Ջերալդ Դարրել

բրիտանացի բնագետ, կենդանաբան

Ջերալդ Մալքոլմ Դարրել, (անգլ.՝ Gerald Malcolm Durrell, հունվարի 7, 1925(1925-01-07)[1][2][3][…], Ջամշեդպուր, Bihar and Orissa Province, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 30, 1995(1995-01-30)[1][2][3][…], Ջերսի), բրիտանացի բնագետ, կենդանաբան, բնապահպան, գրող և հեռուստատեսային հաղորդավար։ 1959 թվականին Նորմանդյան Ջերսի կղզում հիմնադրել է վայրի բնության պահպանման ազգային պարկ, որն այժմ կրում է նրա անունը։ Մի շարք գրքերի հեղինակ է, որոնք հիմնված են նրա՝ որպես կենդանաբանի, կյանքի և փորձառության վրա։ Նրա որոշ գրքերը հասցեագրված են պատանիներին։

Ջերալդ Դարրել
անգլ.՝ Gerald Malcolm Durrell
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1925(1925-01-07)[1][2][3][…]
ԾննդավայրՋամշեդպուր, Bihar and Orissa Province, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհունվարի 30, 1995(1995-01-30)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրՋերսի
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, կենսաբան, կոնսերվացիոնիստ, հաղորդավար, բնագետ, կենդանաբան և ճանապարհորդ
ԱշխատավայրJersey Zoo?
ԱմուսինJacquie Durrell? և Lee McGeorge Durrell?
Ծնողներհայր՝ Lawrence Samuel Durrell?[4], մայր՝ Louisa Durrell?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա և Ոսկե տապանի շքանշան
 Gerald Durrell Վիքիպահեստում

Ջերալդ Դարրելը վիպասան Լոուրենս Դարրելի կրտսեր եղբայրն է։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Դարրելը ծնվել է 1925 թվականի հունվարի 7-ին, Բրիտանական Հնդկաստանի Ջամշեդպուր քաղաքում[5]։ Նա Բրիտանական Հնդկաստանում ծնված և իռլանդական արմատներ ունեցող ծնողների՝ Լուիզա Ֆլորենս Դիքսիի և Լոուրենս Սեմյուել Դարրելի չորրորդ և վերջին երեխան էր։ Դարրելի հայրը բրիտանական ինժեներ էր և ինչպես սովորաբար լինում է նման ընտանիքներում, փոքրիկ Ջերալդը հաճախ էր մնում դայակի խնամքին։ Դայակի ուղեկցությամբ էլ նա առաջին անգամ այցելում է կենդանաբանական այգի, և հենց այդ ժամանակից ի վեր ծնունդ է առնում նրա սերը կենդանական աշխարհի և կենդանիների նկատմամբ, սեր, որը տևելու էր մինչև կյանքի վերջը։ Հոր մահից հետո՝ 1928 թվականին, Դարրելների ընտանիքը տեղափոխվում է Մեծ Բրիտանիա և հաստատվում հարավային Լոնդոնի Վերին Նորվուդ թաղամասում, Բյուրեղապակյա պալատի մոտակայքում[6]։ Դարրելն ընդունվում է Վիքվուդի դպրոց, սակայն դասերից հաճախ էր բացակայում առողջական խնդիրների պատճառով[7]։

