Ուղեգրություն, ճանապարհորդի գրառումները՝ ուղևորության, այցելած երկրների ու բնակչության, կենցաղի և հասարակական կյանքի վերաբերյալ։ Ուղեգրությունները բազմաբնույթ են (նկարագրողական, տեղեկատու, գիտաճանաչողական, փիլիսոփայական, գեղարվեստական, արկածային և այլն), կապված հեղինակի նպատակադրման հետ։ Ուղեգրությունը գրական ստեղծագործության տեսակ է, որը գրվում է ճանապարհորդության ընթացքում կամ դրանից հետո և ընդգրկում է հուշեր, մեմուարներ ճանապարհորդության ընթացքում հանդիպած մարդկանց, այցելած վայրերի և ստացած տպավորությունների մասին։ Ուղեգրություն ժանրն ընդգրկում է բնության մասին նկարագրություններ, ուղեցույց գրքեր, ճանապարհորդական նոթեր և հուշագրություններ[1]։ Արևմտյան գրականության մեջ ճանապարհորդական վաղ շրջանի հուշագիրներից մեկը եղել է 2-րդ դարի հույն աշխարհագրագետ, աշխարհագիր Պավսանիասը։ Նոր ժամանակաշրջանի սկզբներին Ջեյմս Բոսուելի «Շրջագայություն Հեբրիդներում» (1786) գիրքն օգնեց ձևավորելու ճանապարհորդական նոթերը որպես առանձին գրական ժանր։

Պատմություն

խմբագրել
 
Քրիստափոր Կոլումբոսի ձեռագիր նշումները Մարկո Պոլոյի «Il Milione»-ի լատիներեն հրատարակության էջերին

Ուղեգրությունների վաղ օրինակներից է Պավսանիասի «Հունաստանի նկարագրություն» երկը 2-րդ դարում, Ջերալդ Ուելսցու «Ճանապարհորդություն Ուելսով» (1191) և «Ուելսի նկարագրություն» (1194) երկերը, ինչպես նաև Իբն Ջուբայրի (1145-1214) և Իբն Բատուտայի (1304-1377) ճանապարհորդական գրառումները, որոնք արդեն հայտնի երկրների մանրամասն նկարագրություններ են։ Ուղեգրության ժանրը շատ տարածված էր միջնադարյան արաբական գրականության մեջ[2]։ Ճանապարհորդական նոթերի ժանրը մեծ տարածում գտավ միջնադարյան Չինաստանի Սուն դինաստիայի տարիներին (960–1279)[3]: Ժանրը կոչվում էր «ճանապարհորդական գրառումների գրականություն» և հաճախ գրի էր առնվում արձակի, էսսեի կամ օրագրի ոճով[4]։ Աշխարհագիր հեղինակներ Ֆան Չենդան և Սյու Սյակեն իրենց երկերը հարստացրել են աշխարհագրական և տեղագրական տեղեկություններով, մինչդեռ նշանավոր պոետ և պետական գործիչ Սու Շին իր «Քարե զանգ լեռան պատմությունը» ճանապարհորդական էսսեի առանցքային նպատակը կառուցել է փիլիսոփայական և բարոյախրատական բանավեճի հիմքում[5]։ Ճանապարհորդությունից հաճույք ստանալու, ճանապարհորդելու և դրա մասին գրի առնելու մեզ հայտնի ամենավաղ օրինակներից մեկը Պետրարկայի (1304-1374) «Վերելք Վանտու լեռ» երկն է՝ գրված 1336 թվականին։ Նա նշել է, որ ինքը բարձրացավ լեռը նշանավոր բարձունքը տեսնելու հաճույքը վայելելու համար։ Լեռան ստորոտում մնացած իր ուղեկիցներին Պետրարկան անվանել է «frigida incuriositas»՝ «հետաքրքրասիրությունից զուրկ էակներ»։ Այնուհետև նա պատմում է վերելքի մասին՝ այլաբանորեն համեմատելով լեռ մագլցելն իր սեփական բարոյական առաջընթացի հետ։ 18-րդ դարում ճանապարհորդական գրականություն էին կոչվում ճամփորդական օրագրերը[6]։ 18-րդ դարի Բրիտանիայում գրեթե բոլոր քիչ թե շատ հայտնի գրողները ստեղծագործում էին ուղեգրությունների ժանրում[7]։ Նավապետ Ջեյմս Կուկի օրագրերը (1784) համարժեք կարող են լինել այսօրվա բեսթսելլերներին[8]։ Ալեքսանդր Հումբոլդտի ճանապարհորդական նոթերը, որոնք նա գրի էր առել Հարավային Ամերիկայի հասարակածային շրջաններ կատարած արշավների ժամանակ՝ 1799-1804 թվականներին, սկզբում հրատարակվելով ֆրանսերեն, թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և մեծ ազդեցություն են ունեցել հետագա մի շարք բնագետների՝ ներառյալ Չարլզ Դարվինի աշխատությունների վրա։ Ավելի ուշ շրջանի ուղեգրությունները ընդգրկում են Գրան տուրի մասնակիցների գործերը։ Միջոցներ և ազատ ժամանակ ունեցող ազնվականներն ու հոգևորականները ճանապարհորդում էին Եվրոպայում, ուսումնասիրում դրա արվեստն ու ճարտարապետությունը։ Ճանապարհորդական գրականության պիոներներից մեկը Ռոբերտ Լուիս Սթիվենսոնն էր՝ Սևեններ կատարած իր ճանապարհորդությունների մասին ուղեգրություններով։ Այդ գրքերը նշանավոր էին հատկապես արշավների, վրանային գիշերակացի ու առաջին քնապարկերի գործածության նկարագրություններով[9][10][11][12]։

