Լենինգրադի շրջափակում
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Լենինգրադի շրջափակում (ռուս.՝ блокада Ленинграда, գերմ.՝ Leningrader Blockade), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) ժամանակ Լենինգրադ քաղաքի (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգ) ռազմական շրջափակում Նացիստական Գերմանիայի Հյուսիսային բանակային խմբի, ֆիննական[7] և իսպանական Կապույտ դիվիզիայի զինված ուժերի, ինչպես նաև կամավորականների (Հյուսիսային Աֆրիկայից, Եվրոպայից և Իտալիայի թագավորական ռազմածովային ուժերի) կողմից։
Թվական | սեպտեմբերի 8, 1941 – հունվարի 27, 1944 (2 տարի, 4 ամիս, 2 շաբաթ և 5 օր) |
---|---|
Մասն է | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Վայր | Լենինգրադ, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ |
Արդյունք | ԽՍՀՄ հաղթանակ |
Հակառակորդներ | |
Երրորդ Ռայխ Ֆինլանդիա Իտալիայի թագավորություն | ԽՍՀՄ |
Հրամանատարներ | |
Վիլհելմ ֆոն Լեեբ Գեորգ ֆոն Քյուխլեր Կարլ Մաներհայմ Էրիկ Հեյնրիքս | Մարկիան Պոպով Կլիմենտ Վորոշիլով Գեորգի Ժուկով Իվան Ֆեդյունինսկի Միխայիլ Խոզին Լեոնիդ Գովորով Կիրիլ Մերեցկով |
Կողմերի ուժեր | |
725 000 (մեկնարկային) | 930 000 (մեկնարկային) |
Ռազմական կորուստներ | |
Հյուսիսային բանակային խումբ՝ 1941՝ 85 371 զոհ[1] 1942՝ 267 327 զոհ[2] 1943՝ 205 937 զոհ[3] 1944՝ 21 350 զոհ[4] Ընդհանուր՝ 579 985 զոհ | Հյուսիսային ճակատ՝ 1 017 881 զոհված, գերեվարված կամ անհայտ կորած[5] 2 418 185 վիրավոր և հիվանդ[5] Ընդհանուր՝ 3 436 066 զոհ (սպանվածների, գերեվարվածների կամ անհայտ կորածների թիվն ըստ ռուսական կողմի[6] Քաղաքացիական զոհեր։ շրջափակման ընթացքում՝ 642 000, էվակուացման ընթացքում՝ 400 000[5] |
Ընդհանուր կորուստներ |
Համագործակցելով նացիստական ուժերի հետ, Ֆիննական բանակը ԽՍՀՄ ներխուժեց հյուսիսից, սակայն 1939-40 թվականների Խորհրդա-ֆիննական պատերազմում (Ձմեռային պատերազմ) կորցրած տարածքներն ազատագրելուց հետո, մոտեցավ Լենինգրադին։ Իսպանական Կապույտ դիվիզիան տեղակայվել էր Լենինգրադի շրջափակման հարավարևելյան թևում, Նևա գետից անմիջապես հարավ՝ Կոլպինոյի և Պուշկինի մոտակայքում և նրա հիմնական միջամտությունը Կրասնի Բորում էր՝ Իժորա գետի ավազանի տարածքում։
Տևել է 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թ. հունվարի 27-ը (շրջափակման օղակը ճեղքվել է 1943 թ. հունվարի 18-ին)` 872 օր[8]։
Պատմություն
խմբագրելԶինված ուժերի քանակ
խմբագրելԸնդհանուր առմամբ ԽՍՀՄ զինված ուժերի և քաղաքի բնակչության ռազմական գործողությունները նացիստական և ֆիննական զորքերի դեմ սկսվել է 1941 թվականի հուլիսի 10-ից մինչև 1944 թվականի օգոստոսի 10-ը։ Հարձակման սկզբին Լենինգրադի ուղղությամբ գերմանական և ֆիննական հրամանատարությունը կենտրոնացրել էր 38 դիվիզիա, 1 հեծյալ և 2 հետևակային բրիգադներ՝ հզոր ավիացիայի աջակցությամբ։ Նացիստական զորքերին դիմադրում էին հյուսիսային ռազմաճակատի (հրամանատար՝ գեներալ լեյտենանտ Մ. Պոպով) և հյուսիսարևելյան ռազմաճակատի (հրամանատար՝ գեներալ-մայոր Պ. Սոբեննիկով) զորքերը (39 դիվիզիա, 2 բրիգադ)։ Հարավ-արևմտյան մատույցների պաշտպանությունն ավելի ուժեղացնելու նպատակով ստեղծվեց Լուգայի օպերատիվ խումբ, որի կազմից ռազմաճակատ մեկնեցին 2 հրաձգային դիվիզիա, ժողովրդական աշխարհազորի 1 դիվիզիա և այլ զորամասեր։
Շրջափակում
