի բազմամյա ուսումնասիրողները[42]։
Անձնական ընտրությունն ամբողջատիրության պայմաններում
խմբագրելԷնտոնի Սկոտը, գրախոսելով ֆիլմը Նյու Յորք Թայմսում, գրել է, որ «Ուրիշների կյանքը» բավականին բարձրորակ է և ավելացրել է, որ «անհանգիստ սպասումն առաջանում է ոչ միայն տեսարանների կառուցվածքի ու ֆիլմի տեմպի շնորհիվ, այլ նաև այն գաղափարի հաշվին, որ անգամ հետադիմական հասարակություններում մարդիկ ճնշվում են բարի կամքից։ Դուք երբեք չգիտեք, թե հաջորդ տեսարանում ինչ որոշում կընդունի կերպարը»[39]։
Լոս Անջելես Թայմսի կինոքննադատ Քեննետ Թյուրանը համաձայն է, որ ֆիլմի դրամատիկական լարվածությունը ստեղծվում է մանրամասն մշակված սյուժեի օգնությամբ, որը «գլխավոր հերոսներին դնում է բարձր խաղադրույքներով ծանր իրավիճակներում, որտեղ մեկ առանձին գործողության արժեքն այնքան բարձր է, որ դրանից է կախված ոչ միայն հերոսների կյանքը, այլև` նրանց հոգիները»։ Ֆիլմը «վստահորեն ցուցադրում է, որ բարդ բարոյական-քաղաքական իրավիճակներում ճիշտ ընտրությունը կարող է բոլոր երկընտրանքներից ամենադրամատիկականը լինել»[43]։
Զախարեկը, Սկոտը, Պոդհորեցն ու Թյուրանն ընդգծում են, որ չնայած ֆիլմը շատ ուժեղ ու նրբորեն ցուցադրում է կոռուպցիան Արևելյան Գերմանիայի քաղաքական էլիտայի կիզակետում, այն կենտրոնացած է մարդկանց վրա, որոնք կարող են վեր բարձրանալ այդ փտած համակարգից։
Համապատասխանություն իրականությանը
խմբագրելԱյս վերջին և իր համար գլխավոր ֆիլմում Ուլրիխ Մյուեն արել է անկարելին։ Նա իր հերոսին ու գերմանական անցյալն այնպես է ցույց տվել, որ այն շոշափելի է դարձել այլ գերմանացիների համար ևս, որպեսզի գոնե Դոններսմարկի սերնդում վերջապես տեղի ունենար մինչ այդ չմիավորվող գերմանա-գերմանա կենտավրոսի միավորումը։ ... Անկախ նրանից, ուզում էր դա Դոններսմարկը, թե ոչ, Մյուեի ստեղծած կերպարը դուրս է եկել հեղինակային մտահղացումից, և առաջ է եկել վերածննդի մասին պատմությունն այն մարդու, որն ունակ է տեսնել ուրիշ մարդկանց կյանքը։ Իրինա Շերբակովա, «Կինոյի արվեստ[42]:
Նեոմարքսիստ Սլավոյ Ժիժեկը ֆիլմի մասին In These Times-ում ակնարկ գրելիս նշել է, որ ֆիլմը մեղմացնում է ԳԴՀ-ի ճնշող մթնոլորտը, ինչպես, օրինակ, այն տեսարանում, որտեղ այլախոհը հակադարձում է մշակույթի նախարարին, և այդ դեպքն առանց հետևանքների է մնում։ Ժիժեկը նաև նշել է, որ դրամատուրգի կերպարը չափազանց միամիտ է` ճշմարտանման լինելու համար. «Ֆիլմը հիշեցնում է կյանքի սրամիտ բանաձև` կոմունիստական ամուր թասակի տակ, որը կազմված է երեք սկզբունքներից` անձնական ազնվություն, համակարգի անկեղծ աջակցություն և բանականություն. մարդն ի վիճակի չէ հետևել միանգամից երեք սկզբունքներին, կարող է հետևել դրանցից երկուսին միայն. Դրայմանի խնդիրն այն էր, որ նա հետևում էր երեքին էլ միանգամից»[44]։
