Ղրիմի օպերացիա (1944)
Ղրիմի օպերացիա 1944, սովետական զորքերի (4-րդ Ուկրաինական ռազմաճակատ, Մերձծովային առանձին բանակ, Սև ծովյան նավատորմ, Ազովի ռազմական նավատորմիկ) հարձակողական գործողությունները 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ապրիլի 8-ից մայիսի 12-ը՝ Ղրիմը գերմանաֆաշիստական զորքերից ազատագրելու նպատակով։ Դեռևս 1943 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին սովետական զորքերը ճեղքեցին Տուրեցկի վալի ամրությունները Պերեկոպի պարանոցում և հենակետեր գրավեցին Սիվաշի հովտի ափին և Կերչի թերակղզում։ Սովետական հրամանատարությունը նախատեսում էր Սիմֆերոպոլ-Սևաստոպոլ ընդհանուր ուղղությամբ հզոր հարվածներ հասցնել և շրջապատել ու ոչնչացնել թշնամու խմբավորումը՝ թույլ չտալով նրան էվակուացվել Ղրիմից։ Օպերացիային մասնակցում էր 470 հազար մարդ, 5982 հրանոթ ու ականանետ, 559 տանկ և ինքնագնաց հրետանային սարքավորում, 1250 ինքնաթիռ։ Հարձակումը սկսեցին 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի զորքերը (հրամանատար բանակի գեներալ Ֆ․ Տոլբուխին) ապրիլի 8-ին և նույն օրը, ճեղքելով թշնամու ամրությունները, գրավեցին Արմյանսկը։ Ապրիլի 11-ի գիշերը հարձակման անցան մերձծովյան առանձին բանակի զորքերը և 4-րդ օդային բանակի ու Սևծովյան նավատորմի ավիացիայի աջակցությամբ ազատագրեցին Կերչը։ Զարգացնելով հարձակումը սովետական զորքերը ապրիլի 15-16-ին դուրս եկան Սևաստոպոլ, մայիսի 5-ին սկսեցին նրա գրոհը և մայիսի 9-ին ազատագրեցին քաղաքը։ Մայիսի 12-ին թշնամու մնացած զորքերը անձնատուր եղան Խերսոնես հրվանդանում։ Ֆաշիստական խմբավորման ջախջախմանը մեծապես նպաստեցին Ղրիմի պարտիզանները։ Ղրիմի օպերացիան ավարտվեց Գերմանիայի 17-րդ բանակի լիակատար ջախջախմամբ (թշնամու կորուստները կազմեցին 140 հազար մարդ) վերացավ սովետական ճակատի հարավային թևին սպառնացող վտանգը, բարելավվեց Սևծովյան նավատորմի բազավորումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 49)։ |