խմբագրելՔաղաքը և նրա մատույցներն օղակվեցին պաշտպանական հզոր ամրություններով։ Լենինգրադի աշխատավորներից կազմվեցին և ռազմաճակատ ուղարկվեցին աշխարհազորային 10 դիվիզիա, տասնյակ պարտիզանական ջոկատներ։ Քաղաքից էվակուացվեցին երեխաներն ու ծերերը, գործարանների ու ֆաբրիկաների սարքավորումների մի մասը, մշակութային արժեքները։ Հուլիսի 10-ից սկսվեց Լենինգրադի հեռավոր և մոտակա մատույցների պաշտպանությունը, որը տևեց մինչև 1941 թ.-ի սեպտեմբերի վերջը, երբ թշնամին ցամաքից շրջապատեց քաղաքը։ Անցնելով հարձակման, գերմանական զորքերը կարճ ժամանակամիջոցում դուրս եկան Նարվա, Լուգա և Մշագա գետերի սահմանագիծը և լրիվ շրջափակման նպատակով հարձակումը զարգացրին Տիխվինի ուղղությամբ։ Սկսվեց քաղաքի հրետանային և օդային սիստեմատիկ ռմբակոծությունը։ Սեպտեմբերի 28-ին կանգնեցվեց թշնամու զորքերի առաջխաղացումը դեպի Լենինգրադ, և այն գրոհով վերցնելու անհաջող փորձերից հետո, գերմանական հրամանատարությունը որոշեց երկարատև պաշարման միջոցով կոտրել նրա պաշտպանների դիմադրությունը։
Քաղաքի հետ կապը իրականացվում Էր Լադոգայի վրայով նոյեմբերի 16-ին բացված այսպես կոչված «կյանքի ճանապարհով»։ Լենինգրադի վիճակը գնալով ծանրանում էր, հումքի պաշարները շատ սահմանափակ էին, մթերքն ու վառելիքը սպառվում էր։ Նոյեմբերի 20-ից հացի օրապահիկը 125—250 գ էր։ Սկսվեց սովը, որից մահացան 632 253 մարդ[9]։ Պաշարումը ճեղքելու բազմաթիվ փորձերը (1942 թ.) հաջողություն չունեցան։ 1943 թ.-ի հունվարի 12-30-ը Լենինգրադյան և Վոլխովյան ռազմաճակատների զորքերը, հեռավոր գործողության ավիացիայի աջակցությամբ, Բալթիական նավատորմի նավաստիների հետ, Շլիսելբուրգի և Սինյավինի շրջանում ճեղքեցին պաշարման օղակը և վերականգնեցին ցամաքային կապը Լենինգրադի հետ, որը մասամբ թեթևացրեց քաղաքի վիճակը։ Խորհրդային զինված ուժերի 1943-44 թթ. հաջողությունները նպաստավոր պայմաններ ստեղծեցին՝ ձեռնարկելու հարձակողական օպերացիա և վերացնել ու Լենինգրադի շրջափակումը։
ԽՍՀՄ հրամանատարությունը հարձակումն իրականացրեց Լենինգրադյան ռազմաճակատի 2-րդ հարվածային, 42-րդ և 67-րդ բանակների, Վոլխովյան ռազմաճակատի 59-րդ, 8-րդ և 54-րդ բանակների և Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատի 1-ին հարվածային և 22-րդ բանակների ու Բալթիական նավատորմի ուժերով՝ ներգրավելով հեռավոր գործողության ավիացիա, պարտիզանական ջոկատները ու բրիգադները (ընդամենը՝ 1 241 000 զինվոր ու սպա, 21.600 թնդանոթ ու ականանետ, 1475 տանկ ու ինքնագնաց հրանոթ, 1500 ինքնաթիռ)։ Խորհրդային զորքերը 1944 թ.-ի հունվարի 14-ին անցան հակահարձակման։
Ազատագրում
խմբագրելՀունվարի 27-ին քաղաքի շրջափակումն ամբողջովին վերացվեց։ Ազատագրվեցին Պուշկինը, Կրասնոգվարդեյսկը, Տոսնոն, Լյուբանը, Չուդովոն, Նովոսոկոլնիկին։ Լենինգրադյան և Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատների զորքերը շարունակեցին հետապնդել թշնամուն՝ քաղաքից ետ շպրտելով 220—280 կմ։ Ազատագրվեց գրեթե ամբողջ Լենինգրադյան մարզը և Կալինինի մարզի մի մասը, հունիսին՝ նաև Վիբորգն ու Պետրոզավոդսկը։ Լենինգրադի ճակատամարտը քաղաքական և ստրատեգիական խոշոր նշանակություն ունեցավ։ Այդ ճակատամարտում խորհրդային զորքերը ջախջախեցին մոտ 50 գերմանական դիվիզիա։ Խորհրդային հարյուր հազարավոր զինվորներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների, հարյուրավոր մարդիկ՝ Խորհրդային Միության հերոսի կոչման, որոնցից հինգը (Ա. Մազուրենկո, Պ. Պոկրիշև, Վ. Ռակով, Ն. Ստեփանյան և Ն. Չելնոկով)՝ կրկնակի։