Չնայած ֆիլմի սկզբնական տեսարանը տեղի է ունենում Hohenschönhausen բանտում, այն նկարահանվել է այլ վայրում, քանի որ հուշահամալիրի տնօրեն Հուբերտ Կնաբեն հրաժարվել է Դոններսմարկին թույլտվություն տալ։ Կնաբեն դեմ է եղել «Շթազիի գործակալին հերոսացնելուն» և փորձել է համոզել Դոններսմարկին փոխել ֆիլմը։ Ռեժիսորը որպես դեպքերի նմանատիպ զարգացման օրինակ է բերել Շինդլերի ցուցակը ֆիլմը։ Կնաբեն ի պատասխան ասել է. «Դրանք տարբեր բաներ են։ Օսկար Շինդլերը գոյություն է ունեցել։ Սակայն որևէ Վիսլեր գոյություն չի ունեցել»[45]։ Արևելագերմանացի այլախոհ բանաստեղծ Վոլֆ Բիրմանը 2006 թվականի մարտին Die Welt-ում գրել է. «Ֆիլմում ցուցադրվող ընդհանուր քաղաքական իրավիճակն իրական է, ես հուզվել եմ սյուժեից։ Սակայն ինչու՞: Միգուցե ինձ վրա ազդել են բազմաթիվ ձգող մանրամասներ, որոնք նման են 1965 թվականին իմ աշխատանքի արգելքի և 1976-ին քաղաքացիությունից զրկելու միջև իմ սեփական անցյալի հիշողություններին»[46]։
Շթազիի մասին գրքի հեղինակ Աննա Ֆանդերը ֆիլմի մասին The Guardian-ում գրախոսելիս նշել է, որ Շթազիի աշխատակիցը հնարավորություն չուներ տեղեկատվությունը թաքցնել ղեկավարությունից, քանի որ Շթազիի գործակալին հետևում էին, նրանք աշխատում էին թիմերով` շատ հազվադեպ աշխատելով միայնակ։ Նա մեջբերել է Դոններսմարկի խոսքերը. «Ուրիշների կյանքը, նախ և առաջ, մարդկային դրամա է` մարդկանց` ճիշտ որոշումներ կայացնելու կարողության մասին անկախ այն բանից, թե որքան երկար են նրանք գնացել սխալ ուղղությամբ», ինչին Ֆանդերը պատասխանել է. «Սա ուրախալի միտք է։ Եվ այս ֆիլմն ուղղակի հրաշալի է, չնայած, որ այն չի համապատասխանում իրականությանը»[45]։
Հակասություններ
խմբագրելԴոններսմարկին և Ուլրիխ Մյուեին հայց է առաջադրվել հարցազրույցի ժամանակ զրպարտության համար, երբ Մյուեն հավաստիացրել է, որ իր նախկին կինն իրեն լրտեսել է իրենց համատեղ կյանքի վեց տարիների ընթացքում, երբ նրանք ապրել են Արևելյան Գերմանիայում[18][47]։ Դոններսմարկը հաղորդել է, որ Մուեի նկինը ժխտել է իրեն ներկայացված մեղադրանքը, չնայած նրա ամբողջ գործունեությունը հաստատվել և մանրամասն ներկայացվել է 254 էջանոց պաշտոնական հաշվետվության մեջ։
Պարգևներ և առաջադրումներ
խմբագրելՄրցանակ | Անվանակարգ | Դափնեկիրներ և առաջադրվածներ | Արդյունք |
---|---|---|---|
BAFTA | «Օտարալեզու լավագույն ֆիլմ» | Հաղթանակ | |
«Լավագույն ֆիլմ» | Առաջադրում | ||
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Առաջադրում | |
«Տղամարդու լավագույն դեր» | Ուլրիխ Մյու | Առաջադրում | |
«Լավագույն օրիգինալ սցենար» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Առաջադրում | |
Կինեմատոգրաֆիստական արվեստի և գիտության արգենտինական ակադեմիա | «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» | Հաղթանակ | |
Արգենտինայի կինոքննադատների ասոցիացիա | «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» | Հաղթանակ | |
Գերմանիայի կինոքննադատների ասոցիացիա | «Տղամարդու լավագույն դեր» | Ուլրիխ Մյուե | Հաղթանակ |
«Լավագույն օպերատորական աշխատանք» | Հեյգեն Բոգդանսկի | Հաղթանակ | |
«Լավագույն կինոդեբյուտ» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Հաղթանակ | |
«Լավագույն մոնտաժ» | Պատրիցիա Ռոմել | Հաղթանակ | |
Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիա | «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» | Հաղթանակ | |
