Ջեկ Լոնդոն
Ջոն Գրիֆֆիտ «Ջեկ» Լոնդոն (իրական անունը՝, Ջոն Գրիֆֆիտ Չեյնի հունվարի 12, 1876[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4] - նոյեմբերի 22, 1916[1][2][3][…], Գլեն Էլլեն, Սոնոմա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4]), ամերիկացի հեղինակ, լրագրող և հասարակական գործիչ։ Հայտնի ստեղծագործություններից են «Նախնիների կանչը», «Սպիտակ Ժանիք», Քլոնդայկի և Ոսկե տենդի մասին պատմվածքները։
Նա պրոֆմիությունների, սոցիալիզմի և բանվորության վառ կողմնակիցներից էր և գրել է այդ թեմաներին նվիրված մի քանի մեծ գործեր, որպիսիք են «Երկաթե կրունկ» մռայլ վեպը և «Անդունդի մարդիկ» գիտահանրամատչելի բացահայտումը։
Ստեղծագործությունները
խմբագրելՋեկ Լոնդոնը (իսկական անուն-ազգանունը՝ Ջոն Գրիֆիթ) ծանր մանկություն է ունեցել. ստիպված թողել է ուսումը և աշխատել լրագրավաճառ, գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան։ Ապագա գրողը կրթվել է կյանքի համալսարանում, որն էլ հետագայում նրան օգնել է ներկայացնելու իրականության տարբեր բնագավառներ, կերտելու տարբեր խավերի մարդկանց համոզիչ կերպարներ։ 1897 թ-ին, երբ Ալյասկայում ոսկի է հայտնաբերվել, շատերի նման, «ոսկու տենդով» բռնված, հյուսիս է մեկնել նաև սկսնակ գրող Ջեկ Լոնդոնը։ Նրան այնտեղ հարստանալ չի հաջողվել, բայց փոխարենը ստեղծագործելու համար հարուստ նյութ է կուտակել։ 1899 թ-ից հրատարակել է պատմվածքներ, որոնք այնուհետև զետեղվել են «Գայլի որդին» (1900 թ.), «Նրա նախնիների աստվածը» (1901 թ.), Սառնամանիքի զավակները (1902 թ.) և այլ ժողովածուներում։ Հյուսիսի թեմայով են ստեղծվել նաև «Ձյուների դուստրը» (1902 թ.) վեպը, «Նախնիների կանչը» (1903 թ.) և «Սպիտակ ժանիք» (1906 թ.) վիպակները։ Սառցապատ, գերանակապ տներով բնակավայրեր, սարսափելի սառնամանիք, բևեռային երկար գիշերներ, վիճաբանություններ, որտեղ հաղթում է ամենաուժեղը, մահացու վտանգներով լի կյանք. այսպիսի պայմաններում էին ապրում ու մաքառում այս երկերի հերոսները՝ սպիտակամորթ ոսկեխույզներն ու բնիկ հնդկացիները։ Լոնդոնի հերոսները խիզախ անհատներ են, որոնց բնավորությունները ձևավորվում ու կոփվում են բնության արհավիրքների դեմ պայքարում։ Նրա այդ շրջանի գործերի գլխավոր թեման ոչ թե պայքարն էր ոսկու համար, այլ մարդու մեջ մարդկայինը, կյանքի նկատմամբ սերը պահելու ձգտումը։ Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է «Մարտին Իդեն» (1909 թ.) վեպը, որտեղ պատկերված է տաղանդավոր արվեստագետի ճակատագիրը նյութապաշտ իրականության մեջ։ Լոնդոնի երկերում կյանքի օրենքները դաժան են, բայց և արդարացի։ Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, հարստանում ու դառնում է ագահ, ձգտում է՜լ ավելի հարըստանալու՝ ոտնահարելով ամեն ինչ։ Այդ թեման արծարծել է նաև «Ժամանակը չի սպասում» (1910 թ.), «Երկաթե կրունկ» (1912 թ.), «Լուսնի հովիտը» (1913 թ.), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916 թ.) վեպերում։ Լոնդոնի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, մեծ մասն էկրանավորվել է։ Գրողի երկերը 12 հատորով լույս են տեսել նաև հայերեն՝ 1965–75 թթ-ին։
Վեպեր և վիպակներ
խմբագրել- Ձյուների դուստրը (1902)
- Ճանապարհորդություն Շլացուցիչով (The Cruise of the Dazzler, 1902)
- Նախնիների կանչը (The Call of the Wild, 1903)
- Կեմփթոն Ուեյսի նամակը (The Kempton-Wace Letters, 1903)
- Ծովագայլը (The Sea-Wolf, 1904)
- Խաղը (The Game, 1905)
- Սպիտակ Ժանիքը (White Fang, 1906)
- Ադամից առաջ (Before Adam, 1907)
- Երկաթե կրունկ (The Iron Heel, 1908)
- Մարտին Իդեն (1909)
- Ժամանակը չի սպասում (Burning Daylight, 1910)
- Արկած (Adventure, 1911)
- Կարմիր համաճարակ (The Scarlet Plague, 1912)
- Արևի որդին (A Son of the Sun, 1912)
- Վայրագ գազանը (The Abysmal Brute, 1913)
- Լուսնի հովիտը (The Valley of the Moon, 1913)
- Ապստամբություն Էլսինորում (The Mutiny of the Elsinore, 1914)
- Միջաստղային թափառականը (The Star Rover, 1915)[5]
- Մեծ տան փոքրիկ տիրուհին (1916)
- Կղզիաբնակ Ջերրին (Jerry of the Islands, 1917)
- Ջերիի եղբայր Մայքլը (Michael, Brother of Jerry, 1917)
- Երեքի սիրտը (Hearts of Three, 1920)
Պատմվածքների ժողովածուներ
խմբագրելՋեկ Լոնդոնը գրել է ավելի քան 200 պատմվածքներ, որոնք ընդգրկված են 16 ժողովածուներում.
- Գայլի որդին (Son of the Wolf, 1900)
- Նրա հայրերի փախուստը (The God of His Fathers, 1901)
- Սառնամանիքի զավակները (1902)
- Տղամարդկային հավատարմություն (The Faith of Men, 1904)
- Լուսնադեմը (Moon-face, 1906)
- Կյանքի սերը (Love of Life, 1907)
- Ծովային պահեկի պատմածները (Tales of the Fish Patrol, 1906)
- Դեմքը կորցրած մարդը (Lost Face, 1910)
- Հարավային ծովերի պատմվածքները (South Sea Tales, 1911)
- Երբ աստվածները ծիծաղում են (When God Laughs, 1911)
- Հպարտության տաճարը (The House of Pride, 1912)
- Սմոք Բելյու (Smoke Bellew, 1912)
- Արևի որդին (A Son of the Sun, 1912)
- Գիշերվա ծնունդը (The Night Born, 1913)
- Ուժեղների ուժը (The Strength of the Strong, 1914)
- Թասմանի կրիաները (The Turtles of Tasman, 1916)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Ջեկ Լոնդոն - Զսպաշապիկ
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջեկ լոնդոնի ստեղծագործությունների աուդիոտարբերակները
- Ջեկ Լոնդոնը գրապահարանում Արխիվացված 2020-07-20 Wayback Machine
- Ջեկ Լոնդոնը հայկական հանրագիտարանում
- Ջեկ Լոնդոնը դասարան․ամ կայքում Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեկ Լոնդոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեկ Լոնդոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 658)։ |