Բագրատ Ուլուբաբյան
Բագրատ Արշակի Ուլուբաբյան (դեկտեմբերի 9, 1925[1], Մուշկապատ, Շուշիի գավառ[1] - նոյեմբերի 19, 2001, Եղվարդ, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ գրող, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։
Բագրատ Ուլուբաբյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1925[1] |
Ծննդավայր | Մուշկապատ, Շուշիի գավառ[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 19, 2001 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Եղվարդ, Կոտայքի մարզ, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և պատմաբան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1946)[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1973) |
Անդամակցություն | Արցախի գրողների միություն[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Ազատ Արցախ[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] |
Բագրատ Ուլուբաբյան Վիքիդարանում | |
Bagrat Ulubabyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1925 թվականի դեկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մուշկապատ գյուղում։ Սովորել է Շուշիի Մանկավարժական ինստիտուտում, որն ավարտել է 1944 թվականին, այնուհետև կրթությունը շարունեկել Բաքվի Մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության բաժնում, որն ավարտել է 1946 թվականին։ Այնուհետև հայոց լեզու և գրականություն է դասավանդել Մարտունու շրջանի Գիշի գյուղի դպրոցում և Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտում։ 1949-1967 թվականներին գլխավորել է ԼՂԻՄ֊ի գրողների միությունը։ Միաժամանակ եղել է «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր, մշակույթի մարզային վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի գործադիր կոմիտեի փոխնախագահ։ 1957 թվականին Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը բեմադրել է Բագրատ Ուլուբաբյանի «Հողի լեզուն», 1963 թվականին՝ «Ում հետ ես դու» պիեսները։
1968 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ 1969 թվականին «Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 10-րդ դարը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1973 թվականին «Խաչենի իշխանության պատմությունը (9-ից 10-րդ դարեր)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Արցախյան շարժման ակտիվ մասնակից է եղել։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։ Հայտնի է Արցախի պատմության վերաբերյալ աշխատանքներով։ Մահացել է 2001 թվականի նոյեմբերի 19-ին Եղվարդում 76 տարեկան հասակում։ Թաղված է Երևանում։
Գիտական գործունեություն
խմբագրելԲագրատ Ուլուբաբյանը զբաղվել է ինչպես պատմագիտությամբ, այնպես էլ գրականությամբ։ Եղել է Հայաստանի Գրողների միության անդամ։ Հրատարակել է բանաստեղծությունների 2 ժողովածու, պատմվածքների և վիպակների 5 ժողովածու («Այգեստան», «Թարթառ», «Լեռնաստան», «Հատիկը չի մահանում», «Կանթեղ»), 4 վեպ («Հայրենի հող», «Մարդը», «Ոսկե շղթա», «Սարդարապատ»)։ Գրաբարից արդի հայերենի է թարգմանել Ղազար Փարպեցու «Հայոց պատմություն» կոթողային աշխատությունը։ Պատմագիտական աշխատությունները գլխավորապես նվիրված են Արցախի պատմությանն ու մշակույթին, նրա պատմաճարտարապետական հուշարձաններին, գործիչներին և Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի պատմությանը։
Երկերի մատենագիտություն
խմբագրելՊատմագիտական աշխատություններ
- Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Երևան, 1975, 453 էջ
- Դադիվանք, Պէյրութ, 1980, 54 էջ։
- Գանձասար (միջնադարյան Հայաստանի նշանավոր պատմա-ճարտարապետական հուշարձան Գանձասարի համալիրի ստեղծման պատմությունը և ճարտարապետական նկարագիրը), Երևան, 1981, 168 էջ։
- Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (IX–XIII դարեր), Երևան, 1981։
- Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության (V–VII դարեր), Երևան, 1981, 299 էջ։
- Զրուցարան, գիրք 1 (ծաղկաքաղ հայոց պատմության), Երևան, 1987, 406 էջ։
- Զրուցարան, գիրք 2 (ծաղկաքաղ հայոց մշակույթի պատմության), Երևան, 1988, 588 էջ։
- Զրուցարան (ծաղկաքաղ հայոց պատմության), Երևան, 1991, 672 էջ։
- Արցախի պատմությունը /սկզբից մինչև մեր օրերը/, Երևան, 1994, 377 էջ
- Արցախյան գոյապայքարը, Երևան, 1994, 300 էջ։
- Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Երևան, 1996, 822 էջ
- Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Երևան, 1997, 852 էջ։
- Եսայի կաթողիկոս Հասան–Ջալալյանց, Երևան, 1997։
- Համառոտ պատմություն Աղվանից երկրի, Երևան, 1997։
- Հայոց Արևելից կողմանց եկեղեցին և մշակույթը, Երևան, 1998, 456 էջ։
- Հայոց Արևելից կողմանց եկեղեցին և մշակույթը, Երևան, 2001, 453 էջ։
- Ժամանակի քննությունը (հոդվածներ և գրախոսականներ), Ստեփանակերտ, 2006, 516 էջ։
- Փորձության օրերի խորհուրդը (պատմագիտություն, հարցազրույց), Ստեփանակերտ, 2010, 320 էջ։
Բանաստեղծական ժողովածուներ
խմբագրել- Երգեր աշխատանքի և խաղաղության (բանաստեղծություններ), Բաքու, 1952, 92 էջ։
- Այս առավոտ (բանաստեղծություններ), Երևան, 1956, 72 էջ։
Պատմվածքների և վիպակների ժողովածուներ
խմբագրել- Այգեստան (վիպակ), Բաքու, 1960, 188 էջ։
- Թարթառ (վիպակ և պատմվածքներ), Երևան, 1963, 180 էջ։
- Լեռնաստան (պատմվածքներ), Բաքու, 1966, 200 էջ։
- Հատիկը չի մահանում (վիպակներ), Երևան, 1967, 340 էջ։
- Կանթեղ (պատմվածքներ և վիպակներ), Երևան, 1976, 343 էջ։
Վեպեր
խմբագրել- Հայրենի հող (վեպ), Երևան, 1959, 388 էջ։
- Մարդը (վեպ), Բաքու, 1963, 256 էջ։
- Ոսկե շղթա (պատմավեպ), Երևան, 1979, 376 էջ։
- Սարդարապատ (պատմավէպ), հատ. Ա, Պէյրութ, 1987, 272 էջ։
- Սարդարապատ (պատմավեպ), Երևան, 1988, 560 էջ[2]։
- Սարդարապատ (պատմավէպ), հատ. Բ, Պէյրութ, 1989, 293 էջ։
- Սարդարապատ (պատմավեպ), Երևան, 1991, 560 էջ։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Այթմատով Չինգիզ։ Մնաս բարով Գուլսարի.- Երևան։ Հայաստան, 1968.- 251 էջ։
- Բոնդարև Յուրի։ Տաք ձյունը.- Երևան։ Հայաստան, 1972.- 447 էջ։
- Եղբայրական ձայներ (Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտների համար).- Երևան։ Լույս, 1978.- 294 էջ։
Գրականություն
խմբագրել- Հ. Ռ. Սիմոնյան, Բագրատ Ուլուբաբյան, ծննդյան 75-ամյակի առթիվ). Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1 (2001) էջ՝ 259-263. ISSN 0320-8117
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12, Երևան, 1986, էջ 212։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 621։
- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագրատ Ուլուբաբյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագրատ Ուլուբաբյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 212)։ |