Սևաստոպոլի պաշտպանություն (1941-1942)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևաստոպոլի պաշտպանություն (այլ կիրառումներ)

Սևաստոպոլի պաշտպանություն 1941-1942 թվականներ, Սևծովյան նավատորմի, Մերձծովյան բանակի և Սևաստոպոլի բնակիչների ռազմական գործողությունները քաղաքի և Սևծովյան նավատորմի գլխավոր բազայի պաշտպանության համար, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, 1941 թվականի հոկտեմբերի 30-ից 1942 թվականի հուլիսի 4֊ը։ Մինչև պատերազմը Սևաստոպոլը ցամաքից ամրացված չէր։ Պատերազմը սկսվելուց հետո նավատորմի հրամանատարությունը հուլիսին ձեռնամուխ եղավ ցամաքային պաշտպանության նախապատրաստմանը։

Պաշտպանական գոտի և մարտական ուժ

խմբագրել

Պաշտպանական գոտին կազմված էր երեք մասից՝ առաջավոր, գլխավոր և թիկունքի, որոնք թշնամու հարձակման պահին դեռևս լրիվ սարքավորված չէին։ Սևաստոպոլի կայազորը հաշվվում էր 23 հազար մարդ, շուրջ 150 դաշտային և առափնյա հրանոթ։ 1941 թվականի հոկտեմբերին Ղրիմ ներխուժած գերմանական 11-րդ բանակի զորքերը հոկտեմբերի 30-31-ին և նոյեմբերի սկզբին փորձեցին ընթացքից գրավել Սևաստոպոլը, սակայն հանդիպեցին քաղաքի կայազորի (որին աջակցում էին ծովային ավիացիան ու հրետանին) համառ ու հերոսական դիմադրությանը։ Սևաստոպոլը պաշտպանող ցամաքային զորքերից Ա նավատորմի ուժերից նոյեմբերի 4-ին կազմվեց Սևաստոպոլի պաշտպանական շրջանը (ՍՊՇ), որի մեջ մտավ (նոյեմբերի 9-ին) նաև Մերձծովյան բանակը։ Սևաստոպոլի պաշտպանական շրջանի հրամանատար նշանակվեց Սևծովյան նավատորմի հրամանատար փոխծովակալ Ֆ․ Օկտյաբրսկին, տեղակալ՝ ցամաքային պաշտպանության գծով Մերձծովյան բանակի հրամանատար գեներալ-մայոր Ի․ Պետրովը։ Սևաստոպոլի պաշտպանական շրջանի կազմում հաշվվում էր 50 հազար մարդ և 170 հրանոթ, 90-100 ինքնաթիռ, ՀՕՊ-ը ուներ 60 զենիթային հրանոթ և 30 գնդացիր։ Նավատորմի հիմնական ուժերը նոյեմբերի սկզբին տեղափոխվել էին Կովկասյան ափի նավահանգիստները, բայց Սևաստոպոլում պարբերաբար լինում էին գծանավեր, հածանավեր և այլն։ Ավելի քան 15 հազար սևաստոպոլցիներ կամավոր մտան աշխարհազորի մեջ։ Սևաստոպոլը միանգամից գրավելու անհաջող փորձից հետո գերմանաֆաշիստական հրամանատարությունը ձեռնարկեց երեք խոշոր հարձակում քաղաքի վրա․ առաջինը՝ նոյեմբերի 11-21-ին։ Կենտրոնացնելով 4 հետևակային դիվիզիա, մոտորացված ջոկատ և ռումինական մոտոբրիգադը՝ թշնամին գլխավոր հարվածը հասցրեց Յալթայի խճուղու երկարությամբ, Բալակլավայի ուղղությամբ։ Թեժ և լարված մարտերից հետո նրան հաջողվեց 1-4 կմ խորանալ առաջավոր պաշտպանական գոտու առանձին տեղամասերում։ Մարդկային և տեխնիկայի մեծ կորուստ կրելով՝ գերմանաֆաշիստական զորքերը նոյեմբերի 21-ին անցան քաղաքի ծրագրված պաշարմանը։ Սովետական հրամանատարությունը, օգտագործելով ժամանակավոր դադարը, ամրացրեց քաղաքի պաշտպանությունը։ Կայազորը համալրվեց Կովկասից տեղափոխված 388-րդ հրաձգային դիվիզիայով և 9 երթային գումարտակով։