Կորֆու խմբագրել

1935 թվականին տիկին Դարրելը իր երեք երեխաների՝ Լեսլիի, Մարգարետի և Ջերալդի հետ տեղափոխվում է Հունաստանի Կորֆու կղզի, միանալու ավագ որդուն՝ Լոուրենսին, որն ապրում էր այնտեղ իր կնոջ հետ։ Հենց Կորֆուում էր, որ Ջերալդը սկսեց հավաքել և տանը խնամել տեղի ֆաունայի ներկայացուցիչներին։ Ընտանիքը Կորֆուում ապրեց մինչև 1939 թվականը։ Այս ժամանակամիջոցը հետագայում հիմք հանդիսացավ նրա «Իմ ընտանիքը և ուրիշ կենդանիներ», «Թռչուններ, գազաններ և ազգականներ» և «Աստվածների պարտեզը» գրքերի և մի քանի պատմվածքների համար, որոնցից է «Իմ ավանակ Սալլին»։ Կորֆուում ապրելու ընթացքում Դարրելը տնային ուսուցում էր անցնում, նրա հետ պարապում էին մասնավոր ուսուցիչներ և ընտանիքի բարեկամներ, հիմնականում ավագ եղբոր՝ Լոուրենսի ընկերները (Լոուրենսը հետագայում դարձավ աշխարհահռչակ վիպասան)։ Թեոդոր Ստեֆանիդեսը՝ հույն բժիշկ, գիտնական, բանաստեղծ, փիլիսոփա և Դարրելի մասնավոր ուսուցիչներից մեկի ընկերը, դարձավ Դարրելի լավագույն ընկերը և դաստիարակը, որի գաղափարները մեծ ազդեցություն ունեցան երիտասարդ բնագետի վրա։ Միասին նրանք ուսումնասիրում էին Կորֆուի կենդանական աշխարհը, որի ներկայացուցիչներին Դարրելը տեղավորում էր տարբեր փորձանոթներում և տուփերում և տանում տուն։ Ստեֆանիդեսի դուստրը՝ Ալեքսիա Մերկուրին (ծնված 1929 թ.) ուղեկցել է նրանց երկու արշավների ժամանակ։ Ներկայումս (2017 թ. ապրիլի տվյալներով) Ալեքսիան միակ ողջ մնացած ականատեսն է այդ ժամանակաշրջանի և պնդում է, որ երկու ընտանիքներն էլ հույս ունեին, որ նա և Ջերին մի օր կամուսնանան, սակայն այդ հեռանկարին խանգարեց 1939 թվականին բռնկված Երկրորդ համաշխարհայինը[8]։ Այս տարիների ընթացքում, ըստ Դարրելի, նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև ֆրանսիացի բնագետ Ժան Հենրի Ֆաբրի աշխատությունները։

Ուիփսնեյդի կենդանաբանական այգի խմբագրել

 
Ուիփսնեյդի կենդանաբանական այգու նախկին մուտքը

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց անմիջապես հետո Ջերալդը, նրա մայրը, եղբայրը՝ Լեսլին և նրանց հույն աղախին Մարիա Կոնդոսը տեղափոխվեցին Մեծ Բրիտանիա։ Պատերազմի և դրան հաջորդող տարիների ընթացքում շատ դժվար էր աշխատանք գտնել, հատկապես Ջերալդի պես մեկի համար, որը տնային կրթություն էր ստացել, սակայն նախաձեռնող և եռանդուն Ջերին շուտով աշխատանք գտավ ընտանի կենդանիների խանութում՝ որպես վաճառողի օգնական։ Այս ժամանակահատվածում նրա կրած դժվարությունների մասին կարելի է գտնել նրա «Պտղատու բլիթներ» գրքում։ 1943 թվականին եկավ Ջերալդի զորակոչային տարիքը, սակայն առողջական խնդիրների պատճառով նա ազատվեց զինվորական պարտականություններից։ Փոխարենը նրան պատվիրվեց աշխատել մի ագարակում, որը մթերք էր մատակարարում ռազմաճակատին։ Պատերազմից հետո Ջերալդը աշխատանքի անցավ Ուիփսնեյդի կենդանաբանական այգում, որպես կրտսեր աշխատակից։ Այս տեղափոխությունն իրականացրեց նրա կյանքի երազանքը՝ «Գրասենյակային տախտակը» գրքում նա պնդում է, որ առաջին բառը, որ ինքը կարողացել է պարզորոշ արտաբերել, եղել է «Zoo» (գազանանոց) բառը։ Կենդանաբանական այգում անցկացրած տարիներն արտացոլվում են նրա «Իմ աշտարակի գազանները» գրքում։