Ճանապարհորդական գրքեր

խմբագրել

Ճանապարհորդական գրքերն իրենց ոճով ներառում են վավերագրականից մինչև լրագրողական ժանրը, հումորային մեմուարներից մինչև լուրջ ուսումնասիրությունները։ Նրանք հաճախ են զուգակցվում զբոսաշրջության հետ և ներառում են նաև ուղեցույց գրքերը[13]։ Ճանապարհորդական նկարագրություններ կարելի է գտնել վեբ կայքերում, պարբերականներում, բլոգներում և գրքերում։ Ճանապարհորդական գրքեր գրել են բազմաթիվ հեղինակներ՝ ներառյալ ճանապարհորդներ, ռազմական գործիչներ, միսիոներներ, հետազոտողներ, գիտնականներ, ուխտագնացներ, հասարակական գործիչներ, մանկավարժներ և արտագաղթողներ։ Ճանապարհորդական գրականությունը հաճախ զուգակցվում է էսսեի ժանրի հետ, ինչպես Նայփոլի «Հնդկաստան. վիրավոր քաղաքակրթություն» գրքում (1976)։ Հեղինակի ուղևորությունը Հնդկաստան վերածվում է երկրի ու ժողովրդի լայնածավալ ու խորը ուսումնասիրության։ Նմանատիպ աշխատություն է նաև Ռեբեկա Ուեսթի «Սև գառն ու մոխրագույն բազեն» գիրքը (1941), որում արտացոլված են Հարավսլավիայում կատարած նրա շրջագայությունները[14]։ Երբեմն գրողը մի որոշ ժամանակով բնակություն էր հաստատում ինչ-որ բնակավայրում, կլանում տեղանքի մասին ամեն մի տեղեկություն՝ շարունակելով ուսումնասիրել շրջապատը ճանապարհորդ-գրողի տեսանկյունից։ Այդպիսի երկերի օրինակներ են Լոուրենս Դարրելի «Դառը կիտրոններ» (1957), Դեբորա Թոլի «Սպիտակ կովի կղզին․ հուշեր իռլանդական կղզուց» (1986)[15] և Փիթեր Մեյլի «Մի տարի Պրովանսում» (1989) ստեղծագործությունները։ Ճանապարհորդություններն ու բնությունը ձուլվում են Սալլի Քարիգարի, Ջերալդ Դարրելի և Իվան Սանդերսոնի ստեղծագործություններում։ Ջերալդ Դարրելի «Ընտանիքս և ուրիշ կենդանիներ» (1956) ստեղծագործությունը բրիտանացի բնագետի ինքնակենսագրականն է։ Այն պատմում է նրա մանկության տարիների մասին, որն անցկացրել էր քույրերի, եղբոր և այրիացած մոր հետ Կորֆու կղզում 1935-1939 թվականներին։ Դարրելների կյանքը հեղինակը նկարագրում է հումորային նրբերանգներով և ավելացնում կղզու կենդանական աշխարհի մասին ընդարձակ ուսումնասիրություն։ Այն Դարրելի «Կորֆույական եռագրության» առաջին և ամենահայտնի երկն է՝ «Թռչուններ, գազաններ և