Երկրորդ հարձակում

խմբագրել

Դեկտեմբերի 17-ին թշնամին մեծ ուժերով (7 հետևակային դիվիզիա, 2 ռումինական լեռնահրաձգային բրիգադ, 1275 հրանոթ և ականանետ, 150-ից ավելի տանկ և շուրջ 300 ինքնաթիռ) սկսեց երկրորդ հարձակումը, գլխավոր հարվածն ուղղելով Հյուսիսային ծովախորշին։ հակառակորդն ուներ գրեթե կրկնակի թվական գերակշռություն։ Դեկտեմբերի 20-ին գերմանաֆաշիստական զորքերը Հյուսիսային ծովախորշի պաշտպանությունը ճեղքելու վտանգ ստեղծեցին։ Խորհրդային հրամանատարությունը շտապ միջոցներ ձեռնարկեց Սևաստոպոլի պաշտպանական շրջանի զորքերը ուժեղացնելու համար։ Դեկտեմբերի 21-ին Նովոռոսիյսկից Սևաստոպոլ բերվեց 79-րդ առանձին հրաձգային բրիգադը, դեկտեմբերի 22-24-ին Փոթիից և Տուապսեից եկան 345-րդ հրաձգային դիվիզիան և տանկային գումարտակը, իսկ դեկտեմբերի 28-ին՝ 386-րդ հրաձգային դիվիզիան։ Սևաստոպոլի պաշտպանական շրջանի զորքերը, ռազմական նավերի և ավիացիայի աջակցությամբ հակահարված հասցրին և ետ մղեցին թշնամուն՝ վերացնելով ճեղքման վտանգը։

Կերչ-Թեոդորոսիայի դեսանտային օպերացիա

խմբագրել

Թշնամու հարձակումը ձախողելու գործում մեծ դեր խաղաց դեկտեմբերի 26-ին սկսված Կերչ-Թեոդոսիայի դեսանտային օպերացիա 1941-1942 թվականները, որը հարկադրեց նրան մեծ քանակությամբ ուժեր ետ քաշել Սևվաստոպոլից և (դեկտեմբերի 31-ին) դադարեցնել հարձակումը։ 1942 թվականի հունվար-մարտ ամիսներին Սևաստոպոլի պաշտպանական շրջանի զորքերը մի շարք հակահարվածներ հասցրին հակառակորդին և առանձին տեղամասերում ետ շպրտեցին 1-4 կմ (ելման դիրքերը)։ Դեկտեմբերյան ձախողված հարձակումից հետո հաստատվեց հարաբերական դադար, երկու կողմերն էլ պատրաստվում էին Ղրիմի համար վճռական մարտի։ 1942 թվականի հունիսի սկզբին Սևաստոպոլի պաշտպանական շրջանի կազմում հաշվվում էր 106 հազար մարդ, 600 հրանոթ և ականանետ, 38 տանկ, 53 ինքնաթիռ։ Սակայն 1942 թվականի մայիսի վերջին խորհրդային զորքերը ստիպված թողեցին Կերչի թերակղզին, ինչը խիստ ծանրացրեց Սևաստոպոլի վիճակը։ Գերմանաֆաշիստական հրամանատարությունը մեծ ուժեր կենտրոնացրեց Սևաստոպոլի մոտ (204 հազար զինվոր, 450 տանկ, ավելի քան 2000 հրանոթ և ականանետ, 600 ինքնաթիռ), քաղաքը շրջափակեց օդից և ուժեղացրեց պաշարումը ծովից։ Մայիսի 27-ից քաղաքն անընդմեջ ռմբակոծվում էր։ Հունիսի 7-ին թշնամին անցավ հարձակման։ Գլխավոր հարվածը հասցվում էր հյուսիսից և հյուսիս-արևելքից՝ Հյուսիսային ծովախորշի արևելյան ուղղությամբ, իսկ օժանդակը՝ Սապուն գորայով՝ Սևաստոպոլի հարավարևելյան ծայրամասին։ Առաջին 5 օրվա ընթացքում քաղաքի պաշտպանները հաջողությամբ ետ մղեցին հակառակորդի կատաղի գրոհները։ Սակայն հունիսի 18-ին, մեծ կորուստների գնով, թշնամուն հաջողվեց դուրս գալ Հյուսիսային ծովախորշի, Ինկերմանի և Սապուն գորայի շրջանը։ Հունիսի 26-ին ռազմանավերով Սևաստոպոլ եկավ վերջին համալրումը՝ 142-րդ հրաձգային բրիգադը։ Սակավ քանակությամբ ռազմամթերք և պարեն է հասցվում միայն սուզանավերով։ Հունիսի 29-ին գերմանաֆաշիստական զորքերը ներխուժեցին քաղաք։ Սևաստոպոլի պաշտպանները հերոսաբար կռվում էին քաղաքի փողոցներում, հունիսի 30-ին համառ մարտեր մղվեցին Մալախով կուրգանի համար։ Սակայն պաշտպանների վիճակը խիստ ծանր էր․ հունիսի 30-ի երեկոյան, երբ սպառվեց զինամթերքը, պարենը, խմելու ջուրը, Գերագույն Գլխավոր հրամանատարության ռազմակայանի հրամանով Սևաստոպոլի պաշտպանական շրջանի զորքերը սկսեցին նահանջել Սևաստոպոլից՝ մինչև հուլիսի 9-ը հերոսական մարտեր մղելով առանձին տեղամասերում։ Պաշտպանների մի մասը էվակուացվեց, մի մասը միացավ պարտիզաններին։