Կենդանաբանական վաղ ուսումնասիրություններ խմբագրել

1946 թվականին Դարրելը թողնում է Ուիփսնեյդի կենդանաբանական այգին, որպեսզի միանա վայրի բնության արշավներին, սակայն նրան մերժում են վերցնել՝ պատճառաբանելով փորձի բացակայությունը։ Այնուամենայնիվ, 1947 թվականին Դարրելը սկսում է իր վայրի բնության ուսումնասիրությունները՝ մեկնելով բրիտանական Կամերուն (այժմյան Կամերունի մի մասը)։ Դարրելն ուղեկցում էր թռչնաբան Ջոն Յիլանդին և իր հետ վերցրել էր հորից իրեն թողնված ամբողջ ժառանգությունը՝ երեք հազար ֆունտ ստերլինգ, որը տնօրինելու իրավունք ուներ քսանմեկը լրանալուն պես։ Վերադառնալով, նա իր հետ բերած կենդանիները վաճառեց Լոնդոնի, Չեսթերի, Փեինգթոնի և Բրիստոլի կենդանաբանական այգիներին և Մանչեսթերի «Բելլե Վուի» կենդանաբանական կենտրոնին։ Այդ ժամանակվանից ի վեր՝ տասնամյակներ շարունակ, նա մեկնում էր նման արշավների, որոնց ընթացքում էլ հայտնի դարձավ վայրի բնության պահպանության ուղղությամբ ձեռնարկած իր գործունեության համար։ 1949 և 1950 թվականներին նա կրկին մեկնեց բրիտանական Կամերուն և բրիտանական Գայանա (այժմ՝ Գայանա)։ Այս անգամ նրան ուղեկցում էր Ուիփսնեյդի կենդանաբանական այգու իր գործընկերը՝ Քեն Սմիթը։ Այս արշավներից առաջինի ժամանակ նա հանդիպեց և բարեկամացավ Բաֆուտի խորամանկ և գունագեղ առաջնորդի՝ Աչիրիմբի II-ի հետ, որն էլ օգնեց նրան կազմակերպելու հետագա առաքելությունները։

Իր նվիրումի շնորհիվ Դարրելը ընտելացնում և կերակրում էր իր բռնած կենդանիներին հնարավոր ամենալավ միջոցներով՝ երբեք իրար գլխի չէր հավաքում դրանց, երբեք թակարդ չէր լարում այնպիսի գազանների համար, որոնց հարկավոր էր միայն ցուցադրել, կամ այնպիսիների, որոնց կարող էր վաճառել մեծ գումարներով։ Սրանով նա տարբերվում էր այդ ժամանակների մյուս կենդանիներ որսացողներից և արդյունքում Լոնդոնի կենդանաբանական այգու կառավարիչ Ջորջ Կանսդեյլը իջեցրեց նրա պաշտոնը։ Սա հանգեցրեց այն բանին, որ բրիտանական կենդանաբանական ամբողջ համայնքը հրաժարվեց նրա ծառայություններից և նա ստիպված եղավ որոշ ժամանակ բավարարվել Մանչեսթերի «Բելլե Վուի» կենդանաբանական կենտրոնի ակվարիումում ստանձնած աշխատանքով։

1951 թվականի փետրվարի 26-ին, տևական սիրահետումից հետո նա ամուսնացավ Ջեքի Սոնիա Ուոլֆենդենի հետ՝ նրանք ծածուկ գրանցեցին իրենց ամուսնությունը, քանի որ աղջկա հայրը դեմ էր դրան։ Զույգը սկզբում ապրում էր Ջերալդի քրոջ՝ Մարգարետի տանը։ Ջեքին սիրով ընկերակցում էր Ջերալդին նրա հետագա արշավների ժամանակ և օգնեց Նորմանդյան Ջերսի կղզում հիմնադրել և կազմակերպել կենդանաբանական այգի։ Այգին պահելու համար գումար հայթայթելու նպատակով Ջեքին նաև գրեց երկու երգիծական հուշագրություններ, որոնք լայն արձագանք ստացան ընթերցողների շրջանում։