կորուստներ
խմբագրելԼենինգրադի ազատազրկումը տրվեց մեծաթիվ զոհերի գնով, 332 059 զոհեր, 24 324 զոհեր ռազմական գործողություններից դուրս, 111 142 անհայտ կորածներ, 16 747 մարդ քաղաքացիական բնակչությունից զոհվել է հրետանային և օդային գրոհների հետևանքով[10]։
Հայերը Լենինգրադի ճակատամարտում
խմբագրելԼենինգրադի ճակատամարտում թշնամու դեմ կռվում էին հայ ժողովրդի հազարավոր զավակներ։ Բալթիական նավատորմի ռազմական գործողությունները ղեկավարում էր Հովհաննես Իսակովը։ 1942 թ.-ի դեկտ. 4-ին Պուլկովյան բարձունքների ծանր մարտերում զոհվեց գեներալ-մայոր Բ. Գալստյանը։ Լենինգրադի պաշտպանության օրերին մեծ սխրանքներ կատարեցին հայ օդաչուներ Նելսոն Ստեփանյանը, Լ. Չափչախյանը, Մ. Դավթյանը, Ն. Սաղաթելովը, Գ. Պետրոսյանը, Ա. Ափինյանը, Ն. Սարգսյանը, Ա. Խաչատուրովը, նավատորմային նավաստիներ Վ. Ակոպովը, Մ. Աղաջանյանը, Դ. Մկրտչյանը, սուզանավի մարտական մասի հրամանատար Հ. Հովակիմյանը։ Խիզախությամբ աչքի ընկան հրետանու հրամանատարներ Ս. Հարությունյանը, Ս. Նարինյանը, Ա. Սարգսյանը, Դ. Բաղդասարյանը, Վ. Հարությունյանը, տանկի հրամանատար Ե. Ավետիսյանը։
Լենինգրադի պաշարումը ճեղքելու պատմական փաստաթղթի տակ ստորագրել են Երևանի նախկին Կիրովյան շրջկոմի նախկին առաջին քարտուղար, գումարտակի կոմիսար Հ. Մելքոնյանը և ռոստովցի հայ Ք. Կալուգովը։ Ռազմաճակատին մեծ օգնություն կազմակերպեցին Ռ. Ոսկանյանը (ԽՍՀՍ էլեկտրաարդյունաբերության ժողկոմի տեղակալ), Ա. Տատուսյանցը (քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտ դոցենտ)։ Ծանր պայմաններում պետական կարևոր առաջադրանքներ էր կատարում նավատորմի ջրային տեղամասի պետ Ի. Մամյանը։ Բժշկության բնագավառում աչքի ընկան Ս. Կարճիկյանը, Ա. Կյուչարյանցը։ Լենինգրադի հերոս պաշտպանների շարքերում էին էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վահրամ Փափազյանը, դերասանուհի Ա. Գաբրիելյանը և շատ ուրիշներ։
պատկերներ
խմբագրել-
Լենինգրադցիները ջրի հերթի մեջ
-
քաղաքի պաշտպանական գծի զենիթային հրթիռներ
-
զորահավաք Լենինգրադում, 1941 թ. ամառ
-
շրջափակված անձի հացի կտրոն
-
Լենինգրադի ազատագրման համար շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ 5,0 5,1 5,2 Glantz 2001, էջեր. 179
- ↑ Krivosheev, G. F. (1997). Soviet Casualties and Combat Losses in the Twentieth Century. ISBN 9781853672804.
- ↑ Атлас Офицера. Генеральный штаб вооруженных сил ССР. М., Военно-топографическое управление,- 1947. Листы 194, 196
- ↑ Մանակով Ն. Ա., В кольце блокады: хозяйство и быт осажденного Ленинграда, Լենինգրադ, «Лениздат», 1961, էջ 34 — 215 էջ։
- ↑ Сведения городской комиссии по установлению и расследованию злодеяний немецко-фашистских захватчиков и их сообщников о числе погибшего в Ленинграде населения ЦГА СПб, Ф.8357. Оп.6. Д. 1108 Л. 46-47
- ↑ Россия и СССР в войнах XX века, М., «Олма-пресс», 2001, էջ 337 — 608 էջ. — 5000 հատ։
Գրականություն
խմբագրել- Հայ ժողովրդի պատմություն, հատոր 8, Երևան 1970։
- История Великой Отечественной войне Советскоrо Coю3a 1941—1945, հատոր 1-4, Մոսկվա, 1960—62;
- Կարասև Ա. Վ. Ленинградцы и годы блокады, 1941—1943, M., 1959.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 560)։ |