ազգականներ» և «աստվածների պարտեզը» գրքերի հետ մեկտեղ (1978)։ Իվան Սանդերսոնը հրատարակեց «Կենդանական գանձը»՝ այն ժամանակ բրիտանական Արևմտյան Աֆրիկայի ջունգլիներ կատարած արշավների մասին, «Կարիբյան գանձը»՝ Տրինիդադ, Հաիթի և Սուրինամ կատարած արշավների (1936-1938) ամփոփ նկարագրությունը և «Ապրող գանձը» Ջամայկա, բրիտանական Հոնդուրաս (այժմ՝ Բելիզ) և Յուկատան կատարած արշավների մասին գրքերը։ Այս գրողները բնագետներ էին և ստեղծագործում էին իրենց ուսումնասիրության առարկայի՝ բնագիտության տեսանկյունից։ Մեկ այլ բնագետ՝ Չարլզ Դարվինը իր ամենահայտնի «Բնագետի ճամփորդությունը «Բիգլ» նավի վրա» ճանապարհորդական հուշագրության մեջ միավորել է գիտությունը, բնագիտության պատմությունը և ճանապարհորդությունը[16]։ Այլ բնագավառների մի շարք գրողներ ևս գրել են իրենց ճանապարհորդական փորձառության մասին։ Նրանցից են Սեմյուել Ջոնսոնը («Ուղևորություն Շոտլանդիայի արևմտյան կղզիներ» 1775), Չարլզ Դիքենսը («Ընդհանուր շրջագայությունների ամերիկյան նոթեր» 1842), Հիլարի Բելոքը («Հռոմ տանող արահետը» 1902), Մերի Ուոլսթոնքրաֆտը («Նամակներ գրված Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում ապրած օրերին» 1796), Դեյվիդ Հերբերթ Լոուրենսը («Մթնշաղն Իտալիայում և ուրիշ էսսեներ» 1916, «Առավոտները Մեքսիկայում և ուրիշ էսսեներ» 1927), Ռեբեկա Ուեսթը («Սև գառը և մոխրագույն բազեն» 1941), Ջոն Ստայնբեքը («Ճանապարհորդություն Չառլիի հետ, Ամերիկան փնտրելիս» 1962)[17]։

Արկածային գրականություն

խմբագրել

Նավարկությունների մասին պատմություններում դասական օրինակ է Ջոշուա Սլոքամի «Միայնակ պտտվելով աշխարհի շուրջը» (1900) արկածային գիրքը[18]։ 1895 թվականին նա սկսում է նավարկությունը Բոստոնից[19] և գրքում նկարագրում է այդ շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Ավելի քան երեք տարի անց, 1898 թվականի հունիսի 27-ին նա վերադառնում է Նյուպորտ, Ռոդ Այլենդ, կատարելով շուրջերկրյա նավարկություն։

Ուղեցույց գրքեր

խմբագրել
 
Քլեյֆ Սթեյշնը կառուցվել էր Թոմաս Ուեսթի կողմից, որպես դիտակետ, որը թույլ է տալիս ճանապարհորդներին և նկարիչներին ստանալ անգլիական լճերի շրջանի առավել գեղատեսիլ պատկերը