Ջեքիի աջակցությամբ և քաջալերությամբ[9], ինչպես նաև ավագ եղբոր՝ Լոուրենսի խորհրդով, Ջերալդ Դարրելը սկսեց գրել երգիծական ինքնակենսագրական շարքեր՝ սկզբում քանի որ բաժանվել էր Ջեքիից և մնացել էր առանց միջոցների և ապա՝ իր հետագա արշավների համար գումար հայթայթելու նպատակով։ Նրա առաջին գիրքը՝ «Ծանրաբեռնված տապանը», մեծ հաջողություն ունեցավ և դա էր պատճառը, որ Դարրելը շարունակեց գրել ուրիշ գրքեր ևս։ Գրքի համար բրիտանական «Faber and Faber» հրատարակչությունը նրան 50 ֆունտ վճարեց, մինչդեռ ամերիկյան «Viking Press»-ը գրքի տպագրության իրավունքի համար վճարեց 500 ֆունտ, որն էլ հնարավորություն տվեց Դարրելին, որ 1954 թվականին ձեռնարկի իր չորրորդ արշավը դեպի Հարավային Ամերիկա։ Այդ ուղևորությունը, այնուամենայնիվ համընկավ Պարագվայում ծայր առած քաղաքական հուզումների հետ և հաջողություն չունեցավ։

Ջերսիի կենդանաբանական այգու հիմնադրում խմբագրել

«Իմ ընտանիքը և ուրիշ կենդանիներ» գրքի հրատարակությունը 1956 թվականին մեծ հռչակ բերեց Դարրելին թե՛ որպես գրող և թե՛ որպես բնագետ։ Այն շատ արագ բեսթսելլեր դարձավ Միացյալ Թագավորությունում[10] և օգնեց Դարրելին ձեռնարկել իր հաջորդ հետազոտական արշավը։ Դարրելի աճող հիասթափությունը կապված այդ ժամանակների կենդանաբանական այգիների աշխատելաոճի հետ և նրա հավատը, որ այգիները գլխավորապես պիտի ծառայեն վտանգված տեսակների պահպանման և վերարտադրման համար[11], ստիպում էր նրան խորհել իր սեփական այգին հիմնելու մասին։ 1957 թվականին դեպի Կամերուն նրա երրորդ և վերջին այցելության նպատակը իր սեփական այգու համար հիմնական կենդանիներ հավաքելն էր։ Այս արշավը նաև նկարահանվեց. սա Դարրելի առաջին փորձն էր նկարահանելու կենդանիների հետ իր հետազոտական աշխատանքը։ «Բաֆուտի քերծեները» ֆիլմը և նրա ինքնակենսագրական «Հանդիպում կենդանիների հետ» ռադիոհաղորդումը Դարրելին տասնամյակներ շարունակ դարձրեցին ԲիԲիՍի-ի «Բնության պատմություն» բաժնի կանոնավոր մեկնաբան[12][13] և ֆոնդեր ապահովեցին նրա բնապահպանական նախագծերի համար։

Բաֆուտից վերադառնալով Դարրելը կնոջ` Ջեքիի հետ մնում էին Դարրելի քրոջ` Մարգարետի տանը, ծովափնյա առողջարանային Բորնմուտ քաղաքում։ Նա կենդանիներին տեղավորել էր քրոջ այգում, բակում, ավտոտնակում, մինչև որ մի հարմար տեղ կգտներ կենդանաբանական այգի հիմնելու համար[14]։ Սակայն թե՛ Բորնմուտի և թե՛ Փուլի քաղաքային իշխանությունները մերժեցին նրա առաջարկը՝ այգու համար տարածք տրամադրելու։ Այս շրջանի իրադարձությունները նկարագրվեցին նրա «Ուղեբեռս գազանանոց է» գրքում։