Կենտրոնական Օհայոյի կինոքննադատների ասոցիացիա | «Օտարալեզու լավագույն ֆիլմ» | Հաղթանակ | |
«Բավարյան մրցանակ» | «Տղամարդու լավագույն դեր» | Ուլրիխ Մյուե | Հաղթանակ |
«Ռեժիսորական լավագույն աշխատանք» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Հաղթանակ | |
«Լավագույն սցենար» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Հաղթանակ | |
«Բոդիլ» | «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» | Հաղթանակ | |
Վարշավայի կինոփառատոն | «Հանդիսատեսի ընտրություն» | Հաղթանակ | |
Գերմանական արթ-հաուսի գիլդիա | «Լավագույն գերմանական ֆիլմ» | Հաղթանակ | |
Բրազիլական կինեմատոգրաֆիայի գրան պրի | «Օտարալեզու լավագույն ֆիլմ» | Հաղթանակ | |
«Դավիդ դի Դոնաթելլո» | «Հանդիսատեսի ընտրություն» | Հաղթանակ | |
«Եվրոպական կինոմրցանակ» | «Լավագույն ֆիլմ» | Հաղթանակ | |
«Տղամարդու լավագույն դեր» | Ուլրիխ Մյուե | Հաղթանակ | |
«Լավագույն սցենար» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Հաղթանակ | |
«Կանացի լավագույն դեր» | Մարտինա Գեդեկ | Առաջադրում | |
«Ռեժիսորական լավագույն աշխատանք» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Առաջադրում | |
«Լավագույն երաժշտություն» | Գաբրիել Յարեդ, Ստեֆան Մուչա | Առաջադրում | |
«Ոսկե տեսախցիկ» | «Լավագույն գերմանացի դերասան» | Ուլրիխ Մյուե | Առաջադրում |
«Ոսկե գլոբուս» | «Օտարալեզու լավագույն ֆիլմ» | Առաջադրում | |
«Ոսկե գլոբուս» (Իտալիա) | «Լավագույն եվրոպական ֆիլմ» | Հաղթանակ | |
«Լավագույն եվրոպացի դերասան» | Սեբաստիան Կոխ | Հաղթանակ | |
«Լավագույն ներկայացուցիչ» | 01 Distribution | Հաղթանակ | |
«Ոսկե բզեզ» | «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» | Հաղթանակ | |
«Կինեմա Ջունպո» | «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» | Հաղթանակ | |
Լոկարնոյի կինոփառատոն | «Հանդիսատեսի ընտրություն» | Հաղթանակ | |
Լոնդոնի կինոփառատոն | Սաթյաջիտ Ռայյի անվան կինոմրցանակ | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Հաղթանակ |
Մյունխենի կինոփառատոն | Բերնհրադ Վիկկիի մրցանակ | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Հաղթանակ |
Հայ-Ֆոլսի կինոփառատոն | «Հանդիսատեսի ընտրություն» | Հաղթանակ | |
Ավստրալիայի կինոքննադատների շրջանակ | «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» | Հաղթանակ | |
Լոնդոնի կինոքննադատների շրջանակ | «Տարվա արտասահմանյան ֆիլմ» | Հաղթանակ | |
«Տարվա սցենարիստ» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Հաղթանակ | |
«Տարվա դերասան» | Ուլրիխ Մյուե | Առաջադրում | |
«Տարվա ռեժիսոր» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Առաջադրում | |
Նյու Յորքի կինոքննադատների շրջանակ | «Օտարալեզու լավագույն ֆիլմ» | Հաղթանակ | |
Իսպանիայի կինոքննադատների շրջանակ | «Լավագույն օտարալեզու ֆիլմ» | Հաղթանակ | |
Մոնրեալի նոր կինոյի փառատոն | «Հանդիսատեսի ընտրություն» | Հաղթանակ | |
Վանկուվերի միջազգային կինոփառատոն | «Ամենատարածված ֆիլմ» | Հաղթանակ | |
Դենվերի միջազգային կինոփառատոն | «Լավագույն ֆիլմ» | Հաղթանակ | |
