Նիկոլաե Կոնստանտին Պաուլեսկու (ռում.՝ Nicolae constantin Paulescu, հոկտեմբերի 30, 1869(1869-10-30)[1], Բուխարեստ, Ռումինիա[1] - հուլիսի 17, 1932(1932-07-17) կամ հուլիսի 19, 1931(1931-07-19)[2], Բուխարեստ, Ռումինիա), ռումին ֆիզիոլոգ, բժիշկ, քաղաքական գործիչ, պանկրեինի (որը հետագայում ինսուլին անվանվեց) փաստացի հայտնագործող։ Հայտնի է նաև որպես Ազգային քրիստոնեական միության, այնուհետև՝ Ռումինիայի պաշտպանության ազգային-քրիստոնեական լիգայի համահիմնադիր։

Նիկոլաե Պաուլեսկու
ռումիներեն՝ nicolae paulescu
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1869(1869-10-30)[1]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա[1]
Մահացել էհուլիսի 17, 1932(1932-07-17) (62 տարեկան) կամ հուլիսի 19, 1931(1931-07-19)[2] (61 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ԳերեզմանԲելլու գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռումինիայի թագավորություն
Կրոնուղղափառություն
ԿրթությունՓարիզի համալսարան և Mihai Viteazul National College?
Մասնագիտությունբժիշկ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԲուխարեստի համալսարան
ԿուսակցությունԵրկաթե Գվարդիա և National-Christian Defense League?
ԱնդամությունՌումինական ակադեմիա
 Nicolae Paulescu Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նիկոլաե Պաուլեսկուն ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 30-ին Բուխարեստում, հարուստ առևտրականի ընտանիքում; Սովորել է հայրենի քաղաքի միջնակարգ դպրոցում՝ դեռ վաղ հասակից աչքի ընկնելով արտակարգ ընդունակություններով, հատկապես՝ բնական գիտությունների և լեզուների տիրապետման բնագավառներում (մասնավորապես՝ արդեն իսկ մանկական տարիքում ազատ խոսում էր լատիներեն, հունարեն, ֆրանսերեն

1888 թվականին ավարտել է միջնակարգը, այդ նույն տարվա աշնանն ընդունվել Փարիզի բժշկական դպրոցը, որն ավարտել է 1897 թվականին՝ ստանալով բժշկագիտության բակալավրի որակավորում, և անմիջապես, որպես վիրաբույժի օգնական, աշխատանքի նշանակվել Փարիզի Notre- Dame du Perpétuel-Secours հիվանդանոցում, որտեղ սկսել էր աշխատել դեռևս ուսանելու ընթացքում՝ 1894 թվականից։

1897-1898 թվականներին աշխատակցել է journal de Médecine-ին, միաժամանակ՝ քիմիա և ընդհանուր ֆիզիոլոգիա դասավանդել Փարիզի համալսարանում, 1899 թվականին ստացել մագիտրոսի կոչում։ Կարճ ժամանակ անց նրան շնորհվել է նաև բժշկագիտության դոկտորի աստիճան։

1901 թվականին Պաուլեսկուն վերադարձել է Ռումինիա, պաշտոնավարել Բուխարեստի համալսարանում՝ որպես բժշկական ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, միաժամանակ՝ Բուխարեստի Սան Վինսենթ դե Պոլ հիվանդանոցում՝ որպես կլինիկական բժշկության պրոֆեսոր։ 1905 թվականի փետրվարի 11-ից նրան վստահվել է վերոնշյալ ամբիոնի վարիչի պաշտոնը, որը նա վարել է մինչև իր կյանքի ավարտը։