Կենդանաբանական այգի և հիմնադրամ խմբագրել

 
Դոդոները նստած հսկում են Դարրելի անվան վայրի բնության այգու դարպասները

1959 թվականին Նորմանդյան Ջերսի կղզում Դարրելը հիմնեց Ջերսիի կենդանաբանական պարկը (այժմ՝ Դարրելի անվան վայրի բնության այգի) և այնտեղ տեղավորեց իր կենդանիներին։ Այգու տարածքը նա գտավ պատահաբար՝ երկար և անհաջող փնտրտուքներից հետո։ Դարրելը վարձակալեց տարածքում տեղակայված կալվածքը, վերանախագծեց կալվածքի հողակտորները և հիմնեց իր այգին։ Ապա նա մի ուրիշ, ավելի հաջող հետազոտական արշավ ձեռնարկեց դեպի Հարավային Ամերիկա, որպեսզի հավաքի վտանգված տեսակներ։ Կենդանաբանական այգու բացումը տեղի ունեցավ 1959 թվականի մարտի 26-ին։ Ինչպես որ այգին էր ընդարձակվում չափերով, այնպես էլ ավելանում էին այն նախագծերի թիվը, որոնք կոչված էին փրկելու աշխարհի ուրիշ վայրերի վտանգի մեջ գտնվող կենդանիներին։ Դարրելը նախաձեռնեց ստեղծելու Ջերսիի վայրի բնության պահպանման ֆոնդը (այժմ՝ Դարրելի վայրի բնության պահպանման ֆոնդ)։ 1963 թվականի հուլիսի 6-ին ստեղծվեց ֆոնդը՝ դիմակայելու կենդանաբանական այգու, վայրի բնության և կենդանիների բնական կացարանների կառավարման ավելի դժվար մարտահրավերներին։

1971 թվականին ֆոնդը Միացյալ Նահանգներում միջազգային մասնաճյուղ բացեց՝ օժանդակելու միջազգային բնապահպանական ջանքերին մասնագիտական ձևերով։ Այդ տարի ֆոնդը գնեց այգու ամբողջ տարածքը նրա տիրոջից և այդպիսով մշտական վայր ապահովեց կենդանաբանական այգու համար։ Դարրելի նախաձեռնությունը պատճառ դարձավ, որ 1972 թվականին Ջերսիում «Բուսական և կենդանական աշխարհի պահպանման ընկերությունը» (անգլ.՝ Fauna and Flora Preservation Society) հրավիրի «Վտանգված տեսակների բուծման և պահպանման համաշխարհային կոնֆերանսը»՝ այսօր բնապահպանության բնագավառում ամենահեղինակավոր կոնֆերանսներից մեկը։ 1972 թվականին Արքայադուստր Աննան դարձավ ֆոնդի նվիրատուներից մեկը, ինչն էլ մեծացրեց ֆոնդի համբավը և ավելացրեց գումարների հանգանակությունը։ 1970-ական թվականներին Ջերսիի այգին դարձավ առաջատարը ֆլորայի և ֆաունայի վտանգված տեսակների բուծման ոլորտում և մասնավորապես այնպիսի տեսակների, ինչպիսիք են ցածրադիր վայրերի գորիլան և մավրիտանական բույսերը։

Դարրելը մի քանի անգամ այցելել է Մավրիտանիա և բնապահպան Կարլ Ջոնսի հետ մեկտեղ զբաղվել տեղական թռչունների, սողունների բուծմամբ, տեղացի մասնագետների կրթությամբ և վերապատրաստմամբ և տեղական բնապահպանական հարմարությունների կառուցմամբ։ Սա վերջնականապես հանգեցրեց այն բանին, որ 1984 թվականին հիմնվեց Մավրիտանիայի վայրի բնության ֆոնդը։