Պալմ Սփրինգի միջազգային կինոփառատոն | «Հանդիսատեսի ընտրություն» | Հաղթանակ | |
Փորտլենդի միջազգային կինոփառատոն | «Լավագույն ֆիլմ» | Հաղթանակ | |
«Լավագույն նոր ռեժիսոր» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Հաղթանակ | |
Ռոտերդամի միջազգային կինոփառատոն | «Հանդիսատեսի ընտրություն» | Հաղթանակ | |
«Նոր դեմք» | «Նոր դեմք» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Հաղթանակ |
Իտալացի լրագրողների ազգային միություն | «Եվրոպական արժաթե ժապավեն» | Մարտինա Գեդեկ | Հաղթանակ |
«Անկախ ոգի» | «Լավագույն օտարալեզու ֆիլմ» | Հաղթանակ | |
«Գերմանական մրցանակ» | «Լավագույն ֆիլմ» | Հաղթանակ | |
«Ռեժիսորական լավագույն աշխատանք» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Հաղթանակ | |
«Տղամարդու լավագույն դեր» | Ուլրիխ Մյուե | Հաղթանակ | |
«Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատար» | Ուլրիխ Տուկուր | Հաղթանակ | |
«Լավագույն սցենար» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Հաղթանակ | |
«Օպերատորական լավագույն աշխատանք» | Հեյգեն Բոգդանսկի | Հաղթանակ | |
Բեմադրող նկարիչի լավագույն աշխատանք | Սիլկե Բյուր | Հաղթանակ | |
«Լավագույն երաժշտություն» | Ստեփան Մուչա, Գաբրիել Յարեդ | Առաջադրում | |
Հագուստի լավագույն դիզայն | Գաբրիել Բինդեր | Առաջադրում | |
Լավագույն մոնտաժ | Պատրիցիա Ռոմել | Առաջադրում | |
«Լավագույն ձայն» | Գուբերտուս Ռատ, Քրիստոֆ ֆոն Շյոնբուրգ, Առնո Ուիլմս | Առաջադրում | |
«Օսկար» | «Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար» | Հաղթանակ | |
«Լեհական մրցանակ» | «Լավագույն եվրոպական ֆիլմ» | Հաղթանակ | |
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ | «Լավագույն անկախ արտասահմանյան ֆիլմ» | Հաղթանակ | |
Իռլանդական կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության մրցանակ | «Լավագույն միջազգային ֆիլմ» | Հաղթանակ | |
«Լավագույն միջազգային դերասան» | Ոլրիխ Մյուէ | Առաջադրում | |
«Սեզար» | «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» | Հաղթանակ | |
«Արբանյակ» մրցանակ | «Օտարալեզու լավագույն ֆիլմ» | Հաղթանակ | |
«Լավագույն երաժշտւթյուն» | Գաբրիել Յարեդ | Հաղթանակ | |
«Տուրյա» մրցանակ | «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» | Հաղթանակ | |
«Խլոտրուդիս» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրում | |
«Լավագույն օրիգինալ սցենար» | Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20200301175940/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/the-lives-of-others.5176
- ↑ 2,0 2,1 http://www.nytimes.com/2008/01/25/movies/25mont.html
- ↑ 3,0 3,1 http://www.nytimes.com/2007/02/09/movies/09live.html
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 http://www.filmaffinity.com/es/film381846.html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 europeanfilmawards.eu
- ↑ 6,0 6,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 7,0 7,1 http://www.kinokalender.com/film3035_das-leben-der-anderen.html
- ↑ 8,0 8,1 filmportal.de — 2005.