կորուստներ,պարգևներ և հիշատակումներ

խմբագրել

Սևաստոպոլի պաշտպանությունը տևեց 250 օր։ Դա խորհրդային զորքերի զանգվածային հերոսության և բացառիկ տոկունության վառ օրինակ է։ Սևաստոպոլի պաշտպանությունը ռազմաքաղաքական և ստրատեգիական մեծ նշանակություն ունեցավ։ Սևաստոպոլում թշնամական ուժերի երկարատև կաշկանդումով ձախողվեցին գերմանական հրամանատարության ծրագրերը խորհրդա-գերմանական ճակատի հարավային թևում։ Սևաստոպոլի համար մարտերում թշնամին կորցրեց շուրջ 300 հազար զինվոր ու սպա։ Սևաստոպոլի պաշտպանությունը ռազմական պատմության մեջ է մտել որպես հակառակորդի խոր թիկունքում գտնվող ծովամերձ քաղաքի երկարատև, ակտիվ պաշտպանության, ցամաքային, օդային և ծովային ուժերի փոխգործողությունների լավագույն օրինակ։ Սևաստոպոլի պաշտպանության գործում կարևոր դեր խաղացին քաղաքի աշխատավորները, որոնք քաղաքային կուսկազմակերպության ղեկավարությամբ ակտիվորեն մասնակցեցին պաշտպանական շինությունների ստեղծմանը, զինամթերքի պատրաստման և վիրավորներին օգնելու գործին։ 46 հոգի արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման։ Ի նշանավորումն քաղաքի պաշտպանների սխրագործության 1942 թվականի դեկտեմբերի 22-ին սահմանվեց «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ, որով պարգեատրվեց ավելի քան 39 հազար մարդ։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1965 թվականի մայիսի 8-ի հրամանագրով հերոս քաղաք Սևաստոպոլը պարգևատրվեց Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։

Սևաստոպոլի պաշտպանությանը մասնակցած հայորդիներ

խմբագրել

Սևաստոպոլի պաշտպանությանը մասնակցել են ավելի քան 3800 հայորդիներ։ Սևաստոպոլի մատակարարման հարցով անձամբ զբաղվում էր ՀամԿ(բ) կ Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի և ԽՍՀՄ պաշտպանության Պետական կոմիտեի անդամ Ա․ Միկոյանը։ Հյուսիսային Կովկասյան ուղղության Գլխավոր հրամանատարության ռազմական խորհրդի անդամ էր ծովակալ Հովհաննես Իսակովը, Մերձծովյան բանակի թիկունքի պետի տեղակալն էր գնդապետ Հակոբ Մեհրաբյանը։ Մարտական գործողություններում աչքի ընկան 95-րդ և 386-րդ հրաձգային դիվիզիաների քաղբաժինների պետ ավագ գումարտակային կոմիսար Մ․ Ղուկասյանը, 101-րդ (52-րդ) հրետանային գնդի հրամանատար փոխգնդապետ Ի․ Խախանովը, 25-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի սպա Ա․ Բոշնաղյանը (հետագայում՝ Խորհրդային Միության հերոս), «Բդիտելնի» էսկադրային ականակրի հրամանատար 3-րդ կարգի կապիտան Ա․ Հովհաննիսյանցը, «Սևաստոպոլ» հեծանավի հրետանային դիվիզիոնի հրամանատար 3-րդ կարգի կապիտան Մ․ Պետրոսյանցը, «Մ-112» սուզանավի հրամանատար ավագ լեյտենանտ Ս․ Խախանովը, «ժելեզնյակով» զրահագնացքի հրամանատար կապիտան Գ․ Սահակյանը, Սևաստոպոլի քաղկոմի արդյունաբերական բաժնի պետ Ա․ Պետրոսյանը, ինչպես նաև բազմաթիվ օդաչուներ, նավաստիներ, հրետանավորներ, քաղաշխատողներ, հետախույզներ, սակրավորներ, պարտիզաններ և բուժաշխատողներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 324