1979 թվականին Ջեքի Դարրելը ամուսնալուծվեց ամուսնուց՝ պատճառաբանելով նրա անդադար աշխատանքը, հարբեցողությունը և դրա առաջացրած սթրեսը։ Դարրելն իր երկրորդ կնոջը՝ Լի ՄաքՋորջ Դարրելին հանդիպեց 1977 թվականին, երբ դասախոսություն էր կարդում Դյուկի համալսարանում։ Նրանք ամուսնացան 1979 թվականին։ Լի Մաք Ջորջը Դարրելի մի քանի գրքերի համահեղինակն է, ներառյալ՝ «Սիրողական բնագետը», իսկ Դարրելի մահից հետո դարձավ Դարրելի ֆոնդի պատվավոր տնօրենը։

1978 թվականին Դարրելը կենդանաբանական այգում հիմնեց երիտասարդ բնապահպանների ուսուցման կենտրոն, կամ, իր բառերով ասած՝ «մինի-համալսարան»։ 2005 թվականի տվյալներով 104 տարբեր երկրների շուրջ հազար կենսաբաններ, բնագետներ, անասնաբույժներ և կենդանաբանական այգու ճարտարապետներ են հաճախել այդ միջազգային ուսուցման կենտրոնը։ 1982 թվականին Դարրելը «Աշխարհի բնապահպանական միությանը» կից կազմակերպեց «Կենդանիների բուծման մասնագետների խումբը»։ 1985 թվականին Դարրելը հիմնում է «Կանադայի վայրի բնության ֆոնդը»։ 1991 թվականին, երբ բրիտանական կենդանաբանական այգիները բավարար կերպով չէին ֆինանսավորվում և Լոնդոնի կենդանաբանական այգին փակվելու եզրին էր, Դարրելը պաշտոնական բողոք հղեց ՝«փրկել անհետացող կենդանիներին»։

1989 թվականին Դարրելը կնոջ՝ Լիի, Դևիդ Աթենբորոուի և կրիկետիստ Դևիդ Գոուերի հետ մեկտեղ կազմակերպեց «Համաշխարհային հողի ֆոնդը»։ Նախնական նպատակը «Բելիզի նախագծի» շրջանակներում Բելիզի արևադարձային անտառները գնելն էր։ Հենց այս ժամանակ էր, որ Դարրելը ծանոթացավ անվանի գործարար Չարլզ Ռայքրոֆտի հետ, որը դարձավ շատ կարևոր դոնոր թե՛ Ջերսիում ուսումնական մասնաշենք կառուցելու գործում և թե՛ արևելյան Աֆրիկայում և Մադագասկարում իրականացրած բնապահպանական միջոցառումների համար։ 1990 թվականին ֆոնդը Մադագասկարում հիմնեց բնապահպանական ծրագիր. նա այցելեց կղզի, որպեսզի տեղի մի շարք էնդեմիկ տեսակների համար, ինչպիսին է այ-այը, բուծմամբ և պահպանմամբ զբաղվի։ Դարրելը ընտրեց դոդոն, մավրիտանական չթռչող և 17-րդ դարում որսորդության հետևանքով անհետացած թռչունը` որպես թե՛ Ջերսիի այգու և թե՛ Դարրելի վայրի բնության պահպանման ֆոնդի պատկերանիշ՝ լոգո։ Ֆոնդի մանկական բաժանմունքը կոչվում է «Դոդո ակումբ»։

Դարրելի մահվանից հետո, կենդանաբանական այգու հիմնադրման 40-րդ տարեդարձի օրը՝ 1999 թվականի մարտի 26-ին «Ջերսիի վայրի բնության պահպանման ֆոնդը» վերանվանվեց «Դարրելի վայրի բնության պահպանման ֆոնդ»։ 2000 թվականին վերանվանվեց նաև միջազգային ֆոնդը՝ դառնալով «Վայրի բնության ֆոնդ» և իր լոգոն դարձրեց սև տամարինը։