- ↑ http://www.imdb.com/title/tt0405094/
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 https://www.siamzone.com/movie/m/4410
- ↑ http://www.cinemarx.ro/filme/Das-Leben-der-Anderen-Vietile-altora-120833.html
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 http://www.imdb.com/title/tt0405094/fullcredits
- ↑ 13,0 13,1 13,2 http://www.bbfc.co.uk/releases/das-leben-der-anderen-lives-others-film
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 https://web.archive.org/web/20190720123534/https://www.europeanfilmacademy.org/2006.104.0.html
- ↑ «The Lives of Others (2007)». Box Office Mojo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ 18,0 18,1 Riding, Alan (7 января 2007). «Behind the Berlin Wall, Listening to Life». New York Times. Վերցված է 2007 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 Александра Лайт. (2 января 2011). «Детективная Венеция» (ռուսերեն). Новый взгляд. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Director's Statement». Sony. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Andreas Kilb. Verschwörung der Hörer(գերմ.) // Frankfurter Allgemeine Zeitung. — 2006. — № 22 марта. — С. 35.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Ein Oscar "aus" Heiligenkreuz» (գերմաներեն). stift-heiligenkreuz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Ich kann den Berg noch einmal erklimmen(գերմ.) // Stern. — Март 2007. — № 14.
- ↑ Matthias Ehlert. Der Freund auf meinem Dach(գերմ.) // Welt am Sonntag. — Февраль 2006. — № 12. — С. 59.
- ↑ 26,0 26,1 Podhoretz, John. (2007 թ․ մարտի 12). «Nightmare Come True». The Weekly Standard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Lives of Others set for Hollywood remake». Լոնդոն: The Guardian. 2007 թ․ մարտի 1. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 «Soundtrack Information» (անգլերեն). Soundtrack.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Podhoretz, John. (2007 թ․ հուլիսի 25). «Ulrich Muhe RIP». National Review Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Buckley, Jr., William F. (2007 թ․ մայիսի 23). «Great Lives». National Review Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Miller, John. (2009 թ․ փետրվարի 23). «The Best Conservative Movies». National Review Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Elley, Derek. (2006 թ․ հունիսի 11). «The Lives of Others». Variety. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Ричард Корлисс. 10 лучших фильмов. — 24 декабря 2007. — С. 40.
- ↑ Ebert, Roger. (2007 թ․ սեպտեմբերի 21). «The Lives of Others». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 35,0 35,1 Zacharek, Stephanie. (2007 թ․ փետրվարի 9). «The Lives of Others». Salon.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Rosenblatt, Josh. (2007 թ․ մարտի 2). «The Lives of Others». Austin Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Schwarzbaum, Lisa. (2007 թ․ փետրվարի 2). «Movie Review: The Lives of Others (2007)». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ 38,0 38,1 38,2 38,3 38,4 «"Why Dictators Fear Artists" (2007)». First Things. 2007 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 39,0 39,1 Scott, A.O. (2007 թ․ փետրվարի 9). «A Fugue for Good German Men». The New York Times. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Davis, Clive. (2007 թ․ մայիսի 13). «Very Still Lives». The Spectator Blog at The Spectator Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Drum, Kevin. (2007 թ․ մայիսի 14). «Political Animal». The Washington Monthly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 42,0 42,1 42,2 Ирина Щербакова (октябрь 2007). «Гудбай, «Штази». «Жизнь других», режиссёр Флориан Хенкель фон Доннерсмарк» (ռուսերեն). Искусство кино. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Turan, Kenneth. (2006 թ․ դեկտեմբերի 1). «The Lives of Others». The Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Zizek, Slavoj. (2007 թ․ մայիսի 18). «The Dreams of Others». In These Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ 45,0 45,1 Fundler, Anna. (2007 թ․ մայիսի 5). «Tyranny of Terror». Лондон: The Guardian.
- ↑ «The ghosts are leaving the shadows» (անգլերեն). signandsight.com. 2006 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Nickerson, Colin. (2006 թ․ մայիսի 29). «German film prompts open debate on Stasi: A forbidden topic captivates nation». The Boston Globe.