Դեռևս 1916 թվականին Պաուլեսկուին հաջողվել է սինթեզել պանկրեինի նախնական նմուշը (փորձարկումն իրականացրել է շաքարախտով հիվանդ շան վրա), բայց հանգամանքների բերումով հարկադրված է եղել դադարեցնել իր հետազոտական աշխատանքները, որոնց կարողացել է լիակատար կերպով վերստին անդրադառնալ միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Իր ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփող չորս հոդվածները Պաուլեսկուն հրատարակել է Փարիզում, 1921 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում։ Պանկրեինի արտադրության եղանակի արտոնագիրը նա ստացել է 1922 թվականի ապրիլի 22-ին, բայց քանի որ հայտնաբերած դեղամիջոցի փորձարկումներ մարդկանց վրա չէր իրականացրել, պաշտոնապես ինսուլինի հայտնագործողներ համարվեցին կանադացիներ Բանթինգն ու Մաքլեոդը[3]։ Արդյունքում՝ այդ հայտնագործության համար հենց վերջիններս ստացան Նոբելյան մրցանակ, և ոչ թե Պաուլեսկուն[4]։

1990 թվականին նրան հետմահու շնորհվել է Ռումինիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչում, իսկ 1993 թվականին շաքարախտի հետազոտման ռումինական ինստիտուտը կոչվել է նրա անունով։

Պաուլեսկուն հայտնի էր նաև որպես հակասեմիտիզմի հետևողական հետևորդ ու ջատագով։ 1928 թվականին ռումիներեն հրատարակել է «Հրեական ցեղի այլասերումը» գիրքը, որտեղ, մասնավորապես, փորձել է ապացուցել, որ հրեաների ուղեղն ավելի փոքր կշիռ ունի, քան արիական ցեղի ներկայացուցիչներինը[5]։ Եվ իր այդ կարգի պնդումների վրա հիմնվելով՝ որպես հրեական ցեղի այլասերման ցցուն նմուշօրինակների նշում էր Ալբերտ Այնշտայնին, Անատոլ Ֆրանսին, Անրի Բերգսոնին։ Ռումինացի ակադեմիկոս, ազգությամբ հրեա Նիկոլաե Կաջալի կարծիքով՝ Պաուլեսկուի վաստակը գնահատելիս պետք է նրա գիտական մեծ ներդրումն առանձնացնել հակասեմիտական հայացքներից[6]։ Ի դեպ, այդ հայացքները նկատի առնելով էլ՝ Ֆրանսիայի հրեական համայնքը բողոքեց Ֆրանսիայում Պաուլեսկուի պատվին հուշատախտակի տեղադրման դեմ և պայքարի արդյունքում թույլ չտվեց, որ այն տեղադրվի։

Հարկ է հավելել, որ Պաուլեսկուն եղել է նաև Ռումինիայում Դարվինի էվոլյուցիոն տեսության գլխավոր հակառակորդներից մեկը։ Հոդվածներից մեկում նա անվանվել է «ռումինական բժշկագիտության մեջ ֆաշիզմի գլխավոր գաղափարախոս»[7]։

1922 թվականին Պաուլեսկուն որպես համահիմնադիր զգալի ջանքեր է ներդրել Ազգային քրիստոնեական միությունը կազմավորելու և պաշտոնապես գրանցելու համար։ Դա մի կուսակցություն էր, որը Եվրոպայում առաջինը որպես իր խորհրդանշան գործածեց սվաստիկան՝ դառնալով ծայրահեղ աջ կողմնորոշմամբ, ծայրահեղ ազգայնականությամբ, հակասեմիտիզմով հռչակված ,,Երկաթե գվարդիա,, կուսակցության նախակարապետը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #132741024 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. Drury MI (1972 թ․ հուլիս). «The golden jubile of insulin». J Ir Med Assoc. 65 (14): 355–63. PMID 4560502.
  4. De ce nu a primit profesorul Nicolae Paulescu premiul Nobel Citeste mai mult: adevarul.ro/sanatate/medicina/de-nu-primit-profesorul-nicolae-paulescu-premiul-nobel-1_50ad3d607c42d5a6639156c1/index.html
  5. «Nicolae Paulescu: pseudoştiinţă sub semnul zvasticii». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  6. «Statement of Nicolae Cajal». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  7. «rostonline — Vremurile de pe urmă». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաե Պաուլեսկու» հոդվածին։