  Ինձ համար կենդանական տեսակի ոչնչացումը քրեական հանցագործություն է, նույն կերպ, ինչպես ոչնչացումը մի բանի, ինչ հնարավոր չէ վերականգնել, կամ փոխարինել, ինչպես Ռեմբրանդտի մի գործ, կամ Աթենքի Ակրոպոլիսը։ («Ուղեբեռս գազանանոց է»)  

Պատկերասրահ խմբագրել

Դարրելի վայրի բնության պահպանման պարկ

Կյանքի մայրամուտ խմբագրել

 
Ջերալդ Դարրելի արձանը Ջերսիի կենդանաբանական այգում, քանդակագործ՝ Ջոն Դաբլդեյ

Դրսում անցկացրած զրկանքներով լի կյանքը հանգեցրեց այն բանին, որ 1980-ականներին Դարրելն առողջական խնդիրներ ունեցավ։ Նա ենթարկվեց ազդրի վիրահատման։ Սակայն նա տառապում էր նաև լյարդի հիվանդությամբ, որն առաջացել էր հարբեցողությունից։ Նրա առողջությունը կտրուկ վատացավ 1990 թվականին՝ Մադագասկար կատարած ուղևորությունից հետո։ 1994 թվականի մարտի 28-ին Դարրելը դիմեց լյարդի փոխպատվաստման[15]։ 1995 թվականի հունվարի 30-ին, 70-ամյա հոբելյանից շատ չանցած, Ջերալդ Դարրելը մահացավ Ջերսիի գլխավոր հիվանդանոցում[16]։ Որպես մահվան պատճառ նշվում էր արյան վարակումը։ Նրա աճյունը ամփոփված է Ջերսիի կենդանաբանական այգում, իսկ շիրմաքարին գրված են Ուիլյամ Բիբի հետևյալ խոսքերը

  Արվեստի գործի գեղեցկությունն ու հանճարեղությունը կարելի է վերաիմաստավորել, թեև կորչում է նրա նախնական արտահայտչականությունը, անհետացած ներդաշնակությունը դեռ կարող է ներշնչել կոմպոզիտորին, բայց երբ կենդանի արարածների վերջին տեսակի ներկայացուցիչն է դադարում շնչել, պիտի երկինքն ու երկիրը վերստին փոխվեն, որ այդ տեսակը նորից կարողանա լինել։ «Թռչունը», 1906թ.  

1995 թվականի հունիսի 28-ին Լոնդոնի «Բնագիտության պատմության թանգարանում» կազմակերպվեց Դարրելի կյանքին ու գործունեությանը նվիրված հիշատակի արարողություն, որին ներկա էին նաև նրա մտերիմ ընկերները՝ Դևիդ Աթենբորոուն և արքայադուստր Աննան։