Ուղեցույց գիրքը կամ ճանապարհորդական ուղեցույցը զբոսաշրջիկներին ու այցելուներին հասցեաուղղված գիրք է, որը պարունակում է տվյալ վայրերի մասին տեղեկություններ[20]։ Ուղեցույց գրքի վաղ օրինակներից է Թոմաս Ուեսթի 1778 թվականին հրատարակված Անգլիայի լճերի շրջանը նկարագրող ուղեցույց գիրքը[21]։ Ուղեցույց գրքերը պարունակում են կեցության, ռեստորանների, տրանսպորտի և զբաղմունքների մասին բազմաթիվ մանրամասներ։ Հաճախ դրանց կցվում են պատմական և մշակութային տեղեկություն պարունակող քարտեզներ։ Գոյություն ունեն տարբեր տեսակի ուղեցույց գրքեր, կախված ուղևորության տարբեր նպատակներից՝ սկսած արկածայինից մինչև պասիվ հանգիստ կամ գործնականից մինչև մշակութային։ Ուղեցույց գրքերը նաև վերածվում են ճանապարհորդական կայքէջերի։

Մրցանակներ

խմբագրել

Գոյություն ունեն ճանապարհորդական գրքերի համար նախատեսված գրական մրցանակներ, ինչպես՝«Թոմաս Կուկի մրցանակը», որը շնորհվել է 1980-2004 թվականներին, «Դոլմանի լավագույն ուղեգրության մրցանակը», որը սկսել է շնորհվել 2006 թվականից ի վեր։ Հյուսիս-ամերիկյան ճանապարհորդական լրագրողների ասոցիացիան կազմակերպում է ամենամյա մրցույթ ճանապարհորդ-լրագրողների համար մի շարք անվանակարգերով, ներառյալ տպագիր և առցանց մեդիան[22]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Cuddon, J. A. (1999). The Penguin Dictionary of Literary Terms and Literary Theory. London: Penguin Books. էջ 937.
  2. El-Shihibi, Fathi A. (2006). Travel Genre in Arabic Literature: A Selective Literary and Historical Study (Originally presented as the author's thesis (Ph.D.--Boston University, 1998)). Boca Raton, Fla: Dissertation.com. ISBN 1-58112-326-4.
  3. Hargett 1985, p. 67.
  4. Hargett 1985, pp. 67–93.
  5. Hargett 1985, pp. 74–76.
  6. Stolley 1992, p. 26.
  7. Fussell 1963, p. 54.
  8. Glyndwr Williams, Captain Cook's Voyages: 1768–1779. London: The Folio Society, 1997, p. xxxii.
  9. Adkins, Barbara; Eryn Grant. «Backpackers as a Community of Strangers: The Interaction Order of an Online Backpacker Notice Board» (PDF). Qualitative Sociology Review. 3 (2): 188–201. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. «Global Grasshopper Travels». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. Travel with a Donkey in the Cevennes (1879); Re the first sleeping bag in 1876 [1]
  12. «The Inventor of Traveling – The First Backpacker in the World?». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  13. Traveller, Unknown. Exploring the world through the experience of an unknown traveller : City of London - First in Series (English).{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. West, Rebecca, intr. Geoff Dyer, (2006). Black Lamb and Grey Falcon: A Journey Through Yugoslavia. Edinburgh.
  15. Bonnie Gross, "'White Cow` Absorbing Account Of Irish Island The Island Of The White Cow: Memories Of An Irish Island. By Deborah Tall". March 2, 1986, News/Sun-Sentinel.
  16. "Review of Narrative of the Surveying Voyages of H.M.S. Adventure and Beagle between the Years 1826 and 1836 ... & Journal of Researches into the Geology and Natural History of the various Countries visited by H.M.S. Beagle ...". The Quarterly Review. 65: 194–234. December 1839.
  17. "Sorry, Charley", Bill Steigerwald, Reason, April 2011 "A Reality Check for Steinbeck and Charley", Charles McGrath, New York Times, April 3, 2011
  18. Joshua Slocum Society: [2] Արխիվացված 2010-01-10 Wayback Machine.
  19. Slocum (1899), Sailing Alone Around the World
  20. New Oxford American Dictionary
  21. Thomas West, (1821) [1778]. A Guide to the Lakes in Cumberland, Westmorland, and Lancashire. Kendal: W. Pennington.
  22. Leon, Yanira. «Competition Rules and Guidelines». natja.memberclicks.net (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Տես՝ itinerary Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիճամփորդն ունի Travel writingին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։