Ուայթհորս (անգլ.՝ Whitehorse [ˈwaɪt.hɔrs] — «սպիտակ ձի»), Կանադայի Յուկոն տարածքի մայրաքաղաքն ու ամենամեծ բնակավայրը։ Քաղաքի բնակչության թիվը 23 276 է (2011 թվական), ինչը կազմում է ամբողջ տարածքի բնակչության մոտ երկու երրորդը։

Դրոշ

ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1898 թ.
Մակերես416,54 կմ²
ԲԾՄ670 մետր, 1700 մետր
Բնակչություն28 201 մարդ (2021)[1]
Ժամային գոտիUTC-7
Հեռախոսային կոդ867[2]
Պաշտոնական կայքwhitehorse.ca(անգլ.)
Ուայթհորս (Կանադա)##
Ուայթհորս (Կանադա)

Պատմություն խմբագրել

Ըստ հնագիտական պեղումների՝ ներկայիս Ուայթհորսի տարածքը մինչև սպիտակամորթների ժամանումը մշտական բնակչություն չի ունեցել, բացառությամբ տարվա տաք ամիսներին որսորդության և ձկնորսության նպատակով այստեղ եկող հնդիկներին։ Ուայթհորսի զարգացման պատմությունը, ինչպես և ամբողջ Յուկոնինը, սերտորեն կապված է «Ալյասկայի ոսկու տենդի» հետ։ Բնակավայրը հիմնադրվել է 1898 թվականին։ 1900 թվականին ավարտվել է White Pass and Yukon Railway երկաթուղու շինարարությունը, որը կապում է Ուայթհորսը Սկեգուեյ (Ալյասկա) նավահանգստի հետ։ Քաղաքի անվանումը գալիս է Յուկոն գետի ափին գտնվող քարվաստների անունից։ Ջեկ Լոնդոնն այսպես է նկարագրում այդ քարվաստները[3]։

  Այստեղ քարերի թմբաշարքը դեպի աջ ափ էր շեղում սահանքավոր գետի առանցքը։ Ջրի հզոր զանգվածը հոսում էր թմբաշարքի և ափի նեղ արանքով՝ փրփրադեզ ալիքներ առաջացնելով։ Սպիտակ ձիու մահաբեր բաշը անցորդներից շատ հարուստ տուրք՝ ննջեցյալներ էր հավաքում։  

Ոսկի որոնողները, որոնք ուսումնասիրել են տեղանքը՝ ոսկի գտնելու համար, քաղաքի մոտակայքում գտել են պղնձի հանքավայրեր, որոնք այժմ էլ մշակվում են։ 1942 թվականին՝ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից կառուցվել է Ուայթհորսով անցնող Ալյասկինյան մայրուղին՝ Ալյասկայի մատակարարումը Ճապոնիայի սպառնալիքից պաշտպանելու համար։ 1950 թվականին հաստատվել է քաղաքի կանոնադրությունը։ 1953 թվականի օգոստոսի 1-ին Յուկոնի մայրաքաղաքը Դոուսոնից տեղափոխվել է Ուայթհորս։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Ուայթհորսը գտնվում է Յուկոնի տարածքի հարավային մասում՝ Յուկոն գետի և Ալյասկայի մայրուղու խաչմերուկում։ Քաղաքի տարբեր մասերում ծովի մակարդակից բարձրությունը խիստ տարբերվում է` 670 մետրից (գետի մակարդակից) մինչև 1702 մետր (քաղաքում գտնվող լեռների գագաթները)։ Ժամանակին քաղաքի անունը տվող Յուկոնի սահանքները, այժմ հեղեղված են հիդրոէլեկտրակայանների ջրամբարով։

Քաղաքը գտնվում է մերձարկտիկական կլիմայական գոտում, սակայն Կորդիլերներից եկող «անձրևային ստվերը» կլիման դարձնում է չոր և բավականին բարենպաստ։