Գրքեր խմբագրել

Ինքնակենսագրական խմբագրել

  • «Ծանրաբեռնված տապան» («Հայպետհրատ», 1959թ.), անգլ.՝ The Overloaded Ark (Faber and Faber, 1953)
  • անգլ.՝ Three Singles to Adventure (Three Tickets to Adventure) (Rupert Hart-Davis, 1954)
  • «Բաֆուտի քերծեները» («Հայաստան», 1978թ.), անգլ.՝ The Bafut Beagles (Rupert Hart-Davis, 1954)
  • անգլ.՝ The New Noah (Rupert Hart-Davis, 1955)
  • անգլ.՝ The Drunken Forest (Rupert Hart-Davis, 1956)
  • անգլ.՝ My Family and Other Animals (Rupert Hart-Davis, 1956)
  • անգլ.՝ Encounters with Animals (Rupert Hart-Davis, 1958)
  • «Ուղեբեռս գազանանոց է» («Սովետական գրող», 1979թ.), անգլ.՝ A Zoo in My Luggage (Rupert Hart-Davis, 1960)
  • անգլ.՝ The Whispering Land (Rupert Hart-Davis, 1961)
  • անգլ.՝ Menagerie Manor (Rupert Hart-Davis, 1964)
  • անգլ.՝ Two in the Bush (Collins, 1966)
  • անգլ.՝ Birds, Beasts, and Relatives (Collins, 1969)
  • անգլ.՝ Fillets of Plaice (Collins, 1971)
  • անգլ.՝ Catch Me a Colobus (Collins, 1972)
  • անգլ.՝ Beasts in My Belfry (Collins, 1973)
  • անգլ.՝ The Stationary Ark (Collins, 1976)
  • անգլ.՝ Golden Bats And Pink Pigeons: A Journey to the Flora and Fauna of a Unique Island (Collins, 1977)
  • անգլ.՝ The Garden of the Gods (Fauna and Family) (Collins, 1978)
  • անգլ.՝ The Picnic And Suchlike Pandemonium (Collins, 1979)
  • անգլ.՝ Ark on the Move (Coward McCann, 1982)
  • անգլ.՝ How to Shoot an Amateur Naturalist (Collins, 1984)
  • անգլ.՝ Durrell in Russia (with Lee Durrell) (MacDonald (Publisher) (UK) / Simon & Schuster (U.S.), 1986)
  • անգլ.՝ The Ark's Anniversary (Collins, 1990)
  • անգլ.՝ Marrying Off Mother and Other Stories (Harper-Collins, 1991)
  • անգլ.՝ The Aye-Aye And I: A Rescue Journey to Save One of the World's Most Intriguing Creatures from Extinction (Harper-Collins, 1992)
  • անգլ.՝ The Best of Gerald Durrell (edited by Lee Durrell) (Harper-Collins, 1996)

Գեղարվեստական խմբագրել

  • անգլ.՝ The Donkey Rustlers (Collins, 1968)
  • անգլ.՝ Rosy Is My Relative (Collins, 1968)
  • «Խոսող կապոցը», («Սովետական գրող» 1983թ.), անգլ.՝ The Talking Parcel (Battle for Castle Cockatrice) (Collins, 1974)
  • անգլ.՝ The Mockery Bird (The Billion Dollar Brain) (Collins, 1981)
  • անգլ.՝ The Fantastic Flying Journey: An Adventure in Natural History (Conran Octopus, 1987)
  • անգլ.՝ The Fantastic Dinosaur Adventure: A New Adventure in Natural History (Conran Octopus, 1989)
  • անգլ.՝ Keeper (Michael O'Mara Books, 1990)
  • անգլ.՝ Toby the Tortoise (Michael O'Mara Books, 1991)
  • անգլ.՝ Puppy Tales: Puppy's Beach Adventure, Puppy's Field Day, Puppy's Pet Pals, Puppy's Wild Time (Andrex, 1993

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kindred Britain
  5. «Chapter One of Gerald Durrell: The Authorized Biography By Douglas Botting». New York Times. 1999 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  6. (Thomson 1998)
  7. (McNiven 1998, էջեր 79).
  8. «'My father always hoped that Gerry and I would marry,' by Gerard Durrell's childhood friend». Telegraph.co.uk. 2017 թ․ ապրիլի 15. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  9. Jacquie Durrell, Beasts in My Bed, Fontana 1967
  10. «Curtis Brown». Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  11. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  12. «BBC Radio 4 Extra - Gerald Durrell - My Family and Other Animals». BBC. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  13. «BBC Radio 4 - Great Lives, Series 25, Gerald Durrell». BBC. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  14. «Gerald Durrell's Jersey wildlife conservation trust celebrates 50th anniversary». Telegraph.co.uk. 2009 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  15. Botting. page 588
  16. Botting. page 598

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդ Դարրել» հոդվածին։