Ուայթհորսի կլիմա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 9 11.7 11,7 20.6 34.1 34.4 32.8 31.6 26,7 18.9 11.7 9.5 34.4
միջին առավելագույնը (°C) -13.3 -8.6 −0,8 6.4 13.1 18.5 20.5 18.5 12,2 4.3 -5.8 -10.6 4.5
միջին ջերմաստիճանը (°C) -17.7 -13.7 −6,6 0.9 6.9 11.8 14.1 12.5 7.1 0.6 -9.4 -14.9 -0.7
միջին նվազագույնը (°C) -22 -18.7 -12.3 -4.6 0.7 5.1 7.7 6.3 2 -3.1 -13 -19.1 -5.9
բացարձակ նվազագույնը (°C) -52.2 -51.2 -40.6 -29.4 -11.7 -2.8 -0.5 -4.4 -19.4 -31.1 -40.6 -47.8 -52.2
տեղումների քանակը (մմ) 16.7 11.4 10.4 7 15.2 30.3 41.4 39.4 34.1 23.8 19.2 18.5 267.4
Աղբյուր՝ Environment Canada

Բնակչություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի համաձայն՝ Ուայթհորսում բնակվում էր 23 276 մարդ՝ միջին տարիքը 37.1 տարեկան[4]։ Քաղաքաբնակներից մոտ 20 հազարը տանը հաղորդակցվում է անգլերենով, հազարից մի փոքր ավելին՝ ֆրանսերենով, 300-ից ավելին՝ գերմաներենով։ Բնակիչների ավելի քան 90%-ը Եվրոպայից ներգաղթյալների ժառանգներն են։ Քաղաքն ունի ֆիլիպինյան (մոտ 400 մարդ) և չինական (մոտ 200 մարդ) համայնքներ, քաղաքում ապրում է նաև մոտ 40 ռուս։ Հանցագործության մակարդակը Ուայթհորսում շատ բարձր է՝ 3 անգամ ավելի, քան երկրի միջին ցուցանիշը։

Տնտեսություն խմբագրել

Ուայթհորսն իր ծնունդով պարտական է ոսկու տենդին։ Այնուհետև քաղաքի տնտեսական աճին նպաստել է նրա մերձակայքում գտնվող պղնձի հանքավայրերի մշակումը։ Այսօր այդ ռեսուրսները գործնականում սպառվել են, և քաղաքացիների մեծ մասն աշխատում է պետական ապարատում (դաշնային, տարածքային և քաղաքային մակարդակներում)։ Հետագայում քաղաքի տնտեսական զարգացումը կապվում է ծառայությունների ոլորտի, զբոսաշրջության, առևտրի և տրանսպորտային ծառայությունների (Ալյասկայի մայրուղու) զարգացման հետ։ Ուայթհորսը ասբեստի և բազմամետաղական հանքաքարերի մատակարարման կենտրոն է, որոնց հանքավայրերը գտնվում են նրանից հյուսիս և արևմուտք ընկած տարածքում։ Քաղաքից ոչ հեռու կանադական բանակի մարզական կենտրոնն է։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքը սպասարկվում է Էրիկ Նիսլենի անվան միջազգային օդանավակայանի կողմից՝ (IATA: YXY, ICAOICAO: CYXY) տարեկան 230 հազար մարդ ուղևորաշրջանառությամբ (2009 թվական)։ Կանոնավոր չվերթներ կան դեպի Վանկուվեր, Էդմոնտոն և Կալգարի, սեզոնային թռիչքներ՝ դեպի Մայնի Ֆրանկֆուրտ, իսկ տեղական չվերթներ՝ դեպի Կանադայի հյուսիս և Ալյասկա։ Ուայթհորսով անցնող մայրուղին Ալյասկան կապում է Կանադայի և ԱՄՆ-ի ճանապարհային ցանցի հետ։ Մայրուղին հատում է Յուկոնը Ռոբերտ Քեմփբելի կամրջի վրայով (Robert Campbell Bridge):

 
Գնացք դեպի WP&YR

1900-1982 թվականներին քաղաքը WP&YR երկաթուղով կապվում էր Ալյասկայի Սկեգուեյ նավահանգստի հետ, բայց հանքավայրերի ոչնչացումից հետո այն լքվել է։ Ներկայումս քննարկվում է ճանապարհի վերականգնման և զբոսաշրջային գնացքները շարժման մեջ դնելու հարցը։ Հասարակական տրանսպորտը ներկայացված է 6 ավտոբուսային երթուղով, որոնք գործում են Whitehorse Transit ընկերության ղեկավարության տակ (երկուշաբթի-շաբաթ)։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կանադայի մարդահամար (2021)
  2. https://en.wikipedia.org/wiki/Area_code_867
  3. Джек Лондон. Смок Белью.
  4. «Whitehorse». Statistics Canada 2011. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուայթհորս» հոդվածին։